HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կարինե Լամբարյան․ «Մեկը պետք է արթնացնե՞ր էս ժողովրդի մեջի համարձակությունը»

Գայանե Սարգսյան

Սպիտակի ծայրամասային թաղամասերից մեկում գտնվող Արմեն Լամբարյանի բնակարանում լռություն է: «Սասնա ծռեր» խմբի անդամ Ա. Լամբարյանի 9-ամյա որդին` Լևոնը, խաղում է բջջային հեռախոսով, ավագ քույրերը՝ 15-ամյա Անին ու 17-ամյա Վարդուհին դժվարանում են խոսել հոր մասին: Լռությունը խախտում է Արմենի կինը՝ Կարինեն. «Հպարտ եմ, որ Արմենին եմ հանդիպել ու ընտանիք կազմել, հպարտ եմ, որ նրա երեք երեխաների մայրն եմ: Նման անձնավորությունից պետք է շատ երեխաներ ունենալ, որ ազգն ավելի հայրենասեր ու պաշտպաված լինի»:

16 տարեկանից Արցախյան պատերազմին մասնակցող Արմենը 1992թ.-ին` հերթական մարտի ժամանակ, ծանր վիրավորվել  է: Կարճատև բուժում ստանալուց հետո, չնայած հաշմանդամության երկրորդ կարգին ու վիրավորման հետևանքներին, կրկին վերադարձել է մարտի դաշտ: «Պապան չի սիրում պատմել պատերազմին իր մասնակցության մասին»,- ասում է Անին:

Նրա փոխարեն երեխաներին հոր մասին պարբերաբար պատմել են զինակից ընկերները: «Երբ պապան ներկա չէր լինում, ընկերներները հաճախ էին պատմում պապայի մասին: Պատմում էին, որ նույնիսկ ծանր վիրավորված լինելով` նա էլի վերադարձել է ու շարունակել կռվել»,- հիշում է դուստրը:

Արմենի ընտանիքի անդամները չեն պատկերացրել, որ մի օր նա կարող է հայտնվել «Սասնա ծռեր» խմբում ու մասնակցել խմբի ծրագրերին: «Չէի մտածում, որ այս շարժմանը կմասնակցի, բայց որ մասնակցել ա, հպարտ եմ իրենով»,- ասում է կինը, ով ամուսնու մասնակցության մասին իմացել է ՊՊԾ գնդի գրավման հաջորդ օրը, համացանցից:

Երեխաները տեղի ունեցածի մասին իմացել են ավելի ուշ ու սկսել համացանցով հետևել կատարվող իրադարձություններին: Աղջիկները ցանկություն են հայտնել  մասնակցել երևանյան ցույցերին, մայրը, սակայն, թույլ չի տվել: Փոխարենն ինքն է մեկնել Երևան ու տեղում ականատես եղել դեպքերի ծավալմանը:

«Նրանք ուզում էին իշխանափոխություն, որը բոլորս ենք ուզում: Ժողովուրդը դուրս եկավ, բայց էն քանակը չէր: Ես ուրիշի տեղը չեմ կարող ասել ինչու դուրս չեկավ: Ես դուրս եմ եկել, որովհետև դժգոհ եմ էս վիճակից, դժգոհ եմ երկրի կառավարությունից, հաճախակի թանկացումներից, աշխատատեղերի բացակայությունից: Շատ պատճառներ կան… Իշխանությունը պետք է էնպես աներ, որ ժողովուրդն էս ծայրահեղ քայլին չդիմեր»,- ասում է Կարինեն:

Չնայած նրան, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներն իրենց վերջնական նպատակին չեն հասել, Արմենի կինը վստահ է՝ նրանց քայլն իզուր չէր.

«Մեկը պետք է արթնացնե՞ր էս ժողովրդի մեջի համարձակությունը: Դա եղան Սասնա տղերքը,- ասում է Կարինեն ու վստահեցնում,- ժամանակը կգա ու բոլորը դուրս կգան փողոց: Դեռ պահը չի հասունացել: Որտեղ կա սկիզբ, կա նաև վերջ: Հավերժ չեն մեր իշխանավորները…»:

Հոր քայլը ճիշտ համարելով հանդերձ` երեխաներից ավագը՝ Վարդուհին, նեղսրտում է՝ բոլոր ընկերուհիների հայրերը զավակների կողքին են, իրենցը՝ ոչ:

«Փաստորեն մեր հայրը նախընտրեց ժողովրդին ու հայրենիքը, ոչ թե մեզ,- ասում է նա,- կուզեի, որ ընկերուհիներիս նման իմ պապան էլ իմ կողքը լիներ: Հիմա չգիտենք, թե ինքը երբ կգա»,- ասում է Վարդուհին: Անկախ ամեն ինչից, 15-ամյա Անին վստահ է՝ ամեն ինչ լավ է լինելու. «Ես գիտեմ, որ ամեն ինչ լավ է  լինելու: Եթե այդ քայլին գնացել է իմ պապան ու իր ընկերները, ուրեմն իրենք գիտեն ինչ են անում: Նրանք ուզում են, որ ժողովուրդը համախմբվի, միասնական լինի, որ կարողանան այնպես անել, որ ժողովուրդը լավ ապրի»:  

Կերակրող ձեռքից զրկված ընտանիքին ֆինանսական խնդիրների լուծման հարցում այժմ աջակցում են ինչպես բարերարներ, այնպես էլ հարազատ-բարեկամները, որոնց մեծ մասը բնակվում է արտերկրում:

«Մենք էլ փորձեցինք Հայաստանից դուրս ապրենք, բայց երկու ամսից ավել չդիմացանք: Արմենը չհամաձայնեց, որ այնտեղ ապրենք: Ասում էր՝ ես Ռուսաստանում չեմ կարա ապրեմ, ռուսը մեր թշնամին ա: Ու ըտենց էլ կա: Էսօր արդեն ես էլ համոզվեցի դրանում. տարածքներ են զիջում ռուսի ասելով, տարբեր ծրագրերով Ռուսաստանը տանում ա  մեր ժողովրդին: Անձնագիր են տալիս, տուն են տալիս, սնունդ են տալիս, իրանց ծրագրերով տանում: Ես չգիտեմ ի՞նչ են ուզում սարքեն Հայաստանը, բայց գտնում եմ, որ յուրաքանչյուր հայ կամքի ուժ պիտի ունենա, որ իր երկրից դուրս չգա,- ասում է Կարինեն ու համեմատականներ տանում,-ո՞ր ռուսն ա Հայաստանում ապրում կամ հայերեն խոսում, որ էսօր հայը գնում ա Ռուսաստան, իրա լեզուն էլ փոխում, ռուսերեն խոսում»: 

Մեկնաբանություններ (2)

Հայկ
Հոդվածից տեղեկանալով Արմեն Լամբարյանի Հմայիչ ընտանիքի մասին մի կողմից ցավ եմ ապրում, որ նրանք թեգուզ ժամանակավորապես զրկվել են իրենց կերակրողից, և իմ նման շատերը հնարավորություն չունեն նրանց գործնական օգնություն ցույց տալու, Մյուս կողմից հպարտ եմ ,որ այսքան տառապանքից ու զրկանքից հետո հայ ընտանիքը պահպանել է իր լավագույն մարդկային առանձնահատկությունները։ Հարգարժան Կարինե և սիրելի Երեխաներ Հավատացեք, որ Ձեր ընտանիքի դժվարությունները ժամանակավոր են , շուտով ամեն ինչ լավ է լինելու։ Դուք հպարտ եղեք, որ ունեք Արմենի նման Հայրիկ և ամուսին։
Կարինվան
Վարդուհի ջամ երբեք հայրիկիտ չմեղադրես չէ որ ձեր երջանկությու ը կարող իրակա ություն դառնալ միայն ազատ հզոր և ՀՊԱՐՏ ԵՐԿՐՈՒՄ քո հայրը իրական հերոս է երբեք ուրիշների հետ չհամեմատվես դու հերոսի դուստր ես. Իսկ հայրտ մենք հույսով ենք շուտով կ երադառնա Աստված առաջ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter