HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գազավորված ոչ ալկոհոլային ըմպե­լիքներ սպառողների անվտանգությունը չի երաշխավորվում.նոր հետազոտություն

Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվավերլուծական կենտրոնը ներկայացնում է տեղեկատվություն՝ գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների շուկայում իրականացված պիլոտային հետազոտության վերաբերյալ.

«Հաշվի առնելով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների մեջ ասպարտամ (E 951) նյութի առկայության հետևանքով հնարավոր առողջական ռիսկերի հետ կապված խնդրի արդիականությունն ու օրերս կայացած մամուլի ասուլիսի հասարակական հնչեղությունը, ինչպես նաև ԶԼՄ-ների կողմից խնդրի նկատմամբ հետաքրքվածությունը՝ ՀՀ ԳԱԱ Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնի Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվա­վերլուծական կենտրոնը, օպերատիվ արձագանքելով հանրությանը հուզող խնդիրներին, ռիսկերի վերաբերյալ տեղեկատվության ապահովման նպատակով Երևան քաղաքի սպառողական շուկայում իրականացրել է գազավորված ըմպելիքներում ասպարտամի առկայության և պահպանման պայմանների պիլոտային ուսումնասիրություն:Հաշվի առնելով խնդրի հրատապությունը, հետազոտությունը նպատակ է հետապնդել բացահայտել ասպարտամի կիրառման ռիսկի շրջանակը:

Հաշվի առնելով շոգ եղանակային պայմանները, խիստ կարևոր է ասպարտամ պարունակող ըմպելիքների պահման ջերմային ռեժիմի պահպանումը:

Ուսումնասիրվել են լայն սպառում ունեցող գազավորված ոչ ալկոհոլային ըմպե­լիքների տարայի վրա մակնշված տեղեկատվությունը,ինչպես նաև վաճառակետերում պահպանման պայմանները:

Ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է, որ մի շարք տնտես­վարող սուբյեկտների կողմից արտադրվող գազավորված զովացուցիչ ըմպելիքների («Երևանի գարեջուր» ՓԲԸ-ի Բայկալ ըմպելիք, «Վանց գրուպ» ՍՊԸ-ի Zuzu և Լիդերկոլա,  «Թամարա և Անի» ՍՊԸ-ի Juicinad ֆրուտմիքս, ինչպես նաև «Յունիոն» ՍՊԸ-ի  Հայկոլա) բաղադրության մեջ առկա է ասպարտամ:

Հատկանշական է, որ ուսումնասիրված բոլոր ըմպելիքների վրա առկա է պահման պայմանների վերաբերյալ տեղեկատվություն, մասնավորապես՝ պահել զով չոր տեղում՝ 0-18°C բացառությամբ՝ Բայկալ ըմպելիքի(պահպանումը՝ 2-12°C ջերմաստիճանի պայման­ներում):

Ակնհայտ է, որ Երևանում վերջին օրերին օդի միջին ջերմաստիճանը 35°C-ից բարձր է, և մեծածախ առևտրի կետերում ըմպելիքները պահվում են ոչ պատշաճ կերպով, բաց պայմաններում, երբեմն՝ արևի ուղիղ ճառագայթների տակ: Փոքրածավալ կետերում առկա են միայն հովանոցներ, սակայն ըմպելիքները շարված են տաք ասֆալտի վրա:

Հայտնի է, որ 30°C բարձր ջերմաստիճանի պայմաններում գազավորված ջրում առկա ասպարտամը տրոհվում է ֆորմալդեհիդի, մեթանոլի և ֆենիլալանինի, որոնք էլ մարդու առողջության վրա կարող են թողնել բացասական ազդեցություն: Հետևապես,հիմք ընդունելով ներկայիս եղանակային պայմանները, չի երաշխավորվում սպառողների անվտանգությունը:

Լուսանկարները տրամադրել է Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը Սննդի շղթայի ռիսկերի գնահատման տեղեկատվավերլուծական կենտրոնի: Ըմպելիքների բաղադրության մեջ առկա է ասպարտամ: Երրորդ լուսանկարում կենտրոնը ֆիքսել է ըմպելիքների վաճառքի և պահման պայմանները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter