HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Ընտանեկան ձեռնարկատիրություններին տրամադրված արտոնություններն ու դրանց ներկայիս ցուցանիշները

2014թ. հոկտեմբերի 1-ից «Հարկերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարվեցին. արտոնություններ տրամադրվեցին ընտանեկան ձեռնարակատիրություններին՝ ազատելով բոլոր բիզնես հարկերից, հարկային գործակալի միջոցով հարկը հաշվարկելու, պահելու և պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից։ Միայն բիզնեսում ներգրավված յուրաքանչյուր անդամի համար սահմանվեց վճար՝ 5000 ՀՀ դրամ եկամտային հարկ։

Սակայն այս արտոնությունից կարող են օգտվել այն սուբյեկտները, որոնք գործունեություն են ծավալում բացառապես ընտանիքի անդամների ներգավվածությամբ և նրանց բիզնեսի տարեկան շրջանառությունը չի գերազանցում 18 մլն. ՀՀ դրամը։ Ընտանեկան ձեռնարակտիրության այս արտոնությունները չեն տարածվում առևտրական (առք ու վաճառքի) ոլորտի և արտանագրային հարկման ռեժիմում գործող ձեռնարկատերերի, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրող եւ (կամ) ներմուծող (աուդիտորական ընկերությունները, հաշվապահական հաշվառման ծառայություններ մատուցող) կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի, արտարժույթի առք ու վաճառքի և այլ սուբյեկտների վրա:

Ինչ է ընտանեկան ձեռնարկատիրությունը

Ընտանեկան ձեռնարկատիրությունը շահույթ (եկամուտ) հետապնդող, ընտանիքի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր) մեկից ավելի անդամների կողմից համատեղ իրականացվող ձեռնարկատիրական գործունեություն է։ Անհատ ձեռնարկատերը կարող է համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, եթե վերջինս իր գործունեությունն իրականացնում է բացառապես իր ընտանիքի անդամների (այդ թվում` որպես վարձու աշխատող) միջոցով։ Իսկ առեւտրային կազմակերպությունը կարող է համարվել ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ, եթե այդ առեւտրային կազմակերպության կանոնադրական կապիտալը ամբողջությամբ պատկանում է ընտանիքի մեկ կամ մի քանի անդամների եւ եթե կազմակերպությունն իր գործունեությունն իրականացնում է բացառապես կազմակերպության բաժնետերերի կամ բաժնետերերի ընտանիքի անդամների միջոցով:

«Վալմար» արվեստի սրահը

2004 թվականից գործող «Վալմար» արվեստի սրահը գործունեություն է ծավալում որպես ընտանեկան ձեռնարկատիրություն: Արվեստի սրահում ներկայացվում են ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարի (Վլադմիրի Մարգարյան) և նրա դստեր՝ Հռիփսիմե Մարգարյանի գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքները։ Նրանք և Վլադմիրի Մարգարյանի կինը՝ Եվգինե Մինասյանը, հանդիսանում են ձեռնարկատիրության համասեփականատերեր:

2004-ին սրահը հիմնվել է որպես փոքր բիզնես, այնուհետև, պետության կողմից արտոնություն ստանալիս, ընտանիքը որոշել է անցում կատարել ընտանեկան ձեռնարակատիրության մոդելին: Եվգինե Մինասյանը նշում է՝ հասարակությանը նրանք առավել շատ արվեստ ներկայացնող օջախ են, քան բիզնես գործունեություն ծավալող: Նրա խոսքով՝ պետության կողմից տրամադրած այս արտոնությունը իրենց համար հանդիսացել է միայն խթան և այժմ այլ արտոնության կարիք չունեն:

Հռիփսիմե Մարգարյանը, Եվգինե Մինասյանը և Վլադիմիր Մարգարյանը

«Այս արտոնությունը մեծ օգնություն է այն ընտանիքներին, ովքեր իսկապես ընտանիքի անդամների միջոցով էին վարում իրենց բիզնեսը: Նախ, մենք չեն հարկվում, այդ պարագայում մեզ համար առավել դժվար կլիներ: Հաշվետվություններ, փաստաթղթեր ներկայացնելուց ազատագրված ենք: Հաշվետվություններ տարին մեկ անգամ ենք ներկայացնում, այն էլ` շատ թեթև: Այսինքն՝ այս ամենը մեզ հնարավորություն է տալիս առավել շատ ժամանակ ներդնելու, մեր գործունեությունը ծավալելու, զարգանալու, աշխատանքի վրա կենտրոնանալու համար: Մեզ համար էլ բիզնեսի տարեկան շրջանառությունը այնքան բարձր է, որ դրան, կարծում եմ, երբևէ էլ չենք հասնի»,- նշում է Մինասյանը:

Ինչ ունենք ընտանեկան ձեռնարկատիրության մասով

Համաձայն ՊԵԿ-ի՝ «Հետք»-ին ներկայացրած տվյալների, ՀՀ-ում, հունիսի 30-ի դրությամբ, գործում է 1387 ընտանեկան ձեռնարկատիրություն: Թե ինչ փոփոխություն է կատարվել ընտանեկան ձեռնարկատիրության գործունեությունում օրենքի ընդունումից մինչ հունիս 30-ը, ներկայացրել ենք գծապատկերում․

Այս տվյալները ցույց են տալիս, որ ընտանեկան ձեռնարկատիրություններին հարկային արտոնություններ տրամադրելու (2014 թ․) հաջորդող տարում՝ 2015-ին, դրանց թիվը քառակի անգամ աճել է՝ 223-ից դառնալով 1046։ Ընտանեկան ձեռնարկությունների աճի թվի հետ մեկտեղ ավելացել է դրանց լուծարման և ժամանակավոր դադարեցման գործընթացների քանակը։ Գրանցված ցուցանիշներում այս տարի ժամանակավոր դադարեցման գործընթացների թվի աճել է․ եթե մինչ 2015-ի ավարտ գործունեությունը ժամանակավոր դադարեցրել է 74 ընտանեկան ձեռնարակատիրություն, ապա արդեն մինչ 2016-ի երկրորդ եռամսյակը, ժամանակավոր դադարեցման 80 գործընթաց է հաշվառվել։

ՀՀ էկոնոմիկային նախարարության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչության պետ Արամ Օհանյանը ասում է, որ ժամանակավոր դադարեցման թվաքանակի աճը չի կարող պարզաբանել, քանի որ կարիք կա դրանցից յուրաքանչյուրը մասնավոր կերպով դիտարկել։ Սակայն կարծում է, որ ընտանեկան ձեռնարկատիրություններին տրված արտոնությունները էականորեն դյուրացրել են այդ սուբյեկտների գործունեությունը։ Նրանք այլևս ձերբազատված են երբեմնի դժվար վարչարարությունից՝ չեն ներկայացնում հաշվետվություններ, տեղեկություններ ապրանքների քանակի և գնի, շահույթի, եկամուտի մասին, և չեն վճարում հարկեր:

Ընտանեկան ձեռնարակատիրությունների թվի աճը վարչության պետը պայմանավորում է վերը նշված վարչարարություններից ձերբազատվելու արդյունք, քանի որ տնայնագործական տնտեսությունները այժմ գործում են օրինական հարկային դաշտում։ Արամ Օհանյանը պարզաբանում է, որ նախկինում տնտեսվարողը տնայնագործական պայմաններում շատ լավ աշխատում էր, սակայն օրինակական հարկային դաշտում՝ հարկային հաշվետվություններ և այլ փաստաթղթեր ներկայացնելու պատճառով, չէր ցանկանում մուտք գործել օրինական դաշտ, նոր նախաձեռնություններ անել, այլ ընկերություններ հիմնել։

Վարչության պետի ունեցած տվյալներով՝ ընտանեկան ձեռնարկատիրությամբ առավել ակտիվ են հյուրատները, մանր տնայնագործական տնտեսությունները, սննդի հասարակական կետերը, այսինքն՝ այն ոլորոտները, որտեղ հարկավոր չէ լրացուցիչ, վարձու և մասնագիտացված անձանց ներգրավում։ Թեև այս սուբյեկտներին տրված արտոնությունները ակտիվացրել են նրանց գործունեությունը, բայց Օհանյանը ընդգծում է՝ ընտանեկան ձեռնարկատիրությունների համար դեռևս անհրաժեշտություն է տեխնոլոգիական գործընթացների ներգրավվածություն, ֆինանսական այլ աղբյուրների անմատչելիություն, այսինքն՝ տնտեսվարողների համար, բացի վարկային միջոցներից, ֆինանսական այլ աղբյուրներ չկան, և ինչպես գերփոքր բիզնեսների, ընտանեկան ձեռնարակտիրությունների համար էլ ապրանքների արտահանումը կամ արտասահմանյան գործընկերներ փնտրելը գրեթե անհասանելի է թվում։

լուսանկարները` Սարո Բաղդասարյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter