Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Օվկիանոսից այն կողմ. հայ օլիմպիականների ելույթների լույսն ու ստվերը


Օլիմպիական 31-րդ ամառային խաղերն ավարտվեցին: Մեզ համար եղան եւ դրական, եւ բացասական պահեր: Ամփոփենք հայ մարզիկների ելույթները Ռիո դե Ժանեյրոյում:

Միանգամից ասենք, որ այս խաղերում մեր մարզիկները քայլ առաջ կատարեցին: Եթե հաշվի չառնենք Բարսելոնի 1992-ի խաղերը, որոնցում նորանկախ Հայաստանի մարզիկները ելույթ էին ունենում ՄՕԿ-ի դրոշի ներքո ԱՊՀ միացյալ թիմի կազմում (այդ խաղերում օլիմպիական չեմպիոն դարձան ծանրորդ Իսրայել Միլիտոսյանը, Մնացական Իսկանդարյանը, հրաձիգ Հրաչյա Պետիկյանը, արծաթ նվաճեց ըմբիշ Ալֆրեդ Տեր-Մկրտչյանը), ապա Ռիոյի խաղերի 1 ոսկի, 3 արծաթ ցուցանիշը լավագույնն էր անկախ Հայաստանի պատմության մեջ: 1996-ին Ատլանտայում, երբ Հայաստանն առաջին անգամ հանդես էր գալիս իր դրոշով, չեմպիոն դարձավ ըմբիշ Արմեն Նազարյանը: Նրա արդյունքը հաջողվեց կրկնել միայն 20 տարի անց. դա արեց նույնպես ըմբիշ Արթուր Ալեքսանյանը:

Այս խաղերին մենք ունեինք 33 մարզիկ, մինչ այդ ամենաշատը եղել էր Ատլանտայում՝ 32 հոգի: Բայց 33-ից լողորդ Մոնիկա Վասիլյանը ելույթ չունեցավ վնասվածքի պատճառով, իսկ հեռացատկորդ Գոռ Ներկարարյանի անունն ընդհանրապես բացակայում էր խաղերի պաշտոնական կայքի՝ Հայաստանի մարզիկների բաժնից: Մեր պատվիրակները ներկայացնում էին 8 մարզաձեւ:

Աթլետիկա

Ելույթ ունեցած 5 հայ աթլետներից (հեռացատկորդ Ամալյա Շարոյան, վազորդներ Գայանե Չիլոյան, Դիանա Խուբեսերյան, Լիլիթ Հարությունյան, եռացատկորդ Լեւոն Աղասյան) սպասումները, բնականաբար, փոքր էին, ավելի ճիշտ՝ որեւէ լուրջ սպասում ընդհանրապես չկար: Մերոնք որակավորման փուլերում զբաղեցրին վերջին տեղեր ու դուրս մնացին հետագա պայքարից: Աթլետիկան Հայաստանում հենակետային մարզաձեւ չէ: Օլիմպիական խաղերում աթլետիկայից հայաստանցի միակ մեդալակիրը եղել է սկավառականետորդուհի Ֆաինա Մելնիկը (ազգությամբ ուկրաինացի), որը ոսկի նվաճեց 1972-ի Մյունխենի խաղերում: Մենք մինչեւ հիմա երանությամբ ենք հիշում Ռոբերտ Էմմիյանին եւ նրա ռեկորդը 1987-ին Ծաղկաձորում: Հեռացատկի 8,86 մ արդյունքը Եվրոպայում առ այսօր մնում է անգերազանցելի:

Այսօրվա հայկական աթլետիկայի վիճակը պատկերացնելու համար բավական է տեսնել, թե ինչպիսի դատարկ ստադիոններում են մարզվում ու մրցում մերոնք:

Լող

Լողորդներից նույնպես սպասելիքներ չունեինք: Վահան Մխիթարյանն ու Մոնիկա Վասիլյանը մասնակցության իրավունք էին ստացել «սպիտակ քարտի» շնորհիվ: Եթե Վասիլյանը հանդես չեկավ, ապա Մխիթարյանը որակավորման ժամանակ 8-ից 7-րդն էր: Ընդհանրապես առաջին օրերին հայ մարզիկների շարունակական վնասվածքները դարձան բուռն քննարկման առարկա: Եվ այնպես չէ, որ միայն բախտի (հայավարի ասած՝ հայի բախտի) գործոն կար, այլ նաեւ ֆիզիկական պատրաստվածության. փաստ է, որ որքան ֆիզիկապես լավ է պատրաստված մարզիկը, այնքան փոքր է վնասվածք ստանալու հավանականությունը:

Ջրային մարզաձեւերում մեր ավանդույթները վաղուց չունեն շարունակություն: Ջրացատկորդներ, 1980-ի մոսկովյան խաղերի փոխչեմպիոն Սիրվարդ Էմիրզյանի ու բրոնզե մեդալակիր Դավիթ Համբարձումյանի նվաճումները մնում են ու դեռ շատ երկար կմնան անհասանելի:

Ձյուդո

Այս մարզաձեւում Հայաստանը ներկայացնում էր Հովհաննես Դավթյանը, ով Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն է, աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Նախորդ խաղերում մեր մարզիկը հասել էր մինչեւ 1/4 եզրափակիչ, ապա պարտվել բրոնզե մեդալի համար սփոփիչ գոտեմարտում ու վերջնահաշվարկում 7-րդն էր: Այս անգամ Դավթյանը մեկ հաղթանակ տարավ, ապա հանդիպեց ապագա չեմպիոն, ռուսաստանցի Մուդրանովին եւ պարտվելով դարձավ հանդիսատես: Այ այստեղ կարելի է ասել, որ գյումրեցի մարզիկի բախտը չբերեց, որովհետեւ եթե Մուդրանովին հանդիպեր մեկ փուլ հետո, բրոնզի համար շարունակելու հնարավորություն կունենար:

Ընդհանրապես, ձյուդոյում եւ հատկապես օլիմպիական մարզաձեւ չհամարվող սամբոյում (թե կանայք, թե տղամարդիկ) Հայաստանը պատրաստված ներկայացուցիչներ ունի՝ աշխարհի ու Եվրոպայի մրցանակակիրներ: Առայժմ ձյուդոն չի կարող համեմատվել հայկական ծանրամարտի ու ըմբշամարտի հետ, բայց վատ դիրքերում էլ չէ:

Հրաձգություն

Հայաստանը հրաձգության լավ ավանդույթներ ունի ու անվանի մարզիկներ՝ աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Զինաիդա Սիմոնյան (ազգությամբ ռուս, օրիորդական ազգանունը՝ Զոլոտնիկովա, ծնվել, մեծացել եւ ապրել է Երեւանում), աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն Երջանիկ Ավետիսյան (հանդես է եկել ԽՍՀՄ, Ռուսաստանի, Հայաստանի դրոշների ներքո): Աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն է նաեւ Հրաչյա Պետիկյանը, որը 1992-ին ոսկե մեդալ նվաճեց Բարսելոնի խաղերում:

Ռիոյից առաջ Օլիմպիական խաղերին հայ հրաձիգներից 3 անգամ մասնակցել էր Նորայր Բախտամյանը, որը Աթենքում 4-րդն էր (մեզ համար Աթենքի ձախողված խաղերում լավագույնը հենց Բախտամյանն էր), իսկ Պեկինում եւ Լոնդոնում չկարողացավ որակավորվել եզրափակիչներին:

Ռիոյում հայկական հրաձգությունը ներկայացնում էր Նանկինի պատանեկան Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, աշխարհի երիտասարդների փոխչեմպիոն Հրաչիկ Բաբայանը, որը, սակայն, չկարողացավ անցնել որակավորումը եւ դուրս մնաց մեդալի համար պայքարից: Հրաչիկը խաղերին մասնակցում էր «սպիտակ քարտով», նա ընդամենը 20 տարեկան է եւ դեռ աճելու տեղ ունի, բայց միանշանակ խոստումնալից մարզիկ է:    

Սպորտային մարմնամարզություն

Այս մարզաձեւը վերջին տարիներին Հայաստանում երկրորդ ծնունդ ապրեց: Հայաստանցի օլիմպիական չեմպիոններից առաջինը մարմնամարզիկ էր՝ Հրանտ Շահինյանը (1952, Հելսինկի), որին հաջորդեց Ալբերտ Ազարյանը (1956, Մելբուռն, 1960, Հռոմ): Ընդ որում՝ Ազարյանը միակն է մեր մարզիկներից, ով երկու ոսկի է նվաճել նույն խաղերի ժամանակ: 1956-ին նա լավագույնն էր օղակների վրա ու նաեւ ԽՍՀՄ թիմի կազմում: Ազարյանի որդին՝ Էդուարդը, թիմային ոսկի նվաճեց 1980-ին Մոսկվայում: 1972-ին Մյունխենում փոխչեմպիոն խորհրդային թիմի անդամ էր Էդվարդ Միքայելյանը:

Հայաստանի մարմնամարզության հավաքականը, գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանի ղեկավարությամբ, վերջին տարիներին զարմացրեց հայ մարզասերներին, որոնք վաղուց այս մարզաձեւի միջազգային մրցումներում հայաստանցի մեդալակիրներ չէին տեսել: Հարություն Մերդինյանը 2011, 2012 թթ. նվաճեց Եվրոպայի բրոնզը նժույգաթափերի վրա: 2015-ին էլ Եվրոպայում նա երկրորդն էր, իսկ աշխարհում՝ երրորդը: Այս տարի էլ դարձավ Եվրոպայի չեմպիոն: Արթուր Դավթյանը 2013-ին Եվրոպայում երրորդն էր հենացատկում, իսկ այս տարի՝ երկրորդը: Այս տարի օղակների վրա Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ նաեւ Վահագն Դավթյանը, իսկ Արթուր Ավետիսյանը՝ նույն ձեւի Եվրոպայի փոխչեմպիոն երիտասարդների մեջ:

Լոնդոն-2012-ում Հայաստանը ներկայացնում էր Արթուր Դավթյանը, որը չկարողացավ հաղթահարել բազմամարտի որակավորման փուլը, այս անգամ էլ հենացատկում Արթուրի երկրորդ փորձն անհաջող ստացվեց, ինչն էլ նրան զրկեց եզրափակիչ մտնելուց: Փոխարենը Հարություն Մերդինյանը նժույգաթափերում 4-րդն էր որակավորման փուլում, սակայն ձեռքերի վնասվածքի պատճառով անհաջող ելույթ ունեցավ եզրափակչում եւ 8 հոգու մեջ 7-րդն էր: Մերդինյանից մենք իսկապես մեդալի հույսեր ունեինք՝ հաշվի առնելով նրա հաջողությունները աշխարհի ու Եվրոպայի վերջին առաջնություններում: Եթե Հարությունն արդեն 32 տարեկան է, ինչը մայրամուտ է մարմնամարզիկների համար, ապա Արթուրը դեռ 24 տարեկան է: Նրանց հետեւից եկողները նույնպես հույսեր տալիս են: Այդուհանդերձ, Հայաստանը դեռ հեռու է մարմնամարզության ավանդական հսկաների հետ ոտք գցելուց:

Դե իսկ ԱՄՆ-ում իբրեւ մարզիկ ձեւավորված Հուրի Գեբեշյանը առավել հիշվեց իր բարեհամբույր վարքով, չնայած չկարողացավ մտնել բազմամարտի եզրափակիչ: Բացի դրանից՝ նա նոր տարր կիրառեց զուգափայտերի վրա, որը կկոչվի հայ մարզուհու անունով: Հուրին հայտարարեց խաղերից հետո սպորտը թողնելու մասին:

Բռնցքամարտ   

Հետաքրքիր փաստ. Հայաստանը բռնցքամարտում ունեցել է աշխարհի (Իսրայել Հակոբկոխյան, Նշան Մունչյան) ու Եվրոպայի (Վլադիմիր Ենգիբարյան, Ալբերտ Նիկոլյան, Սամսոն Խաչատրյան, Իսրայել Հակոբկոխյան, Նշան Մունչյան, Մեխակ Ղազարյան, Էդուարդ Համբարձումյան, Հովհաննես Դանիելյան, Հրաչիկ Ջավախյան) բազմաթիվ չեմպիոններ, բայց Օլիմպիական խաղերում միայն 3 անգամ են մեր բռնցքամարտիկները մեդալ նվաճել: 1956-ին Մելբուռնում Վլադիմիր Ենգիբարյանը դարձավ չեմպիոն, 1976-ին Մոնրեալում Դավիթ Թորոսյանը բրոնզ նվաճեց, նույնը արեց Հրաչիկ Ջավախյանը 2008-ին Պեկինում: Ընդ որում՝ Ջավախյանը, որքան էլ տարօրինակ է, մեկ մարտի շնորհիվ հասավ հաջողության. 1/16-ում նա մրցակից չուներ, 1/8-ում հաղթեց, 1/4-ում մրցակիցը չներկայացավ, իսկ կիսաեզրափակիչ մտնելուց հետո հայ մարզիկի համար արդեն ապահովված էր բրոնզը:

Ռիոյում 5 բռնցքամարտիկներից Արթուր Հովհաննիսյանն առաջին իսկ մրցավեճում պարտվեց, Նարեկ Աբգարյանը, Արամ Ավագյանը, Հովհաննես Բաչկովն ու Վլադիմիր Մարգարյանը մեկական փուլ հաղթահարեցին: Վերջին երկուսը երկրորդ մարտերում հաղթելու հնարավորություն ունեին, սակայն եթե Բաչկովը համառ պայքարում զիջեց չինացուն, ապա Մարգարյանը դուրս մնաց վնասվածքի պատճառով, որը ստացել էր առաջին մարտում: Մարգարյանի կուբացի մրցակիցը նախորդ խաղերի այլ քաշային կարգում չեմպիոն էր դարձել, բայց այս անգամ միայն բախտի բերմամբ հաղթող ճանաչվեց առաջին մարտում (ի տարբերություն Մարգարյանի՝ նա 1/16-ում մրցակից չուներ) ու հաջորդում ակնհայտ զիջեց ուզբեկին:

Բռնցքամարտիկներից սպասումներն էլ մեծ չէին, չնայած երբեք մեր երկիրը օլիմպիական ռինգում 5 պատվիրակ չէր ունեցել: Բավական է ասել, որ ամենատիտղոսակիրն այս մարզիկներից 56 կգ քաշային Արամ Ավագյանն էր, որը 2013 եւ 2015 թթ. Եվրոպայի բրոնզե մեդալակիր է: Արամը երկրորդ փուլում պարտվեց աշխարհի ու Եվրոպայի գործող չեմպիոն իռլանդացուն, որը հաջորդ իսկ մենամարտում տանուլ տվեց: Հայկական բռնցքամարտն այսօր մրցունակ չէ Եվրոպայում, առավել եւս՝ աշխարհում: Աշխարհամասում Հայաստանի վերջին չեմպիոնը Հ. Ջավախյանն էր 2010-ին՝ 6 տարի առաջ, իսկ աշխարհի չեմպիոնը՝ Նշան Մունչյանը 1993-ին՝ 23 տարի առաջ:

Ծանրամարտ

Ծանրամարտն ու ըմբշամարտը Հայաստանի պատիվը մշտապես բարձր պահող մարզաձեւեր են: Վերջին տարիներին հենց ծանրորդներն ու ըմբիշներն են գերազանցապես դարձել աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, իսկ 1988-ից սկսած օլիմպիական 24 մեդալակիրների մեջ միայն Հ. Պետիկյանն ու Հ. Ջավախյանն են եղել այլ մարզաձեւերից: Ավելի խոսուն փաստ երեւի չի կարող լինել: Ծանրամարտում մեր վերջին օլիմպիական չեմպիոնը եղել է Իսրայել Միլիտոսյանը 1992-ին, որից հետո միայն բրոնզ էր հաջողվում շահել:

Գլխավորն այն է, որ օլիմպիական փոխչեմպիոններից Սիմոն Մարտիրոսյանն (105 կգ) ընդամենը 19 տարեկան է, իսկ Գոռ Մինասյանը (105+ կգ)՝ 21: Այսինքն՝ նրանք դեռ նվազագույնը 2 խաղերի կարող են մասնակցել: Հիշեցնենք, որ Գոռը 2010 թ. Սինգապուրում կայացած առաջին պատանեկան Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն է, իսկ Սիմոնը՝ 2014 թ. Նանկինի երկրորդ խաղերի: Գերծանր քաշային Աշոտ Դանիելյանից (Եվրոպայի կրկնակի չեմպիոն) ու Արա Վարդանյանից հետո որոշ ժամանակ ամենաբարձր քաշերում ներկայացուցիչներ չունեինք, բայց նշված տղաների ու Ռուբեն Ալեքսանյանի շնորհիվ, որը Ռիոյում 4-րդն էր, Հայաստանն այսօր կրկին խաղի մեջ է:

Ռիոյում մեր տղամարդկանց թիմում էին Անդրանիկ Կարապետյանը (77 կգ), Առաքել Միրզոյանը (85 կգ), Սիմոն Մարտիրոսյանը (105 կգ), Գոռ Մինասյանը (105+ կգ), Ռուբեն Ալեքսանյանը (105+ կգ): Անդրանիկն առաջին մարզիկն, էր ումից մեդալ էինք սպասում, ու այն, ամենայն հավանականությամբ, պիտի լիներ, եթե նա հրում վարժության ժամանակ ծանր վնասվածք չստանար: Եթե հաշվի առնենք, որ առաջին երկու տեղերը զբաղեցրած ուզբեկն ու չինացին իրար հետեւից ռեկորդներ էին սահմանում, ապա Անդրանիկը հաստատ կարող էր երրորդը լինել: Սրանք 20-ամյա ծանրորդի առաջին խաղերն էին: Եվրոպայի գործող չեմպիոնն ու աշխարհի բրոնզե մեդալակիրը դեռ երկար ճանապարհ ունի անցնելու:

Շեշտենք, որ ծանրամարտի 69, 77 եւ 85 կգ քաշային կարգերը «հայկական են»: Վերջին տարիներին հենց այդ քաշերում են հաջողության հասել Տիգրան Գ. Մարտիրոսյանը, Գեւորգ Դավթյանը, Տիգրան Վ. Մարտիրոսյանը, Արա Խաչատրյանը, Առաքել Միրզոյանը, Գեւորիկ Պողոսյանը:

Բայց եթե Կարապետյանի անհաջողությունն իսկապես անակնկալ էր, ապա Առաքել Միրզոյանի ձախողումը, մեծ հաշվով, պետք է օրինաչափություն համարել: 2009-ին Եվրոպայի չեմպիոն եւ աշխարհի փոխչեմպիոն դառնալուց հետո Առաքելն այլեւս աչքի չի ընկել: Չնայած 2012-ի խաղերին նրանից սպասելիքներ կային, բայց պոկում վարժությունում նա ընդամենը 6-րդն էր, իսկ հրումում 0 ստացավ: Հայտնի է, որ Առաքելը մարզվում է հավաքականից առանձին՝ հոր՝ օլիմպիական չեմպիոն Հոկսեն Միրզոյանի գլխավորությամբ: Վերջինս այսօր ՀԱՕԿ փոխնախագահն է, ժամանակին նաեւ ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչն էր: Թե առանձին մարզվելն ինչ է տալիս մարզիկին, ցույց է տալիս նրա վիճակագրությունը:

Վերջերս «Հետքի» հետ զրույցում նույն 85 կգ քաշային կարգը ներկայացնող Աղասի Աղասյանը շեշտել էր, որ ինքն ուժեղ է Առաքելից, ինչն ապացուցվել է այս տարի՝ տարբեր մրցումներում, եւ Ռիո մեկնելու արժանի էին կամ ինքը, կամ Վանիկ Ավետիսյանը, բայց առանց բացատրության վերջին պահին գրվել է Առաքելի անունը: Չիմացողների համար նշենք, որ ծանրամարտում օլիմպիական վարկանիշ է ձեռք բերում ոչ թե առանձին մարզիկը, այլ թիմը, եւ հավաքականի մարզիչներն են որոշում, թե ներկայացուցիչներն ովքեր պիտի լինեն: Միրզոյանի մասնակցությունն իսկապես շատերի համար էր անակնկալ, որովհետեւ վերջին տարիներին շատերը նրան արդեն մոռացել էին, հարթակում չէին տեսել, իսկ այսօր մեր ծանրամարտում համեմատաբար նոր անուններ կան՝ Սմբատ Մարգարյան, Վանիկ Ավետիսյան, Աղասի Աղասյան եւ վերը նշված տղաները: Բայց նորից ասպարեզ են հրում ծանրորդների, որոնց ժամանակն այլեւս անցել է: Հիշու՞մ եք Լոնդոնի խաղերը, երբ 4 հայ ծանրորդներից Միրզոյանն ու Արա Խաչատրյանը 0 ստացան, Տիգրան Գ. Մարտիրոսյանը վնասվածքի պատճառով չմասնակցեց, իսկ Յուրի Վարդանյանի որդի Նորայրն ընդամենը 11-րդն էր: Այն ժամանակ էլ զարմացել էինք, թե ինչպես է Նորայրը հայտնվել թիմում, ինչի՞ շնորհիվ: Բայց ամենից շատ հիշվեց Յուրի Վարդանյանի (այն ժամանակ ՀՀ նախագահի խորհրդականն էր) ու Առաքել Միրզոյանի լեզվակռիվը, որն ավելի շատ ՀՀԿ-ԲՀԿ գզվռտոց էր (դրան հետո խառնվեցին նաեւ ԲՀԿ-ականներ): Միայն կարող ենք հուսալ, որ սրանից հետո օլիմպիական չեմպիոն հայրերի որդիներն իրենց ծնողների վաստակի ու միջնորդության հաշվին չեն բարձրանա հարթակ: Ծանրամարտի ֆեդերացիան իր անմիջական վերահսկողության տակ է վերցրել ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, եւ հենց նա ու հավաքականի գլխավոր մարզիչ, ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Փաշիկ Ալավերդյանն են պատասխանատու թե հաջողությունների, թե անհաջողությունների համար:

Կանանց թիմն առանց որակազրկված Հռիփսիմե Խուրշուդյանի վատ տեսք չուներ, եթե հաշվի առնենք, որ Նազիկ Ավդալյանն ավտովթարի պատճառով երկարատեւ դադարից հետո այս տարի դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, իսկ Ռիոյում գերազանցեց գարնանը գրանցած իր արդյունքները: Չմոռանանք նաեւ, որ Նազիկն անկախությունից հետո Հայաստանի առաջին աշխարհի չեմպիոնն է ծանրամարտում: Նրա 5-րդ տեղը Ռիոյում 69 կգ-ոց եվրոպացի կանանց մեջ կրկին լավագույնն էր: 18-ամյա Սոնա Պողոսյանի համար էլ, որը Բրազիլիայում 10-րդն էր 75 կգ-ոց կանանց մեջ, մասնագետները լավ ապագա են կանխատեսում:  

Ըմբշամարտ

Ռիոյում հայաստանցի ըմբշամարտիկների ելույթները երկակի տպավորություն թողեցին: Բնականաբար, լավն ավելի շատ է, որովհետեւ 20 տարի անց կրկին չեմպիոն ունեցանք, սակայն մինչեւ հիմա մի տեսակ կիսատության զգացողություն կա Միհրան Հարությունյանի հանդեպ իսկական դատաստանի պատճառով: Միհրանի խնդրին մանրամասն անդրադարձել ենք (տես «Ինչպե՞ս պաշտպանել Միհրանի, Հայաստանի ու ըմբշամարտի շահերը»):

Հունահռոմեական ոճի ըմբիշներից Արթուր Ալեքսանյանից ու Միհրան Հարությունյանից բոլորիս սպասելիքներն արդարացան: Մաքսիմ Մանուկյանն ու Արսեն Ջուլֆալակյանը դուրս մնացին հենց առաջին գոտեմարտերից, բայց ի տարբերություն Մանուկյանի՝ Արսենը զիջեց կարգով իրեն զիջող բուլղարացուն, ինչը ցնցեց բոլորիս: Նախորդ խաղերի փոխչեմպիոնն անմիջապես հանդիսատես դարձավ: Արսենը 29 տարեկան է, ինչն ըմբշամարտում նորմալ տարիք է համարվում: Չի բացառվում, որ նա, ինչպես ասում են, չկարողացավ բացվել առաջին գոտեմարտում: Նույն բանը տեսանք Արթուրի պարագայում, որն իր կարգի հաշվին հաղթահարեց իտալացու արգելքը: Այնուամենայնիվ, դժվար է ասել՝ Արսենը կկարողանա՞ մասնակցել Տոկիոյի հաջորդ խաղերին, երբ արդեն 33 տարեկան կլինի: Չնայած, օրինակ, լեգենդար կուբացի Միխաին Լոպեսը օրերս գրեթե 34 տարեկանում նվաճեց իր երրորդ օլիմպիական ոսկին:

Լեւոն Ջուլֆալակյանի հավաքականն, ամեն դեպքում, լավագույնն է մեր թիմերի մեջ, այդպես էր նաեւ Լոնդոնում: Նույնը չենք կարող ասել ազատոճայինների մասին: Գառնիկ Մնացականյան, Դավիթ Սաֆարյան, Գեորգի Կետոեւ, Լեւան Բերիանիձե քառյակից մեծ սպասելիքներ ինքս չունեի: Ընդհանրապես, ազատ ոճում Հայաստանի հաջողությունները հատկապես վերջին տարիներին ավելի քիչ են: Վերջին հաջողությունը 2013-ին գրանցել է հենց Սաֆարյանը՝ դառնալով աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն: Ռիոյում իրենց առաջին գոտեմարտերում Մնացականյանը, Սաֆարյանն ու Կետոեւը պարտվեցին, ամենահեռուն գնաց Բերիանիձեն, ով, սակայն, իր իսկ անուշադրության արդյունքում տանուլ տվեց բրոնզի համար գոտեմարտը:

Մեր խորին համոզմամբ՝ վերջին տարիներին Հայաստան հրավիրված լեգեոներ այլազգիներից միայն հունահռոմեական Յուրի Պատրիկեեւն է հետք թողել հայկական սպորտում՝ դառնալով Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն, Պեկինի խաղերի բրոնզե մեդալակիր: Մյուսները եղել են «տուրիստներ» ու շատ արագ մոռացվել: Իրենց երկրներում ինչ-ինչ հաջողությունների հասած ու տարիքն առած լեգեոներներին հրավիրելու եւ մեծ գումարներ ծախսելու փոխարեն ավելի ճիշտ ու հեռանկարային է սեփական ենթակառուցվածքների զարգացման եւ պատանի, երիտասարդ կադրերի աճեցման միջոցով մարզաձեւն առաջ տանելը, այլապես դոփելու ենք տեղում:

Ժամանակին ՀՀ առաջին օլիմպիական չեմպիոն, մասիսցի Արմեն Նազարյանը հեռացավ Հայաստանից, որովհետեւ պատշաճ ուշադրության չարժանացավ. մի անգամ նա նույնիսկ պատմել է, որ հեծանիվով էր գնում պարապմունքի: Այսօր ժամանակները փոխվել են. ՀԱՕԿ նախագահը շքեղ նվերներ է տալիս Օլիմպիական խաղերի, աշխարհի ու Եվրոպայի մեդալակիրներին, սակայն ստացվում է, որ բոլորին գնահատողը նա՞ է: Իսկ պետությու՞նը: Ֆուտբոլի մասին գրելիս էլ շատ ենք նշել, որ ամեն ինչ անհատների ուսերին է: Ընդհանրապես, հայկական սպորտն այսօր անձերի վրա է հիմնված: Պետությունը միայն ծափ տվողի ու մեկ-մեկ էլ ժապավեն կտրողի դերում է, լավագույն դեպքում՝ մեծ-մեծ խոսողի: Նույն Գյումրու մարզադպրոցի մասին 2014-ին սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանն ասել էր. «Մոսկվան միանգամից չի կառուցվել», «աշխատանքներն ընթացքի մեջ են, մենք նստած չենք ծալած ձեռներով, կառավարության ուշադրության կենտրոնում է, եւ շատ շուտով դուք կիմանաք ընթացքի մասին»: 2015-ին նույն անձը նշել էր. «Առաջնահերթ կառույցը, որ ՀՀ-ում պիտի վերանորոգվի, Գյումրու ըմբշամարտի մարզադպրոցն է»: Լրատվամիջոցները վերջերս բարձրաձայնեցին, որ ոչ մի փոփոխություն էլ չկա: Այստեղ են ասել՝ մինչեւ առուն ջուր գա, գորտի աչքը դուրս կգա, կամ էլ՝ էշ, մի սատկի, գարուն կգա, յոնջա կուտես…

Հ.Գ. Մեդալների հաշվարկում (ըստ ոսկի, արծաթ, բրոնզ հերթականության) Հայաստանը 42-րդ տեղում է 1 ոսկի, 3 արծաթով: Լավագույնը ԱՄՆ թիմն է (46-37-38), որին հաջորդում են Մեծ Բրիտանիան (27-23-17) ու Չինաստանը (26-18-26): Հնգյակում են Ռուսաստանը (19-18-19) եւ Գերմանիան (17-10-15): Մեր հարեւաններից Իրանը 25-րդն է (3-1-4), Վրաստանը՝ 38-րդը (2-1-4), որին հաջորդում է Ադրբեջանը (1-7-10), իսկ Թուրքիան՝ 41-րդը (1-3-4): Այսինքն՝ այստեղ էլ հարեւաններ ենք:

Ընդհանուր 4 մեդալով Հայաստանը 47-րդն է, իսկ լավագույն ցուցանիշը կրկին ամերիկացիներինն է՝ 121 մեդալ: Առավել մանրամասն կարող եք տեսնել ստորեւ ներկայացվող հղմամբ:

Olympic Medal Count


Գլխավոր էջ

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։