HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արթուր Սարգսյանի առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի կրման հետ

«Սասնա Ծռերին» հաց հասցրած Արթուր Սարգսյանի եղբայրն ու ընկերները մի շաբաթվա ընթացքում ավարտին էին հասցրել Արթուրի ձեռագործ աշխատանքներն ու բերել Վերնիսաժ: Այսօր էլ փայտագործ ընկերները վաճառում էին նրա փորագրած զարդատուփերն ու ժամացույցները: Արսեն Սարգսյանն ասաց, որ Արթուրի անավարտ գործերը շատ են. «Աստիճանաբար կավարտենք ընկերների հետ միասին, կբերենք վաճառքի ամեն շաբաթ»:

Արսենին, սակայն, առավել շատ մտահոգում է եղբոր առողջական վիճակը, նաև այն, որ տեսակցությունը նրա հետ քննիչի որոշմամբ արգելված է: Ասում է, որ ամեն օր սնունդ է հասցնում «Նուբարաշեն» ՔԿՀ, սակայն չի կարողանում տեսակցել: Զարմանում է` ինչու Արթուրին «Դատապարտյալների հիվանդանոց» չեն տեղափոխում. «Եթե անգամ մեկը ոճրագործ է, մի ամբողջ ընտանիք է ոչնչացրել, հիվանդանում է, նրան տանում են բերդի հիվադանոց, բայց Արթուրը, փառք Աստծո, ոչ մեկին չի սպանել, հաստատ Մոզամբիկի փղերին ինքը չի սատկացրել… շուտափույթ ազատեն տղային»,- «Հետքին» փոխանցեց Արսեն Սարգսյանը:

Արսեն Սարգսյանը

Արթուր Սարգսյանի պաշտպան Տիգրան Եգորյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց գնահատմամբ` Արթուրի առողջական վիճակը անհամատեղելի է կալանքի կրման հետ. «Նա ունի տեղաշարժման, կանգնելու, նստելու հետ կապված խնդիրներ, երկրորդ կարգի հաշմանդամ է: Կարող է բարձրացնել մինչև 1 կգ կշռող իրեր»,- ասաց Տիգրան Եգորյանը:

Արթուր Սարգսյանի փաստաբանները դիմել են Վերաքննիչ դատարան՝ կալանքը որպես խափանման միջոց վերացնելու պահանջով. գտնում են՝ մեղադրանքը անհիմն է: Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանին նախ առաջադրվել էր նույն մեղադրանքն, ինչ «Սասնա Ծռեր» խմբի մյուս անդամներին: Ապա մի քանի օր անց այն փոփոխվել էր՝ դառնալով օժանդակություն (ՔՕ 38-218 և 38-235 հոդվածներ): Այսինքն՝ ըստ մեղադրանքի, նա օժանդակել է պատանդներին պահելուն և ապօրինի զենք զինամթերք փոխադրելուն ու կրելուն:

Նշենք, որ երեկ Վերաքննիչ բողոքի լսումը հետաձգվել է մինչև օգոստոսի 23-ը: Բանն այն է, որ Արթուր Սարգսյանը ցանկություն էր հայտնել մասնակցել վերաքննիչ բողոքի քննությունը, սակայն դատավորի փոխանցմամբ, տեխնիկական խնդիրների պատճառով հնարավոր չի եղել ապահովել նրա ներկայությունը:

Փաստաբան Եգորյանն ասաց, որ Արթուր Սարգսյանը մեղադրանքը չի ընդունել, իրեն մեղավոր չի համարում: «Միակ բանը, որ արել է Արթուրը, մարդասիրական գործողությունն է, փորձել է սննդի փոխադրման միջոցով բացառել անձանց նկատմամբ կիրառվող անմարդկային վերաբերմունքը, ինչը քրեական օրենսգրքով նախատեսված որևէ հանցակազմի չի համապատասխանում: Արթուրը համարում է՝ ինքն արել է այն, ինչ կաներ նվազագույն մարդասիրությամբ օժտված յուրաքանչյուր մարդ»,- ասաց փաստաբանը:

Հ.Գ. Նյութը հրապարակելուց առաջ զրուցեցինք Արթուր Սարգսյանի ընկերներից փայտագործ Սամվել Թադևոսյանի հետ: Ասաց, որ այսօր Արթուրի ձեռագործ աշխատանքներից 9 ժամացույց ու զարդատուփ են վաճառել, ևս 4 զարդատուփ վաղն են վաճառելու: Իսկ մինչև մյուս շաբաթ ավարտելու են Արթուրի անավարտ գործերից, որ դարձյալ վերնիսաժ բերեն վաճառքի. «Կանենք այնքան ժամանակ, մինչև Արթուրը ազատություն վերադառնա»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter