HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Դանակը ոսկորին հասած էր». քահանան տեսանյութ-կոչ է հրապարակել

Նիդերլանդների Մաաստրիխտ քաղաքի պաշտոնանկ արված հոգևոր հովիվ Տեր Արմեն քահանա Մելքոնյանը տեսանյութ-կոչ է հրապարակել՝ այն անվանելով «Անկեղծ խոսք. մեր երազած Հայաստանը»: Դատավորներին նա կոչ է անում չծախել խիղճը և արդարությամբ դատել «այս ծռերը» (նկատի ունի «Սասնա Ծռերի» բանտված անդամներին): Տեր Արմենը նաև կոչով դիմել է իր հոգևոր եղբայրներին, բոլոր եկեղեցականներին՝ կանգնել արդարության կողքին, այցելել վիրավոր բանտարկյալներին:

Հիշեցնենք, որ Տեր Արմեն քահանա Մելքոնյանը պաշտոնազուրկ է արվել Նիդերլանդներում ՀՀ դեսպանատան դիմաց ի պաշտպանություն «Սասնա Ծռեր» խմբի կազմակերպված ակցիայի ժամանակ հնչեցրած բացման ու փակման խոսքից հետո: Տեր Արմենը, սակայն, պաշտոնից զրկվելով՝ կարգազուրկ չի արվել, քանի որ ենթարկվում է Կիլիկիո կաթողիկոսարանին: 

Այս կապակցությամբ «Հետք»-ը զրուցեց Հոլանդիայի Մաաստրիխտ քաղաքի Անի հայ համայնքի և Սուրբ Կարապետ եկեղեցու ատենապետ Լևոն Րաֆֆի Սագիսի հետ: Հենց նա է Արևմտյան Եվրոպայի հայրապետական պատվիրակ, գերաշնորհ Տեր Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանից օրերս գրություն ստացել: Նամակում նշված է, որ Տեր Արմեն քահանա Մելքոնյանը Հոլանդիայի հայոց հոգևոր հովվության տարածքում գործող հայկական ծխերում որևէ հովվական պարտականություն չունի, այլ կմնա որպես ազատ հոգևորական: Այսուհետ Մաաստրիխտի բոլոր եկեղեցական ծխակատարությունների ժամանակ ատենապետը պարտավոր է նախապես դիմել եպիսկոպոսին:

Տեր Արմեն քահանա Մելքոնյանը և ատենապետ Լևոն Սարգիսը Մաաստրիխտի քաղաքապետի հետ

«Փաստորեն ամեն մի պատարագին, պիտի իրենց նամակ գրեմ, որպեսզի քահանա գա, օրինակ, պատարագի: Մեր եկեղեցին գնալով մեծանում է, պատարագներ են մատուցվում շաբաթը երկու անգամ, կրոնի դասեր են կազմակերպվում, ժողովներ, պսակադրություններ, հեռու տնից՝ թաղումներ: Տեր Մաշտոցը չի կարող ամեն անգամ 260 կմ առանց սեփական մեքենայի գա-գնա»,- ասաց Լևոն Սարգիսը:

Լևոն Սարգիսը պատմեց, որ Խաղողօրհնեքի օրը ժողովուրդը հավաքվել է Սուրբ Կարապետ եկեղեցու մոտ: Տեր Արմենը եկեղեցում է եղել, բայց չի պատարագել:

Ատենապետը հաղորդեց, որ իրենց քաղաքի ժողովուրդը շատ վրդովված է Տեր Արմենին եղածին առնչությամբ. «Շատ են հարցնում, շատ են գրում, ուզում են պարզաբանում, թե ինչ եղել: Նա ոչ մի վատ բան չի արել, քահանան իր ժողովրդի կողքին է կանգնած եղել մշտապես: Տեր Արմենը շատ է աջակցում եկեղեցուն ու ժողովրդին, անընդհատ բարերարներ է գտնում»,- նկատեց ատենապետը:

Մինչ Սրբազանի նամակը Տեր Արմեն քահանա Մելքոնյանը Սուրբ Կարապետ եկեղեցու այցելու հովիվն է եղել, բոլոր ծեսերը ինքն է կատարել՝ պատարագ, ծնունդ, կնունք: Նամակից հետո նա եկեղեցում որևէ ծիսակատարություն չի անցկացրել:

Լուսանկարները՝ Տեր Արմեն քահանա Մելքոնյանի ֆեյսբուք էջից

Մեկնաբանություններ (3)

Զարուհի Մուրադյան
Շնորհակալ եմ անկեղծ խոսքի համար
ՍԿԿ
Հոգևոր առաջնորդի; հոգևոր սպասավորի՝ քահանայի շուրթերով արտահայտվում է ժողովրդի կարծիքը։ Շնորհակալ եմ անկեղծ խոսքի համար։ Այդպես պետք լիներ; բայց այդպես չեղավ Հայաստանում՝ որովհետև եկեղեցու սպասավորները բիզնես օղակի մաս են կազմում և ավելորդ ակտիվության կամ տարակարծության դեպքում՝ անմիջապես պատժվում են։ Եկեղեցին դարձել է ոչ թե ժողովրդի սպասավոր՝ այլ օլիգարխիայի կամակատար։ Ապաշնորհ ղեկավարությունից ազատվելուց հետո պետք է ազատվենք անբարոյական եկեղեցականներից՝ իրենց Գ/Բ-ից սկսած: Աստված մեզ հետ։
Պետրոս Զէրտէլեան
Տէր Արմէն Մելքոնեանը ճշմարտութիւնը խօսեցաւ։ Համայնավարական ՈՃԸ քանդեց երկիրը եւ Հայ մշակոյթի համապատասխան ՈՃ մը չէ եւ չի կարելի։ Մեր բոլորին Սիրելի եւ Գերյ. Տէր Արմէն, շատ կը գնահատեմ ձեր արդար մտածելակերպը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter