HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

ՍԴ-ի նոյեմբերի 15-ի որոշումը. հասկացությունները չհասկացած հանդես գալու ժամանակը

2011թ. նոյեմբերի 15-ին ՀՀ սահմանադրական դատարանը կայացրեց իր երկար սպասված որոշումը՝ ի պատասխան ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի սահմանադրականությունը ստուգելու մասին 2011թ. հոկտեմբերի 13-ի դիմումի: Կայացրեց նույնքան հապճեպ, մի շարք իրավական հասկացություններ հիմնավորապես չուսումնասիրած, որքան հապճեպ ու չուսումնասիրած էլ 2010թ. մայիսին ընդունվել էին տխրահռչակ օրենսդրական փոփոխությունները:

Այսպիսով՝ Սահմանադրական դատարանի այս որոշումը 37 էջից կազմված մի փաստաթուղթ է, որը մի քանի դրական հստակեցումներից զատ, պարունակում է մի շարք անորոշ սահմանումներ ու ձևակերպումներ, որոնք հաշվի առնվելու դեպքում, էլ ավելի մեծ շփոթ են առաջացնելու առանց այն էլ այս ոլորտի մասին մեղմ ասած սահմանափակ պատկերացում ունեցող դատական պրակտիկայում:

Դրական հստակեցումների շարքում կարելի է առանձնացնել.

1. «Անվանարկում» եզրի ներմուծումը,

2. Այն դիրքորոշումը, որի համաձայն՝ ՀՀ դատարանները պետք է ընդունեն Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում տեղ գտած հասարակական ու քաղաքական գործիչների քննադատության առավել լայն սահմանների մասին սկզբունքը (ՍԴՈ-997, 25-րդ էջ),

3. Այն սկզբունքային մոտեցումը, որի համաձայն՝ «անձ» արտահայտությունը չի վերաբերում իշխանության մարմիններին որպես իրավաբանական անձ:

Որոշման գերակշիռ մասը, սակայն, ոչ այլ ինչ է, եթե ոչ անբավարար գիտելիքների վկայություն: Այսպիսով՝

1. Անվանարկման իրավունքի (defamation law) ոլորտում կա երկու մոտեցում՝ բրիտանական և կոնտինենտալ իրավունքի մոտեցումները: Առաջինի համաձայն՝ գոյություն ունի միայն անվանարկում եզրը (defamation), որը կարող է ունենալ բանավոր (slander) և գրավոր (libel) ձևերը: Անվանարկել, այն է՝ անունը գցել, վարկաբեկել, կարելի է ինչպես տեղեկություններ՝ փաստեր կամ փաստական տվյալներ, այնպես էլ՝ գաղափարներ՝ կարծիք կամ գնահատողական դատողություններ արտահայտելու միջոցով:

Առաջինի դեպքում որպես պաշտպանություն անվանարկած անձը, որը քաղաքացիական դատավարությունում հանդես է գալիս պատասխանողի կարգավիճակով, վկայակոչում է ճշմարտության/հիմնավորման պաշտպանությունը (defence of justification) կամ հանրային շահի պաշտպանությունը (defence of public interest), իսկ երկրորդ դեպքում՝ հանրային շահին վերաբերող հարցի շուրջ ազնիվ կարծիքի արտահայտման պաշտպանությունը (defence of a fair comment on a matter of public interest): Մայրցամաքային իրավունքի երկրներում գոյություն ունեն երկու հասկացություններ՝ զրպարտություն (defamation)՝ արատավորող տեղեկություններ կամ փաստեր կամ փաստական տվյալներ և վիրավորանք (insult)՝ արատավորող գաղափարներ կամ կարծիք կամ գնահատողական դատողություն հրապարակելը: Այս երկու մոտեցումները հստակ չպատկերացնելու և չտարանջատելու հետևանքով ՀՀ սահմանադրական դատարանի որոշման մեջ գտնում ենք հետևյալ սահմանումները, որոնք բերելիս Սահմանադրական դատարանը հղում է անում ԵԱՀԿ-ի 2005թ. սահմանած արտահայտություններին՝ «անվանարկում (defamation), գրավոր արտահայտություն, որը վնասում է անձին (libel), ինչպես նաև հայտարարություն կամ գործողություն, որն ասվել կամ արվել է այլ անձի վիրավորելու նպատակով (insult)»:

2. Այս երկու իրավախախտումների առկայությունը դիտավորությամբ պայմանավորելու մասին՝ Սահմանադրական դատարանի որոշման ձևակերպումները նույնպես ոլորտին տեղյակ ընթերցողին հանգեցնում են անբավարար գիտելիքների մասին հետևությանը: Այսպես՝ ըստ երևույթին այն, ինչ Սահմանադրական դատարանը նկատի ունի «դիտավորության» տակ, նույն բրիտանական անվանարկման իրավունքի չարամտություն (malice) հասկացությունն է, որը ենթադրում է, որ տեղեկությունները կամ գաղափարները հրապարակվել են անազնվորեն (dishonesty) կամ չմտածված կերպով ճշմարտությունն անտեսելով (reckless disregard for truth): Այսպիսով՝ չարամտություն հասկացությունը պարունակում է ոչ միայն դիտավորության, այլև անզգուշության տարրեր: Ամեն դեպքում չարամտությունն ապացուցելու բեռը կրում է հայցվորը: Մնում է հասկանալ, թե ինչպես է ՀՀ սահմանադրական դատարանը հաշտեցրել իր այս մոտեցումը ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1-րդ հոդվածի այն ընդհանուր կանոնի հետ, որի համաձայն՝ այս տիպի գործերով անհրաժեշտ փաստական հանգամանքների առկայության կամ բացակայության ապացուցման պարտականությունը կրում է պատասխանողը:

3. Սահմանադրական դատարանի համար վիրավորանք չի համարվում գնահատողական դատողությունը, քանի որ «գնահատողական դատողությունը փաստական հանգամանքների վերլուծության արդյունքում արվող հետևություն է, ինչը լրագրողի ոչ միայն իրավունքը, այլև պարտականությունն է»: Իսկ թե ինչու փաստական հանգամանքների վերլուծության արդյունքում, լրագրողը չի կարող արտահայտել անազնիվ կարծիք, այս հարցին Սահմանադրական դատարանը չի պատասխանում դարձյալ այն պատճառով, որ հստակորեն չի պատկերացնում վիրավորանք և զրպարտություն իրավախախտումների էությունը:

4. Դա է ապացուցում նաև այն հանգամանքը, որ Սահմանադրական դատարանի որոշման մեջ սխալ են թարգմանված նաև ոլորտի մի շարք կարևոր եզրեր: Այսպես՝ արտահայտվելու ազատության իրավունքի ոլորտում ՄԻԵԴ-ի կարևորագույն նախադեպի՝ Հենդիսայդն ընդդեմ Միացյալ Թագավորության (Handyside v UK, 1976) ձևակերպումը Սահմանադրական դատարանի որոշման մեջ թարգմանաբար ձևակերպված է հետևյալ կերպ. «Արտահայտվելու ազատությունը…կիրառելի է ոչ միայն այն «տեղեկատվության» կամ «գաղափարների» նկատմամբ, որոնք ընդունվում են բարեհաճությամբ կամ համարվում են անվտանգ կամ չեզոք, այլ նաեւ նրանց, որոնք վիրավորում են, ցնցում կամ անհանգստություն պատճառում»:

Մի կողմ թողնելով այն փաստը, որ որոշման մեջ որևէ հղում չկա հենց այս վճռին, որով առաջին անգամ սահմանվել է այս կարևոր սկզբունքը ու նաև այն փաստը, որ այս վերջին երեք բառերն ամբողջ որոշման մեջ նույնիսկ հետևողական կիրառություն չեն գտնում՝ հայտնվելով միանգամայն տարբեր համակցություններում, ինչը ևս անթույլատրելի է իրավական տեքստի համար, հարկ է նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի օգտագործած եզրերն են «offend, shock or disturb», և առաջինը ոչ մի կերպ չի կարող թարգմանվել որպես «վիրավորել» (insult), այլ լավագույն դեպքում՝ «վրդովեցնել», քանի որ հիշյալ եզրերի տարբերությունը անվանարկման ուժգնության կամ աստիճանի մեջ է:

Սխալ թարգմանված եզրերի թվին է պատկանում նաև «public interest» արտահայտության թարգմանությունը, որը ոչ մի կերպ չի կարող ձևակերպվել որպես «հասարակական հետաքրքրություն», այլ՝ միայն որպես «հանրային շահ»: Այս հետևությունն ամրապնդվում է ՄԻԵԴ-ի մի շարք նախադեպերում որպես հոմանիշ օգտագործվող «matters of public concern», թարգմանաբար՝ «հանրությանը մտահոգող հարցեր», որոնք շատ դեպքերում կարող են տարբեր լինել «հասարակական հետաքրքրություն» ներկայացնող հարցերից: Վերջինի օրինակ կարող են լինել մասնավոր անձանց մասնավոր կյանքի մանրամասները, որոնք որևէ կերպ չեն կարող հանրային մտահոգության առարկա հանդիսանալ կամ կապ ունենալ հանրային շահի հետ: Այս հարցի շուրջ կարևոր ուղենիշ է առաջարկում ՄԻԵԴ-ի Ֆոն Հաննովերն ընդդեմ Գերմանիայի (Von Hannover v Germany, 2004) վճիռը, որտեղ և հստակեցվում է այս հասկացության էությունը և որին արժեր, որ Սահմանադրական դատարանը տեղյակ լիներ մինչև իր այս որոշումը կայացնելը:

5. Մեկ այլ լուրջ սխալ, որ առկա է Սահմանադրական դատարանի որոշման մեջ, ոչ նյութական փոխհատուցման (compensation for non-pecuniary damage) մասին թյուր պատկերացումն է: Վերցնելով «ոչ նյութական փոխհատուցում» արտահայտությունը ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքից («Փաստերի քննադատական գնահատականը…չի կարող բարոյական վնասի փոխհատուցման պահանջի բավարարման հիմք հանդիսանալ: Սակայն, եթե անձի բարի համբավը ոտնահարվում է, եթե նույնիսկ արատավորող հայտարարությունը գնահատողական դատողություն է, դատարանը կարող է սահմանել ոչ նյութական վնասի հատուցում» (Ukrainian Media Group v Ukraine, 2005թ. մարտի 29-ի վճիռ, կետ 61), ՍԴՈ-997 որոշում, 33-րդ էջ)՝ Սահմանադրական դատարանն ակնհայտորեն պատկերացում չունի դրա բովանդակության մասին:

Այդ մասին է վկայում որոշման 29-րդ էջի վերջին պարբերության վերջին նախադասությունը, որով Սահմանադրական դատարանն առանձնապես կարևորում է այն հանգամանքը, որ «վիճարկվող հոդվածի 7-րդ և 8-րդ մասերը, ի լրումն փոխհատուցման նյութական ձևի, նախատեսում են նաև փոխհատուցման ոչ նյութական ձևեր»: Այս եզրահանգումն ամրապնդվում է նաև որոշման 35-րդ էջի 5-րդ կետի ձևակերպումն ընթերցելիս. «արատավորող արտահայտությունների (գործողությունների) արդյունքում պատճառված վնասի դիմաց որպես առաջնահերթություն անհրաժեշտ է կիրառել ոչ նյութական փոխհատուցման ձևեր…»: Մինչդեռ ըստ ՄԻԵԴ-ի՝ ոչ նյութական փոխհատուցումը դարձյալ նույն դրամական փոխհատուցումն է, որը հատկացվում է իրավախախտման հետևանքով անձի կրած ցավը, տառապանքը, վիշտը, իսկ մեր դեպքում՝ հեղինակության կորուստը, փոխհատուցելու նպատակով:

Այս ամենը թողնելով ոլորտի մասնագետներին, որոնց երևի այնուամենայնիվ կարելի է գտնել Հայաստանում կամ այլուր, ՍԴ-ն ճիշտ կաներ, եթե պատասխաներ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի՝ խնդրո առարկա դրույթների սահմանադրականության մասին հարցադրումներին: Առնվազն երկու կետում այս հարցադրումները հստակ պատասխան էին պահանջում, որոնք Սահմանադրական դատարանն այդպես էլ չտվեց:

Մեկն այն էր, թե արդյոք վիրավորանքը միայն հրապարակային լինելու փաստով վիրավորանք համարելը չի հակասում ՀՀ Սահմանադրության խտրականության արգելքի մասին դրույթին, ինչին Սահմանադրական դատարանը տվեց հետևյալ պատասխանը. «վիճարկվող հոդվածի իրավակարգավորման շրջանակներից դուրս է մասնավոր-իրավական բնույթի հարաբերությունների կարգավորումը:

Այդուհանդերձ, սահմանադրական դատարանը գտնում է, որ դա ոչ թե օրենսգրքի տվյալ հոդվածի, այլ ընդհանուր իրավակարգավորման բաց է, և այն հաղթահարելու համար ՀՀ Ազգային ժողովն իր իրավազորության շրջանակներում առանձին քննարկման առարկա պետք է դարձնի ոչ հրապարակային վիրավորանքից պաշտպանության իրավական կանոնակարգման խնդիրը»: Հարց է առաջանում. իսկ ի՞նչ է կարգավորում ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը՝ ընդհանրապես, և տվյալ հոդվածը՝ մասնավորապես, եթե ոչ՝ մասնավոր-իրավական բնույթի հարաբերություններ: Հանրայի՞ն:

Երկրորդ, այն հարցադրմանը, թե արդյոք 1087.1-րդ հոդվածում ամրագրված փոխհատուցման առավելագույն շեմը չի հակասում համաչափության սահմանադրական սկզբունքին, Սահմանադրական դատարանը նույնպես չկարողացավ տալ սպառիչ պատասխան՝ բավարարվելով ՀՀ ազգային ժողովին խորհուրդ տալով վերանայել այդ շեմը, որպեսզի այն արտահայտվելու ազատության իրավունքի անհամաչափ սահմանափակումների տեղ չթողնի:

Եթե Սահմանադրական դատարանը համաչափության խնդիր է տեսնում, ուրեմն դրույթը հակասում է համաչափության սահմանադրական սկզբունքին և, ըստ այդմ, հակասահմանադրական է: Ազգային ժողովին ուղերձ հղելն արդեն երկրորդական հարց է: Իսկ եթե նման խնդիր չի տեսնում, ապա ինչու՞ պետք է իջեցվի փոխհատուցման առավելագույն շեմը:

Ժողովողն ասում է, որ ամեն ինչն իր ժամանակն ունի: Երևի սա էլ Սահմանադրական դատարանի՝ հասկացությունները չհասկացած հանդես գալու ժամանակն է:

Լուսինե Հակոբյան
իրավաբան

Մեկնաբանություններ (2)

Վահե Գրիգորյան
Արա, մինչեւ խմբագրությունը Ձեր հարցախույզին կպատասխաներ, կհայտնեիք, թե ինչ բովանդակային առարկություններ ունեք նյութի վերաբերյալ: Նկատի ուենմ ՍԴ որոշման եւ դրա վերաբերյալ սույն նյութում հայտնված կարծիքի վերաբերյալ: Շնորհակալություն
Արա
Ինձ հետաքրքիր է, թե ով է Լուսինե Հակոբյանը: Երբ է ծնվել, երբ է իրավաբանի որակավորում ստացել և ինչ գիտելիքների պաշարով է իրավաբանության դասեր տալիս ՍԴ-ին: Սպասում եմ խմբագրության պատասխանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter