HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Անզոր հակակարկտային կայաններ. Արմավիրում վնասի չափը հաշվում են միլիարդներով

Գրիշա Բալասանյան

Գրեթե յուրաքանչյուր տարի կարկտահարությունը մեծ վնասներ է հասցնում Արմավիրի մարզի գյուղատնտեսությանը: Այս տարին ևս բացառություն չէր: Որոշ համայնքներում 100%-ով ոչնչացվել է պտուղ բանջարեղենը, խաղողի, նորատունկ այգիները: Գյուղացիները հույս չունեն, որ վնասված վազերը եկող տարի բերք կտան:

Ներկայումս մարզի 38 համայնքներում տեղակայված է 172 հակակարկտային կայան: Դրանք տեղադրվել են, ինչպես պետական բյուջեի, այնպես էլ մասնավոր ընկերությունների կամ անհատների ֆինանսական միջոցներով: Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը «Հետքին» տեղեկացրեց, որ ներկայումս 5 համայնքներում իրականացվում են 12 հակակարկտային կայանների տեղադրման աշխատանքներ, որից հետո 12 համայնքներում տեղադրվելու են ևս 22-ը:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հանդիպումը գյուղացիների հետ կարկուտից հետո

172 կայաններից 11-ը սեփականության իրավունքով պատկանում են ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, 43-ը՝ համայնքներին, իսկ 118-ը՝  արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայությանը:

Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի ղեկավար Գագիկ Հայրապետյանը տեղեկացրեց, որ գազագեներատորային հեռակառավարվող հակակարկտային կայանքներն աշխատում են հիդրոմետ ծառայության համակարգում 24-ժամյա աշխատանքային ռեժիմով գործող օդերևութաբանական ռադիոտեղորոշիչների դիտարկումների տվյալների հիման վրա: 24-ժամյա հերթապահություն իրականացնող մասնագետները հեռակառավարմամբ գործարկում են այն կայանները, որոնց կողմից պաշտպանվող տարածքներին են մոտենում կարկտաբեր ամպեր:

Նախարարության պաշտոնյայի ասելով՝ 1 միավոր հակակարկտային կայանքի պաշտպանող տարածքը կազմում է 80 հեկտար:

Հարկ է նշել, որ 2014թ. Հայաստանում տեղադրված բոլոր հակակարկտային կայաններն ընդգրկվել են արտակարգ իրավիճակների նախարարության միասնական կառավարման  համակարգ և դրանց շահագործումն ու սպասարկումն իրականացվում է հիդրոմետ ծառայության կողմից:

Սակայն հակակարկտային կայանները երաշխիք չեն, որ կարկուտը չի վնասի բերքը: Տեղացած կարկուտներից վնասվել են նաև հակակարկտային կայանի հարևանությամբ գտնվող հողատարածքները: Ըստ նախարարության՝ կարկտային պրոցեսների ուժգնությունը դասակարգվում է չորս կարգի. առաջին կարգի դեպքում հակակարկտային կայանքների արդյունավետությունը 90% է, երկրորդ կարգի դեպքում՝ 50%, երրորդի դեպքում՝ մինչև 20%, իսկ չորրորդ կարգի դեպքում 0%:Հակակարկտային կայաններն անզոր են գտնվել

Նալբանդյան համայնքում գործում է 12 հակակարկտային կայան: Համայնքապետ Գրիգոր Մկրտչյանը նշեց, որ հուլիսի կարկուտից գյուղացիները մեծ վնասներ են կրել և մինչ օրս «հետքերը» երևում են: 400-500 հեկտար, որը մոտավոր գյուղի կեսն է, ամբողջությամբ ոչնչացվել է: Վնասը կազմում է 100%: Նշենք, որ հենց այդ տարածքում են տեղադրված 12 հակակարկտակայանները: Համայնքապետը տեղեկություններ ունի, որ կարկուտի պահին կայանները չեն աշխատել: Ըստ նրա՝ դրանք գործի են դրվում հեռահար՝ GPS-ի միջոցով: Ուժեղ քամու ժամանակ «Յուքոմի» ինտերնետ կապը կորել է և մասնագետները չեն կարողացել կառավարել աշխատանքը:

 «Այդ օրը քամին շատ ուժեղ էր ու հակակարտակայանները օգուտ չէին կարող տալ: Ինչքան կարկուտի մեծությունը չէր, ինչքան որ քամին էր: Կարկուտին խփում էր բույսին ու լրիվ ջարդում թափում էր»,- նշում է համայնքապետը:

Գ. Մկրտչյանի խոսքերով՝ այդ տարածքում այժմ հողերի 80%-ը մնացել է անմշակ: Ով հնարավորություն է ունեցել, վարկ է վերցրել, մշակել է, բայց քանի որ հիմնական մասը վարկերի տակ են, նոր վարկեր չեն կարողացել վերցնել, հողն էլ մնացել է պարապ:

«Այդ տարածքից այս տարի բանջար ընդհանրապես շուկա չի գնում: Դա լեզվով ասելու չէ, գոնե 1 հատ միրգ այդ տարածքից շուկա չեն տարել»,- ավելացնում է համայնքապետը:

Բագարանի համայնքապետ Գևորգ Մարգարյանն ասաց, որ այս տարվա հուլիսի 11-ի տեղացած կարկուտից Բագարանը ևս շատ է տուժել: Ըստ նրա՝ գյուղում 20 հա գարու ցանքատարածություն վնասվել է 90%-ով, իսկ ընդհանուր առմամբ 57 հա հողատարածք է վնասվել: Բագարանում գործում է թվով 7 հակակարկտային կայան: Դրանցից 5-ը տեղադրված է դաշտերում, իսկ երկուսը բնակելի հատվածում: Գևորգ Մարգարյանն ասաց, որ գյուղամեջի հակակարկտային կայանները օգուտ տվել են, իսկ դաշտերում գտնվող կայանները ճիշտ հակառակը:

«Տնամերձ հողատարածքներում քիչ վնաս է եղել կարկուտից, կարելի է ասել՝ չենք արձանագրել: Իսկ դաշտերում ընդհանրապես չի օգնել: Դա էլ երևի քամու ուժգնության հետ է կապված, կամ չեն հասցրել կրակել: Մի քիչ մասնագիտական հարց է, չեմ կարող ասել»,- ասում է Գևորգ Մարգարյանը:

Այս տարվա ուժեղ կարկտահարությունից տուժել է նաև Ակնալիճ գյուղը: Համայնքապետ Գևորգ Միսակյանը նշեց, որ այն տարածքներում որտեղ վնասը քիչ է եղել հավանաբար գործող 7 հակակարտային կայանների շնորհիվ է:  Ըստ համայնքապետի՝ դաշտերում վնասվածության աստիճանը 80-100% է, իսկ տնամերձների հատվածում 20-70%:

«Բայց ընդհանրապես շատ ահավոր էր կարկուտի ամպը: Հակակարկտային կայաններն այն հատվածում են տեղադրված, որտեղից գալիս է կարկուտի ամպերը: Բայց այս անգամ լրիվ հակառակ կողմից եկան: Ոչ թե հարավից եկան, այլ հյուսիսից: Տեղադրված կայանն ընդամենը 500մ շառավիղով է օգտակար լինում: Արդեն զգացինք, որ ամպը հակառակ կողից է գալիս և հակակարկտային կայաններն ի զորու չէին լինելու պայքարել, պարզ երևաց»,- ասում է Գևորգ Միսակյանը:

Քարակերտ համայնքի ղեկավար Մհեր Հարթենյանի ասելով՝ համայնքի հողօգտագործողներն այս տարի տուժել են հատկապես հուլիսյան կարկտահարությունից, դրանից առաջ իրենք կարկուտ չեն տեսել: Հիմնականում վնասվել են խաղողի, սալորի այգիները, ինչպես նաև բանջարաբոստանային կուլտուրաները: Վնասվածության աստիճանը կազմում է մինչև 70%:

Համայնքում գործում է 3 համայնքային սեփականության կարկտակայան և 1 մասնավոր: «Այս անգամ կարկուտը շատ ուժեղ է, անհնար էր ինչ-որ բան անել: Եթե շատ ուժեղ է լինում, հնարավոր չէ պայքարել»,- նշեց համայնքապետը:

Որտեղի՞ց են ձեռք բերվել հակակարկտային կայանները

Արտակարգ իրավիճակների նախարարության տրամադրած տեղեկության համաձայն՝ 2011թ. 40 հատ հակակարտային կայան ձեռք է բերվել «Պոստ Լեքս Քոնսալթինգ» ՍՊԸ-ից: Մեկ միավոր հակակարկտային կայանի գինը կազմել է 8 միլիոն 586 հազար դրամ:

Նույն ընկերությունից 13 հատ հակակարկտային կայան ձեռք է բերվել 2013թ-ին: Այս անգամ միավորի գինը կազմել է 6 միլիոն 337 հազար դրամ:

2014թ. ձեռք է բերվել 50 հատ հակակարկտային կայան, այս անգամ՝ «Բարվա» ՍՊԸ-ից: Մեկ հակակարկտային կայանի արժեքը կազմել է 3 միլիոն 500 հազար դրամ: Նշված բոլոր հակակարկտային կայաններն արտադրվել են Հայաստանում:

«Պոստ Լեքս Քոնսալթինգ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2004թ-ին` փաստաբան Արգամ Նազանյանի և ևս երկու հոգու կողմից: Ա. Նազանյանը 2009թ. դուրս է եկել ընկերությունից: Այժմ ընկերության 100% բաժնեմասը պատկանում է Սվետլանա Ալախվերդյանին:

Վերահսկիչ պալատը դեռևս 2011թ. իր տարեկանն հաշվետվության մեջ նշել էր, որ գյուղատնտեսության նախարարությունը 2009թ. մրցույթի արդյունքում, իսկ 2010թ.-ին` մեկ անձից գնման ձևի կիրառմամբ, համապատասխանաբար 28 և 48 հատ հակակարկտային կայանների տեղակայման աշխատանքների պայմանագրեր է կնքել «Պոստ Լեքս Քոնսալթինգ» ՍՊԸ-ի հետ:

Ծրագրով նախատեսված 14 հատ ֆրանսիական ռեագենտով գործող գեներատորային կայաններից, որոնք տեղադրված գազագեներատորային կայաններից կրկնակի էժան են, պաշտպանում են 8 անգամ ավելի մեծ տարածք և որոնց տեղադրմամբ պետք է ապահովվեր լրացուցիչ տեղումների՝ անձրևի, ձյան ստացումը, ոչ մի հատ չի տեղադրվել:

Նվազագույն քանակությամբ կայանների տեղադրմամբ առավելագույն բարձր արդյունավետություն ստանալու ուղությամբ, ըստ վերահսկիչ պալատի, որևէ աշխատանք չէր իրականացվել: Չէին կատարվել պաշտպանվող տարածքների աշխարհագրական և բնակլիմայական բնութագրիչների ուսումնասիրություններ և որոշված չեն եղել ծրագրով նախատեսված կայանների տեղադրման վայրերը: Կայանների տեղադրման վայրերի ընտրությունները ոչնչով չեն հիմնավորվել: Արձանագրվել էին նաև այլ խախտումներ:

Ըստ վերահսկիչ պալատի՝ հակակարկտային կայանների տեղակայման, շինարարական և վերանորոգման աշխատանքներում արձանագրված ծավալագնային հավելագրումները կազմել են մոտ 15,5 միլիոն դրամ, որը պետք է վերականգնվեր պետական բյուջե:

«Պոստ Լեքս Քոնսալթինգ» ՍՊԸ-ն ընդդեմ վերահսկիչ պալատի 2012թ. դիմել էր վարչական դատարան: Ընկերությունը պահանջում էր ոչ օրինաչափ ճանաչել «Պոստ Լեքս Քոնսալթինգ» ՍՊԸ-ին ծավալագրային հավելագրումներ և պայմանագրերի կատարման այլ խախտումներ վերագրելու, ինչպես նաև ընթացիկ հաշվետվությամբ գյուղատնտեսության նախարարությանը 15.558.300 դրամը պետական բյուջե վերականգնելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու ուղղությամբ վերահսկիչ պալատի գործողությունները: Ընկերության հայցը մերժվել էր:

«Բարվա» ընկերությունը հիմնադրվել է 2005թ-ին: Ընկերության ներկայիս միակ սեփականատերը Արամ Վարդանյանն է:

Նշենք, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը 2013թ-ին «Բարվա» ընկերության հետ 280 միլիոն դրամի պայմանագիր է կնքել: Շիրակի մարզպետարանը 2014թ. 7 մլն 790 հազար դրամի, իսկ Արագածոտնի մարզպետարանը՝ 19 մլն 500 հազար դրամի  պայմանագրեր են կնքել «Բարվա»-ի հետ: Նույն տարում Լոռու մարզպետարանը  մարզում հակակարկտակայանների կառուցման նպատակով «Բարվա» ընկերության հետ կնքել է 40 մլն դրամի պայմանագիր, Կոտայքի մարզպետարանը՝ 39 մլն դրամի:

2015թ. 1 հատը 2 մլն 650 հազար դրամով 25 միավոր հակակարկտային կայան ձեռք բերելու պայմանագիր է կնքել նաև Արարատի մարզպետարանը: Պայմանագրի ընդհանուր գինը կազմել է 66 միլիոն 250 հազար դրամ և այլն:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter