HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Չօգտվելով հարևանի վիճակից. Հայաստանը կարող է հերթական անգամ հնարավորություն բաց թողնել

Պատժամիջոցների չեղարկումից կես տարի անց Իրանի տնտեսությունն արդեն տեսանելի առաջընթացներ է գրանցում։ Մոտ տասն օր առաջ Իրանի առաջին փոխնախագահ Էսհաք Ջահանգիրին հայտարարել է, որ ներկա պահին Իրանն օրական արդյունահանում է մոտ 3.8 միլիոն բարել նավթ, արտահանում՝ օրական 2.5 միլիոն բարել։ Մոտավորապես այդքան արտահանում էր մինչև պատժամիջոցները։ Իսկ երբ պատժամիջոցները դեռ գործում էին, օրական կտրվածքով նավթի արտահանումը, սովորաբար, 1 միլիոն բարելը չէր գերազանցում: Այսպիսով, Իրանի դերն ու կշիռը տարածաշրջանում մեծանում է, իսկ տնտեսությունը, չնայած դեռ առկա խոչընդոտներին, զարգանում։ Դրան զուգահեռ Իրանն աստիճանաբար վերականգնում ու ուժեղացնում է տնտեսական կապերը տարբեր երկրների հետ, նոր ներդրումներ կատարում ու ներգրավում։ Ավելին՝ Իրանում այսօր խոսվում է նավթից ունեցած կախվածությունը փոքրացնելու և տնտեսության մյուս ճյուղերի, մասնավորապես՝ արդյունաբերության ոչ նավթային հատվածի դիրքերն ամրացնելու մասին։

2015 թվականի ապրիլի սկզբին Իրանը և միջազգային միջնորդները՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Չինաստանը, Ֆրանսիան, Միացյալ Թագավորությունը և Գերմանիան, երկարատեւ բանակցություններից հետո շրջանակային համաձայնության հասան Իրանի միջուկային ծրագրի շուրջ: Համաձայնագրի կետերի իրականացման դեպքում Արևմուտքը խոստացավ հանել Իրանի նկատմամբ ընդունված պատժամիջոցները (իրանից նավթի, բնական գազի, մի շարք մետաղների ներմուծման արգելք, տնտեսական բազմաթիվ ծրագրերի ու կապերի խզում, խոչընդոտներ և արգելքներ Իրանի բանկային համակարգի նկատմամբ և այլն):  Այդ պատժամիջոցների մեծ մասից Իրանն ազատվեց այս տարվա հունվարին։  

Իրանի նկատմամբ պատժամիջոցները երկար տարիների պատմություն ունեն։ Վիճակը սրվեց հատկապես 2002 թվականից, երբ միջազգային հանրությունն Իրանին մեղադրեց ուրանի հարստացման ընդունելի ծավալների գերազանցման և ատոմային ռումբ ստեղծելու համար: Իսկ 2012-ից սկսեցին կիրառվել նոր պատժամիջոցներ։

Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը նոր դրական ազդակ էր նաև Հայաստանի տնտեսության համար։ Հիմնական տնտեսական ուղղությունները, որ Հայաստանն ու Իրանը կարող են զարգացնել պատժամիջոցներից հետո, արտաքին առևտուրն է, ներդրումների և էներգետիկայի ոլորտները, զբոսաշրջությունը,  երկկողմ համատեղ տնտեսական ծրագրերը, Հայաստանի՝ տարանցիկ երկիր դառնալու հնարավորությունները։

Թեև կես տարին արդյունքների մասին խոսելու համար բավարար ժամանակ չէ, բայց գոնե արտաքին առևտրի մասով արդեն իսկ ցուցանիշներ կան, որոնք ցույց են տալիս, թե արդյոք պատժամիջոցների վերացումը հասցրել է ազդել Հայաստան-Իրան առևտրի վրա։ Կամ ավելի ճիշտ կլինի՝ հասցրե՞լ է, արդյոք, Հայասստանն օգտվել հարևան երկրի նկատմամբ տնտեսական լուրջ պատժամիջոցների վերացումից։

Իրանի բնակչության թիվն այսօր կազմում է շուրջ 80 միլիոն։ Թե արտահանման համար ինչ կարող է առաջաջարկել թույլ արդյունաբերություն ունեցող Հայաստանը 80 միլիոնանոց շուկային, դժվար է ասել։ Սակայն հայ տնտեսագետների մի խումբ համոզված է՝ խորը ու իրատեսական ուսումնասիրության դեպքում Հայաստանը կգտնի այն ապրանքները, որոնք կարող է առաջարկել Իրանին և որոնց պահանջարկն այդ երկրում կգտնվի։ Բայց մինչև տնտեսագետները հորդորում են տնտեսական բլոկի պատասխանատուներին պահը բաց չթողնել և ճիշտ դիրք գրավել, պարզվում է՝ այս կես տարում Հայաստան-Իրան առևտրաշրջանառությունը նվազել է։

Այսպես, այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան-Իրան առևտուրը կազմել է 113.5 մլն ԱՄՆ դոլար, որը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ 16.4 %-ով նվազել է։ Եթե նախորդ տարվա առաջին կիսամյակում Իրանի հետ աևտուրը զբաղեցրել է Հայաստանի՝ աշխարհի հետ կատարած առևտրի 6.1%-ն, ապա՝ այս տարի 5%-ը։

Այս տարի Հայաստանից Իրան արտահանումը կազմել է 37.8 մլն դոլար, նվազումը՝ 10.3%: Իսկ ներմուծումը կազմել է մոտ 75.7 մլն դոլար, նվազումը՝ 19.2%:

Փաստացի, դեպի Իրան արտահանման  հետ կապված հույսերը դեռևս ոչ միայն չեն արդարացել, այլև՝ նախորդ տարվա ծավալներն էլ չեն պահպանվել։ Սա նշանակում է, որ Հայաստանը նման տեմպերով շարունակելու դեպքում կրկին բաց կթողնի արտահանման մասով տրված հնարավորությունը։ Իսկ այդ հնարավորության մասին հայտնի էր դեռևս նախորդ տարվա ապրիլից՝ «Վեցյակի» համաձայնագրից հետո։ Ինչ վերաբերում է ներդրումներին, ապա այդ մասին առայժմ շուտ է խոսելը, քանի որ տարվա առաջին կեսի տվյալներն դեռ չեն հրապարակվել։ Հրապարակված չեն նաև զբոսաշրջության տվյալները։ Ի դեպ, տնտեսագետների ու փորձագետների մի մասը կարծում է, որ Հայաստանն Իրանի հետ կապերը զարգացնելու համար պետք է կենտրոնանա ոչ այնքան արտաքին առևտրի վրա, որի հնարավորությունները Հայաստանի համար, փաստորեն, մեծ չեն, որքան ներդրումների, զբոսաշրջության ու համատեղ ծրագրերի։

Հայաստանից հիմնականում էլեկտրաէներգիա է արտահանվում Իրան

Այսօր Հայաստանն Իրանին վաճառում է հիմնականում էլեկտրաէներգիա, որը կազմում է ՀՀ-ից դեպի այս երկիր արտահանման շուրջ 90%-ը։ Արտաքին առևտրի վերաբերյալ ՀՀ մաքսային ծառայության հրապարակած վերջին տվյաները վերաբերում են 2015 թվականին։ Ըստ այդ տվյալների՝ Հայաստանն Իրան արտահանել է նաև քիչ քանակությամբ ոչխարի միս, անտառանյութ, արյուն և այլն։ Ընդհանուր առմամբ՝ 100-ից ավելի անուն ապրանք, որոնց շարքում, սակայն, առյուծի բաժինը էլեկտրաէներգիայինն է։

2009 թվականից սկսած Հայաստանի եւ Իրանի միջեւ գործում է գազ-էլեկտրաէներգիա փոխանակության գործարքը՝ 1:3 հարաբերակցությամբ: Իրանից ստացվող 1 խմ գազի դիմաց Հայաստանը տալիս է 3 կՎտ/ժ էլեկտրաէներգիա։ Օրինակ՝ նախորդ տարի Իրան է արտահանվել մոտ 1.258 մլրդ կՎտ/ժ էլեկտրաէներգիա, փոխարենն Իրանից ներմուծվել է մոտ 366 մլն խմ գազ։ Տարեկան կտրվածքով՝ Հայաստանում արտադրված էլեկտրաէնեգիայի 15-20%-ն արտահանվում է Իրան։

Հայաստան-Իրան առևտրի վերջին տարիների դինամիկան հասկանալու համար դիտարկել ենք համաշխարհային տնտեսական ճգնաժամից առաջ և հետո ընկած ժամանակահատվածը։  Մինչ ճգնաժամը առևտրաշրջանառությունն աճել է (նաև երբ համեմատում ենք 2007-ին նախորդող տարիների ցուցանիշները), սակայն  ամենայն հավանականությամբ՝ ճգնաժամով պայմանավորված, 2009-ին նվազել է։ Այնուհետև աճ է գրանցվել, որի վրա ազդել է նաև գազ-էլեկտրաէներգիա փոխանակության գործարքը։ Բայց 2013-ից նվազման միտում կա։

Ինչպես տեսնում ենք, Իրանից Հայաստան ներմուծման կազմում էլ մեծ տեղ է զբաղեցնում գազը։ Սակայն դրա կշիռն այնքան մեծ չէ, և ներմուծման կառուցվածքը շատ ավելի բազմազան է, քան արտահանման։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter