HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստանն ապրում է խորը համակարգային ճգնաժամ»

Հարցազրույց քաղաքագետ Արմեն Գրիգորյանի հետ

-Տարածաշրջանում, կարծես, շահերի վերադասավորում է: Դա ի՞նչ ազդեցություն է ունենալու Հայաստանի վրա:

-Ինձ թվում է՝ մեծ փոփոխություններ չեն լինելու տարածաշրջանում: Վերջին փոփոխությունները` կապված Բաքու-Թեհրան-Մոսկվա առանցքի հետ, որի մասին ավելի ակտիվ են խոսում, մեծ շանսեր չունեն, որովհետև Ռուսաստանը դա փորձում է դարձնել հակաարևմտայն բլոկ: Ադրբեջանը հակաարևմտյան բլոկ դառնալու որևէ հնարավորություն չունի: Իր ամբողջ նավթը սպառվում է արևմտյան երկրներում, որոնց հանդեպ չի կարող հակաարևմտյան դառնալ: Գուցե ինչ-որ քայլեր այդ բնույթն ունենան, բայց այդ առանցքին չի կարող միանալ:

Հաջորդը Իրանն է, որ նոր է սկսել բարելավել իր հարաբերությունները Արևմուտքի, մասնավորապես՝ ԱՄՆ-ի հետ: Կարող է ինչ-որ խաղ լինի, որին մասնակից դառնա զուտ իր բանակցային դիրքն ուժեղացնելու համար, բայց, չեմ կարծում, որ այդ առանցքը կարող է ուժեղ լինել:

Այստեղ միակ շահողը Ռուսաստանն է, որ փորձում է դաշնակիցներ ձեռք բերել հակաարևմտյան քաղաքականության մեջ, բայց կրկին մեծ շանսեր չունի:

Տարածաշրջանում Թուրքիան է մի քիչ փոխում իր դերը: Թուրքիա-Ռուսաստան հարաբերություններն են որոշակի անհանգստության տեղիք տալիս, բայց չեմ կարծում, որ այդ դաշինքը կամ հարաբերությունների լավացումը մեծ հիմքեր ունեն: Ռուսաստան-Թուրքիա հարաբերությունները, եթե պատմականորեն էլ նայեք, կարճ ժամանակով են միշտ լավ եղել: Ի վերջո, Թուրքիան իր տնտեսությամբ, կառավարման համակարգով կապված է ավելի շատ Արևմուտքի, քան Մերձավոր Արևելքի կամ այլ երկրների հետ: Ամեն դեպքում դիրքորոշումների որոշակի փոփոխություններ լինելու են, բայց այդ ֆոնին դրանք այնքան մեծ չեն լինի, որ կարդինալ փոփոխություններ դառնան: 

Բացասական կողմն այն է, որ Հայաստանը կրկին դուրս է մնում ինչ-որ պրոյեկտներից, ճիշտ է, դրանք, ի վերջո, մեծ հաջողություններ չեն ունենում, նույնիսկ ադրբեջանական «Նաբուկո»-ն և այլն (միայն Բաքու-Ջեյհանն է մի քիչ աշխատել): Հայաստանը միշտ դուրս է մնում այդպիսի պրոյեկտներից:

-Ինչո՞ւ է դուրս մնում:

-Տարբեր պատճառներ կան, բայց հիմնական խնդիրը Հայաստանի վերնախավն է, որն իր քաղաքականությունն ավելի շատ կոորդինացնում է Մոսկվայի հետ, քան Հայաստանի շահերով է առաջնորդվում: Օրինակ, Իրան-Հայաստան գազամուղը ժամանակին կարողացան աշխատեցնել, բայց հետագայում ամբողջ ենթակառուցվածքները հանձնվեցին Ռուսաստանին: 2013 թ.-ի գազի պայմանագրով ամբողջ համակարգումը հանձնեցին ռուսական կազմակերպություններին: Դրա արդյունքում այսօր Հայաստանը չի կարողանում մեծ մանևրումներ ունենալ: Իշխանությունն էլ, մի տեսակ վախեցած լինելով դրսի որևիցե, այսպես ասած, ազդեցությունից (որովհետև Հայաստանի իշխանության ամենակարևոր խնդիրն այսօր այն է, որ, չլինելով ժողովրդի կողմից ընտրված, իրենց լեգիտիմությունը փնտրում են դրսում), փորձում են դրսից աջակցությունը ստանալով պահել իշխանությունը: Դա բերում է նման վարքագծի, որ հիմնականում Մոսկվայի հետ են համաձայնեցնում, նույնիսկ ՄԱԿ-ում քվեարկությունները: Հայաստանը հիմնականում բռնում է այն ուղին, որը մոտ է Ռուսաստանի դիրքորոշմանը, և հայտնվում է, այսպես կոչված, «իզգոյ» խմբերի մեջ:

-Վերջերս շատ է խոսվում, որ ԼՂ-ի հարցով բանակցային սեղանին դրվել է մեզ համար վտանգավոր փոխզիջումների խնդիր: 

-Այս վերջին դեպքում Ադրբեջանի փոխզիջումն ամենավատն էր, որովհետև Արցախին տրվում էր ինչ-որ միջանկյալ ստատուս՝ ըստ կազանյան վերջին հրապարակված փաստաթղթի: Պետք է հասկանալ, որ այդ առումով բանակցություններում որևէ բան չի փոխվել, եղել են մի քանի սկզբունքներ՝ տարածքների վերադարձ, փախստականների վերադառնալու հնարավորություն, Արցախին ինչ-որ միջանկյալ ստատուս, ռեֆերենդում և հարցի լուծում: Այս շրջանակն է եղել, որի շուրջ բանակցել են: Մի անգամ որևիցե հարց առաջ է բերվել, մի անգամ հետ է տարվել, բայց 1994-ից միշտ սա է եղել:

Կարելի է ասել, ընդհանուր մի անգամ ենք մոտ եղել լուծմանը՝ 1998-ին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկապես, ուզում էր լուծել հարցը փուլային տարբերակով: Սակայն ներքին տարաձայնությունների պատճառով չի կարողացել լուծում տալ ՝ Վազգեն Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան-Սամվել Բաբայան խումբը դեմ էր այդ տարբերակով լուծմանը: Քի Վեսթում էր մոտ լուծումը, բայց այդ դեպքում արդեն հայր Ալիևը հրաժարվեց: 2011-ին Կազանում, այսպես ասած, հնարավորություն կար, բայց հետո տեսանք, որ դա զուտ իմիտացիա էր: Հենց 2011-ից սկսած գնացել ենք էսկալացիայի ճանապարհով հարցը լուծելուն:

-Այսքան որ քննարկվում է հողերի վերադարձը, ակտուա՞լ է հարցը հիմա:

-22 տարիների ընթացքում դա միշտ ակտուալ է եղել, որևիցե փուլում չի եղել այն հարցը, որ այդ տարածքները հետ չեն տալու: Միջազգային հանրությունը, Հայաստանի իշխանությունը, Արդբեջանի իշխանությունը միշտ ընդունել են, որ այդ տարածքները հետ են տրվելու: Հայաստանում և Արցախում հանրության ոչ մեծ հատվածը սկզբում ընկալում էր, որ այդ տարածքները պետք է հետ տրվեն անկախության ստատուսի դիմաց, բայց հիշում եք՝ վերջերս Ժիրայր Սեֆիլյանը և քաղաքացիական, քաղաքական սեկտորից մի շարք մարդիկ ազատագրված տարածքների պահպանման շարժումը սկսեցին: Եվ դա սկսեց տարածել հանրությունը:

Այս պահին չհրապարակված հետազոտություններ են, որոնց հղում եմ կատարում ոչ ամբողջությամբ, իմ զգացողությունն այն է, որ հանրության բացարձակ մեծամասնությունը՝ մոտ 90 տոկոսը, գտնում է, որ տարածքային զիջումներ չպետք է լինեն: Հարցի լուծման ֆունդամենտալ խնդիրն այստեղ է՝ ինչպե՞ս է զիջումը կատարվելու: 

-Հիմա մեր երկիրն ի՞նչ վիճակում է:

-Հայաստանն ապրում է խորը համակարգային ճգնաժամ: Դա տենդենց է, եթե նայեք 2014-ի օգոստոսից մինչև մեր օրերը, 9 խորը ճգնաժամ է անցել: Դրանցից մի քանիսը թվարկեմ՝ 2014-ի օգոստոսի դիվերսիան, ադրբեջանցիների խփած ուղղաթիռը, այնուհետ Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան բախումը, Բաղրամյանի ցույցերը, Սահմանադրական փոփոխությունները բռնաճնշումներով անցկացնելը, ապրիլյան պատերազմը, հուլիսին «Սասնա ծռերի» գործողությունը: Սրանք ցույց են տալիս, որ լուրջ համակարգային ճգնաժամեր, խնդիրներ կան հանրության մեջ, որոնք չեն լուծվում: Դրա պատճառով ամեն անգամ բռնկումներ են լինում, օրինակ, ռազմական բյուջեն չի ավելացվում, որպեսզի ադրբեջանական հարձակումը կանխվի, դրա փոխարեն ոստիկանության բյուջեն են ավելացնում, որպեսզի իշխանությունը պահեն: Արդյունքում համակարգային լուրջ խնդիրները չեն լուծվում, և Հայաստանն սկսում է մտնել փուլային ճգնաժամերի մեջ:

-Բայց իշխանությունները, կարծես, չեն գիտակցում, որ ճգնաժամ է:

-Որովհետև իրենց նպատակն ուրիշ է: Ամենավերևի մակարդակում Սարգսյանն իր իշխանությունն ուզում է պահել և ամեն ինչ անում է դրա համար: Որպեսզի գոյություն ունեցող հարցերը լուծես, շատ բաներից պետք է հրաժարավես: Սերժ Սարգսյանն, օրինակ, պետք է մտածի, որ 2018-ին հեռանում է ու բարեփոխումներ պիտի անի, բայց հակառակն է՝ ինքն ուզում է մնալ: Դրա համար մարզպետ է նշանակում Սուրիկ Խաչատրյանին, իր շրջապատում պահում է այնպիսի մարդիկ, ովքեր, վարկաբեկված են հանրության մեջ, բայց ուժ կիրառելու, ընտրություն կեղծելու հնարավորություն ունեն:

-Ճգնաժամերից դուրս գալու ճանապարհը ո՞րն է:

-Մինաշանակ վերևից բարեփոխումներ սկսելը: Ամենակարևոր բարեփոխումը, որ մեզ լուրջ հիմք կարող է տալ, 2017-ի ազատ ու թափացնիկ ընտրություններն են, որպեսզի ժողովուրդը ձևավորի իշխանություն և սկսի մտածել, որ այդ իշխանությունը կմտածի իր մասին:

Այս պահին մոտավորապես 30.000 ոստիկանական զորք ունենք, եթե նորմալ ընտրություններ լինեն, իշխանությունը վախեցած չլինի, 30.000-ից կթողնի 10.000-ը, իսկ մնացած 20.000-ին թող տանեն բանակը ուժեղացնելու համար:

Մյուսը բարեփոխումներն են կառավարման համակարգում, կլիենտարիզմը վերացնելը, երբ 100 միլիոն դրամ են տալիս նախագահի խորհրդականի տղային:

Հաջորդ բարեփոխումը մրցակցության ստեղծելն է տնտեսության մեջ, մոնոպոլիաները վերացնելը: Եվ դրա պատճառը նաև մեր ընտրություններն են: Օրինակ, Սամվել Ալեքսանյանը, որպեսզի շարունակի շաքարավազի մոնոպոլիան, ընտրությունների կեղծարարությանը մասնակցում է իր ամբողջ թիմով, ու իշխանությունը հնարավորություն է տալիս մոնոպոլիան պահելու: Երբ ընտրակեղծարարությունը չլինի, իշխանությունն էլ չի ունենա Սամվել Ալեքսանյանի կարիքը, և այդ ոլորտը կկարգավորվի: Հայաստանի տնտեսությունը հետխորհրդային երկրներում ամենամոնոպոլիզացվածներից է, տնտեսության մոտ 60 տոկոսը մոնոպոլիզացված է:

Լուսանկարը՝ Ա. Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ (1)

Վաչե
Ինչ է նշանակում փոխզիջում։ Այն կարող է տեղի ունենալ միայն այն դեպքում, երբ զիջման ենթակա օբյեկտները կամ առարկաները համարժեք են կամ հավասարազոր են։ Եթե խոսքը գնում է Արցախի անկախության ճանաչմանը Ադրբեջանի կողմից, որի դիմաց մենք պետք է զիջենք ինչ֊որ տարածքներ, ապա սա նման է աղվեսի ու կկվի պատմությանը։ Ադրբեջանը կճանաչի, տարածքները կստանա , կյուրացնի, ապա ճանաչումը չեղյալ կհայտարարի և նորից կշարունակի ռազմատենչ Վքաղաքականությունը։ Այս անգամ միջազգային ատյաններում կբարձրացնի Շուշիի, Լաչինի կամ այլ տարածքների Հարցը։ Ուրեմն մեկընդմիշտ պետք է հասկանալ, որ տարածք կարելի է զիջել միմիայն համարժեք տարածք ստանալու դիմաց։ Իսկ քանի֊որ Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է ապա նրա անկախության ճանաչումը մեզ ոչինչ չի տալիս բացի հետագա գլխացավանքներից․․․․․։ Դրա դիմաց մենք կարող ենք ճանաչել, Օրինակի համար , Թալիշի անկախությունը։ Իսկ ինչ՞ ենք զիջելու Ռուսաստանին,եթե նա ևս ճանաչի Արցախի անկախությունը։ Ամենայն հավանականությամբ՝ տնտեսությունն ու սահմանների պաշտպանությունը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter