HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատավորի դստեր ընկերությունը կմատակարարի նաև դատական կարգադրիչների համազգեստները

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանի դուստրը խորացնում է գործընկերային հարաբերությունները ՀՀ դատական դեպարտամենտի հետ: Այս անգամ Վիկտորյա Մելիք-Սարգսյանը դատական կարգադրիչների համար համազգեստներ և վերնաշապիկներ մատակարարելու խոշոր պայմանագիր է կնքել դեպարտամենտի հետ:

Վիկտորյա Մելիք-Սարգսյանին պատկանող «Պահապան» ՍՊԸ-ն մինչև հոկտեմբերի 10-ը դատական դեպարտամենտին պետք է մատակարարի 430 հատ համազգեստի հավաքածու, որի մեջ մտնում է 51%-անոց բամբակյա անջրանցիկ կտորից ձմեռային բաճկոն, 60%-անոց բրդյա բաճկոն, մուգ կապույտ կիսաբրդյա կտորից տաբատ, հովհարով գլխարկ, դարձյալ մուգ կապույտ փողկապ, դատական կարգադրիչների ծառայության խորհրդանիշով թևքանշան և կաշներ (վզպատ): Այս հաաքածուի ընդհանուր գինը կազմում է մոտ 21 միլիոն դրամ:

Հաջորդ համազգեստի հավաքածուի գինը կազմում է 2 մլն 360 հազար դրամ: Մատակարարվելու է 50 համազգեստ, որի մեջ մտնում է ձմեռային վերարկու, կիտել, մուգ կապույտ կիսաշրջազգեստ, կիսաբրդյա պիլոտկա (գլխարկ), փողկապ և թևքանշան:

Դատական դեպարտամենտը դատավորի դստեր ընկերությանը պատվիրել է նաև տղամարդու 430 հատ բաց կապույտ կտորից կարճաթև և 430 հատ երկարաթև վերնաշապիկ, որոնց ընդհանուր գինը կազմում է 4 մլն 386 հազար դրամ:

50 հատ կարճաթև և նույնքան էլ երկարաթև վերնաշապիկ պատվիրվել է նաև իգական սեռի դատական կարգադրիչների համար: Այս վերնաշապիկների ընդհանուր գինը կազմել է 500 հազար դրամ:

Նշենք, որ բոլոր ապրանքները պետք է լինեն հայկական արտադրության:

Դատավորի դստեր «Պահապան» ՍՊԸ-ն, թե´ համազգեստների հավաքածուների, թե´ վերնաշապիկների գնման ընթացակարգերում ունեցել է մրցակիցներ՝ «Էլաամոդա» և «Ֆիրմա Լիդա» ՍՊԸ-ները: Սակայն, պայմանագիրը կնքվել է «Պահապան» ՍՊԸ-ի հետ, քանի որ վերջինս առաջարկել է ամենացածր գինը:

Հիշեցնենք, որ դատավորի դստեր ընկերությունն է մատակարարել նաև դատախազների համազգեստը: 2014թ. մարտի 6-ին ՀՀ դատախազությունը պետության կարիքների համար ապրանքների մատակարարման պետական գնման՝ համազգեստների մատակարարման պայմանագիր է կնքել «Պահապան» ՍՊԸ-ի հետ: Պայմանագրի գինը կազմել էր 99 միլիոն 426 հազար դրամ:

ՀՀ վճռաբեկ դատարանի թվով 2 և վերաքննիչ, վարչական դատարանների դատավորների 10 պատմուճաններ դարձյալ մատակարարել է «Պահապան» ՍՊԸ-ն: Մեկ պատմուճանի գինը կազմել է 70,000 դրամ:

Ժողովրդավարության, կոռուպցիայի դեմ պայքարի ուղին բռնած երկրներում գուցե բացառվեին նման գործարքները: Դրանք կարող էին դիտվել շահերի բախում: Բայց Հայաստանում, երբ շահերի բախման որևէ դեպք «չի» արձանագրվում, դժվար թե անհամաձայնություն հայտնեն: Ոմանք գուցե ասեն՝ ինչու բացառել, մեծ հաշվով դատավորի դուրստրը չափահաս է և կարող է ազատ իրականացնել առևտրային գործունեություն և պայմանագրեր կնքել ում հետ ցանկանա: Իսկ շարքային մեկը կարո՞ղ է գնման գործընթացի մեջ մտնել և հաղթել, դատական դեպարտամենտը կարո՞ղ է իր գործընկերոջ հորը՝ դատավոր Գրիշա Մելիք-Սարգսյանին «թարս» աչքով նայել, հավասար աչքով նայել նրա աշխատակազմին: Խիստ կասկածելի է: 

լուսանկարում ձախից` Դատական դեպարտամենտի ղեկավար Կարեն Փոլադյանը և Գրիշա Մելիք-Սարգսյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter