HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՄԻՊ-ի իրավաբանն ու բժիշկը տեսակցել են «Սասնա ծռերին»

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության իրավաբանը և բժիշկը, պաշտպանի հանձնարարությամբ, 2016 թվականի օգոստոսի 23-ին հերթական անգամ հատուկ նպատակով այցելել են արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ՝ տեսակցելու կալանքի տակ գտնվող Պավել և Արամ Մանուկյաններին, Սեդրակ Նազարյանին, Թաթուլ Թամրազյանին, Արմեն Լամբարյանին, Աշոտ Պետրոսյանին, Հովհաննես Հարությունյանին: Տեղի են ունեցել առանձնազրույցներ: Այս մասին տեղեկացնում է պաշտպանի աշխատակազմը:

Առանձնազրույցների և անհատական մոտեցմամբ կատարված ուսումնասիրությունների արդյունքում, ըստ հաղորդագրության, պարզվել է, որ Հովհաննես Հարությունյանը 2016 թվականի օգոստոսի 22-ին ենթարկվել է ռենտգեն հետազոտության, ապա հեռացվել է նրա ոտքի վրայի ծանրոցը, դրվել է գիպսե վիրակապ: Պաշտպանի աշխատակազմը տեղեկացնում է, որ հենց Հ. Հարությունյանի պնդմամբ՝ իր ինքնազգացողությունը լավացել է և կարողանում է ազատորեն շարժել աջ ոտքի մատները:

«Ընդ որում, ոտքի մատների այդ շարժումը նա կատարել է նաև Պաշտպանի աշխատակազմի բժիշկի ներկայությամբ»,- հայտնում է ՄԻՊ-ը:

Սեդրակ Նազարյանին 2016 թվականի օգոստոսի 23-ին հանձնուքով փոխանցվել է սառնարան, հեռուստացույց, էլեկտրական հովհարիչ և իրեն անհրաժեշտ այլ իրեր:

Թաթուլ Թամրազյանը, Արմեն Լամբարյանը, Արամ Մանուկյանը, Աշոտ Պետրոսյանը և Սեդրակ Նազարյանը պահման պայմանների, ինչպես նաև բուժօգնության կազմակերպման ու սպասարկման կապակցությամբ դժգոհություն, ըստ ՄԻՊ-ի, չեն ներկայացրել:

Արձանագրվել է, որ 2016 թվականի օգոստոսի 16-ին, 19-ին և 22-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնի բժշկական անձնակազմն այցելել է վերը նշված բոլոր կալանավորված անձանց և կատարել անհրաժեշտ բժշկական միջամտություններ, այդ թվում՝ վիրակապություններ: Վիրակապությունների նման պարբերականությունը պայմանավորված է վերքերի լավացմամբ և բժշկական ցուցմամբ:

Աշխատակազմը պարզվել է նաև, որ ցերեկային ժամերին (մինչև ժամը 18:00) «Սասնա ծռերի» կալանավորված անձանց, այդ թվում նաև՝ Հովհաննես Հարությունյանի խնամքն իրականացվում է բուժակի կողմից, իսկ երեկոյան և գիշերային ժամերին՝ հերթապահ բուժակի կողմից, իսկ վարչակազմի ներկայացուցչի աթոռը տեղադրված է անմիջապես Հ. Հարությունյանի հիվանդասենյակի դռան դիմաց:

Հիվանդասենյակների մաքրությանն իրականացվում է սանիտարի կողմից, իսկ երեկոյան և գիշերային ժամերին՝ տեխնիկատնտեսական աշխատանքներում ներգրավված դատապարտյալի կողմից:

Երեկ տարածած հաղորդագրության մեջ ՄԻՊ-ը նշել էր, որ «Սասա ծռերի» խնամքն ապահովող «Էրեբունու» մասնագետները դադարեցրել են շուրջօրյա հերթապահությունը,ինչի վերեբերյալ գրավոր պարաբանումներ են պահանջվելու արդարադատության և առողջապահության նախարարություններից: Այսօր ՄԻՊ-ը պաշտոնական հաղորդագրությամբ տեղեկացնում է, որ կալանավորված անձանցից յուրաքանչյուրի նկատմամբ անհատական մոտեցման հիման վրա իրավասու մարմիններից պահանջվել են գրավոր պարզաբանումներ բարձրացրված հետևյալ հարցերի կապակցությամբ. «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկում կալանավորված անձանց խնամքն ապահովող բուժակների կողմից իրականացվող շուրջօրյա հերթապահությունը դադարեցվելու, կալանավորված անձանց բուժօգնության հետագա կազմակերպման և նրանց հետագա խնամքն ապահովելու, Հ.Հարությունյանի կողմից իր նախընտրած բժշկի կողմից վիրահատության ենթարկվելու և բուօգնություն ստանալու հարցերի, ինչպես նաև նշված անձանց պահման մի շարք այլ պայմանների կապակցությամբ:

«Պահման պայմանների ապահովման կապակցությամբ առանձին հարցեր լուծում են ստացել տեղում կամ ներառվել են պաշտոնական հաղորդակցության մեջ»,- հայտնում է պաշտպանի աշխատակազմը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter