HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բն փոխնախարար. «Տանզանիայում Արտյոմ Վարդանյանի ձերբակալման դեպքը վերաբերում է մասնավոր ֆիզիկական անձի և իր ձեռնարկատիրական գործունեությանը»

«Տանզանիայում Արտյոմ Վարդանյանի ձերբակալման դեպքը վերաբերում է մասնավոր ֆիզիկական անձի և իր ձեռնարկատիրական գործունեության հետ, որում ապօրինություն է հայտնաբերվել, և համապատասխան օրենսդրական արձագանք է ստացել: Եվ, բնականաբար, ՀՀ բնապահպանության նախարարությունը կամ որևէ այլ կառույց, կարծում եմ, որ այստեղ չի կարող գործ ունենալ»,- ասում է բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը՝ պատասխանելով «Հետքի» հարցին, թե արդյոք ՀՀ բնապահպանության նախարարությունը որևէ կերպ ներգրավված է Տանզանիայում կենդանիների տեղափոխման համար ձերբակալված Արտյոմ Վարդանյանի և նրա եղբոր գործում:

Օգոստոսի 24-26-ը Հայաստանում տեղի է ունենում CITES (Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիա) ազգային համակարգողների հանդիպում-սեմինար: Այն նպատակաուղղված է նաև Եվրասիական երկրների պատվիրակների միջև սերտ համագործակցության հաստատմանը նախքան CITES-ի տարեկան խորհրդաժողովը Յոհաննեսբուրգում, որին սեպտեմբերի 17-ին կմասնակցի նաև  բնապահպանության նախարարության պատվիրակությունը: Հիմնական քննարկվելիք թեմաներն են փղերի և փղոսկրերի առևտուրը, ինչպես նաև այլ վտանգված կենդանատեսակների՝ թեփամորթերի, շնաձկների, ժակո թութակների և աֆրիկյան առյուծների առևտուրը:

«Հետքի» հարցին, թե արդյոք Յոհաննեսբուրգում Հայաստանին վերաբերող որևէ հարց քննարկվելու է, IFAW-Ռուսաստանի ներկայացուցիչ Մարիա Վորոնցովան պատասխանեց, որ անմիջական Հայաստանին վերաբերող հարցի քննարկում ներառված չէ, նախատեսված է քննարկել «Կովկասյան տուր» նախագիծը, որն առնչվում է Վրաստանին:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր, Երևանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը նշեց, որ վերջին տարիներին Հայաստանի անունը շրջանառվում է ստվերում՝ կապված վայրի կենդանիների ապօրինի առք ու վաճառքի, տրանզիտ երկիր լինելու հետ, և շատ դեպքեր են բացահայտվել, ինչն ամբողջ աշխարհում ստվեր է նետել Հայաստանի վրա: Ռուբեն Խաչատրյանը նաև նշեց, որ մինչև 2011թ. Երևանի կենդանաբանական այգին նույնպես ներգրավված է եղել այդ գործընթացներում, սակայն 2011-ից այն կասեցվել է: «Այս խնդիրը տեղային չէ, գլոբալ խնդիր է և Հայաստանում, և Հայաստանից դուրս»,- ավելացրեց Ռ. Խաչատրյանը: 

Լուսանկարը՝ Հրանտ Գալստյանի

Լուսանկարում՝ ձախից՝ Ռուբեն Խաչատրյանը, Խաչիկ Հակոբյանը, Մարիա Վորոնցովան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter