HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Կաթի գնի դասը. հեռավոր գյուղերում անասնապահությունը մեռնում է

Տավուշի մարզում 2005 թվականից մինչ օրս հիմնադրվել է կաթի հավաքման, ինչպես նաեւ հավաքման ու վերամշակման 11 կետ, որոնցից այսօր գործում են միայն վեցը` նրանք, որոնք ստեղծվել են նաեւ մասնավոր ներդրումներով։ Իսկ որոնք որ հիմնվել են բացառապես որեւէ հիմնադրամի կամ կազմակերպության աջակցությամբ, փակվել են:

Տավուշի մարզպետարանից «Հետք»-ին փոխանցած տեղեկանքի համաձայն՝ 2006 թվականին Նավուրում «Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն»-ի (CARD), 2007 թվականին Ներքին Կարմիրաղբյուրում, Տավուշում եւ Վարագավանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, նույնպես CARD-ի եւ համայնքապետարանների համատեղ ուժերով ստեղծված կետերը չեն գործում: Չի գործում նաեւ 2010 թվականին Ազատամուտ գյուղում «Հայաստան համահայկական հիմնադրամի» ներդրումներով ստեղծված կաթի մթերման կետը: Ընդ որում, դրանցից որոշները, չնայած ներդրումներին, չեն գործել նույնիսկ մեկ օր:

Նախընտրում են կաթը խոզերին տալ

Ազատամուտ գյուղի կաթի մթերման կետը բացվել էր շատ մեծ շուքով, այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանի մասնակցությամբ: Վարչապետը 2010 թվականի մայիսի 26-ին Տավուշի մարզ էր այցելել լրագրողների մեծ խմբով ու շքեղ ավտոշարասյունով: Այդ օրը պաշտոնական հաղորդագրություններում նշվում էր, թե նորաբաց կաթի մթերման կետը տնտեսական լուրջ ազդեցություն կունենա Տավուշի մարզի գյուղերի համար: «Այն կայուն եկամուտ կապահովի բնակիչների համար»,- ասվում էր կառավարության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Տիգրան Սարգսյանը որդու հետ 2010թ-ին

շտապում է կաթի մթերան կետը տեսնելու

«Հետք»-ի հետ զրույցում Ազատամուտի գյուղապետ Ժորա Մարտիրոսյանը պատմեց, որ կաթի մթերման կետը գործել է շատ կարճ ժամանակ, քանի որ արտադրող ընկերությունները կաթը մթերում էին շատ էժան, եւ գյուղացիները հրաժարվում էին կաթ հանձնել: Հետագայում հիմադրամը սարքավորումները վերցրել եւ փոխանցել է Ակնաղբյուր համայնքի հարեւանությամբ գործող անասնապահական ֆերմային, իսկ մթերման կետի տարածքում հիմա տեղակայված է ԱԻՆ փրկարարական ջոկատը, որը գոնե ինչ-որ չափով աշխատատեղեր է ապահովում համայնքի համար:

Համայնքների տնտեսական զարգացման ծրագրով Տավուշի մարզի Նորաշեն համայնքում կաթի մթերման կետ էր հիմնվել 2008 թվականին: Նորաշենի գյուղապետ Գոռ Աբրահամյանն ասում է, որ այն մեկ օր էլ չի գործել: Պատճառը նույնն է՝ արտադրողների կողմից կաթի գնի ցածր սահմանումը:

Թե՛ տարիներ առաջ, թե՛ հիմա, կաթի մթերման գինը գյուղացիներին չի գոհացնում: Ներկայումս կաթի գինը տարվա ընթացքում տատանվում է 90-130 դրամի սահմաններում` կախված սեզոնից եւ յուղայնությունից: Գյուղացին նախընտրում է սեփական կովերի կաթից պանիր ստանալ եւ վաճառել, կամ էլ կաթը 250 դրամով վաճառել այն հարեւաններին, ովքեր անասնապահությամբ չեն զբաղվում։

Նորաշենի կաթի մթերման նախկին կետը, որ հիմա գործում է որպես խանութ

Տարածքը, որ 2008-ին հատկացվել էր կաթի վերամշակման կետի գործունեությունը կազմակերպելու համար, Նորաշենի գյուղապետարանի ենթակայությամբ է գործում եւ այժմ ծառայում է որպես խանութ: Նորաշենի գյուղապետն ասաց, որ տարածքը տրվել է առանց վարձակալության, փոխարենը խանութի սեփականատեր Անդրանիկ Ավագյանը Նորաշենի շենքերից մեկը վերանորոգել է եւ դարձրել հանդիսությունների սրահ` նույնպես առանց վարձակալության տրանադրելով համայնքին:

Արտակ Մխիթարյանը

Նորաշենցի Արտակ Մխիթարյանը կաթի գների եւ վերամշակման մասին հետեւյալն է ասում. «Հիմա կաթ մթերիլը ձեռնտու չի: Տատը սարըմ պանիր կամ եղ ա անըմ, պիրըմ ծեռի հետ գյուղըմը ծախըմ ենք: Սարի պանիրը 1000 դրամ ենք ասըմ: Վեր 1200 ասըմ ես, առնող չկա: Յեղն էլ արժի 3000-3500 դրամ: Կամ էդպես վերամշակըմ ենք, կամ կաթը խոզերին ենք տալիս: Էնպես չի, որ խոզերին տալը բացասական իմաստով եմ ասըմ: Ավելի լավ ա կաթով խոզերին կերակրես, քան թե 100-130 դրամով տաս վերամշակող ընկերություններին: Եթե խոզի կերը էժան լիներ՝ ուրիշ բան: Բայց քանի որ թանկ է՝ կաթն էստեղ կերի տեղ ա ծառայըմ»:

Երբ նախարարն է պնդում, որ կաթի ինքնարժեքը զրո է

Նավուրում 2006 թվականին հիմնված կաթի մթերման կետը մոտ երկու տարի գործել է: Գյուղում հատուկ այդ նպատակով ստեղծվել էր «Նավուր կաթարտադրողների սպառողական կոոպերատիվը»: Համայնքի ղեկավար Արամ Նիգոյանը պատմում է, որ 2007-2008 թվականին կոոպերատիվը մեքենա էր վարձել, ուղարկում էր հարեւան Վերին Կարմիրաղբյուր, Չինչին, Ծաղկավան եւ այլ գյուղեր՝ կաթ հավաքելու, որը պահվում էր հատուկ սառնարանում, այնուհետեւ փոխանցվում «Աշտարակ կաթ» ընկերությանը: Կոոպերատիվը կաթը 100 դրամով գնում էր, 105 դրամով վաճառում «Աշտարակ կաթ»-ին: Գործունեությունը դադարեցրել են այն բանից հետո, երբ կաթի գինը դարձել է 70-80 դրամ:

Այս շենքում էր գործում Նավուրի կաթի մթերման կետը

Նավուրի գյուղապետը խոշոր ֆերմեր է, մոտ 80 գլուխ խոշոր եղջերավոր ունի, եւ անասնապահության խնդիրները լավ է պատկերացնում: «Հիմա անասնակերը շատ թանկացել է, իսկ կաթի մթերման գինը անգամ ինքնարժեքից ցածր է: Չնայած գյուղատնտեսության նախարարը մի անգամ ասաց, թե կաթի ինքնարժեքը զրո դրամ է: Բայց դա այդպես չէ: Երբ նույն մարդուն ասես՝ դու կովը պահելու հետ գործ չունես, ընդամենը կթիր, էդ գնով նույնիսկ չեն կթի, կաթը տանեն: Էն պահելը, բանը չեմ ասում»,- ասում է Նիգոյանը:

Նավուրի գյուղապետը գտնում է, որ կառավարությունը հատուկ ուշադրություն պետք է դարձնի հեռավոր գյուղերի գյուղատնտեսության զարգացմանը, մշակի հայեցակարգեր եւ իրականացնի դրանք: Նա ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Տավուշի գյուղերն ու Արարատյան դաշտի գյուղերը տարբեր պայմաններում են գտնվում:

Արամ Նիգոյանը

«Մեր գյուղացին ինչո՞վ է մեղավոր՝ ապրելով Տավուշի մարզում, որ կաթը նրանից ընդունում են 100 դրամով, այնինչ Արարատյան դաշտի բնակիչը, քանի որ վերամշակողներին ավելի մոտ է գտնվում, եւ վերջիններս ճանապարհի վրա ավելի քիչ են ծախսում, իր կաթը վաճառում է 150 դրամով: Էստեղ ալպիական դաշտեր են, բարձր որակի, էկոլոգիապես մաքուր, յուղայնությունը բարձր կաթ է արտադրվում, բայց գնահատվում է 100 դրամ, իսկ էնտեղի կասկածելի որակի կաթը՝ 150 դրամով: Հայտնի բան է, որ Արարատյան դաշտում խտացրած կերեր են տալիս կովերին, իսկ Տավուշում նման բան չեն կիրառում»,- ասում է Արամ Նիգոյանը:

Նա պատմում է նաեւ, որ անասնագլխաքանակը Բերդի գյուղերում աճել է, բայց ոչ այն պատճառով, որ ձեռնտու է անասուններ պահելը, այլ այն պատճառով, որ գյուղացին միսն իրացնելու տեղ չունի: Մսի վաճառք չկա: «Չենք կարողանում վաճառք իրականացնել, այդ պատճառով չենք մորթում, հետեւաբար անասնագլխաքանակը աճում է: Կենդանի քաշով 1 կիլոգրամը, այն էլ՝ առանց խտացված կերերի պահած անասունի, գնահատում են 800 դրամ։ Գյուղացին ավելի քիչ օգուտ է ստանում սեփական անասունների մսի վաճառքից, քան վերավաճառողը»,- ասում է Նավուրի գյուղապետը:

Արա Նիգոյանն ասում է, որ եթե հեռավոր գյուղերին հատուկ ուշադրություն չդարձնեն, ապա դրանք «կմեռնեն»՝ չեն զարգանա եւ կդատարկվեն: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter