Շաբաթ, 22 սեպտեմբերի

Ծաթեր. գյուղացիների 70 տոկոսը վարկերը փակելու բեռի տակ է


Լարիսա Փարեմուզյան

Ծաթերցի 83-ամյա Սերոբ Վիրաբյանը 4 երեխա ունի, բայց իր երբեմնի մարդաշատ տանը մենակ է ապրում: Կինը տարիներ առաջ է մահացել: Տղան՝ Սամվելը, գյուղում չի կարողանում ընտանիք պահել: Ամեն տարի գարնանը իր 5 երեխաների ու կնոջ հետ գնում է Մոսկվա, ձմեռը հետ է գալիս: Սերոբի 3 աղջիկներից երկուսը իրենց ընտանիքներով նույնպես Ռուսաստանի Դաշնությունում են:

Աղջիկներից Մարոն է հորը տիրություն անում: Մարոն էլ մեկ, երկու շաբաթը մեկ Ալավերդուց գյուղ է գալիս, հոր համար 10-12 հատ հաց է թխում ու պահում սառնարանում: Սերոբը օրվա հացը սառնարանից հանում է, ուտում մինչև աղջկա գալը՝ նոր հաց թխելը: Նա երկու հավ ունի: «Ձու ածող են, էդ էլ զոռի ինձ է հերիքում»,- ասաց նա:

Իր ճաշը Սերոբն է պատրաստում: Սերոբը 30 տարի դարբնություն է արել, պատմեց իր դարբին դառնալու պատմությունը. «Կոլխոզ ժամանակ Ծաթեր Գյուլագարակա դարբիններ էին եկել: Մեր էնդօրվա նախագահը՝ Գրիգորյան Հմայակ ասեինք, ինձ տարավ դարբինների կուշտը, ասավ ուչենիկ աշխատի: Էնա, մի տարի դարբինների կշտներուն աշխատեցի, նրանից եդը, արդեն ես էի Ծաթերի դարբինը»:

Սերոբը 20 տարեկանից է դարբին դարձել:

Ասում է` դարբնի գործը դժվար, բայց եկամտաբեր գործ է եղել. «Դե, էնդով եզը կար, սելը կար, ակը, կացին, ջնջլի օղեր սարքեինք: Եզն ու ձիանը նալնեի ու պայտեի: Հմի դարբնի գործը էնքան կա ոչ: Զուտ պատուհանի ռեշոտկեք են սարքում: Հմի տոկով մոլոտը դուրս է եկել, էնդով ձեռի մոլոտ էր: Ձեռով բանեինք: Հմի ավելի հեշտ ա»,- բացատրեց Սերոբը:

Սովետի ժամանակ նաև երկաթգծում, ապա Արմանիսի հանքում է դարբին աշխատել:

Ծաթեր

Թունելի մեջ հանքափորներն էին աշխատում: Վագոնով հումքը դուրս բերեին: Հանքում քարը ջարդելու լոմ կար, ես լոմը սրեի, ռելսերը ղայիմացնելու կաստլնի սարքեի: Ղազմեն էլ եմ հանքի համար սրել»,- հիշեց դարբինը:

Ասում է` իր արհեստով 1955-1956 թվերից մինչև սովետի քանդվելը  լավ փող է աշխատել: Դարբինը գլխով ցույց տվեց տնից մի քանի մետրի վրա գտնվող իր երբեմնի դարբնոցը: Այն մի փոքրիկ հյուղակ էր, որտեղ մի զնդան ու մի հատ էլ դարբնի փուքս կար։

«Փուքսը վինտիլյատրի պես բան ա՝ կրակը թեժացնող: Է՜, երբվա բան է, հա: Շատ հինա, կլի մի 1934-1935 թվերի: Կվելշը, չաքուչը և մյուս գործիքները բժանել եմ: Հիմա մի զադ էլ ա էլ անում չեմ, ուժս պատում չի»,- ասաց դարբինը:

Սերոբ Վիրաբյանը մեկ հա հող ունի, սակայն հողը չի մշակում. «Էդ մի հա հողը ես ինչ տեմ մշակիլ: Թամուզ թանկ ու աստծու կրակ ա: Մի վախտ գյուղում 16-18 լիտր դիզվառելիքով վարեին մի հա հողը, հմի տրակտորիստները դարձրել են 40 լիտր: Սեփական տրակտորներ են, իրենք են վարում, էդքան էլ վառելիք են ուզում»,- բացատրեց Սերոբը։

Հիշեց, որ սովետի ժամանակ պետությունը պարարտանյութը բեռնատարներով բերում էր, թափում գյուղում. «Վարելու վախտը շաղ տեին, նոր վարեին: Հմի քիմիան էնքան տալիս են, էլած կարտոլն էլ չի պիտանի: Պարարտանյութը շատ են տալիս, որ բերքը շատ լինի: Մասնավորն արհեստական բերքի առատություն է ստեղծում»,- ասում է Սերոբը: Իր անցած կյանքից Սերոբը գոհ էր: Ասաց՝  լավ  է ապրել. երեխաներին լավ պահել է, դպրոց է ուղարկել, լավ հագցրել:

«Դարբնի աշխատավարձը այն ժամանակ աշխօր է եղել: Աշխօրի դիմաց կարտոլ ա, ցորեն ա, մեղր ա, ամեն ինչ էլ տեին։ Հմի Ծաթերում շատ օքմին կա, որ սոված ա: Ոչ կարողանում ա երեխա պհի, ոչ հագցնի, ոչ էլ թայար դպրոց ղրգի: Մեր գյուղում շատ կա էտենց ընտանիք»,- ասում է դարբինը:

Արտիկ Ավետյանը իր 4 երեխաներին 33 հազար դրամ նպաստով ու մոր 40 հազար դրամ թոշակով է պահում։ Արտիկի տան բակում մեզ դիմավորեց նրա 12–ամյա աղջիկը: Մինչ երեխան մեզ աթոռ էր առաջարկում, այգու խորքից երևաց 60-ն անց մի կին: Ժենիկն  էր՝ Արտիկի մայրը:

«Մերունը ծնում է, արդեն մեկ գոճի ծնվել է»,- ասաց Ժենիկը և տեղավորվեց տան բակում դրված փոքր աթոռներից մեկին:

Մերունի գոճիների քանակը ճակատագրական է լինելու Արտիկի ընտանիքի համար: Ժենիկն անհանգիստ էր: Նա 12 տարեկան թոռանը րոպեն մեկ գոմն էր ուղարկում՝ մերունից լուր բերելու: Ժենիկի ասելով` մերունը պետք է 12 գոճի ունենա։ «Բա որ մերունը հանկարծ մեկից ավելի գոճի չծնի՞:  Չէ, մինչև իրիկուն դեռ էլի կծնի»,- իրեն հուսադրում էր Ժենիկը:

Արտիկի երկհարկանի տունը անբարեկարգ էր, տուն բարձրացող աստիճանները կիսաքանդ են: «Մեծ աղջիկս 12 տարեկան է, փոքրիկը՝ Նարեն, 2 ամսական է: Երեխաներին 33 հազար դրամ նպաստով ու 40 հազար դրամ թոշակով ենք պահում»,- պատմեց երեխաների մայրը՝ Հասմիկը: Ընտանիքը պահելու համար Հասմիկն ու Արտիկը գյուղի կարտոֆիլի դաշտերում ուրիշների համար բանվորություն են անում:

Արտիկ Ավետյանը` կնոջ և երեխաների հետ

Հիմա նորածնի պատճառով Հասմիկը չի կարողանում աշխատել, միայն Արտիկն է դաշտերում աշխատում: «Օրվա վաստակածով եմ ընտանիքս պահում: Խոտ եմ կրում, կարտոշկա եմ հավաքում:  Մի հատ կով ունեմ: Երեխաներից երեքը դասի են գնում: Հագուստի գործում դժվարանում եմ: Ախպերս, քույր ու  կնոջս հարազատներն էլ են օգնում»,- պատմեց Արտիկը: Այսօր հեռախոսով Արտիկից տեղեկացա, որ մերունը 10-ը գոճի է ծնել:

«Գյուղի կյանքը տհենց ա, դաժան ա, էլի, տուժվելով անում ենք»

Պայծառ Վիրաբյանը Ծաթերի դպրոցում մաքրուհի է աշխատում: Հունձ անելիս ծաթերցի տղամարդ հնձվորները 54-ամյա Պայծառի հետևից  չեն հասնում: Պայծառի հնձին խոտհարքների գլխով անցնող գյուղ գնացող  ճանապարհի եզրից սկսեցի հետևել: 

Նրա հետ զրուցելու համար էլ իջա դաշտ։ «Բիձուս տղի արտ եմ հնձում: Հա, առավոտը շուտ իրենց հետ եկել եմ, հնձում եմ: Էս երկու տարի կլինի խոտ եմ հնձում, տղայիս հետ էլ  եմ հնձել»,- պատմեց Պայծառը:

Պայծառն այս տարի իր երկու կովերի համար մենակ 1200 մետր խոտ է հնձել:

Նա 2 տղա 5 թոռն ունի: Նոյեմբերի 12-ի քամիներից Պայծառի տնակի տանիքը փուլ է եկել: Ընտանիքը տեղափոխվել է ուրիշի տուն: Պայծառը  տղային Ռուսաստան է ուղարկել փող աշխատելու, որ տուն առնեն:

Պայծառի տունը

«Էնա գյուղի կյանքը տհենց ա, դաժան ա, էլի, տուժվելով անում ենք, ունենում ենք: Գյուղի կնոջ կյանքն էս ա, վատ է, էլի, որ լավն էր եղել, տղայիս չէի ուղարկի Ռուսաստան, որ ինչ է` կարողանա երկու կոպեկ բերի՝ տուն առնենք»,- պատմեց Պայծառը:

«Հիմիկվա կնանիքը խանումներ են, բուրդ չեն լվանում, սինտիպոնի վերմակներով են քնում»

Լևոն Ավետյանը 1,5 մլն.դրամ վարկ է վերցրել ու 50 գլուխ ոչխար է առել: Ասաց` վարկի դեռ 30 տոկոսն  է փակել, 70 տոկոսը մնում է: «Օգուտս էնա, որ երեխեքս սոված չեն մնում: Պանիրը լինում է, գառն էլ ծախում ենք՝ յոլա գնում»,- ասաց նա: Լևոնը  երեք հա հող ունի: Ցորեն ու կարտոֆիլ է ցանել: Հա-ից մոտ 5 տոննա ցորեն է ստացել: Կարտոֆիլի սերմը անցած տարի Գավառից է բերել: Անասունի համար 1000 հատ տուկ է կուտակել:

«Կարտոշկեն կհանեմ, ցորենը կլինի, միսը ունենք, պանիրը կլինի: Վարկս արդարացնում է, ինքն իրեն դախոդը տալիս է,- հայտնեց Լևոնը, սակայն դժգոհեց բրդի իրացումից,- հիմիկվա կնանիքը խանումներ են, սինտիպոն են գցում վրները, էլ էն ով ա բուրդ լվանում: Բուրդն առնող չկա: 50 ոչխարներս տարեկան 100 կգ բուրդ են տալիս, սակայն բուրդը  թափում եմ: Պանիրը նույնպես չեմ կարողանում շուկա հանեմ: Դե քիչ ու միչ ծախում ենք, մեկ-մեկ էլ լավություն ենք անում»,- ասաց Լևոնը:

Գյուղապետ Բագրատ Ղալայանը համաձայնեց, որ հարևան Կարմիր Աղեկի գյուղացիների համեմատ ծաթերցիները վատ են ապրում, սակայն նրա ասելով` մղարթցիներից ապրելակերպով հետ չեն մնում:

«Ծաթերում առաջնահերթ մեկ խնդիր եմ տեսնում, դա ոռոգման ջրի ցանցի հիմնանորոգումն է: Մացածը, համեմատած հարևան համայնքերի հետ, բարվոք է: Խմելու նորմալ ջուր ունենք, փողոցային լուսավորություն է կատարվել, դպրոցը Լոռու մարզպետարանի հովանավորության տակ է, գյուղն ունի նորմալ համայնքային կենտրոն: Աշխատել ենք ամենամինիմալը ստեղծենք»,- հայտնեց Բագրատ Ղալայանը:

Ծաթերը 300 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 500 գլուխ էլ ոչխար ունի, սակայն արոտավայրեր չունի, 26 հա խոտհարք ունի: Գյուղապետի ասելով` ծաթերցիների 70 տոկոսը վարկերի տակ է։ Բագրատ Ղալայանը ասում է, որ վերջին 10 տարիներին 90 մարդ է Ծաթերից դուրս եկել: Նրանցից մի 30 հոգին գնում-գալիս են։ Մնացած 60–ը հիմնավորվել են Ռուսաստանում:

«Լավ ապրելու համար ծաթերցիները պետք է լավ աշխատեն, որովհետև դժվար ժամանակներ են: Ինձ թվում է` մի քիչ էլ փողն են շռայլում և ճիշտ չեն ծախսում: Ես մտածում եմ, որ գյուղացին պետք է միշտ տնտեսի»,- ասում է Ծաթերի գյուղապետը:

Առաջին լուսանկարում` Լևոն Ավետյանը


Գլխավոր էջ

Մեկնաբանություններ (1)
1. Միշա14:31 - 24 օգոստոսի, 2016
Մեր ուզածն ինչ ա մի կտոր չոր հաց . Էն էլ հրէհա էրգընքից կախված!!!!!
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։