HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչպես հայաբնակ գյուղը դարձնել վրացաբնակ

Ցուցանակ չունեցող գյուղերը հաջորդաբար փռվել են սարերի փեշերին։ Եթե տեղացի չլինի հետդ, չես էլ իմանա՝ որտեղ ես գտնվում և ուր ես գնում։ Առավել ևս, երբ հիմնական ճանապարհի փոսերը շրջանցելու համար տեղացի վարորդները ավտոմեքենան հողե ճանապարհներով են վարում՝ սարերի կամ արտերի միջով։ 

Սամցխե-Ջավախքի վրացիներով բնակեցված Բալանթա գյուղին հաջորդում է ամբողջությամբ հայերով բնակեցված Չիխարուլան (տեղացիների արտասանությամբ՝ Չխարոլա)։ 1,5 կմ է բաժանում գյուղերը։ 

Չխարոլայի մասին համացանցում տեղեկություններ գրեթե չկան ոչ հայերենով, ոչ էլ վրացերենով։  Wikipedia-ի վրացերեն բաժնում մի նախադասությամբ է բնութագրած գյուղը․այն Բորժոմի վարչական շրջանին է պատկանում, Ջավախքի բարձրավանդակում՝ ծովի մակերևույթից 1860 մետր բարձրության վրա։

2002թ․ մարդահամարի տվյալներով՝ գյուղը 299 բնակիչ է ունեցել։ Այդ նույն տվյալներով Բալանթա գյուղն էլ 161 բնակիչ է ունեցել։ Եվ չնայած այն հանգամանքին, որ Չիխարուլայի բնակչությունն զգալիորեն ավելի է Բալանթայից, և երկու գյուղերն էթնիկ տարբեր պատկանելություն ունեն, Չիխարուլան ընդգրկել են Բալանթայի վարչական միավորում։ Գյուղապետը Բալանթայից է, Չիխարուլան միայն ներկայացուցիչ ունի։

Առավել բարդ իրավիճակում է երեխաների կրթության հարցը։ Չիխարուլա  գյուղի դպրոցը 6-ամյա կրթություն է ապահովում գյուղի երեխաներին։ Առ 2015-2016թթ․ ուսումնական տարին Չիխարուլայի դպրոց մինչև 4-րդ դասարան էին հաճախում։ 1860 մետր բարձրության վրա գտնվող գյուղում ցրտաշունչ ձմեռներ են լինում, և երեխաները ստիպված էին այդ ցրտին անցնել 1,5 կմ ճանապարհը։

Չիխարուլայի դպրոցը

Դպրոցի որոշակի բարեկարգումից հետո ավելացել են 5 և 6-րդ դասարանները։ 7-րդ դասարանից սկսած, երեխաները հաճախում են Բալանթա գյուղի դպրոց։ Դպրոցը նույնպես վրացական է, սակայն բաժանված է երկու խմբի՝ հայկական և վրացական։ Բալանթայի վրացի երեխաները սովորում են վրացական բաժնում, Չիխարուլայի երեխաները՝ հայկական բաժնում։

Սակայն ոչ թե Բալանթայի դպրոցի 16 աշակերտներն են գալիս Չիխարուլա, այլ չիխարուլացի 25-ը պետք է գնա Բալանթա։ Պատճառը, ըստ տեղացիների, շենքային պայմաններն են․ Բալանթայի դպրոցն ավելի բարեկարգ ու մեծ է, քան Չիխարուլայինը։

Բալանթայի դպրոցը

«Բալանթու սեկտորն առանձին է, մերն՝ առանձին։ Ա ու Բ դասարաններ են։ Նրանցը ամեն ինչ վրացերենով են անցնում, մենք՝ կեսը վրացերեն, կեսը՝ հայերեն,- պատմում է 7-րդ դասարանցի Շիրազ Հակոբյանը։ -Ուսուցիչների մի մասը Բալանթայից են, մի մասը՝ Չիխարուլայից։ Բալանթացիները վրացի են»։

«Մենակ հայոց լեզուն ու գրականությունն է, որ հայերեն է, մնացածը մեծ մասամբ վրացերեն։ Հարգելիներն (ուսուցիչները-հեղ․) էլ պահանջում են, որ թարգմանենք։ Լավ է, որ վրացերեն սովորենք, բայց կա մարդ, որ տունը վրացերեն իմացող չկա, չեն կարող թարգմանել»,- ավելացնում է  երեխաներից մեկը։

Վերան, օրինակ, օգնող չունի։ «Հոպարենցս եմ գնում, որ ինտերնետով թարգմանե»,- ասում է նա։

«Համարյա 20 աշակերտ կա Բալանթա, 25 ուսուցիչ։ Դասարան կա մեկ աշակերտ կա, դասարան կա՝ միացյալ են, որովհետև մարդ չկա,-երեխաներին ավելացնում է չիխարուլացի Ժոռա Հունանյանը՝ ներգրավվելով մեր զրույցին։ -Մեր աշակերտները պահում են իրենց դպրոցը»։

Չիխարուլայի դպրոցի տնօրենը նույն Բալանթայի դպրոցի վրացի տնօրենն է։ Թե ինչպես են երկու տարբեր գյուղերի դպրոցները մեկ տնօրենի կառավարմանը հանձնվել, գյուղացիները չգիտեն։

Կրթության որակի մասին նրանք դժվարանում են խոսել․ «Ըշտը սովորում են»։  

 «Ամեն ինչ անցնում են, մենակ հայոց պատմություն չեն անցնում։ Վրացերեն առարկաները շատ են, հայկականը շուտով կվերջանա։ Հայկական պատմություննա չիմանա՞ հայը»,- երեխաների հետ զրույցին միջամտում է Շիրազի պապը՝ Վալեր Հակոբյանը։

Զրույցը հետզհետե ընդլայնվում է։ «Գրե, օր չխարոլացիք շատ պահանջներ ունին, առաջնայինը գեղի ճամփան է»,- պնդում է Ժորա Հունանյանը

Բացի այն, որ գյուղ տանող ճանապարհներն են քարուքանդ, մեծ մեքենաներով խոտը սարից իջեցնել չեն կարողանում ճանապարների վտանգավոր լինելու պատճառով։ «Ֆորդը» լավագույն խոտ փոխադրող «բեռնատարն» է այս գյուղի համար։ «Ճանապարհ չունենք, կշրջվենք, եթե մեծ բեռնատարներով բերենք։ Նստես մեքենաս հետս գաս, լեղիդ կպատռի (վախից լեղաճաք լինել-հեղ)»,-շարունակում է գյուղացին։

54 տուն է մնացել գյուղում։ Գյուղի կեսը խմելաջուր չունի։ Ձեռքով են կրում մոտակա աղբյուրից։ «Մի գիրկ փող ծախսեցին, ջուր բերին գյուղ, բայց խմելու ջուր չի։ Մաքրող կայան չկա, թուրքի մալը միջից է գնում-գալիս, էդ ջուրը ո՞նց պետք է խմենք։ Նույնիսկ լվացքի չեն օգտագործում»,- մանրամասնում է Ժ․Հունանյանը։

Ձախից՝ Ժորա Հունանյանը և Վալեր Հակոբյանը

Բալանթան էլ տեսքից հարուստ գյուղի տպավորություն չի թողնում։ Չիխարլացիք դրա բացատրությունն էլ ունեն․ «Նրանք թամբալ ժողովուրդ են, հեկտարներով հող ունեն, բայց չեն մշակում։ Մենք իրենցից վարձակալում ենք, որ ցանենք»,-ավելացնում է Ժ․ Հունանյանը։

Չխարոլացիները իրենց գյուղի հեռանկարը չեն տեսնում։ Նույնիսկ գյուղում կառուցվող կաթի վրեամշակման գործարանը նրանց հույսեր չի ներշնչում։ Բորժոմցիները են կառուցում այն։ Շինարարությունը վերջին փուլում է, և սեպտեմբերին այն պետք է գործարկվի։ Խոստացել են, որ գյուղացիներն իրենց կաթը կհանձնեն գործարանին։ Հարցնում եմ՝ աշխատող կա՞ գյուղից, Ժ․ Հունանյանը պատասխանում է․«Ո՞վ մեզ գործ կտա, իրենք կաշխատեն։ Սև գործերի համար մի երկուսին եթե վերցնեն, վերցնեն, թե չէ իրենք Բորժոմից կբերեն իրենց աշխատողներին»։

Կառուցվող կաթի վերամշակման գործարանը

Հրաժեշտից առաջ հարցնում եմ, թե ինչ է նշանակում գյուղի անվանումը՝ Չխարոլան։ Ժորան պատմում է․ «Թուրքերեն բառ է։ Թուրքը որ էստեղից գնացել է, ասել է՝ էրթանք էստից, հել գնանք՝ «չխար օլա»։ Չխարոլացիք, գաղթելով Էրզրումից, հաստատվել և դեռևս մնում են Չխարոլայում, բայց անտեսված ու մոռացված լինելու զգացումով։

Վերադարձից հետո նորից տարբեր լեզուներով ստուգում եմ Չխարոլա գյուղի մասին համացանցում առկա տեղեկությունները։ Ակամա աչքս ընկնում է Չխարոլայի Wikipedia-ի վրացերենով գյուղի ազգային կազմին՝ ქართველები, այսինքն՝ վրացաբնակ։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter