HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գագիկ Աղբալյան

Քարվաճառի նկատմամբ մեծ սեր եւ հիասթափություն՝ մեկ հարկի տակ, կամ «Ես ձեզ ասում եմ․ դուք ոչինչ չե՛ք հանձնելու»

Արցախի վերաբնակեցման ծրագրով Նոր Շահումյանի (Քարվաճառ) շրջանի Նոր Վերինշեն գյուղում բնակություն հաստատած Վիրաբյանների ընտանիքում փոքրիկ տարաձայնություններ կան։ 

Սկեսուրը՝ Ալվարդ Առաքելյանը, հիասթափված է Նոր Վերինշենում իրենց բաժին ընկած սոցիալ֊կենցաղային պայմաններից, Արցախի եւ Քարվաճառի շրջանային իշխանությունների վերաբերմունքից։ «Եթե հարսս ինձ չպահի, էրեխեքիս կվերցնեմ ու կվերադառնամ Չարենցավան, իմ տուն»,֊ասում է Ալվարդ Առաքելյանը։

Ալվարդ Առաքելյան

Հարսը՝ Արեգնազանը, դեմ է Քարվաճառից հեռանալուն։ «Ես էս տարածքը շատ եմ սիրում։ Եթե մի քանի օրով իմ Քարվաճառից դուրս եմ գալիս, շատ արագ ուզում եմ վերադառնալ։ Ես չեմ պատկերացնում, որ ուրիշ տեղ կարող եմ ապրել»,֊ասում է Արեգնազանը։

Նրանցից յուրաքանչյուրը Արցախ եւ մասնավորապես Քարվաճառ տեղափոխվելու իր առանձին պատմությունն ունի։ 

1999 թվականներին Վիրաբյանների ընտանիքը՝ Ալվարդն իր երկու որդիների հետ, տեղափոխվել է Նոր Վերինշեն, որը մինչ արցախյան ազատամարտը եղել է ադրբեջանաբնակ եւ կոչվել է Չայքյանդ։ Որդիներից մեկը ավելի ուշ մեկնել է Ռուսաստան։ Երկրորդ որդին՝ Ռոբերտը, սիրահարվել է Արեգնազանին, ում ընտանիքը Նոր Վերինշեն էր տեղափոխվել Երեւանից։ Նրանք հիմա վեց անչափահաս զավակներ ունեն՝ Սիրանույշը, Ալվարդը, Արմենակը, Շուշանիկը, Արամը եւ Խանդութը։ Երեխաներից ավագը իննը տարեկան է, փոքրը՝ ութ ամսական։ 

Արմենակը և Արամը

Նոր Վերին շենում բնակվելու առաջին տարիներին շատ դժվար է եղել ապրելը։ Հիմա Նոր Վերին շենը փոքրիկ, գրավիչ գյուղակ է՝ իր հոգսերով հանդերձ, սակայն Ալվարդ Առաքելյանը արդեն ուզում է վերադառնալ Չարենցավան։   

«Էստեղից կուշտ եմ։ Եթե հարսս հետս գա՝ կթքեմ ու կհեռանամ»,֊ասում է սկեսուրը։ Հարցին, թե ինչի՞ց է հիասթափությունը, տիկին Ալվարդը պատասխանում է․ «Ոչ վարելահող կա, ոչ արտ գցելու հնարավորություն։ Էրեխեքս ուզեցին, եկանք, տեսանք, թե ինչ տուն են տրամադրել։ Մտածեցինք՝ ամոթ է, հինգ տարվա պայմանագրի ժամկետը լրանա, կվերադառնանք Չարենցավան։ Հինգ տարին դարձավ տասը, տասնհինգ։ Ավելի քան տասնհինգ տարի ապրում ենք էս տանը, բայց մեր չորս պատը մինչ օրս մեր սեփականություն չի դարձել։ Ամեն տարի փաստաթղթերը ներկայացնում ենք Քարվաճառ, տարածքային իշխանություններին, բայց չեն սեփականաշնորհում։ Հողամասը սեփականաշնորհում են, տունը՝ ոչ»։ 

Արամը

Տունը, որտեղ ապրում են Վիրաբյանները, շատ վատ վիճակում է, տանիքը վերանորոգման ենթակա է։ Անձրեւոտ օրերին երեխաների ննջարանում կաթկթում է։ Հատակն արդեն տեղ֊տեղ փլվել է։ Արեգնազանի ամուսինը նախկինում զինվորական է եղել, սակայն վերջին ամիսներին աշխատանք չունի։ Նա օրերս մեկնել է Արարատի մարզ, շինարարական աշխատանք կատարելու։ 

Սիրանույշը

Արեգնազանը, լոռեցի է, ծնվել է Ալավերդի քաղաքում։ Նրա հայրը Ալբերտ Ավետյանն է՝ լրագրող, արցախյան ազատամարտի վավերագրողներից մեկը։ Պատերազմից հետո շարունակելով զինվորական ծառայությունը, Ալբերտ Ավետյանն աշխատանքի բերումով տեղափոխվում է Երեւան, եւ արդեն թոշակի անցնելիս, թողնելով երեւանյան բնակարանը, ընտանիքով տեղափոխվում Քարվաճառի շրջան, ազատագրված տարածքը վերաբնակեցնելու նպատակով։ Արեգնազանը պատմում է, որ հայրը շատ էր սիրում այս տարածքը եւ անում էր ամենը՝ զավակներին Արցախում հաստատելու համար։ 

Ալվարդը

«Երբ եկանք, շատ դժվար էր, լույս չկար, տրանսպորտ չկար, եւ այդ պայմաններում գյուղից Ստեփանակերտ դասի էինք գնում։ Հիմա փառք աստծո, հոսանք կա, ջուրը կա, ինտերնետ կա։ Ի՞նչ է եղել։ Երեխաներս թող էս հրաշք բնության մեջ մեծանան»,֊ասում է Արեգնազանը։ 

Շուշանը

Արցախի իշխանությունները ընտանիքում հինգերորդ երեխայի ծնվելուց հետո ընտանիքին նոր բնակարան են հատկացնում։ Վիրաբյանների ընտանիքում չնայած վեց երեխա կա, նրանց անունը բնակարան ստացողների ցանկում չկա։ Արեգնազանն ասում է, որ Նոր Շահումյանի շրջանում 7 ընտանիք նոր բնակարան է ստանալու, բայց ոչ իրենք։ «Փաստաթղթերը հանձնել եմ, հայտ եմ ներկայացրել, մեր ընտանիքում արդեն վեցերորդ բալիկն է ծնվել, բայց մեր մասին կարծես թե հիշող չկա»,֊պատմում է Արեգնազանը։ 

Արեգնազանը՝ Խանդութի հետ

Արեգնազանն աշխատում է Քարվաճառի մշակույթի կենտրոնում որպես երաժշտախմբավար, իսկ քույրը՝ Օվսաննան, նույն կենտրոնի գեղարվեստական ղեկավարն է։ Ալբերտ Ավետյանի զավակների սերը Քարվաճառի հանդեպ՝ դա մի արտառոց բան է։ Նրանք Ստեփանակերտում երաժշտական պրոֆեսիոնալ կրթություն ստանալով, չնայած մայրաքաղաք տեղափոխվելու հնարավորություններին, իրենց կյանքը կապել են Արցախին։ Օվսաննան ասում է․«Ես որպես Քարվաճառի բնակչուհի, շատ֊շատ կապված եմ էս հողին։ Հայրիկս է մեզ էդ սերը ներարկել։ Նրա շիրիմը էստեղ է։ Ես կապված եմ Քարվաճառին։ Եթե մենք չշենացնենք, ո՞վ պիտի անի»։ 

Օվսաննան պատմում է Քարվաճառի հանդեպ ունեցած իր մեծ սիրո մասին

Հիասթափվելու եւ Քարվաճառից տեղափոխվելու փոխարեն Օվսաննան նախընտրում է խնդիրների լուծմանը հետամուտ լինել։ Օվսաննան հետեւողական է Նոր Վերինշենի ջրամակատարարման, Քարվաճառի ճանապարհների բարեկարգման հարցերում։ Այնքան հետեւողական, որ Բակո Սահակյանն անձամբ է խոստացել․ «Որպես նախագահ խոստանում եմ՝ 2017 թվականին այդ հարցերը կլուծվեն»։ 

Թե՛ Արեգնազանի, թե՛ նրա ծնողների բնակարանում յուրահատուկ պատի ժամացույց է կախված, որի վրա Ալբերտ Ավետյանի վաղամեռիկ դստեր՝ երաժիշտ Խանդութի նկարն է եւ պատգամը․ «Ես ձեզ ասում եմ֊ Դուք ոչինչ չեք հանձնելու»։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter