HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջազի բազմաշերտ ներդաշնակության հսկան. Ջոն Քոլթրեյն

Նաիրա Հայրապետյան

Մի առիթով 20-րդ դարի երաժշտության ամենաազդեցիկ անուններից մեկը՝ Ջոն Քոլթրեյնը, ասել է. «Իմ նպատակն իրապես հոգևոր կյանքով ապրելն է և կարողանալ այս ամենն արտահայտել իմ երաժշտության մեջ: Եթե դուք ապրում եք ճիշտ այս սկզբունքով, ապա հեշտ կլինի նվագելը, որովհետև երաժշտությունը այդպիսի կյանքի մի մասնիկն է: Այն գտնվում է ձեր հոգու խորքում: Իմ երաժշտությունը ոգեշնչված արտահայտությունն է իմ ԵՍ-ի՝ իմ Հավատքի, փորձի և իմ էության»:

Այս խոսքերում արտահայտված է Ջոն Քոլթրեյն անհատականությունը և´ իբրև երաժիշտ, և՛ իբրև մարդ: Այնպիսին, ինչպիսին ապրեց երաժշտության մեջ՝ իրենով ապրեցնելով այն: 

1960թ. սաքսոֆոնահար Ջոն Քոլթրեյնը լքեց ջազային հռչակավոր շեփորահար Մայլս Դևիսի բենդն ու անցավ նոր, սեփական ծրագրերի իրականացմանը: Քոլթրեյնի նոր ձևավորած քառյակը ազդարարեց երաժշտի նորարարական մոտեցումները ջազի աշխարհում` կատարողական նոր ուղղության և նոր արտահայտչաձևերի կիրառմամբ: Քոլթրենյան մոդալ ջազի, առավել ազատ ուղղությունների մեջ շրջապտույտների և արևելյան մշակույթի ազդեցության ամենավառ դրսևորումներն արտայատվեցին «My Favorite Things» ալբոմում: Այսպիսով` այս ալբոմի ծնունդով ազդարարվեց նաև նոր Քոլթրեյնի մուտքը ջազի գունագեղ աշխարհ: Այս ամենի հիմնավոր ապացույցը վստահաբար կարելի է համարել ալբոմի համանուն գործը` «My Favorite Things»-ի «My Favorite Things»-ը: Սակայն այս մեծագույն երաժշտի կյանքում ալբոմի և ստեղծագործության նշանակությունը իրապես հասկանալու համար անհնար է բաց թողնել նրան նախորդած քոլթրենյան փնտրտուքներն ու դժվարություններով լի պատմությունը: 

«Քոլթրեյնը շատ ագահ մարդ էր… ենթադրում եմ, որ բոլոր հանճարներն էլ այդպիսին են». Մայլս Դևիս

Ջոն Քոլթրեյնը ժամանակի խոշորագույն ու ազդեցիկ երաժիշտներից մեկի՝ Մայլս Դևիսի ջազային կվինտետին (Miles Davis Quintet) միացավ 1955 թվականից: Նրանց համագործակցության արդյունքում տարբեր փուլերում և զարգացման տարբեր մակարդակներով ծնվեցիին ալբոմներ, այնուհետև առանձին գործեր թողարկվեցին:

Թրծվելով, աշխատելով և վերաարժևորելով իր նախկին ու ներկա հնարավորությունները` այս ողջ ընթացքում Քոլթրեյնը միաժամանակ սովորեց նոր ուղիներ փնտրել, երաժշտության իր տեսակի համար ինքնաարտահայտման նոր ու առավել հետաքրքիր ճանապարհներ հարթել: «Դևիսի խումբն ինձ պարտավորեցնում է փնտրել,- ասում էր նա,- նման երաժիշտների շրջապատում ես արդեն ինձ անհարմար էի զգում իմ նախկին հնարավորություններով: Ես այնպիսի զգացողություն ունեի, որ դեռ շատ ու շատ անելիքներ ունեի` նրանց հասնելու համար»:

Դևիսի հետ աշխատանքը թեև կաշկանդող մթնոլորտում էր կայանում, սակայն Քոլթրեյնի համար հագեցած էր ջազի աներևակայելի ու անսպասելի բացահայտումներով: «Մայլսի երաժշտությունն ինձ ցույց տվեց ազատության անսահման մեծությունը»,- ասում էր երաժիշտը:

Երաժշտական այս հսկայի կյանքում այս փուլը ի վերջո հաստատեց և բարձրագոչ ձայնով նրան աշխարհում ներկայացրեց որպես ջազի կարևորագույն երաժիշտներից մեկը, ով այսուհետ վստահ քայլերով կարող էր առաջ գնալ` անհատական ասելիքը կիսելու իր ունկնդիրների զգացողությունների հետ: Սակայն համատարած սերն ու ճանաչումը դեռ հետո պիտի գային, իսկ մինչ այդ… Քոլթրեյնը լուրջ կախվածություն ուներ թմրադեղերից, որի պատճառով նրա հետ աշխատելը դժվար ու երբեմն անտանելի էին դառնում: Դևիսի նկարագրությամբ՝ նա հայտնվում էր կեղտոտ ու փնթի տեսքով, չքնած աչքերից ու հոգնած, ավելի ճիշտ՝ հանգած հայացքից պարզ կարելի էր կռահել, որ օրեր շարունակ նա ալկոհոլի կամ թմրադեղերի ազդեցության տակ էր եղել: Եվ այդպես նա հայտնվում էր անընդմեջ: Այդ պատճառով նա արդեն մի քանի անգամ հեռացվել էր նախկին երաժշտական խմբերից, մասնավորապես՝ Ֆիլադելֆիայում ապրած ստեղծագործական տարիներին: Իսկ 1954թ. Քոլթրեյնը նույն պատճառաբանությամբ ստիպված եղավ հրաժեշտ տալ ջազի մեծագույն դեմքերից մեկի՝ Դյուկ Էլինգթոնի հետ աշխատելու՝ ոչ այնքան հեշտ տրվող հնարավորությանը: Այժմ, պարզվում է, նրա հետ աշխատել դժվարանում էր նույնիսկ իր բախտակից, թմրադեղերից ոչ պակաս կախվածության մեջ գտնվող Մայլս Դևիսը:  Հասկանալով ամեն ինչ՝ այս անգամ Քոլթրեյնը բենդը ինքնակամ լքեց (1956թ.): Դևիսը, սակայն, ընդունելով այս երաժշտի բացառիկ տաղանդը, ժամանակ առ ժամանակ նորից էր դիմում նրա «օգնությանը».

Ջազ՝ բազմաշերտ հնչյունային ներդաշնակությամբ

Քոլթրեյնը կրկին Դևիսին միացավ 1958թ. (այս անգամ սեքստետ կազմով): Բուռն երաժշտական համագործակցության արդյունքում ծնվեցին նոր ու անկրկնելի կատարումներ: Երկու մեծերի բացակայության արդյունքում շատ բան էր փոխվել. Դևիսը լուծարել էր խումբը՝ մինչ այդ մի քանի անգամ փոխելով երաժիշտներին, իսկ Քոլթրեյնը հասցրել էր մի քանի ամիս նվագել դաշնակահար Թելոնիուս Մոնքի նվագախմբում: Այս կարճ, բայց երաժշտական մեծ ձեռքբերումներով լի ժամանակահատվածը Քոլթրեյնին նոր բացահայտումներ անելու առիթներ ընձեռեց: 1957թ. ապրիլին նրանք բասիստ Ուիլբուր Ուերի հետ ձայնագրեցին «Monk’s Mood»-ը, որն ընդգրկվեց Մոնքի  «Thelonious Himself» ստուդիական ալբոմի կազմում:

«Մոնքի հետ նվագելն ինձ ավելի մոտեցրեց երաժշտության բարձրակարգ ճարտարապետին:- ասել է հանրաճանաչ սաքսոֆոնահարը 1960 թվականի իր հարցազրույցներից մեկում,- Ես նրանից սովում էի ամեն կերպ՝ զգայարաններով, տեսականորեն, տեխնիկապես: Ես կարող էի հարցնել նրան երաժշտական խնդիրներից, իսկ նա նստում էր դաշնամուրի առջև ու տալիս ինձ պատասխանները՝ պարզապես դրանք նվագելով… Մոնքը նաև սովորեցրեց ինձ երկար սոլոներ նվագելու առավելությունը. նույն կտորը երկար նվագելով՝ հայտնաբերել սոլոների նոր կոնցեպտներ, նույն արտահայտության վրա հնարավորինս խաղալ այնքան, մինչև որ դուրս գաս սովորական պատկերացումներից: Մեղեդային հարմոնիաները գնալով մոլուցք դարձան ինձ համար»:

Քոլթրեյնի որոնումները ջազային երաժշտության ոլորտում վերջնականապես ձևավորվեցին «sheets of sounds style» (հնչյունային շերտերի ոճ) արտահայտությամբ: Այսպես է քոլթրենյան իմպրովիզացիաների ոճը բնորոշել ջազային տեսաբան և երաժշտական քննադատ Աիրա Գիթլերը:

Երբ Մայլս Դևիսն իր նոր նախագիծն իրականացնելու համար նորից Քոլթրեյնին գտավ, սաքսոֆոնահարն արդեն բավականաչափ հայտնի անուն էր իր կատարողական հենց վերոնշյալ առանձնահատկությամբ: «Մայլսը տարօրինակ մարդ է,- ասել է Քոլթրեյնը,- նա քիչ է խոսում և հազվադեպ քննարկում երաժշտությունը: Թվում է, թե միշտ վատ տրամադրություն ունի և բացարձակ անտարբեր է ուրիշների հանդեպ: Իսկ եթե երաժշտության հետ կապված որևէ բան հարցնես, երբեք չես իմանա, թե ինչպես կվերաբերվի դրան: Մինչդեռ Մոնքը ճիշտ հակառակն է. եթե անհրաժեշտ է, նա կարող է ժամեր տրամադրել ինչ-որ բան քեզ բացատրելու համար»:

Ավելի ուշ, գրեթե նույն մեկնաբանությամբ Քոլթրեյնին նկարագրել էր Դևիսը՝ ասելով, որ նա շատ ագահ մարդ էր և անհնարինության չափ դժվար էր նրանից որևէ բան ստանալը:

Չնայած Մոնքի երաժշտության և անձնապես այս երաժշտի հանդեպ ունեցած ակնածանքին՝ Քոլթրեյնը համաձայնեց տեղափոխվել լեգենդար շեփորահարի «տարածքն» ու լիովին ընկղմվել նոր որոնումների, նոր արտահայտչաձևերի, սեփական ուժը նորովի բացահայտելու, զարգացնելու անսահմանության մեջ: Ստեղծագործական այս բուռն ընթացքն արդեն սկսել էր անհատական ճանապարհը ուղղորդող ազդանշաններ տեսանելի դարձնել: 1959թ. Քոլթրեյնի և Դևիսի համագործակցությունը ծնեց ջազի պատմության մեջ մեծագույն գործերից մեկը՝ «Kind Of Blue»-ն, որից հետո՝ 1960թ. սկզբին թողարկվեց Քոլթրեյնի  «Giant Steps» ալբոմը՝ բաղկացած բացառապես երաժշտի հեղինակած ստեղծագործություններից: Այլևս որոշված էր՝ գնալ սեփական ուղով: Քոլթրեյնը հավաքեց իր առաջին խումբն ու սկսեց հսկայի քայլերով առաջ գնալ:

Քոլթրեյնը ջազային երաժշտության նորարար էր. հեղափոխական նորարար: Հնչյունային բազմաշերտ ոճով հայտնի այս սաքսոֆոնահարը հայտնի է նաև երաժշտության մեջ ներդաշնակության հասնելու բարձրագույն առաքելությամբ, որը նա ստանում էր մեղեդային նոր ու բարդ ակորդների ներգրավմամբ: Իսկ ահա «My Favorite Things» ալբոմն իր հայտնությամբ ներկայացրեց Քոլթրեյն-նորարարի ևս մեկ առանձնահատկությունը. Տենոր սաքսոֆոնահարն այստեղ հանդես է գալիս սոպրանո սաքսոֆոնով՝ ջազի մեջ ներդնելով նոր որակ, նոր հնչյուն և մեղեդայնության նոր համաձուլվածք: Սոպրանո սաքսոֆոնին անցնելու «մեղքի» ամենամեծ բաժինը, թերևս, Մայլս Դևիսինն էր: Այդ նա էր 1960թ. երաժշտական այս գործիքը նվիրել Քոլթրեյնին` այն ձեռք բերելով եվրոպական շրջագայություններից մեկի ժամանակ:

«My Favorite Things»-ը Քոլթրեյնի 7-րդ ստուդիական ալբոմն էր և առաջինը, որտեղ նա գործածեց սոպրանո սաքսոֆոնը:

(Շարունակելի)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter