HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Պերմյակովը դատապարտվեց ցմահ ազատազրկման, սակայն պատժի կրման վայրն այդպես էլ չհրապարակվեց

Ռուսական 102-րդ ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը, որ մեղադրվում է Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանդի մեջ, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով դատապարտվեց ցմահ ազատազրկման:

Դատավոր Հարություն Մովսեսյանը հրապարակեց վճիռը: Վալերի Պերմյակովը մեղադրվում էր ՀՀ օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ, 8-րդ կետերով (նախատեսում է ցմահ ազատազրկում), 175-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ կետերով (ազատազրկում 10 տարի ժամկետով) եւ 34-329 հոդվածի 1-ին մասով (ազատազրկում 2 տարի ժամկետով):

Դատարանը, որքան էլ որ զարմանալի էր, այդպես էլ չանդրադարձավ Վալերի Պերմյակովի պատժի կրման վայրին: Դատավոր Հարություն Մովսեսյանի հրապարակած վճռում այդ հատվածը պարզապես բացակայում էր:

Ինն ամիս ձգված դատավարության ընթացքում այդպես էլ չտրվեց ամենագլխավոր հարցի պատասխանը՝ ո՞րն էր Ավետիսյանների ընտանիքին նման դաժանությամբ սպանելու իրական դրդապատճառները, եւ արդյոք Պերմյակովը գործել է միայնակ: Դատական գործընթացի ավարտին անպատասխան հարցերը պակասելու փոխարեն՝ ավելացան: Դեռեւս նախորդ նիստի ժամանակ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցն իր ճառում անդրադառնալով նախաքննությանը` նշել էր, որ արձանագրվել են բազմաթիվ թերություններ, չեն կատարվել մի շարք փորձաքննություններ եւ չեն ստուգվել բավական ակնհայտ փաստեր:

Ըստ իրավապաշտպանի` փորձաքննության արդյունքում պարզվել էր, որ Պերմյակովի հագուստի վրայի արյունը չի պատկանում ոչ իրեն, ոչ Ավետիսյանների ընտանիքի անդամներից որեւէ մեկին: Այս փաստն այդպես էլ մինչեւ վերջ չի ուսումնասիրվել եւ չի տրվել կոնկրետ պատասխան: Արթուր Սաքունցն իր ճառում դատարանի ուշադրությունը հրավիրեց նաեւ հանգամանքի վրա, որ Պերմյակովը սպանվածների տանը հասցրել է 15-20 րոպեների ընթացքում երկու ծխախոտ ծխել, այնինչ իր թաքստոցում, որտեղ անցկացրել է 12 ժամից ավելի՝ գլանակի ոչ մի մնացորդ չի հայտնաբերվել:

Այդպես էլ չհարցաքննվեցին Ավետիսյանների տան անմիջապես հարեւանությամբ բնակվող հարեւաններն ու չտրվեց պատասխանը հարցի, թե ինչպես կարող էին գիշերային լռության մեջ արձակված 28 կրակոցները որեւէ մեկին չարթնացնել, եւ ինչու էր պատկից տանն ապրող ազգականուհին պնդում, թե ընդամենը մի քանի վայրկյանով երեխայի լացի ձայն է լսել ու ոչ մի տեսակի այլ աղմուկ իրեն չի անհանգստացրել, բացի գմփոցի նմանվող ձայնից:

Այդպես էլ չհարցաքննվեցին Պերմյակովի անմիջական հրամանատարն ու ծառայակիցները, ովքեր գտնվելով ՌԴ-ում՝ նամակով խնդրեցին հրապարակել իրենց նախաքննական ցուցմունքները: Դատարանը մերժեց նաեւ Արթուր Սաքունցի միջնորդությունը՝ Պերմյակովի մասնակցությամբ անցկացնել կրկնակի փորձարարություն, այս անգամ` Մյասնիկյան 188 տանը, որտեղ տեղի էր ունեցել Ավետիսյանների սպանդը: Պերմյակովն ինքն էլ կտրուկ դեմ արտահայտվեց նման փորձարարությանը:

«Ինչու»-ների շարքը գալիս են համալրելու Վալերի Պերմյակովի «Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցում 2015 թ-ի հունվարի 11-ին հայտնաբերված նամակագրության որոշ դրվագներ, որոնք, ըստ իրավապաշտպան Արթուր Սաքունցի, գուցե շատ հարցերի վրա լույս սփռեին, եթե արժանանային պատշաճ ուշադրության ու քննության: Օրինակ, նամակներից մեկով ոմն Լուդմիլա խնդրում է Պերմյակովին ստուգել իր բանկային հաշվեհամարը, որի վրա գումար է փոխանցվել, որին ի պատասխան ամբաստանյալը պատասխանել է. «OK, կստուգեմ»:

Դատաքննության ժամանակ Պերմյակովը հրաժարվեց դատարանում ցուցմունք տալուց. հրապարակվեցին նրա նախաքննական ցուցմունքները: Դրանք շատ հաճախ իրարամերժ էին, հակասական եւ լի մտածածին դրվագներով: Պերմյակովն ինքը սեփական ցուցմունքների հրապարակմանն հետեւում էր անհաղորդ դեմքով: Հարցին, թե ինչ որակում կտար մի ողջ ընտանիքի` այդ թվում երեխաների սպանդի ենթարկած անձին, վերջինս պատասխանեց. «Ես այդ մարդուն խելագար կհամարերի, բայց ես խելագար չեմ»:

Վալերի Պերմյակովը հրաժարվեց նաեւ վերջին խոսքի իրավունքից: Նրա դատապաշտպան Էդուարդ Աղաջանյանը վճիռը բողոքարկելու վերաբերյալ լրագրողների հարցին ի պատասխան նշեց, որ նախ պիտի ստանա այն, հետո խորհրդակցի իր պաշտպանյալի հետ, լսի նրա դիրքորոշումը, դրանից հետո նոր որոշում կայացնի: Ի դեպ, այսօր, դատարանում, վճռի հրապարակմանը ներկա չէին ո´չ Ավետիսյանների հարազատները, ո´չ նրանց իրավահաջորդների շահերի պաշտպանները:

Մեկնաբանություններ (1)

Վարազ Սյունի
Եթե ռուսը հայի դաշնակիցն է, ապա ի՞նչու մի ամբո՛ղջ հայ ընտանիքի գազանաբար ոչնչացրած մեղադրյալ ռուսին չեն հանձնել հայկական կողմին: Չէ որ միջազգային իրավունքն ու երկկողնանի պայմանագիրը ՀՍՏԱԿ սա էր պարտադրում: Այդ նու՞յն պայմանագրով է ռուսը հային «պաշտպանում» (ապրիլյան պատերազմը վկա): Այդ ի՞նչ հայը պիտի չիմանա՝ գենոցիդային բնույթի այս սպանդի վերաբերյալ: Սովետից մնացած Սերժիկին ծառայող մենթերի (դրանք ոստիկաններ չեն) դուխը միայն սարի թաղերում է 100: Պերմյակովի գործի ժամանակ ծակները մտած մկնիկներ էին դարձել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter