HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոշորացվող Գորիս համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրվել է երկու թեկնածու

Ավարտվել է սեպտեմբերի 18-ին կայանալիք Գորիս համայնքի ղեկավարի և ավագանու ընտրությունների թեկնածուների առաջադրման ժամկետը: Հայաստանի Հանրապետական կուսակցության առաջադրմամբ Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնին  հավակնում է գործող քաղաքապետ Վաչագան Ադունցը:

Ինքնաառաջադրման կարգով իր թեկնածությունն է ներկայացրել նաև Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանը:

«Բնական է, որ պիտի առաջադրվեի, - «Հետք»-ի հետ զրույցում ասաց Վաչագան Ադունցը, - քանի որ ընդամենը երկու տարի է, ինչ  համայնքի ղեկավար եմ ընտրվել, և մինչև այժմ բազմաթիվ ծրագրեր են մշակվել, որոնց իրականացման  ժամանակաշրջանը նոր է սկսվում»:

Նրա խոսքով, այն հանգամանքը, որ խոշորացման արդյունքում Գորիս համայնքում կմիավորվի ևս ինը բնակավայր, մեծ պատասխանատվություն է, բայց կառավարման առումով ինքը դժվարություններ չի տեսնում:

Քաղաքապետը թերահավատությամբ է վերաբերվում շրջանառվող լուրերին, թե Որոտան համայնքի ղեկավար Սուրեն Օհանջանյանի  առաջադրումը մրցակցություն ստեղծելու «իմիտացիայի» համար է, քանի որ, ըստ նրա, յուրաքանչյուր ոք օրենքով սահմանված կարգով կարող է հավակնել համայնքի ղեկավարի պաշտոնին:

Թե որքանով է իրատեսական մրցակցությունը գործող համայնքի ղեկավարի հետ, և ինչպես է գնահատում իր հնարավորությունները` խոշորացվող 10 համայնքներում բավարար քվե ստանալու համար հարցին Սուրեն Օհանջանյանը պատասխանում է, որ ինքը պայքարելու է, և չի պատրաստվում «գետ չհասած փողքերը վերև բարձրացնել»:

Խոշորացման արդյունքում ձևավորվող Գորիս համայնքում ընդգրկվող Գորիս, Ակներ, Բարձրավան, Խնձորեսկ, Հարթաշեն, Ներքին Խնձորեսկ, Շուռնուխ, Որոտան, Վերիշեն, Քարահունջ համայնքների բնակչության թիվը կազմում է 31338 մարդ: Նշված բնակավայրերն ունեն 25,391 հա գյուղատնտեսական նշանակության հող, համայնքի կենտրոնին ամենահեռու գտնվող  գյուղը Բարձրավանն է (33 կմ):  Միավորվող համայնքների ընդհանուր բյուջեն կազմում է մոտ 650 միլիոն դրամ, որի 75 տոկոսը կազմում է Գորիս քաղաքի բյուջեն:

Նշված համայնքներում ավագանու նախկին 62 անդամների փոխարեն նախատեսվող 15 տեղի համար սեպտեմբերի 18-ին կայանալիք ընտրություններում առաջադրվել է 26 թեկնածու:

լուսանկարում` Վաչագան Ադունցը և Սուրեն Օհանջանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter