HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քարլ-Հայնց Վագներ․ «Գերմանիայում անգամ ամոթալի է հնչում ընտրություն կեղծելու մասին խոսակցությունը»

«Հետքի» հարցերին պատասխանում է «Կանաչներ» կուսակցության անդամ Քարլ-Հայնց Վագները (Karl-Heinz Wagner)

Ղեկավարման ձևով խորհրդարանային Գերմանիայի 16 դաշնային երկրներից յուրաքանչյուրն ունի տվյալ երկրի խորհրդարանը, կառավարությունը և օրենսդրությունը: Միայն Ռայնլանդ-Պֆալց (Rheinland-Pfalz) Դաշնային երկիրն ունի 3,6 միլիոն բնակչություն: Ըննդիմադիր «Կանաչներ» կուսակցության անդամ Քարլ-Հայնց Վագները տասը տարուց ավելի ընդգրկված լինելով Ռայնալդ Պֆալցի Հայդեսհայմ վարչական շրջանի միջպետական ընտրական հանձնաժողովների կազմում` դժվարանում է հիշել ընտրական գործընթացների խոչընդոտման կամ ձայների կեղծման նախադեպ:

- Պրն Վագներ, ընտրական օրենսգի՞րքն է բացառում ընտրությունների կեղծումը, թե՞, այնուամենայնիվ, թեկնածուներն ամեն գնով իշխանության գալու մոլուցքով չեն տառապում։

- Նկատի ունեցեք, որ ես ընդդիմադիր կուսակցություն եմ ներկայացնում, հետևաբար իբրև խիստ քննադատական և ընդդիմադիր հայացքներ ունեցող անձ` կարող եմ ձեզ վստահեցնել, որ Գերմանիայում բացառվում են ընտրությունների  ընթացքը մանիպուլյատիվ մեթոդներով փոխելու փորձեր: Նախ, այո, ընտրական օրենսգիրքը խոցելի կետեր չունի, բայց թեկնածուներն իրենք էլ չեն վտանգի իրենց հեղինակությունը, կուսակցության համբավը նման ձևով իշխանության հասնելու համար: Մեզ մոտ դա անպատվաբեր է, ամոթալի` անգամ դրա մասին խոսակցությունները: Այսինքն` մարդիկ չունեն ձայներ կեղծելու ոչ մտադրություն, ոչ էլ` ցանկություն: Դրանից բացի` հսկողությունն է խիստ: Գերմանիայում ընտրողը ձայնը տալիս է թեկնածուի ծրագրին և, եթե նախընտրական ծրագիրը չի բավարարում ընտրողի սպասելիքները, ուրեմն ընտրողը երբեք քվե չի տա: Անշուշտ փոքրաթիվ մարդիկ այս կամ այն թեկնածուին կամ կուսակցությանը համակրելով` կարող են ընտրել, բայց նախընտրական ծրագիրից և ծրագրերի իրականացումից է կախված թեկնածուի հաջողությունը: Եթե դուք խոստանաք այս կամ այն ոլորտը բարելավել, իշխանության գաք և ձեր խոստումը չիրականացնեք, պետք է պատրաստ լինեք, որ այլևս չեք պաշտոնավարելու, որովհետև երկրորդ անգամ ձեզ ձայն չեն տա: Ընտրական պրոցեսին հետևում են նաև բազմաթիվ լրագրողներ, և եթե որևէ անօրինական բան կատարվի, մամուլը կթնդա: Կարող են անճշտություններ լինել, որոնք արագ լուծում են ստանում: Պետք է ցավով նշեմ, որ մեր բնակչության միայն 70%-ն է մասնակցում ընտրություններին:

- ԳԴՀ-ում շարունակ վերանայվում և խստացվում են կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված օրենքները: Հակակոռուպցիոն միջոցառումների արդյունքում մինչև անգամ պետական պաշտոնյայի նվեր ստանալն է արգելված: Չնայած դրան` նման հարուստ և զարգացած տնտեսություն ունեցող երկրում հնարավո՞ր է բացառել խոշոր կոռուպցիայի առկայությունը:

- Իհարկե ոչ: Տեսեք, համաձայն օրենքի` կուսակցությունները պետք է ֆինանսական մուտքերի թափանցիկ քաղաքականություն վարեն: Տարիներ առաջ Քրիստոնեադեմոկրատական կուսակցության` Շվեյցարական բանկի հաշվեհամարում մեծ գումարներ ի հայտ եկան, որոնց մասին ոչ ոք չգիտեր, մինչդեռ նրանք պետք է բաց լինեին իրենց ֆինանսների հարցում: Այն, որ Գերմանիայի քաղաքական-հասարակական շրջանակները տեղյակ չէին այդ սև փողերի մասին, մեծ սկանդալի առիթ դարձավ և պատժամիջոցներ կիրառվեցին: ԳԴՀ-ի նախկին կանցլերը նույնպես խոշոր գումարներ ուներ, սակայն հաշվետու չէր եղել, թե որտեղից են գոյացել այդ գումարները, բայց ցավոք նա պատասխանատվության չենթարկվեց: Այնպես որ` կոռուպցիան ամենուր է:

Դրանով հանդերձ, չեմ կարող չնշել, որ, այո, հակակոռուպցիոն ծրագրեր իրականացվում են, քաղաքական կամք կա դրա դեմ պայքարելու: Մի պարզ օրինակ բերեմ. կինս` Մարգիտը, աշխատում է դեղագործական մի ընկերությունում: Նա հանդիպում է բժիշկներին և ներկայացնում է ամերիկյան արտադրության դեղամիջոցներ, բացատրում է, թե որն է դրա առավելությունը և ինչու պետք է այդ դեղատեսակին նախապատվություն տալ: Նախկինում այդ ընկերությունը բավականին գումարներ էր տրամադրում, որպեսզի Մարգիտը մասնագետներին ճաշելու, սրճելու հրավիրի, ընկերությունը գովազդելու համար նվիրի ընկերության լոգոն կրող նոթատետրերը, գրիչները և ընթացքում դեղամիջոցը ներկայացնի: Այս տարվանից սկսած, սակայն, հակակոռուպցիոն օրենքն արգելեց նման աշխատելաոճը` համարելով, որ նման գործունեությունը կոռուպցիոն ռիսկ է պարունակում, այսինքն` այդ հրավերներն ու նվերները համարվում են կաշառք, մարդու որոշման վրա ազդելու շարժառիթ: Նա հիմա պայմանավորվում, այցելում է բուժհաստատություններ և միայն ներկայացնում է դեղամիջոցը:

- Գերմանական և առհասարակ միջազգային լրատվամիջոցները պարբերաբար անդրադառնում են Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի համեստ կենցաղավարությանը: Գրում են, որ նա ապրում է սովորական մի բնակարանում և շրջում է համեստ, ոչ այնքան շքեղ ծառայողական մեքենայով:

- Նրա աշխատավարձը բավարարում է նման պայմաններում ապրելուն: Որքան գիտեմ` այն տարեկան 290 000 եվրո է կազմում: Իսկ օրինակ Volkswagen մեքենաներ արտադրող ընկերության նախկին տնօրենը տարեկան 15 մլն եվրո եկամուտ ուներ, ներկայիս տնօրենի տարեկան եկամուտը 19 մլն եվրո է: Այսինքն, եթե համեմատենք պատասխանատվության չափը, ապա ամբողջ երկրի համար պատասխանատվություն կրող անձն ավելի քիչ աշխատավարձ է ստանում, քան մի ընկերության պատասխանատուն: Բնականաբար վերջինը շատ ավելի լավ պայմաններում է ապրում: Այո, տիկին Մերկելը նման աշխատավարձով չի կարող իրեն շքեղ կյանք թույլ տալ: Նա բնակվում է սովորական մի բնակարանում, հակառակ պարագայում լրատվամիջոցները սկանդալ կբարձրացնեին, նա ստիպված կլիներ լքել կանցլերի պաշտոնը: Բունդեսթագի պատգամավորների ամսական աշխատավարձը կազմում է 9000 եվրո և պետությունը նաև վճարում է քարտուղարուհի կամ օգնական և գրասենյակ ունենալու համար: Նրանք ապրում են իրենց աշխատավարձերին համահունչ կյանքով:

- Պարոն Վագներ, երբ գերմանացիներին ասում եմ` Արմենիա, հարցնում են` Ալբանիա՞, ասում եմ` ոչ, Արմենիա, ասում են` օհ, Ռուսլանդ: Ինչո՞ւ…

- Գերմանիայում Հայաստանի մասին քչերը գիտեն: Հաղորդակցությամբ մենք շատ հեռու ենք Սովետական միության նախկին երկրներից: Երկրներ կան, որոնց մասին առհասաարակ տեղեկատվություն չունենք: Արարատ լեռի մասին շատերը գիտեն, բայց հայերի, Հայաստանի մասին` ոչ շատ: Ճիշտն ասած` վերջերս համացանցով փորփրել եմ, բայց, կներեք, ես հայերեն կարդալ չեմ կարող, իսկ ձեր լրատվությունը միջազգային լեզվով շատ աղքատիկ է: Փորձեցի որպես տուրիստական երկիր այստեղից տեղեկատվություն քաղել: Մարդիկ, ովքեր ճամփորդել էին, դժգոհություն էին հայտնել, որ Երևանից բացի մարզերում հյուրանոցներ չունեք կամ շատ քիչ ունեք, իսկ դա շատ կարևոր է զբոսաշրջիկի համար: Մարդիկ գրում են` այո, հին, լավ մշակույթ ունեցող, պատմական երկիր է, բայց տուրիզմի համար` ոչ այնքան հարմարավետ ու հրապուրիչ: Դուք չունեք ենթակառուցվածքներ: Հայաստան մեկնած զբոսաշրջիկի համար կարևոր է լավ հյուրանոց, համեղ կերակուր, հարմարավետություն:

- Բայց մենք մեծ թվով շքեղ հյուրանոցներ ունենք:

- Այո, Երևանում, բայց զբոսաշրջիկը նպատակադրված քաղաքից դուրս է ուզում: Քաղաքից դուրս պայմանները հիասթափեցնում են և զբոսաշրջկները շատ խնդիրների են բախվում: Ի դեպ, ասում եք` ինչու գերմանաացիները չգիտեն Հայաստանի մասին: Եթե ես ձեզնից օրվա կարևոր թեմայի մասին լուր եմ լսում, բայց ցանկանում եմ ձեր մամուլի միջոցով մանրամասն տեղեկանալ` չեմ կարողանում: Ձեր տեղեկատվությունը փակ է անգլալեզու կամ գերմանալեզու հանրության համար: Օրինակ, երբ Ղարաբաղի մասին մամուլում մեզ հասանելի լեզվով գրվեց` իմացանք, իսկ այնպես` շատ տեղեկություն չունենք: Իմ մտապատկերում ձևավորված երկու Հայաստան կա. երբ ուսումնասիրում եմ այստեղ առկա պետական, դիվանագիտական փաստաթղթերը, Հայաստանը պատկերացնում եմ օրինական, զարգացող, մարդու իրավունքները հարգող պետություն: Սակայն երբ զրուցում եմ սովորական հայերի հետ, պատկերը տխուր է: Հուսամ` առիթ կլինի ճամփորդելու:

- Համաձայն ԳԴՀ պաշտոնական վիճակագրության` ազգաբնակչության 80%-ն է վստահում ոստիկանությանը, դատարաններին` 58%-ը, իսկ մեդիային` 52%-ը: Ի՞նչ կասեք այս վիճակագրության մասին:

- Ցանկացած գերմանացի գիտի մեկ բան. եթե օրենքով, Սահմանադրությամբ ամրագրված է իր իրավունքը, անհնար է իրավունքի ոտնահարում: Եթե ձեռքիդ տակ գտնվում է այն օրենքը, որով իրավունք ունես պահանջել պետական որևէ կառույցից ինչ-որ բան, ուրեմն կտրամադրեն քեզ: Այսինքն` օրինական բոլոր ճանապարհները բաց և պաշտպանված են քաղաքացիների համար: Այ, անօրեն ճանապարհով ինչ-որ բանի հասնել չի հաջողվի: Գերմանիան օրենքի երկիր է:

Ձեր կուսակցության նախագահ Ջեմ Օզդեմիրը շատ համակիրներ ունի Հայաստանում, ովքեր անհանգստանում էին նրա կյանքի համար: Հետաքրքիր է իմանալ` ինչպե՞ս է նա, արդյոք նրան սպանելու սպառնալիքների ալիքը մարե՞ց։

- (Ծիծաղում է): Լավ է պրն Օզդեմիրը: Նրա անվտանգությունը պաշտպանում է ոստիկանությունը, և առաջիկայում նա չի պատրաստվում մեկնել Թուրքիա: Իսկ ընդհանրապես, նա ուժեղ քաղաքական գործիչ է և պատրաստ էր այդ բողոքի ալիքին:

Զրուցեց Լուսինե Ստեփանյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter