HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Սասնա ծռեր»-ի կալանավորված անդամների և աջակիցների անչափահասներին խնամակալության միջոց չի հատկացվել

«Սասնա ծռեր» խմբի անդամներից և ոստիկանության գնդի գրավման օրերին կայացած հանրահավաքների ժամանակ ձերբակալված անձանցից շատերը իրենց խնամակալության տակ ունեն անչափահաս երեխաներ: Համաձայն ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի հոդված 140-ի՝ «անչափահասները, ինչպես նաև անաշխատունակ անձինք, որոնք ծնողին կամ կերակրողին արգելանքի վերցնելու, ինչպես նաև քրեական վարույթն իրականացնող մարմնի այլ գործողությունների հետևանքով մնացել են առանց հսկողության, խնամքի և գոյատևման միջոցների, ունեն խնամքի իրավունք, որը նշված մարմինը պարտավոր է նրանց ապահովել պետական բյուջեի միջոցների հաշվին: Քրեական վարույթն իրականացնող մարմնի հանձնարարությունները` կազմակերպելու վերոհիշյալ անձանց հսկողությունը, խնամքը և սոցիալական օգնության պետական կազմակերպությունում կամ բժշկական հաստատությունում անաշխատունակ անձանց ժամանակավոր տեղավորումը պարտադիր են խնամակալության և հոգաբարձության մարմնի, ինչպես նաև նշված կազմակերպությունների և հաստատությունների ղեկավարների համար»:

Սակայն «Սասնա ծռեր»-ի գործով ձերբակալված անձանց փաստաբաններին կատարած մեր հարցումներից պարզել ենք, որ կալանավորվածներից որևէ մեկի ընտանիքին, խնամակալությունը կազմակերպելու համար, պետբյուջեից միջոց չի հատկացվել:

Ինչպես օրեր առաջ հայտնել էինք՝ հուլիսի 26-ին «Սասնա ծռեր» խմբին օժանդակելու կասկածանքով ձերբակալված ազատամարտիկ Մհեր Մազմանյանն իր խնամքի տակ ունի վեց անչափահաս երեխաներ, ովքեր բնակվում են վարձով: Մինչև ձերբակալվելը` Մհերը ընտանիքի միակ աշխատող էր: Փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը, Մազմանյանների անչափահասների խնամակալությունը կազմակերպելու նպատակով, դիմել էր ՀՔԾ, որտեղից պատասխանել էին, որ քայլեր են ձեռնարկվում պարզելու՝ արդյոք Մազմանյանների ընտանքին միջոց հատկացնելու կարիք կա, թե ոչ:

«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանը ևս իր խնամքի տակ ունի 2 անչափահաս երեխաներ և հանդիսանում էր տան միակ աշխատողը։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց նրա փաստաբան Արայիկ Պապիկյանը, Խանդոյանը չի ցանկանում իր ընտանիքը պետական մարմիններից որևէ օժանդակություն ստանա, և ՀՔԾ-ն էլ ընտանիքին միջոց հատկացնելու մասով չի որևէ քայլ չի ձեռնարկել։

Կարո Եղնուկյանը նույնպես տան միակ աշխատողն է, իր խնամակալության տակ ունի երկու անչափահաս և երեք չափահաս երեխաներ: Նրա փաստաբան Տիգրան Հայրապետյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնեց, որ անչափասաներին խնամքով ապահովվելու համար չի դիմել ՀՔԾ, քանի որ վսհատ է, որ Կարո Եղնուկյանը դեմ կլինի իր ընտանիքին պետբյուջեից գումար հատկացնելու հանգամանքին և որ սոցիալապես անապահով մարդկանց ֆինանսական օգնություն մշտապես նա է ցուցաբերել:

ՀՔԾ-ից «Հետք»-ի հարցին ի պատասխան` պարզաբանեցին, որ «Սասնա ծռեր»-ի գործով ձերբակալված անձանց անչափահաս երեխաներին և նրանց խնամակալության տակ գտնվող անաշխատունակ անձանց խնամքի, գոյատևման միջոցներով ապահովվելու հանգամանքով ձեռնարկվող միջոցառումների մասին այժմ չեն կարող հաղորդել, քանի որ գործին վերաբերող տվյալները նախաքննության այս փուլում հրապարակման ենթակա չեն:

լուսանկարում ձախից` Արայիկ Խանդոյանը, Մհեր Մազմանյանը, Կարո Եղնուկյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter