HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ինչպե՞ս պաշտպանել Միհրանի, Հայաստանի ու ըմբշամարտի շահերը

Հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի հետ կատարվածը Ռիոյի Օլիմպիական խաղերում շարունակում է մնալ հայաստանյան հասարակության եւ մեդիայի քննարկումների կարեւորագույն թեմաներից մեկը: Միանգամից ամրագրենք՝ մեր ըմբիշի հանդեպ տեղի ունեցածը ոչ թե մրցավարական որոշում էր, այլ դատաստան: Եվ սա միայն հայ մեկնաբանների, մարզասերների դիրքորոշումը չէ, սա ըմբշամարտի ներկայացուցիչների համոզմունքն է:

Միհրանի արկածները

66 կգ քաշի եզրափակիչում Միհրանը սերբ Դավոր Շտեֆանեկին դուրս մղեց գորգի՝ գոտեմարտի համար նախատեսված սահմաններից ու արժանի 1 միավոր ստացավ: Սակայն մարտի երկրորդ կեսում թայվանցի մրցավարը բառիս բուն իմաստով մոգոնեց պասիվություն հայ մարզիկի կողմից, ու քանի որ դա երկրորդ զգուշացումն էր, նրան պարտեր դիրք նստեցրեց ու նաեւ 1 միավոր տվեց սերբին: Բնականաբար, սերբին դա լիուլի բավարար էր, Շտեֆանեկն այնքան էր զիջում մեր մարզիկին, որ այդպես էլ երկու անգամ պարտերում հայտնված մրցակցի հանդեպ ոչ մի հնարք չկարողացավ անել, բայց օդից նվեր ստացավ: Հիմա էլ կարելի է դիտել գոտեմարտի տեսագրությունն ու տեսնել, թե Միհրանի նախազգուշացումից ու առաջին զգուշացումից հետո որքան պասիվ է սերբը, մարզիչ Սամվել Գեւորգյանը շարունակ բղավում է «red passive»՝ «կարմիրը պասիվ է», սակայն երբ գորգի թայվանցի ռեֆերին փորձում է նախազգուշացում տալ, կողային մրցավարները չեն միանում, հետո, հավանաբար, հասկանալով, որ կողմնակալությունը գնալով էլ ավելի բացահայտ է դառնում, սերբին նախազգուշացում է տրվում: Եվ շատ չանցած՝ Միհրանը ստանում է երկրորդ նկատողությունը, իսկ Շտեֆանեկը՝ իր երազած միավորը: Դրանից հետո սերբը ակնհայտ պասիվություն դրսեւորեց, բայց մրցավարները աչք փակեցին, ու զգուշացում չեղավ:

Շատ խոսվեց ու գրվեց այն մասին, որ ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի՝ Ըմբշամարտի միացյալ աշխարհի (UWW) նախագահը՝ Նենադ Լալովիչը, սերբ է, ինչով էլ պայմանավորված է կողմնակալ մրցավարությունը: Սակայն հետո հայկական մամուլն անդրադարձավ նաեւ Ռուսաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, UWW-ի փոխնախագահ, այդ կառույցի բյուրոյի անդամ Միխայիլ Մամիաշվիլու հետ կապված պատմությանը, որը Միհրանի հանդեպ թշնամացել էր այն բանից հետո, երբ 2010 թ. Երեւանում կայացած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ ՌԴ-ն ներկայացնող Հարությունյանը վնասվածքի պատճառով պարտվել էր հայաստանցի Արման Անդրիկյանին, եւ ընդհանուր հաշվով մեր թիմը 4-3 հաշվով առավելության էր հասել Ռուսաստանի նկատմամբ ու բրոնզ նվաճել: Մամիաշվիլին Միհրանին մեղադրել էր միտումնավոր պարտության մեջ ու սկսել խոչընդոտներ հարուցել նրա կարիերայի ճանապարհին: Էջմիածնեցի Միհրանն էլ, թողնելով Ռուսաստանը, վերադարձել էր Հայաստան ու սկսել հանդես գալ մեր եռագույնի ներքո:

Բայց կեղտոտ մրցավարությամբ ու մութ գործարքներով հայտնի ըմբշամարտում ինչ-որ մեկը շարունակում էր Միհրանի առաջ դռներ փակել: 2015-ին Բաքվում կայացած եվրոպական առաջին խաղերի եզրափակչում մեր մարզիկը կողմնապահ մրցավարության արդյունքում զիջեց ռուս Արտյոմ Սուրկովին: Պատկերացրեք. մի կողմից՝ ադրբեջանցի կազմակերպիչներն ու երկրպագուները, որոնք ամեն ինչ պիտի անեին, որպեսզի Միհրանը պատվո հարթակի առաջին տեղին չկանգներ, ու ՀՀ օրհներգը չհնչեր Բաքվում, մյուս կողմից՝ ՌԴ-ն ներկայացնող մարզիկի հզոր հովանավորները՝ առաջին հերթին Մամիաշվիլին, որը մաքսիմալիստ է ու նաեւ դաժան անձնավորություն:

2015-ի Լաս Վեգասի աշխարհի առաջնությունում, որը օլիմպիական վարկանիշ էր ապահովում, Միհրանին կրկին զրկեցին հաղթանակից, չնայած նա վարկանիշ ձեռք բերեց: Կիսաեզրափակչում նրա մրցակիցը կորեացի Ռյու Հոն Սուն էր, որին Ռիոյում մեր ըմբիշը 1/4-ում հաղթեց 2-1 հաշվով: ԱՄՆ-ում, երբ Միհրանը հաղթում էր 4-0 հաշվով, իբր գլխով հարվածելու պատճառով երկու անգամ նրան նկատողություն տվեցին՝ 2-ական միավոր տալով մրցակցին: 4-4 հաշվի պարագայում, քանի որ վերջինը կորեացին էր միավոր «վաստակել» (ինչպես Ռիոյում Շտեֆանեկը), հաղթանակը տրվեց նրան: Բրոնզի համար պայքարում Միհրանի մրցակիցը նույն Սուրկովն էր, որին հայ մարզիկը զիջեց 2-6 հաշվով: Բայց մրցավարներն այս անգամ էլ ռուսին օդից միավորներ տվեցին. ըմբիշին կարող է նկատողություն տրվել գոտեմարտի ավարտից առնվազն 30 վրկ առաջ, այնինչ Միհրանին տվել էին ընդամենը 11 վրկ առաջ: Անարդարությունից զայրացած մարզիչ Սամվել Գեւորգյանին էլ դեղին քարտ էին ցույց տվել իբր անհանդուրժողականության պատճառով: Իսկ հետո պարզվել էր, որ Միհրանի հանդես եկած C գորգի մրցավարները՝ 5 հոգի, եւ ժյուրիի մեկ անդամ որակազրկվել են անարդար մրցավարության պատճառով, Սամվել Գեւորգյանից էլ պիտի ներողություն խնդրեին:     

Մամիաշվիլին հարվածել ու անպատվել է ռուս մարզուհիներին

Հիմա հակիրճ ներկայացնենք Ուկրաինայում ծնված, վրացական արմատներով Միխայիլ Մամիաշվիլու վերջին հերոսությունները: Ֆանտոմասի արտաքինով այս անձը գանգստերի տպավորություն է թողնում, ինչն իրականությունից հեռու չէ: Ի դեպ, Լաս Վեգասի առաջնությունից առաջ Մամիաշվիլուն ԱՄՆ-ը մուտքի արտոնագիր չէր տվել: Մամիաշվիլու սանձարձակությունը, կարելի է  ասել, սահմաններ չի ճանաչում:

Այս մարդն այնքան հզոր է կարծում իրեն, որ նույնիսկ ձեռք է բարձրացնում մարզիկների վրա: ՌԴ-ն ներկայացնող ըմբշամարտիկ Իննա Տրաժուկովան օրերս պատմել է, որ երբ Ռիոյում բրոնզի համար պայքարում պարտվել է լեհ մարզուհուն, հարբած վիճակում իրեն է մոտեցել ֆեդերացիայի նախագահը: «Նա կոպիտ էր խոսում, անհարգալից էր արտահայտվում եւ երկու անգամ հարվածեց երեսիս: Այդ ամենը վկաների ներկայությամբ տեղի ունեցավ: Ռուսաստան վերադառնալուց հետո հայտարարություն եմ տալու դատախազությանը, ինչպես նաեւ դեպքի մասին հայտնելու եմ սպորտի նախարարությանը: Ես ստրկության մեջ չեմ, որ պարտված գոտեմարտի պատճառով ինձ հետ այդպես վարվեն: Ինձ նվաստացրել են հրապարակայնորեն: Ես ուզում եմ վերջ տալ այդ ամենին, որպեսզի հետագայում նրա պատճառով այլ մարզուհիներ չտանջվեն»,- «Սպորտ-էքսպրեսին» ասել է Տրաժուկովան:   

Մամիաշվիլու թիրախ են դարձել Տրաժուկովայի գործընկերներ Նատալյա Վորոբյովան եւ Նատալյա Կոբլովան, որոնք եզրափակիչներում պարտվել են ճապոնուհիներին եւ արծաթե մեդալներ նվաճել: Բայց արի ու տես, որ Մամիաշվիլուն սա դուր չի եկել: «10 վայրկյան՝ ոսկե մեդալի գին: Չեմ ուզում շնորհավորել ու չեմ շնորհավորելու, նրանք պարտավոր էին հաղթել: Նրանք պիտի մեռնեին, բայց 10 վրկ-ում ոչինչ չտային: Ես այդպես ապրել եմ, ապրում եմ ու կապրեմ: Իսկ նրանք թող ապրեն այնպես, ինչպես հարկն են համարում: Նրանց ներում չկա: 10 վրկ-ում ոսկե մեդալները նվիրելը ոչնչություն է»,- ասել է Մամիաշվիլին: Կարծում ենք՝ ընթերցողի համար արդեն պարզ է, որ վերը նշված մարզուհիներն այսուհետ մաֆիոզ պաշտոնյայի «սեւ ցուցակում» են, եւ Ռուսաստանից հեռանալը, թերեւս, լավագույն տարբերակը լինի, չնայած դա էլ չի կարող հետագա հաջողություններ երաշխավորել, քանի որ Մամիաշվիլու ձեռքերը շատ երկար են:

Հիշենք ըմբիշ Արա Աբրահամյանի դեմարշը

Միհրան Հարությունյանի հետ կատարվածը շատ նման է Շվեդիան ներկայացնող հայ ըմբիշ Արա Աբրահամյանի հետ 2008-ին տեղի ունեցածին: 2004 թ. Աթենքի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիրը (հունահռոմեական ըմբշամարտի 84 կգ քաշային կարգ) Պեկինում ֆավորիտներից մեկն էր: Ընդ որում՝ Աթենքի եզրափակչում նրա գոտեմարտը ռուս Ալեքսեյ Միշինի հետ ավարտվել էր 1-1, բայց հաղթող էր ճանաչվել Միշինը: Աբրահամյանը իր կայքում գրել էր. «Եզրափակիչն ավարտվել է 1-1: Դա նշանակում է պարտություն, եթե դու հանդիպել ես ռուսի»:

Պեկինում կիսաեզրափակչում Արան հանդիպել էր իտալացի Անդրեա Մինգուցիին: Առաջին կեսն ավարտվել է 1-1՝ հօգուտ իտալացու, երկրորդը՝ 2-1 կրկին հօգուտ նրա: Բայց հարցն այն էր, որ մրցավարներն այդ երկրորդ միավորը տվել էին Արային, սակայն ռաունդի ավարտից հետո վերցրել ու հանձնել էին իտալացուն՝ պատճառաբանելով, թե Արայի ձեռքը եղել է գորգի սահմաններից դուրս՝ կապույտ հատվածում: Իրականում ձեռքի դուրս լինելը միավոր չի բերում մրցակցին, մյուս կողմից՝ Արան ու նրա մարզիչը պնդում էին, որ մինչ այդ իտալացու ամբողջ մարմինն է եղել կապույտ հատվածում եւ պահանջել էին տեսագրությունը դիտել ու գրավոր բողոք էին ներկայացրել, բայց մրցավարները հրաժարվել էին վիդեոն դիտելուց:  

Աբրահամյանը, դուրս մնալով եզրափակչից, որտեղ հետագայում հաղթեց իտալացին, գոտեմարտել էր բրոնզի համար ու նվաճել այն: Պարգեւատրման արարողության ժամանակ հայ մարզիկը վզից հանել էր մեդալը, դրել գորգի կենտրոնում ու հեռացել: Արային պաշտպանել էին նույն քաշի այլ մարզիկներ՝ մյուս բրոնզը նվաճած թուրք Ավլուջան, Ալեքսեյ Միշինը, ում իտալացին պայքարից դուրս էր թողել ավելի շուտ: ՌԴ-ն ներկայացնող հանրահայտ գերծանրքաշային Հասան Բարոեւն էլ ասել էր. «Ինձ նույնպես տհաճ կլիներ, եթե ամեն ինչ այդքան լկտի ձեւով ընթանար: Բայց ամեն դեպքում կարծում եմ, որ Աբրահամյանը պիտի հարթակին մնար մեդալով»:

Աբրահամյանն ու նրա շվեդ մարզիչը մրցավարներին մեղադրում էին կոռուպցիայի մեջ: Հայ մարզիկը նաեւ հայտարարեց, որ թողնում է սպորտը: Նա նշեց, որ մրցավարները կաշառված էին, եւ նրանից մեկը բարեկամական (ամուսնության միջոցով) կապի մեջ է միջազգային ֆեդերացիայի նախագահ Ռաֆայել Մարտինետիի հետ: ՖԻԼԱ-ի (UWW-ի նախկին անվանումը մինչեւ 2014 թ.) նախագահ Մարտինետին, որը 2002-2013 թթ. ղեկավարում էր կառույցը, Շվեյցարիայի քաղաքացի է, սակայն ծագումով իտալացի է: Նրա օրոք ըմբշամարտը ոտքից գլուխ թաղված էր կեղտի մեջ, ու նման սկանդալներն անպակաս էին այս մարզաձեւից:

2013 թ. հայտնի դարձավ, որ ՄՕԿ-ը ծրագրում է 2020 թ.-ից ըմբշամարտը հանել օլիմպիական մարզաձեւերի ծրագրից: Սա ավելի շատ ՄՕԿ-Մարտինետի հակամարտություն էր, եւ ՄՕԿ-ը հաղթեց: ՖԻԼԱ-ի գործադիր կոմիտեն անվստահություն հայտնեց նախագահին, ով ստիպված հրաժարական տվեց: Ըմբշամարտը մնաց օլիմպիական ծրագրում: Շվեյցարացուն էլ փոխարինեց սերբ Լալովիչը, ու ինչպես հիմա ենք տեսնում Միհրանի օրինակով, սառույցը չի կոտրվել. կոռուպցիան ըմբշամարտի անբաժան ուղեկիցն է:   

Աբրահամյանի որակազրկումը եւ բողոքարկումը

Վերադառնանք Արա Աբրահամյանին: 2008-ի օգոստոսին ՄՕԿ-ի կարգապահական կոմիտեն, որի մեջ էր նաեւ ներկայիս նախագահ Թոմաս Բախը, «արդար խաղի ոգին ոտնահարելու» պատճառով որակազրկեց Աբրահամյանին, նրա բրոնզե մեդալը վերադարձվեց ՄՕԿ եւ այլ մարզիկի չհանձնվեց: Իր հերթին Մարտինետիի ՖԻԼԱ-ն 2600 դոլարով տուգանեց Արային, իսկ մարզիչ Լեո Մյուլլերին՝ 8600 դոլարով, երկուսն էլ որակազրկվեցին 2 տարով: Շվեդիայի ըմբշամարտի ֆեդերացիան տուգանվեց 43000 դոլարով: Աբրահամյանը դիմեց Լոզանի մարզական արբիտրաժային դատարան: Հայցը մասնակի բավարարվեց:

Դատարանը ՖԻԼԱ-ում գործող բողոքարկման գործընթացը ճանաչեց ոչ իրավաչափ եւ Արայի դեպքը որակեց իբրեւ «Օլիմպիական խարտիայի եւ «արդար խաղի» հանդեպ ՖԻԼԱ-ի սեփական կանոնների խախտում»: Դատարանը ՖԻԼԱ-ին պարտադրեց ստեղծել Արայի գործի բողոքարկման հանձնաժողով: Այդպիսին կազմվեց, բայց հանձնաժողովը չվերադարձրեց մեդալն ու չհանեց որակազրկումը՝ բավարարվելով միայն Շվեդիայի ըմբշամարտի ֆեդերացիայի հանդեպ տուգանքը չեղարկելով:

Լոզանի դատարանը Արայի մեդալի վերադարձման հայցը նույնպես մերժեց, սակայն Աբրահամյանի որակազրկումն ու տուգանքը չեղարկվեցին, Շվեդիայի ֆեդերացիային էլ չէր արգելվում կազմակերպել ըմբշամարտի մրցաշարեր:

Չնայած սպորտը թողնելու մասին հայտարարությանը՝ Արա Աբրահամյանը հետագայում փորձեց որակավորվել 2012-ի լոնդոնյան խաղերին, սակայն չկարողացավ:

Ի՞նչ դաս պիտի քաղենք մենք

Վերը նշվածը ցույց է տալիս, որ մարզիկի, երկրի ու ամբողջ մարզաձեւի շահերը պաշտպանելու համար պետք է գործել հավասարակշռված, հաշվարկված: Միհրանի դեպքից հետո սկսված ստորագրահավաքը, իմ համոզմամբ, ոչինչ չի տալու: Այդպիսի ստորագրահավաքներ տարբեր ոլորտների ու հարցերի վերաբերյալ շատ են եղել, բայց քանի՞սն են պսակվել հաջողությամբ:

Հայաստանի մարզական ղեկավարությունը երկու հիմնական անելիք ունի: Նախ՝ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ, գործարար Սամվել Կարապետյանը (ՀԸՖ-ն ղեկավարում է 2009-ից), օգտագործելով իր դիրքն ու հնարավորությունները Ռուսաստանում, պիտի Մամիաշվիլու նմաններին հեռու պահի հայ մարզիկներից: Առաջին հայացքից սա կարող է տղայական խոսակցություն թվալ, բայց ըմբշամարտի նման մարզաձեւում, երբ հովանավորչությունն ու կոռուպցիան շարունակվում են, ոչինչ ավելորդ չէ: Շեշտենք, հենց Սամվել Կարապետյանի օրոք է Միհրանը տեղափոխվել Հայաստան, հենց նրա օրոք է 2010-ին Երեւանում կազմակերպվել աշխարհի գավաթի խաղարկությունը (Միհրանի համար, թերեւս, բեկումնային), որի հովանավորը «Տաշիրն» էր: Եթե Մամիաշվիլին աջ ու ձախ օգտագործում է իր դիրքը, ապա նրան պետք է նույն կերպ հակադարձել:

Երկրորդ՝ ամենակարեւոր անելիքը: ՀԸՖ-ն ու ՀԱՕԿ-ը պարտավոր են UWW-ում եւ Լոզանի դատարանում բողոքարկել Միհրանի հանդեպ կայացված որոշումը: Իսկապես ամոթ է, երբ ՀԱՕԿ-ն է հայտարարում, թե հայ մարզիկը պարտվել է «գեղեցիկ ու համառ պայքարում»: Ի՞նչն է գեղեցիկ, այն ամենը, ինչ ինքը՝ Միհրանը, կեղտ անվանե՞ց: Գեղեցիկ ու համառ չի կարող լինել այն պայքարը, որում մարզիկը դիմակայում է ոչ միայն իր մրցակցին, այլեւ ողջ կոռումպացված համակարգին:

Հիմա ոմանք գուցե ասեն, թե բողոքարկումից ոչ մի օգուտ չի լինի: Բայց ինչու՞ առաջ անցնել ժամանակից, ինչու՞ հուսալքվել: Պարոնայք, մենք՝ ՀԱՕԿ-ի ու ՀԸՖ-ի մարզական ղեկավարները, սպորտի ու երիտասարդության հարցերի նախարարությունը (նաեւ քաղաքական ղեկավարությունը, որին ենթարկվում է նույն նախարարությունը), մարզասերներն ու բոլորը, պարտք ունենք Միհրան Հարությունյան ըմբիշի հանդեպ, մենք նրա գլուխը կախ թողնելու իրավունք չունենք: Որպես առաջին քայլ ՀԱՕԿ-ը կարող է օլիմպիական ոսկու նմանությամբ մեդալ ձուլել եւ հանձնել Միհրանին՝ որպես մեր չեմպիոնի: Եվ ոչ միայն մեր. ըմբշամարտից հասկացող ու չհասկացող շատ-շատերի համար հենց նա է օլիմպիական չեմպիոնը: Համացանցում մեր մարզիկի հասցեին հիացական արձագանքները աշխարհի տարբեր ծայրերից ապացուցում են այս ամենը:

Արա Աբրահամյանի նախադեպը ցույց է տալիս, որ Լոզանի դատարանը կարող է այնպիսի որոշում կայացնել, որը եթե նույնիսկ անմիջական ազդեցություն չունենա Միհրանի վրա, ապա գոնե քայլ կլինի՝ ուղղված ըմբշամարտ մարզաձեւում մրցավարական անաչառության հաստատմանը: Ձեռքերը ծալած նստելն ու համակերպվելը երկրի պարտությունը կլինի: Սրա նախադեպն էլ ունենք. երբ «Եվրո-2012»-ի Իռլանդիա-Հայաստան խաղում (2-1) բասկ մրցավար Իտուրալդե Գոնսալեսը ծառայություն մատուցեց դաշտի տերերին՝ կարմիր քարտ ցույց տալով Բերեզովսկուն, ինչը մեծ հաշվով վճռեց խաղի ելքը, ու Հայաստանում ֆուտբոլասերները բարձրաձայնում էին ՀՖՖ-ի կողմից մրցավարի գործողությունների բողոքարկման մասին, ՀՖՖ-ն բավարարվեց ՈւԵՖԱ-ին ուղղված խնդրանքով՝ չեղյալ համարել կարմիր քարտը, ինչը մերժվեց: Բայց ՀՖՖ-ն անհասկանալի կերպով ավելի բարձր ատյանների չդիմեց:      

Որքան էլ փոքր երկիր լինենք, պիտի ձգտենք մեր իրավունքներն ու շահը պաշտպանել մինչեւ վերջ՝ անկախ նրանից, թե ով է դիմացինը՝ UWW-ն, ՈւԵՖԱ-ն, թե մեկ ուրիշը: Թռուցիկ կարգով հիշեցնենք նաեւ, որ 2002-ի Սոլթ Լեյք Սիթիի ձմեռային խաղերում գեղասահքի երկու զույգ դարձավ չեմպիոն: Գեղասահքի միջազգային միությունը մրցավարական սկանդալից հետո ոսկե մեդալ նվաճած Բերեժնայա-Սիխարուլիձե ռուսական զույգի կողքին կանգնեցրեց նաեւ Սալե-Պելետիե կանադական զույգին, փոխվեց նաեւ ելույթների գնահատման համակարգը:

Նմանատիպ բան տեղի ունեցավ 2004 թ. Աթենքում, երբ պտտաձողի վրա հանդես եկող ռուս մարմնամարզիկ Ալեքսեյ Նեմովին մրցավարները ակնհայտ ցածր միավորներ տվեցին՝ զրկելով մեդալից: Դահլիճում ներկա մարզասերների բուռն դժգոհությունից հետո մարմնամարզության պատմության մեջ առաջին անգամ միջազգային ֆեդերացիայի տեխնիկական կոմիտեն ու մրցավարները փոխեցին գնահատականները՝ փոքր-ինչ բարձրացնելով դրանք, ինչը, սակայն, Նեմովին չբավարարեց մեդալ նվաճելու համար: Այս դեպքից հետո որոշ մրցավարներ հեռացվեցին, Նեմովից պաշտոնապես ներողություն խնդրեցին, իսկ մարմնամարզության սիրահարների համար ամենամեծ օգուտն այն էր, որ գնահատման կարգի փոփոխություն կատարվեց. այդուհետ միավոր էր տրվում ոչ միայն կատարման, այլ նաեւ վարժության բարդության համար:

Ժամանակն է, որ մենք էլ մեր լուման ունենանք ըմբշամարտն ավելի լավը դարձնելու գործում:

Մեկնաբանություններ (1)

չ'սպորտսմեն
Եթե երկրի համապատասխան մարմինները հստակ դիրքորոշում չհայտնեն ու համապատասխան քայլեր չձեռնարկեն, կրկին անգամ կվավերացնեն մարած ակադեմիկոսի արտահայտությունը` «քոսոտ երկիր»: Փաստ է, որ ամենաշատ մեդալները տանում են աշխարհի գերտերությունները, նայեք առաջին տասնյակի երկրների ցանկը: Միհրանը մրցմանը տվեց իր առավելագույնը, հիմա երկրի համապատասխան մարմինների գործն է` անել առավելագույնը... պետք է գոնե փորձել, ոչ թե ձեռքերը լվանալ ու մի կողմ քաշվել... դա իրենց պարտականությունն է, և եթե անկարող են իրենց գործն իսկ անել, պետք է իրենց տեղը զիջեն այնպիսի մարդկանց, որ կարող են :

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter