Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Ջերմուկյան «թեժ» օգոստոսը եւ հանգստի պասիվ ձեւ ընտրելու դիմաց վճարվող գինը



«Հենց գալիս է օգոստոս ամիսը՝ ջերմուկցիներին թվում է, թե աշխարհի վերջն է, ամեն ինչ թանկացնում են՝ հյուրանոցները, առողջարանները, տաքսիները, ուտելիքը, վարձով տները, մատուցվող ծառայությունները: Ու էդ խելագար վազքը պահպանվում է մինչեւ սեպտեմբերի կեսերը, հետո ամեն ինչ հանդարտվում է: Ասա մի նորմալ, միջին գին պահեք, որ մարդ կարողանա կլոր տարին գա»: Զրուցակիցս մասնագիտությամբ բարմեն է: Խնդրում է անունը չնշել: Ես խոստանում եմ այս պատմության մեջ նրան կոչել պարզապես Բարմեն:

«Երեւի մի տաս տարուց ավելի կլինի, որ էս գործի մեջ եմ, մարդկանց հետ շատ եմ շփվում: Կլիենտները, որ մի բանից դժգոհ են լինում, մեզ են ասում, դե գիտես էլի՝ բարմենը նաեւ հոգեբան է՝ մենք պատրաստ ենք լսել բոլորին:- Բարմենը ծիծաղում է,- Էդպես է լինում, որ բողոքների մասին ավելի շատ բան ենք իմանում, քան տնօրինությունը: Լավ կլիներ դժգոհություններն իրենց ասեին, որ մարդիկ իմանային ինչը փոխեին, թե չէ բարմենի ձեռքին ի՞նչ կա»:

Հարցնում եմ, թե ինչու է կարծրատիպ ձեւավորվել, որ Ջերմուկը, որպես առողջարանային քաղաք, կարողանում է մեծ քանակությամբ տուրիստներ ապահովել միայն ամառվա երեք ամիսների ընթացքում:

«Էս վերջին տարիներն արդեն երեք էլ չէ՝ մի երկու ամիս,- ուղղում է զրուցակիցս,- ձմռանը չեն գալիս կամ քիչ են գալիս՝ հիմնականում պետպատվերով բուժվողներն են: Սոցիալական փաթեթներից օգտվողներն էլ են ամառը գերադասում: Եսիմ, մտածում եմ, որ պատճառն էն է, որ չեն կարողանում մի էնպիսի ծրագիր մշակեն էս քաղաքի համար, որ կլոր տարին տուրիստների համար հրապուրիչ լինի: Ձմեռը ճամփեքն ահավոր է: Էդ հարցը լուծեն՝ կարող է շարժ լինի, մանավանդ որ հյուրանոցների ու հատկապես վարձով տների գները կտրուկ ընկնում են: Դու մենակ տեսնես էդ ժամանակ էստեղ ինչ է կատարվում՝ «клиент всегда прав» վիճակներ են, իսկ օգոստոսին՝ «դու չլինես, ախպեր ջան, կարա լինի ախպորդ տղեն՝ ով թանկ տվեց»: Թերեւս ուրիշ պատճառներ էլ կան, բայց ես կդժվարանամ ասել»:

Բարմենը ձեռքի հետ խոտաբույսերով թեյ է պատրաստում, հետն էլ թթի մուրաբա առաջարկում: Ասում եմ՝ էստեղի խոտաբույսերը հայտնի են. եկողը գնում՝ հետը տանում է: Կիսաժպիտ գլխով է անում. «Հա, բայց որ էս ոսկու հանքը գործարկվեց՝ էդ էլ է գլխներիցս կտրվելու: Մաքուր բան չեն ուզում թողնել էլի, մարդ արդեն չի ուզում էստեղ ապրել: Փշերի վրա ենք՝ հավատա: Շատերը մտածում են տուն-տեղ ծախեն գնան: Էսպես գնաց՝ տուրիստ էլ չի գա, հանգստացող չենք ունենա, բա մենք ո՞նց ենք ապրելու՝ հանքագործների հույսո՞վ, որ պիտի բերեն լցնեն էստեղ: Չեմ պատկերացնում»:

Հիշում եմ Երեւան-Ջերմուկ միկրոավտոբուսում ուղեկցիս հետ զրույցից մի պատառիկ: Պատմում էր, թե տարիներ առաջ, երբ ցանկացել են կազինոները տեղափոխել Ջերմուկ՝ բնակիչները բողոքել են եւ չեն թույլատրել. հիմա չեն կարողանում հանքի բացման դեմն առնել: «Մի հատ սթրիպտիզ կլուբ էին բացել, բայց հետո արագ էլ փակեցին,- նշեց ուղեկիցս ծիծաղելով,- Ջերմուկն ու՜ր, սթրիպտիզն ու՜ր»:

Ջերմուկի «ամենաաղմկոտ», այսպես ասած՝ ամենամարդաշատ հատվածում եմ: Այստեղ բաներներով մոտ մի տասնյակ մեքենա է կայանած: Ցանկացողներին 15-20 հազար դրամ վճարով վարորդ-էքսկուրսավարները հասցնում են Ջերմուկից մոտ 10 կմ հեռավորության վրա գտնվող հանքային տաք ջրերից ձեւավորված բնական ջրավազաններ, որտեղ կարելի է մոտ 10 րոպե բուժական լոգանք ընդունել:

Արսեն Հունանյանը

30-ամյա Արսեն Հունանյանը, կարելի է ասել, այս գործի հիմնադիրներից է: Մոտ 10 տարի առաջ, երբ սկսեց բիզնեսը, միայնակ էր: Մասնագիտությամբ մերսող է, ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտի կինեզիոլոգիայի բաժինը, բայց երբեք մասնագիտությամբ չի աշխատել: Բուհն ավարտելուց հետո վերադարձել է հայրենի Ջերմուկ եւ աշխատանքի անցել «Ջերմուկ-գրուպ» մայր գործարանում` որպես մեխանիկ՝ ստացած մասնագիտությունը թողնելով հարազատների ու ընկերների համար:

«Էս պահին էլ գործարանում չեմ աշխատում՝ հիմնականում զբաղվում եմ տուրիստներին գեյզեր տանելով:- ասում է Արսենը,- Երկու մեքենա ունեմ՝ 4 եւ 7 տեղանոց՝ լեռնագնացության պայմաններին հարմարեցված: Հիմնականում խմբեր ենք տանում՝ համ մեզ է ձեռնտու, համ իրենց՝ գնային առումով»:

Արսենը պատմում է, որ սկզբում մարդիկ, տեղեկանալով գումարի չափի ու  վայրի հեռավորության մասին, տատանվում են: «Հետո արդեն, որ մեկ անգամ գնում-գալիս են, շատ գոհ են մնում ու անգամ չայեվոյ են թողնում»,- զրուցակիցս ծիծաղում է: Բնական հանքային ջրավազանները գտնվում են  Ջերմուկի ջրաբանական արգելավայրում: Դրանք մի քանիսն են, սակայն բուժական նպատակով լոգանք ընդունելու համար պիտանի է միայն մեկը: Ջրի ջերմաստիճանը 30 աստիճան է, 7 րոպեն մեկ գետնի տակից գազով հագեցած ջուր է արտանետվում, ջրի մեջ 10 րոպեից ավելի չի թույլատրվում մնալ: Դեպի հանքային ավազաններ տանող ճանապարհը լեռնային է, նաեւ՝ էքստրեմալ, սակայն վտանգ չկա:  

«Իմ աշխատանքը սկսում է մայիսի 1-ից: -պատմում է Արսենը,- Էդ ամսին ռուսներն են գալիս հիմնականում ու իրենք են շատ օգտվում էս տուրերից: Աշխատում եմ մինչեւ հոկտեմբերի վերջ: Ձմռանն էլ ենք բարձրանում, եթե ցանկացող լինում է: Ամիս կա` լավ է, ամիս կա` գործը քիչ է, էնպես չէ էլի, որ մայիսից հոկտեմբեր ստաբիլ նույն քանակի կլիենտներ ենք ունենում: Ռեալ գումար աշխատելու շրջանը հուլիսի 15-ից սեպտեմբերի 15-ն է»:

Զրուցակցիս ասելով` ի սկզբանե նույն գինն է սամանված եղել մեկ ուղերթի համար ու այս տարիների ընթացքում փոփոխության չի ենթարկվել, պարզապես էքսկուրսավար-վարորդների թիվն է ավելացել՝ հասնելով 15-ի: «Կոնկուրեցիա, իհարկե կա, չի կարող չլինել, ուղղակի ես հենց առաջին տարվանից ռեկլամներ եմ օգտագործել, տուրիստական գործակալությունների, հյուրանոցների, առողջարանների հետ եմ աշխատում, դե 2007թ-ից ինձ գիտեն, պատկերացրեք ինչքան ծանոթներ կունենամ՝ իրենք են չիմացողներին խորհուրդ տալիս, աշխատում, ապրում ենք էլի»,- ծիծաղում է Արսենը:

Ջերմուկի կենտրոնական հատվածում վատ չի ընթանում նաեւ հեծանիվների ժամավճարով տրամադրման փոքր բիզնեսը: Հատկապես թանկարժեք հյուրանոցների ու առողջարանների, ինչպես նաեւ ըմպելասրահի հարակից տարածքում կարելի է նկատել պատանիների, ովքեր այդ գործով են զբաղվում: 23-ամյա Գարիկը նրանցից մեկն է, երկրորդ տարին է այս գործով զբաղվում: Չի համաձայնվում լուսանկարել: Գարիկը ջերմուկցի չէ՝ Եղեգնաձորից է, բարձրագույն կրթություն է ստանում Երեւանում: Երկրորդ տարին է` ամառային արձակուրդներին գալիս է Ջերմուկ, տուն վարձում եւ ուսման վարձը հավաքելու նպատակով՝ ժամավճարով հեծանիվներ տրամադրում ցանկացողներին: Ասում է, որ եղբայրն է խորհուրդ տվել, ով աշխատում է Ջերմուկի հյուրանոցներից մեկում:

«Նորմալ է, չեմ դժգոհում,- ասում է Գարիկը,- որոշակիորեն գումար հավաքվում է: Ուսմանս տարեկան վարձը 560 հազար է՝ էնպես, որ կարողանում եմ մերոնց գործը թեթեւացնել»:

Ջերմուկի ամենաբանուկ փողոցներից մեկում գործող «Մարկետ» խանութի սեփականատեր եղբայրներից Վիգեն Ավագյանի հետ է հաջողվում զրուցել, ում համար աշխարհի կենտրոնը Ջերմուկն է: Ասում է՝ կարեւորը մարդիկ ազնիվ են, մաքուր, գողություն չկա, խաբել չկա: Համաձայն չէ այն տարածված կարծիքի հետ, թե Ջերմուկը թանկ քաղաք է ու այստեղ հանգստանալն ամեն մարդու համար չէ:

Վիգեն Ավագյան

«Ինչի՞ է թանկ, ոչ էլ թանկ է, ուղղակի ամեն մարդ իր գրպանի չափով է հանգստանում: Մեր մոտ էնպիսի գներ են, որ աշխատավարձով ապրողն էլ կարող է գա մի քանի օր մնա, օլիգարխն էլ, բանվորն էլ, դասախոսն էլ: Ով շատ ունի՝ թանկ առողջարան ու հյուրանոց, ով քիչ ունի՝ էժան հյուրանոց ու վարձով տուն, ընտրություն միշտ կա: Էդ մենք ենք, որ կլոր տարին թանկ ենք ապրում»,- կատակում է Վիգենն ու ձեռնածուական հնարքով՝ մետաղադրամը սեղանին խփելով ու օդում բռնելով՝ վերադարձնում հաճախորդի մանրը:

Ձեռքս մեկնում եմ կեռասի արկղին, հարցնում գինը, հետո անցնում ծիրանին: «Դե կեռասը կիլոգրամը 2500 է, ծիրանը 600-ով կտամ»: Ասում եմ՝ թանկ է: «Իյա՜, ի՞նչն է թանկ,- Վիգենի կատվային աչքերը կլորանում են,- էդ կեռասի արկղին 45 հազար դրամ փող եմ տվել, համ էլ սեզոնը չէ, ոչ դրա, ոչ ծիրանի, դրա համար էլ թանկ է: Ծիրանը Գնդեվազինն է, մի հատ առ կեր, տես ինչ համ ունի»: Համաձայնվում եմ ծիրան գնել: «Թանկ ապրողը մենք ենք,- չգիտես կատակով, թե լուրջ զրույցը շարունակում է Վիգենը,- եսիմ ինչքան ձմեռը ջեռուցման փող ենք տալիս, 7-8 ամիս ցուրտ է մեր մոտ, էն էլ ինչ ցուրտ, բա ուտելը, բա հագնվելը՝ դրանք էլ է չէ՞ փող: Անուն ենք հանել, որպես տուրիստական քաղաք, բայց մենակ տարվա մեջ 3 ամիսն է սեզոն համարվում, բա էդ երեք ամիսն էլ չաշխատե՞նք»:

Օրը երեկոյանում է: Օրվա կեսին անձրեւ է եկել ու ըմպելասրահ շտապող հանգստացողներն համեմատաբար տաք են հագնված: Հեռվից նկատում եմ տարեց ամուսինների: Բնազդով զգում եմ՝ հանգստացողներ են: Գրիշա եւ Արեգնազան Մանուչարյաններն արդեն երկրորդ տարին է` հանգստանում են Ջերմուկում: Հետաքրքրվում եմ, թե որ առողջարանում են հանգստանում: «Չէ, աղջիկ ջան, ի՞նչ առողջարան,- տիկին Արեգնազանը ձեռն է թափ տալիս,- մեր գալը աղջիկներս են ֆինանսավորել, էստեղ տուն ենք վարձել՝ մնում ենք: Մեր թոշակով անհնար է գալ առողջարանում հանգստանալը՝ մարդ ու կին 60 հազար թոշակ ենք ստանում, որտեղի՞ց հանգստանանք»:

Գրիշա եւ Արեգնազան Մանուչարյանները

Ամուսինները Մասիս քաղաքից են: Երկու աղջիկների եւ թոռան հետ բնակարան են վարձել Ջերմուկի առողջարանային հատվածի բնակելիներից մեկում: 3 սենյականոց բնակարանը օրը 13 հազար դրամով են տրամադրել: Ասում են՝ էլի գոհ ենք, որ էս գնով, էս սեզոնին տուն ենք գտել՝ էն էլ կենտրոնում: Անցյալ տարի, երբ օգոստոսին կրկին եկել են Ջերմուկ՝ բավական տհաճ վիճակում են հայտնվել: Տունը, որ նախնական պայմանավորվածությամբ զանգահարել եւ վարձակալել են, մինչեւ իրենց Ջերմուկ հասնելը տանտերը տվել էր մեկ այլ հանգստացողի, ով ավելի շատ էր վճարել: «Հասանք Ջերմուկ ու պարզվեց` դուրսն ենք մնացել,- ծիծաղելով հիշում է տիկին Արեգնազանի դուստրը՝ Գայանեն,- իրերով, մեծով-փոքրով մնացել էինք մայթին կանգնած, մինչեւ որ հարցուփորձով նոր տուն ենք գտել մնալու: Անցած տարի էս տարվա նման չէր՝ ասեղ գցելու տեղ չկար, էս տարի համեմատաբար հանգստացողները քիչ են»:

Տիկին Արեգնազանը դժգոհում է առողջարաններում առաջարկվող բուժական ծառայությունների բարձր գներից: «Ամենաէժան պրոցեդուրան 1500 դրամ է, աղջիկ ջան, ոնց էլ լինի` մի 10 պրոցեդուրա պիտի ստանաս, էդ էլ եղավ 15 հազար դրամ ու դա մի պրոցեդուրան: Մի խոսքով, եթե կարգ չունես, արտոնություն չունես, չես կարող ուղեգիր ձեռք բերել՝ մենակ թոշակիդ  հույսով ոտքդ տնից չես կարող դուրս դնել: Ջերմուկն ընտիր տեղ է՝ օդը մաքուր, մարդիկ բարեհամբույր, տեղը հանգիստ, ուղղակի պիտի փող ունենաս, որ ամեն տարի կարողանաս գալ»:

Ջերմուկում առողջարանների, հյուրանոցների եւ անգամ վարձով տրվող գները փոփոխվում են ըստ սեզոնի: Հոկտեմբերի 1-ից մինչեւ մայիսի 31-ը գները բավական ցածր են, հունիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 30-ը հյուրանոցներում եւ առողջարաններում կեցության գները բարձարնում են 5-ից 10 հազար դրամով: Վարձով տները եւս թանկանում են 3-ից 5 հազար դրամով: Եթե նախկինում Ջերմուկում թանկ հաճույք էր համարվում «Արմենիա» եւ «Օլիմպիա» առողջարանների մատուցած ծառայություններից օգտվելն, ապա այժմ առաջատար է համարվում նորակառույց «Հայաթ փելեսը»:

Նշված առողջարաններում տուրիստական ամենաեռուն սեզոնին մեկ անձի մեկ օրվա կեցության արժեքը տատանվում է 40-ից 57 հազար դրամի սահմաններում: Ոչ քմահաճների համար Ջերմուկում ծառայություններ են առաջարկում նաեւ բավական մատչելի հյուրանոցներ, որտեղ առանց նախաճաշի, միայն գիշերակացի համար զբոսաշրջիկը վճարում է 10-12 հազար դրամ: Եվ իհարկե, վարձակալական հիմունքով տրվող բնակարանները, որոնք ոչ սեզոնին կարելի է վարձակալել 3-8 հազար դրամով (խոսքը մեկ սենյականոցի մասին է)` նայած, թե քաղաքի որ հատվածում է գտնվում: Հյուրանոցների մեծ մասն աշխատում են միջինացված գին պահել՝ նախաճաշով մեկ տեղանոց սենյակն առաջարկելով 18-20 հազար դրամով:

«Ճիշտ կլիներ` սաղ տարվա համար միջին գին պահեին,- ասում է Բարմենը,- մարդիկ ավելի երկար կմնային: Հիմա գալիս են մի օրով, ամենաշատը` 3 օրով, խոսքը էն միջին խավի մասին է: Իսկ ձմեռանն էս նույն առողջարան-հյուրանոցներն ուղղակի տուրիստ են մուրում, որովհետեւ մարդ չկա: Անցած տարվանից էլ ինչ հանքի անունը ելել է՝ եկողների թիվը կտրուկ ընկել է: Մինչեւ էդ, որ չգիտեին, թե հանք պիտի շահագործվի՝ գալիս էին, հիմա եկողն ասում է՝ երեւի գալող տարի էլ չգամ: Չես մեղադրի, բա հո չեն գալու թունավորվեն»:


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանություններ (1)
1. Քամ01:18 - 20 օգոստոսի, 2016
Հրաշալի քաղաք է, անցած տարի որոշեցինք ձմռանը դահուկ քշել Ջերմուկում, չնայած տեղումներին ճանապարհները բաց էին, մի խեսքով նախապես հկուրանոցից ճշտելուց հետո և դահուկային տրամադրությամբ ու սարքավորումներով մոտ 5000 կմ կտրելով հասանք Ջերմուկ: Ցավոք դահուկաուղին փակ էր, վերելակը նույնպես, պատճառաբանեցին "մարդ չլիմելով", սկզբից տպավորություննէր որ մենք մարդ չենք...մի խոսքով Ծաղկաձոր: Եթե չեն շահագործում երբ հաճախոևդը հասել է դուռը ապա հիմարություն կլինի հուսալ որ նա կվերադռնա խմբով...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ