Երեքշաբթի, 25 սեպտեմբերի

Ամբաստանյալի աթոռին են 14 հազար դրամ արժեքով ինքնաեռ գողանալու մեղադրանքով



Արմենը (անունը փոխված է) գտնվում է կալանավայրում: Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով գողություն կատարելու մեջ: Ըստ մեղադրանքի՝ Արմենը այս տարվա հուլիսի 9-ին  գողություն կատարելու նապատակով մուտք է գործել Ծ.Դուրգարյանին պատկանող տուն և այնտեղից վերցրել 45000 դրամ արժողությամբ էլեկտրական պտուտակահանի հավաքածու և հեռացել: Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Արմենի գործն այժմ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում է, նախագահող դատավոր՝ Ռոբերտ Պապոյան:

Իսկ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում 2015թ. դեկտեմբերից քննվում է երկու անչափահաս տղաների գործը, որոնք մեղադրվում են բնակարան ապօրինի մուտք գործելու միջոցով գողություն կատարելու մեջ;  Ըստ նախաքննական մարմնի՝ Կարենն ու Մարտիկը (անունները փոխված են) նախապես պայմանանվորվելով գողությունը համատղ կատարելու մասին, 2015թ. մարտ ամսին միասին ապօրինի մուտք են գործել Գորիս  քաղաքի Ս.Թոխունցին պատկանող առանձնատուն, նկուղային սենյակից գաղտնի հափշտակել են զգալի չափերով` ընդհանուր 14 000 դրամ արժողության մեկ ինքաեռ և պղնձյա հաղորդալարերով 5 մետր մալուխ:

Կարենի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, իսկ Մարտիկը հանձնվել է հսկողության: Այս նիստով նախագահող դատավորը Անդրանիկ Մնացականյանն է:

Մեկ այլ իրականություն

«Առողջապահական համակարգի հզորացում» դրամաշնորհային ծրագիրը մեկնարկել է 2009թ. հոկտեմբերի 29-ին` Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի միջև կնքված համաձայնագրի հիման վրա: Ծրագրի նպատակն է` ՀՀ առողջապահական համակարգի հզորացումը, ներառյալ` արյան անվտանգ փոխներարկման ծառայությունների ամրապնդումը ՀՀ-ում:

Ըստ ՀՀ վերահսկիչ պալատի՝ 2013թ. օգոստոս ամսին Գլոբալ հիմնադրամի կողմից անցկացվել է քիմիական նյութերի ձեռք բերման համար շրջանակային համաձայնագրով նախատեսված մրցույթ: Նախահաշվային գին ձևավորելու նպատակով կատարվել է շուկայական գների հարցում, որի արդյունքում «Վիոլլա» ՍՊԸ-ն ներկայացրել է մոտ 18 մլն դրամի գնառաջարկ, որը մրցույթի ժամանակ նվազեցվել է մոտ 5 մլն.դրամով: Սեպտեմբեր ամսին մատակարարվել է 36 անուն քիմիական նյութեր, որոնց` մատակարար կազմակերպության կողմից, ձեռք բերման և մատակարարման գների միջև արձանագրվել են էական՝ 58-ից մինչև 391% տարբերություններ:

Օրինակ՝ FACSCalibur սարքի ծախսանյութերը /FACSFlow/ ձեռք են բերվել 60 հազար դրամ, իսկ մատակարարվել 294 հազար դրամով, կամ՝ գրեթե քառակի անգամ ավելի թանկ գներով և այլն: Արդյունքում, «Վիոլա» ՍՊԸ-ի կողմից մատակարարված ապրանքները ձեռք են բերվել 6 մլն 735 հազար դրամով և նախարարությանը մատակարարվել` 12 մլ 679 հազար դրամով, կամ դրանց ձեռք բերման արժեքից մոտ 6 մլն դրամ բարձր արժեքով: 

Մեկ այլ դեպքում՝ 2014թ. դեկտեմբեր ամսին մեկ հատ տրոմբոցիտների պահպանման տատանվող թվային թերմոստատիկ ջերմապահարանի ձեռք բերման համար  անցկացված մրցույթում գնառաջարկ են ներկայացել «Վիոլա» ՍՊԸ-ն` 5 մլն 880 հազար դրամի և «Կոնցեռնէներգոմաշ» ՍՊԸ-ն` 4 մլն 759 հազար դրամի չափով: «Կոնցեռնէներգոմաշ» ՍՊԸ-ի հայտը մերժվել է` ապրանքի տեխնիկական բնութագրին չհամապատասխանելու հիմնավորմամբ: Մինչդեռ վերահսկիչ պալատը պարզել է, որ գնումների օրենսդրությամբ նման պահանջ նախատեսված չէ, հետևաբար` հայտի մերժումը հիմնավորված չէ:

Մրցույթի արդյունքում 5 մլն 880 հազար դրամ նախահաշվային արժեքով հաղթող է ճանաչվել «Վիոլա» ՍՊԸ-ն, որի հետ 2014 թ. Դեկտեմբերին կնքվել է գնման պայմանագիր:  

Հանրությանը հայտնի չէ՝ արդյո՞ք պետությանը պատճառված միլիոնների հասնող վնասի համար որևէ մեկը կանգնել է դատարանի առջև, ինչպես կանգնել են, օրինակ՝ 14 000 դրամ ընդհանուր արժեքով ինքնաեռ գողանալու մեջ մեղադրվողները:


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ