HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամառային հիշողություններ Թիֆլիսից

Մհեր Ենոքյան

«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից       

Խցում խայտառակ շոգ է: Հսկիչներին հրամայված է վոլչոկները (խցերի դռան անցքերը) բաց թողնել մինչև երեկո, որ գոնե մի քիչ օդ խաղա: Դժվար է պարապել ու աշխատել: Բայց պետք է շարունակեմ պատրաստվել 4-րդ կուրսի քննություններին: Կուրսային աշխատանք եմ գրում ցմահ դատապարտման թեմայով: Զուգահեռաբար խմբագրում եմ Լեռ Կամսարի «Բանտիս օրագրի» ռուսերեն թարգմանությունս: Պատրաստվում եմ պատմվածքների ու վավերապատումների «Զգացմունքների պետություն» ժողովածուի տպագրությանը, որը նվիրում եմ ընկերոջս՝ Սողոմոնին: Հույս ունեմ՝ նրա ազատման տարեդարձին՝ հոկտեմբերի 22-ին, լույս տեսած կլինի: Իսկ քրեական գործի վերաբացման, անօրեն դատավճռի բեկանման համար միշտ եմ պայքարում:

Ամառային այս օրերին հաճախ եմ հիշում մինչև 20 տարեկանս ունեցած ամառները: Հիմնականում գնում էինք կամ սովետական մանկական ճամբար, կամ Թիֆլիս: Հայրս այնտեղ է ծնվել-մեծացել, նրա հարազատները մինչ օրս Թիֆլիսում են ապրում: Այդ տարիներին ընդունված չէր, որ մարդիկ եկեղեցի գնային, բայց, հիշեմ եմ, գրեթե միշտ գնում էի կենտրոնի մոտ, Մեյդան թաղամասում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցին: Ծանոթացել էի այնտեղի քահանայի հետ: Ամենակարևորը` անկեղծորեն պատասխանում էր երեխայական հարցերիս:

Հիշում եմ՝ ասում էր, որպեսզի ժողովուրդը, ազգը պահպանի իր ամբողջությունը, լինի կայուն և կարողանա դիմակայել թե՛ ներքին, թե՛ արտաքին մարտահրավերներին, պետք է ունենա հայր և մայր: Յուրաքանչյուր պատմական ժամանակահատվածում հայրը պետությունն է՝ ի դեմս իշխանությունների, իսկ մայրը` եկեղեցին: Ժողովուրդը նման է երեխայի, հանուն որի հայրն ու մայրը պետք է անեն ամեն ինչ: Պետության իշխանությունները պարտավոր են լինել խելացի և ուժեղ, որ առաջին հերթին կարողանան ապահովվել ազգի անվտանգությունը: Եկեղեցին էլ, ասես, ազգի հոգին լինի` նրա խիղճն է, նամուսն ու թասիբը:

Քահանան ասում էր՝ փառք Աստծո, մեր հայ ազգը գրեթե երբեք երկկողմանի «ծնողազուրկ» չի եղել, սակայն, ցավոք, հաճախ է կորցրել հորը, իսկ մայրը ստիպված բոլոր հոգսերը իր վրա է վերցրել, որ երեխան որբ չմնա և անտերության մատնված` թշնամիների զոհ չդառնա:

Պատմում էր, որ Հայոց աշխարհը միշտ էլ շրջապատված է եղել զանազան թշնամիներով, սակայն զրկվել է պետականությունից և ընկել օտար տիրապետողների լծի տակ հայ թագավորների անիրավ և գոռոզ իշխանության պատճառով:

Նրա խոսքերն են՝ ազգի ծնողները պարտավոր են ամեն ինչ անել, որպեսզի իրենց զավակները համերաշխ ապրեն և ընտանիքը լինի ամուր: Սակայն զավակները դեռ չհասունացած փորձել են իրենց  հայրերի տեղը գրավել, մեկը մյուսի նկատմամբ անընդհատ դավեր է հյուսել: Ցավոք, եկեղեցին էլ երբեմն իր զավակներին չարացած «հայր-իշխանությունից» պաշտպանելու փոխարեն` ձեռք-ձեռքի տված կողոպտել ու թալանել են սեփական ծողովրդ-զավակին:

Սուրբ Գևորգի քահանան ասում էր, որ ժողովրդի հայրն ու մայրը պետք է օրինակ ծառայեն երեխաների`ազգի համար, այլ  ոչ թե անօրեն լինելով` պարտադրեն անարդար օրենքին ենթարկվել: Հայոց պետությունը ուժեղ է եղել, երբ իշխանությունները օրինավոր են եղել, իսկ կրոնի մարդիկ՝ հոգևորականներն իրենց իսկ կյանքով են ցույց տվել հավատն առ Աստված:       

Երկար էի լսում Թիֆլիսի հայ քահանային, ինքն էլ անսպառ պատմում էր: Ափսոս, որ նրա անունը չեմ հիշում:

Ես, անձամբ, տարանջատում եմ հավատը և կրոնը: Կրոնը ինձ համար հոգևոր քաղաքականության տեսակ է, որը հիմնված է մարդկանց «հոգևոր բնազդի» վրա, իսկ հավատը` մաքուր և պարզ զգացողություն է, որ կա ինչ-որ մի մեծ, հզոր ուժ, որը ստեղծել է տիեզերքը, մոլորակները, մարդկանց: Կա պարզ և մաքուր զգացողություն կամ ցանկություն, որի միջոցով մենք հավատում ենք: Ահա իմ պատկերացումները հավատի ու հոգևոր քաղաքականության մասին նկարել եմ:

Երբ մենք փոքրիկ մարդուկներ ենք, մեր ծնողների, մեծերի ասածներն ընկալում ենք իբրև բացարձակ ճշմարտություն: Դե՛, մեծերը հո չե՞ն խաբում: Սակայն ժամանակի ընթացքում տեսնում ու հասկանում ենք, որ ինչ-որ բան այն չէ. մեծերի ասածները հաճախ չեն համընկնում իրականության հետ… Նշանակում է՝ նրանք ինչ-որ բան, միգուցե շատ բաներ կամ չեն իմանում, չեն հասկանում, կամ էլ…

Յուրաքանչյուրիս կյանքում գալիս է մի պահ, երբ բացաայտում ենք` մեզ խաբեցին մեծերը…Գուցե միանգամից չենք գիտակցում, բայց այդ պահից մեծերի խոսքն ու ասածն իրավունք ենք ունենում կասկածի տակ դնել… հավանաբար, ամենակարևոր և «արգելված» հարցը` ի՞նչ է մահը, ի՞նչ կա մահից այն կողմ: Բայց մեծերը խոսքերի միջոցով շրջանցում են կարևոր հարցերի թեման՝ «Ջուրը՝ փոքրին, խոսքը՝ մեծին» հայտնի ասացվածքից օգտվելով: Մեծերը ասում են՝ Աստված կա` ինքն է ստեղծել ամեն ինչ՝ մնացած նոր ծագող հարցերը թողնելով երեխաների վրա:        

Բայց Թիֆլիսի հայ քահանան այն եզակի մեծերից էր, որ չէր խաբում: Հավատում էի նրան: Հիմա էլ կան նման եզակի հոգևորականներ, ինչպես կան եզակի լավ բանտապահներ: Այդ եզակի հոգևորականները հուշում են՝ ժողովուրդը «երկկողմանի ծնողազուրկ» է դառնում. հայր-իշխանությունն ու մայր-եկեղեցին հեռանում են զավակ-ժողովրդից:

Մեկնաբանություններ (1)

Գագիկ
Այո Մհեր ջան, ինչպես միշտ շատ ճիշտ, դիպուկ և տեղին եղբայրս։ Այսքանին միայն կարելի է ավելացնել մի բան, որ երբեմն այդ մեր նույն ծնողները որոնք մեզ համար պետք է օրինակ ծառայեն իրենց ապրած կյանքով, չար ու նենգ հարևանի խաբարբզիկության արդյունքում մեր մանկական միամիտ չարաճճիությունների և չարած մեղքերի արդյունքում մեզ պատժելու համար փակում են մութ ու ցուրտ նկուղում ու մոռանալով մեր գոյության մասին իրենք այդ նույն չար ու նենգ հարևանների հետ խրախճանքներ անում վերևում ու երբեք չեն լսում մեր լացի ու ողբի ձայնը, երբեք չեն տեսնում մեր արցունքներն ու գունատված դեմքը և մոռանում մեր գոյության մասին, մեզ կերակրելու մասին և որ ամենակարևորն է հետագայում իմանալով որ սխալ տեղն են պատժել ներողություն չեն խնդրում իրենց սխալի համար, քանի որ «մեծերը միշտ ճիշտ են»!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter