HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղնախարարություն. Գեղարքունիքում այս տարի հացահատիկի և կարտոֆիլի աննախադեպ բերք է սպասվում

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հայտնում է, որ նախարար Սերգո Կարապետյանն այսօր այցելել է Գեղարքունիքի մարզ՝ հացահատիկի և կարտոֆիլի բերքահավաքի ընթացքին հետևելու նպատակով:

Նախարարի այցի առաջին կանգառը Վարդենիս քաղաքում էր, որտեղ Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի ուղեկցությամբ նա եղել է ֆերմերներ Էդվարդ Նալբանդյանի և Աշոտ Գրիգորյանի տնտեսություններում:

Էդվարդ Նալբանդյանը գյուղատնտեսությամբ զբաղվում է շուրջ 15 տարի,  ցորենի, գարու, կարտոֆիլի ցանքատարածություններ ունի, արդեն երկրորդ  տարին է նաև ոլոռի մշակություն է իրականացնում: Այս տարվա բերքատվությունից գոհ է, իր խոսքով՝ և հացազգիները, և կարտոֆիլը  ռեկորդային բերք են ապահովելու: Սերմացուների տրամադրման պետական օժանդակության ծրագրի շահառուներից է:

 Ֆերմերի գնահատմամբ՝ ծրագիրը հեղափոխական էր և լրջորեն բարելավեց  հանրապետությունում օգտագործվող սերմերի որակը, նպաստեց քանակական աճին, ուստի ցանկալի է, որ այն շարունակական լինի:

Ֆերմեր  Աշոտ Գրիգորյանը հիմնականում զբաղվում է հացահատիկի  և կարտոֆիլի մշակությամբ: Այս տարի շուրջ 100 հեկտար հացահատիկի ցանքս է կատարել և նախորդ տարվանից կրկնակի ավել բերք է ստացել: Նրա խոսքով՝ վերջին 30 տարվա կտրվածքով այս տարի աննախադեպ բերք են ակնկալում, ինչին նպաստել են թե բնակլիմայական պայմանները, թե կառավարության կողմից իրականացվող պետական օժանդակության ծրագրերը: Աշոտ Գրիգորյանը նշել է, որ  այս տարի իրենց մոտ հացահատիկի միջին բերքատվությունը 60-70ց/հա է, իսկ կարտոֆիլի բերքատվությունը նույնիսկ 100 տոկոսով է ավելացել, և միջին բերքատվությունը կազմում է 40-50 տոննա մեկ հեկտարից: Հացահատիկային մշակաբույսների սերմացուները ֆերմերը ձեռք է բերել պետական աջակցության ծրագրերի շրջանակում, կարտոֆիլի տնկանյութը ներկրվել է Գերմանիայից և Հոլանդիայից: Ֆերմերի խոսքով՝ ավանդական մշակաբույսերից բացի իրենք նաև զբաղվում են ոլոռի, սիսեռի մշակությամբ, քանի որ դրանք կարողանում են ավելի  շահավետ գնով իրացնել:  

Այնուհետև նախարար ուղևորվել է Սոթք համայնք, որտեղ հետևել է կարտոֆիլի բերքահավաքի ընթացքին:

Սոթքի ֆերմերներից Հակոբ Ավետյանն այս տարի շուրջ 100 հեկտար տարածքի վրա կարտոֆիլ է ցանել, ակնկալում է բարձր բերք ստանալ՝ 40-50 տոննա մեկ հեկտարից: Իրացման խնդիրներ չունի, որովհետև շուկայում բերքն իր տեղն  ունի բարձր որակի շնորհիվ: Տնկանյութը էլիտար տեսակի է, ներկրում են  արտերկրից: 

Ամփոփելով այցի արդյունքները՝ նախարար Կարապետյանը գոհունակություն է հայտնել Գեղարքունիքի մարզում գյուղատնտեսության ոլորտում  ընթացիկ տարում սպասվող արդյունքներից:

«Գեղարքունիքի մարզը  մեր երկրի գյուղատնտեսության ոլորտում առաջնակարգ տեղ է զբաղեցնում: Այս տարի էականորեն ավելացել են  մարզի կարտոֆիլի ցանքատարածությունները և միջին բերքատվությունը, այս պահին հացահատիկի բերքահավաքը շուրջ 65 տոկոսով կատարված է,  տնտեսություններ ունենք, որտեղ մեկ հեկտարից մինչև իսկ 80 ցենտներ բերք են ստանում, իսկ միջին ցուցանիշն  այս մարզում 40 ց/հա-ից պակաս չի լինի»,- նշել է նախարարը:

Նախարարը հավելել է, որ  լուրջ ձեռքբերումներ են արձանագրվել նաև անասնապահության ճյուղում, միայն խոշոր եղջերավոր կենդանիներիգլխաքանակն ավելացել է 3.6 տոկոսով, մանր եղջերավորներինը և խոզերինը համապատասխանաբար 4.2 և 19 տոկոսով, ինչին մեծապես նպաստել է «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և  մրցունակության» ծրագիրը:  Ծրագրի երկու փուլերում ընդգրվել են մարզի շուրջ 39 համայնքներ, մինչև 2020թ. նախատեսվում է ծրագրի իրականացումն ապահովել լրացուցիչ ևս մի քանի համայնքում: Ծրագրի շրջանակում մասնավորապես ջրարբիացվել են հեռագնա լեռնային արոտավայրերը, ինչի շնորհիվ էականորեն ավելացել են անասնապահության ճյուղում զբաղված գյուղացիական տնտեսությունների եկամուտները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter