HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ազդե՞լ են արդյոք թուրքականը չգնելու կոչերը Թուրքիայից ներմուծման վրա

Թուրքական ապրանքների ներմուծումն արգելելու կամ ներմուծվածը չգնելու մասին կոչեր Հայաստանում հաճախ են արվում։ Այս տարվա ապրիլ-մայիսին այս հարցը քննարկվեց նաև ՀՀ կառավարությունում։ Մայիսի սկզբին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելքի խնդիր չի դրել ՀՀ կառավարությունը։

Թուրքական ապրանքների ներմուծման ու չգնելու մասին տեսակետները բավական հակասական են և այս ընթացքում բազմաթիվ հարցեր են առաջանում, ինչին ավելի վաղ անդրադարձել ենք։ Սակայն փաստ է, որ այս տարի Թուրքիայից Հայաստան ներմուծումն ու Հայաստանում թուրքական ապրանքների սպառումը շարունակվում է նույն տեմպերով, ինչ նախորդ տարի էր։

Ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության՝ այս տարվա առաջին կիսամյակում Թուրքիայից Հայաստան է ներմուծվել մոտ 61.1  մլն դոլարի ապրանք։ 2015 թվականի առաջին կիսամյակի համեմատ այս ցուցանիշը որոշակի նվազել է՝ 774 հազ. դոլարով կամ 1.3%-ով։ Այսինքն, չնայած թուրքականը չգնելու կոչերին, Թուրքիայից Հայաստան ներմուծման զգալի նվազում չի արձանագրվել և ներմուծման ծավալները գրեթե նույնն են մնացել։

Իսկ Հայաստանից Թուրքիա արտահանումը, որն առանց այն էլ փոքր ծավալներ ուներ, նվազել է 3.8 անգամ՝ կազմելով ընդամենը 277 հազ. դոլար։

Այդպիսով, այս տարվա առաջին կիսամյակում Թուրքիա-Հայաստան առևտրաշրջանառությունը կազմել է մոտ 61.4 մլն ԱՄՆդոլար, որի միայն 0.5%-ն է Հայաստանից Թուրքիա արտահանումը։

Ընդհանուր առևտրաշրջանառության ծավալով Թուրքիայի հետ առևտուրը այս տարվա առաջին կիսամյակում զբաղեցրել է Հայաստանի՝ աշխարհի հետ կատարած առևտրի 2.7%-ը (2015-ի առաջին կիսամյակում՝ 2.8%-ը): Հայաստանից արտահանման կազմում դեպի Թուրքիա արտահանման կշիռը 0% է, իսկ ներմուծման կազմում՝ 4.2%:

Առաջին կիսամյակների համեմատությամբ՝ վերջին հինգ տարում Հայաստանը Թուրքիայից ամենամեծ ծավալի ներմուծումը կատարել է 2014 թվականին, որից հետո ցուցանիշը զգալի նվազել է։Այդ տարիներին ևս թուրքական ապրանքներ չգնելու կոչեր արվել են, բայց դժվար է ասել, թե դրանք որքանով են ազդել 2015-ին գրանցված նվազման վրա, քանի որ ներմուծման նվազումը պայմանավորված է բազմաթիվ հանգամանքներով։ Օրինակ՝ բնակչության գնողունակության անկմամբ։

Հիշեցնենք, որ Հայաստանը Թուրքիայից ներմուծում է ավելի քան 500-700 անուն-ապրանք, որոնց շարքում մեծ տեղ են զբաղեցնում հագուստը, պլաստմասսե իրերը, մաքրող միջոցները, ցիտրուսային պտուղները, փայտյա իրերը և այլն։ Նախորդ տարի Հայաստանից այս երկիր են արտահանվել հիմնականում անմշակ մորթիներ։

Մեկնաբանություններ (1)

Լեվոն Հովհաննիսյան
Հայաստանում կարելի է արտադրել այդ ապրանքների մեծ մասը,դրա համար մեծ բան չի պահանջվում,ընդամենը պետք է այդ ապրանքների մաքսատուրքերը գանձվեն ըստ օրենքի,ինչը այսօր չի արվում.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter