HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանցիները հանգստի են մեկնում չօդափոխվող գնացքով

Վրաստանի ծովափնյա քաղաքներ հանգստանալու մեկնող հայ ուղևորները «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից պահանջում են «Երևան-Բաթումի-Երևան» երթուղին սպասարկող «Արմենիա» գնացքի պլացկարդ վագոններում ապահովել պատշաճ օդափոխություն և սանիտարական վիճակ: 

Վրաստանի կառավարությունը իր սեփական երկաթուղում Թբիլիսի-Բաթումի երթուղում արդեն ներմուծել է 10 մլն. եվրո արժողությամբ  շվեցարական «Stadler» մակնիշի ժամանակակից երկհարկանի հարմարավետ գնացքներ: Իսկ Ռուսաստանին հանձնված Հայաստանի երկաթուղում «Երևան-Բաթումի-Երևան» երթուղով ամեն տարի հունիսի 15-ից մինչև սեպտեմբերի 30-ը գործող «Արմենիա» սեզոնային գնացքը դեպի Վրաստանի ծովափնյա հանգստավայրեր ուղևորափոխադրումներ է իրականացնում դեռևս օդափոխության համակարգ չունեցող պլացկարդ վագոններով:

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն իր կայքում հայտնում է, որ «Արմենիա» սեզոնային գնացքի կազմում ընդգրկված կուպեները և ննջավագոնները լիովին վերականգնված են և հագեցված օդափոխության համակարգով: Հիշեցնենք, որ գնացքի կազմում ներառված են հիմնականում խորհրդային տարիներից Հայաստանի երկաթուղուց «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին ժառանգություն մնացած մաշված պլացկարդ վագոներ: Դրանք ընկերության կողմից վերականգնվել են, որից հետո վագոնների երկկողմանի պատուհանների մեծ մասը չեն բացվում, որն էլ շոգին շնչելու համար անտանելի վիճակ է ստեղծում ուղևորների համար:

Վագոնները ապահովված չեն օդափոխության ժամանակակից համակարգերով: Օգոստոսի 6-ին գնացքի միայն 14-րդ ընդհանուր վագոնով հանգստանալու էին մեկնում 54 ուղևորներ: Վագոնում շոգից ու ծանրացած օդից մարդիկ վատ էին զգում: Կին ուղևորների մեծ մասը ձեռքի հովհարներով փորձում էին մեղմել վագոնի հեղձուկը: Վագոնի վերևի տեղերի ուղևորները, չկարողանալով բարձրանալ իրենց տեղերը, ամբողջ գիշերը նստեցին ներքևի տեղերում՝ այդտեղ տոմս ունեցող ուղևորներին նույնպես զրկելով հանգստանալու հնարավորությունից:

54 ուղևորները օգտվում էին վագոնի ծայրամասում գտնվող միակ զուգարանից: Մյուս զուգարանը վագոնի ուղեկցողը փակել էր իր օգտագործման համար: «Ես նստել եմ պլացկարդ վագոն, այնտեղ անկողինը մաքուր վիճակում էր, բայց ընդհանուր վագոնը օդափոխության համակարգ չուներ, հիմնական դժգոհությունը դրանից է: Ճիշտն ասած գնացքի զուգարանից երեխաս է օգտվել ու ասել՝ մամա ահավոր էր»,- հայտնեց վանաձորցի երիտասարդ մի կին, ով հրաժարվեց հայտնել ազգանունը, իր ասելով` Հարավկովկասյան երկաթուղում ծանոթներ ունենալու պատճառով:

Վերջինիս 13-ամյա որդին՝ Արթուրը, մեզ հետ զրույցում նույնպես դժգոհեց վագոնի զուգարանի հակասանիտարական վիճակից. «Ամբողջությամբ կեղտոտ էր, վագոնի պայմանները շատ վատն են»,- բացատրեց Արթուրը: «Գիտե՞ք, ինչն  է խնդիրը, եթե մեր երկաթուղին հանձնել են ռուսներին, գոնե կառավարությունը պետք է պահանջի  լուծել վագոնների օդափոխության հարցը»,- ասաց Արթուրի մայրը:

Երևանի պետական մանկավարժական համալսարանի դասախոս Գոհար Մկոյանը նույնպես պլացկարդ վագոններում կարևորագույն խնդիր համարեց օդափոխության համակարգի բացակայությունն ու սանիտարական վատ վիճակը: «Վրաստանի Ուռեկի ծովափնյա հանգստավայր մի քանի անգամ մեկնել եմ «Արմենիա» գնացքի պլացկարդ վագոնով: Տոմս գնելիս երկաթուղու դրամարկղների աշխատակիցները վստահեցնում են, որ գնացքում ամեն ինչ նորմալ է: Բայց իրականում այդ վագոնների փոքր տարածքներում 15 ժամ 40-50 րոպե 54 մարդու գտնվելը անտանելի է դարձնում շնչելը»,- դժգոհեց Գոհար Մկոյանը:

Գոհար Մկոյանը

Վանաձորցի Անուշ Մանուկյանի խոսքերով` պլացկարդ վագոնները չունեն ուղևորափոխադրումների տարրական պայմաններ: «Ես կուզենայի, որ երկաթուղին հանգստի մեկնողներիս առաջարկեր ավելի մաքուր և հարմարավետ վագոններ, ապահովեր մարդկանց ազատ շնչելու իրավունքը, վագոններում գործեր «վայ-ֆայ» ինտերնետային կապ»,- ասաց Անուշը:

Սիրանույշ Մանուկյանն էլ դժգոհեց երկաթուղու կենտրոնական դրամարկղից մարզերին հատկացվող տոմսերով նախատեսվող տեղերից. «Մի քիչ նորմալ տեղեր պետք է հատկացնել նաև մարզերին: Թվում է` էդ գնացքը միայն Երևանի համար է աշխատում: Ուռեկի գալիս բակավոյ տեղերով ենք եկել, հետադարձը 2 հատ վերևի տեղեր են տվել: Տոմսավաճառն ասավ՝ մեղքս գալիս է, մայրիկ ջան, գոնե էս 2-ը մի քիչ նորմալ տեղ է: Դե հմի տեսնենք կարողանալու եմ վերև բարձրանալ: Երեխեն կբարձրանա, երևի ես չկարողանամ»,- մտահոգվեց Ուռեկի 8-օրյա հանգստի եկած՝ տարեց Սիրանույշ Մանուկյանը:

«Երևան-Բաթումի-Երևան» երթուղին սպասարկող «Արմենիա» գնացքի ուղևորության տոմսերի գները տատանվում են 9850 դրամից մինչև 25 760 դրամ՝ կախված վագոնի կարգից: Գոհար Մկոյանի ասելով` գնացքի կուպե և պլացկարդ վագոնների տարբերությունը շատ մեծ է: Հայաստանի բնակչության սոցիալական վիճակով պայմանավորված՝ Վրաստանի ծովափնյա հանգստավայրեր մեկնելիս գնացքի պլացկարդ վագոնները կուպե վագոնների համեմատ գերբեռնված են լինում: Երևանից Բաթումի սովորական կուպե վագոնի ներքևի մեկ տոմսի արժեքը 16 910 դրամ է, վերևինը՝ 15 780 դրամ: Պլացկարդ վագոնի տոմսը, ըստ նրա, թե որ մասում է, 10 750-ից 9850 դրամ է:

«Գումար չունեցող մարդկանց համար, ովքեր հիմնականում Հայաստանի միջին և ցածր խավի մարդիկ են, կուպե և պլացկարդ վագոնների արժեքի տարբերությունը մեծ գումար է: Այդ պատճառով մարդը ստիպված հանգստի է ուղևորվում համեմատաբար էժան՝ պլացկարդ վագոնով: Ամեն դեպքում, եթե մարդը երթևեկում է երկաթուղով, ուրեմն երկաթուղին պետք է ունենա միջին գումարի համար նախատեսվող ուղևորափոխադրումների պատշաճ պայմաններ՝ դա վագոնների սանիտարահիգենիկ բավարար վիճակի և օդափոխության համակարգի ապահովումն է:  Մենք վճարում են  «Արմենիա» գնացքի պլացկարդ վագոնով երթևեկելու համար և պահանջներ ունենք այնտեղ օդափոխության և սանիտարական վիճակը բարելավելու համար»,- ասում է Գոհար Մկոյանը: 

Վերջինիս խոսքերով` Հարավկովկասյան երկաթուղին ամռան 3-4 ամիսներին «Երևան-Բաթումի-Երևան» չվերթով աշխատող իր «Արմենիա» գնացքից լուրջ շահույթներ է ստանում, և պարտավոր է այդ շահույթներից ներդրումներ կատարել պլացկարդ վագոնների օդափոխության համակարգը և սանիտարական վիճակը կարգավորելու նպատակով:

Մեկնաբանություններ (1)

Աննա
Գաղութատերն անշուշտ երկաթգծերի կոնցեսիոն պայմանագրով լուրջ պարտավորություններ ունի, և մենք որպես քաղաքացիներ, ինչպես նաև որպես ուղևորներ կարող են պատասխանատվության ենթարկել այդ պարտավորությունները չկատարելու և մեզ ստորացնելու համար։ Առաջին թիրախը մեր իսկ տրանսպորտի նախարարությունն ու դրա ղեկավարը պետք է լինեն, որոնք գաղութատիրոջ (այդ թվում՝ ընկերության) ծառան են․․․ առանց ծառաների, տերերը ոչինչ են․․․

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter