HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորում հղի կինը չպատվաստված երեխայից վարակվել է կապույտ հազով. նրա կյանքին վտանգ չի սպառնում

Գայանե Սարգսյան 

Օգոստոսի 16-ին Վանաձորի ինֆեկցիոն հիվանդանոց ընդունված 20-ամյա Սիրանուշի մոտ ախտորոշվել է կապույտ հազ: Հղիության 36 շաբաթականում գտնվող կինը չնայած օրեր շարունակ կրկնվող հազի նոպաներին, չի դիմել բժշկի: Բրոնխյալ ասթմա ունեցող Սիրանուշը սկզբնական շրջանում հազը կապել է իր հիվանդության ու ալերգիկ խնդիրների հետ:

Սակայն, երբ օրեր առաջ ավագ դստեր մոտ ախտորոշվել է կապույտ հազ, թաղամասային թերապևտը Սիրանուշին կապույտ հազի կասկածով ուղեգրել է ինֆեկցիոն հիվանդանոց: Բժիշկների կասկածները հաստատվել են ու կինը վերցվել է ստացիոնար բուժման:

Սիրանուշի հետ այսօր հանդիպեցինք հիվանդանոցի իր հիվանդասենյակում:

«10-15 օր առաջ երեխան հազում էր,  պարզվեց՝ կապույտ հազով է հիվանդ: Մի քանի օր բուժում ստանալուց հետո երեխու վիճակը լավացավ, ես սկսեցի ուժեղ հազալ: Գնացի պոլիկլինիկա, երբ իմացան երեխան կապույտ հազով է հիվանդ եղել, կասկածեցին, ասացին՝ կարող է դու էլ  վարակված լինես: Եկա հիվանդանոց, պարզվեց իմ մոտ էլ է կապույտ հազ»,- պատմեց Սիրանուշ Ստեփանյանը:

Ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Ռոբերտ Չիլինգարյանի խոսքով վերջին 18-19 տարիների ընթացքում սա հիվանդանոցում գրանցված կապույտ հազի առաջին դեպքն է:

«Կապույտ հազի դեպքեր մեզ մոտ ունեցել ենք 90-ականներին: Դեպքեր են գրանցվել մինչև 1997-1998 թվականները, որից հետո երկարատև դադար եղավ: Օգոստոսի 16-ին մեզ դիմած հղի կինը կապույտ հազով առաջին հիվանդն է երկարատև դադարից հետո»,- նշում է Ռ. Չիլինգարյանը, չբացառելով սակայն, որ մարզում հնարավոր է  գրանցված լինեն կապույտ հազի դեպքեր, սակայն հիվանդները կամ արտահիվանդանոցային բուժում ստացած լինեն, կամ դիմած լինեն մարզից դուրս գործող, օրինակ, երևանյան բուժհաստատություններ:

Հիվանդությունների վերահսկման և կարխարգելման Ազգային կենտրոնի Լոռու մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանի խոսքով  հղի կնոջ ու երեխայի հիվանդացության դեպքից զատ կենտրոնում այս տարի գրանցվել է կապույտ հազի ևս 3 դեպք:

Քանի որ կապույտ հազի դեմ պատվաստումը պատկանում է պլանային պատվաստումների շարքին, առաջին հարցը, որ բժիշկները տալիս են  այս հիվանդության կասկածով դիմողներին, պատվաստված լինել-չլինելու մասով է:

Սիրանուշի դեպքում պարզվել է, որ երեխան պատվաստված չի եղել, ինչի հետևանքով վարկավել է ու վարակը փոխանցել մորը:

Օգոստոսի 16-ից ինֆեկցիոն հիվանդանցում բուժվող Սիրանուշին այսօր ամենայն հավանականությանբ բժիշկները դուրս կգրեն:  

«Ես պատվաստած եմ, երեխաս՝ չէ, հրաժարվել էի պատվաստումներից»,- ասում է  Սիրանուշն ու նշում, որ առաջին ու միակ պատվաստումը երեխան ստացել է ծննդատանը:

Թե ո՞րն է եղել պատվաստումներից հրաժարվելու պատճառը, կինը չցանկացավ նշել:

«Պատճառ կար… կարևորը, որ փոշմանել եմ…»,-  խուսափողական պատասխան տվեց Սիրանուշը:

Նա վստահեցնում է, որ հիվանդանոցից դուրս գալուց հետո որոշել է զբաղվել երեխայի պատվաստման հարցերով:

Ինֆեկցիոն հիվանդանոցի բժիշկ-ինֆեկցիոնիստ Նունե Էվինյանի խոսքով ժամանակին ու համապատասխան բուժօգնություն չստանալու դեպքում հղիի մոտ կարող էին մի շարք բարդություններ առաջանալ ընդհուպ մինչև երեխային կորցնելու վտանգ:Բարեբախտաբար, վտանգն անցել է և այժմ մոր ու պտղի առողջությանը որևէ վտանգ չի սպառնում:

Սիրանուշը բնակվում է Վանաձորի ծայրամասային՝ Տարոն թաղամասում: Ինֆեկցիոն հիվանդանոց կատարած մեր այցի ժամանակ պարզվեց, որ նույն թաղամասից այսօր ևս երեք երեխա է ընդունվել կապույտ հազի կասկածով: Համապատասխան հետազոտության անցկացումից հետո միայն պարզ կլինի հստակ ախտորոշումը:

Վերջին տարիներին կապույտ հազի դեպքերի նվազումը բժշկուհի Ն. Էվոյանը կապում է պատվաստումների բարձր ցուցանիշի հետ, միաժամանակ ծնողներին խորհուրդ տալով չխուսափել պատվաստումներից՝ հետագա խնդիրներից խուսափելու համար:

Այդուհանդերձ, ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, միայն 2014թ.-ին ԱԿԴՓ/ՎՀԲ/ՀԻԲ (կապույտ հազ, դիֆտերիա, փայտացում, հեպատիտ Բ, Բ տիպի հեմոֆիլուսային վարակ) պատվաստանյութից հրաժարվել է 1741, ԱԿԴՓ-ից՝  (կապույտ հազ, դիֆտերիա, փայտացում)  280 մարդ:

                                                              

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter