HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Գործող հանքերին օրենքով պարտադրված է հանքշահագործումն ավարտելուց հետո իրականացնել ռեկուլտիվացման աշխատանքներ». Բնապահպանության նախարար

Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանն աշխատանքային այցով եղել է Շիրակի մարզում:

Նախարարությունը հայտնում է, որ մարզպետ Հովսեփ Սիմոնյանի, մարզպետարանի ստորաբաժանումների  ղեկավարների հետ տեղի ունեցած աշխատանքային քննարկմանն անդրադարձ է եղել տարածաշրջանի բնապահպանական խնդիրներին: Ողջունելով քննարկման մասնակիցներին` Արամայիս Գրիիգորյանը նշել է, որ հանդիպման նպատակը վերջին այցից հետո մարզի համայնքների և մարզպետարանի կողմից առաջ քաշված բնապահանական հարցերի քննարկումն ու դրանց լուծում տալն է:

«Մարզում կան որոշ բնապահպանական խնդիրներ, որոնք կապված են այստեղ առակա տուֆի հանքերին, որոնցում ռեկուլտիվացիայի աշխատանքներ չեն կատարվել, ինչի վերաբերյալ քննարկումներ են տեղի ունեցել նաև կառավարությունում և կարճ ժամանակ հետո կունենանք լքված հանքերի ռեկուլտիվացիայի պայմանները և մեխանիզմները: Իսկ գործող հանքերին արդեն օրենքով պարտադրված է հանքշահագործումն ավարտելուց հետո իրականացնել ռեկուլտիվացման աշխատանքներ և այդ նպատակով դրամագլխին համապատասխան փոխանցումներ կատարել: Եթե հանքշահագործողները ինչ-որ հանգամանքներում կխուսափեն ռեկուլտիվացիա իրականացնելուց, ապա դրամագլխի միջոցներով այն կիրականացնի ՀՀ բնապահպանության նախարարությունը: Նշեմ, որ մարզում կա նաև լավ օրինակ, երբ անձը սեփականացրել է լքված հանքի տարածքը, ռեկուլտիվացիայի ենթարկել այն, դարձրել հանգստի գոտի, որից օգտվում է ազգաբնակչությունը: Մարզ կատարած նախորդ այցի ժամանակ բարձրացվել էր նաև «Արփի լիճ›› ազգային պարկի և հարակից համայնքների սահմանների հետ կապված խնդիրներ, որոնք այսօր լուծվել են: Տեղեկացնեմ նաև, որ Ազգային պարկի տարածքների վարձակալությունից առաջացած գումարների 30 տոկոսը ՀՀ բնապահպանության նախարարության նախաձեռնությամբ վերադարձվելու են համայնքների բյուջե` վերջիններիս զարգացման և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման համար»,- նշել է բնապահպանության նախարարը:

Մարզպետ  Հովսեփ Սիմոնյանը ՀՀ բնապահպանության նախարարին առաջարկել է Մանթաշի ջրամբարին (Մանթաշ գետի ջրհավաք ավազանով) և ՀՀ Շիրակի և Լոռու մարզերի տարածքում գտնվող Ջաջուռի լեռնանցքին տալ հատուկ պահպանվող տարածքների կարգավիճակ: Ջաջուռի լեռնանցքը ունի հարուստ և ինքնատիպ կենսաբազմազանություն, իսկ Մանթաշ գետը և ջրամբարը համարվում են տարածաշրջանի խմելու ջրի հիմնական աղբյուրներից մեկը: Բնապահպանության նախարարը ողջունել է առաջարկը` նշելով, որ նախարարությունը շահագրգռված է ընդլայնել Հայաստանի հատուկ պահպանվող տարածքները և առաջարկել մարզպետարանի հետ համատեղ աշխատանքային խումբ ձևավորել` սահմանված կարգով առաջարկին ընթացք տալու համար:

«Արփի լիճ›› ազգային պարկի վարչական շենքում անցկացված աշխատանքային խորհրդակցության ժամանակ «Արփի լիճ›› ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Պետրոսյանը ներկայացրել է 2016 թ. առաջին կիսամյակում կատարած աշխատանքները և արձանագրված արդյունքները: Նշվել է, որ հատուկ պահպանության աշխատանքների արդյունավետ իրականացման և լճի հայելին բավարար մակարդակի վրա պահելու շնորհիվ բարենպաստ պայմաններ են ստեղծվել կենսաբազմազանության բարելավման համար: Ավելացել են կենդանկան և բուսական որոշ տեսակների թվաքանակները:

Ներկայացվել է, որ տարեսկզբից ազգային պարկ է այցելել մոտ 600 զբասաշրջիկ, որից 55-ը` Ֆրանսիայի Հանրապետությունից: Նախարար Արամայիս Գրիգորյանն շնորհակալություն է հայտնել բոլոր աշխատակիցներին բարեխիղճ և պատասխանատու աշխատանքի համար, ընդգծել ազգային պարկի ստեղծման անհրաժեշտությունն ու կարևորությունը տարածաշրջանի համար: Նախարարն հանձնարարել է պարկի տարածքում էկոզբոսաշրջությունը զարգացնելու համար ակտիվ համագործակցել Հանրապետության զբոսաշրջության ոլորտում գործող կազմակերպությունների հետ, ինչպես նաև զբոսաշրջիկների համար հանգստի ծառայությունները մատուցել` խստագույնս պահպանելով ՀՀ օրենսդրությամբ և իրավական այլ նորմերով սահմանված պահանջները ու չափանիշները: Գրիգորյանը նշել է, որ էկոտուրիզմի զարգացումը ոչ միայն լրացուցիչ միջոցներ կստեղծի ազգային պարկի պահպանման ծառայություններն ավելի որակյալ և լիարժեք կազմակերպելու համար, այլև կլուծի նաև հարակից համայնքների բնակիչների որոշ սոցիալական հարցերը և կնպաստի ՀՀ Շիրակի մարզում զբոսաշրջության զարգացմանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter