HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Տնակում քնելու տեղ չլինելու պատճառով երեխեքը գիշերակացով դպրոցն են գնում»,- ասում է 6 երեխաների մայրը

Մխիթարյանների բազմանդամ ընտանիքը չի տեղավորվում 25 քառակուսի մետրանոց տնակում

Պլաստմասե շշերի կափարիչներով խաղալը 11-ամյա Նարեկի ամենասիրելի զբաղմունքն է: Կափարիչների մեծ կույտից նա առանձնացնում է միագույններն ու ճանապարհներ կառուցում: Նարեկը Մխիթարյանների ընտանքի 6 երեխաներից երկրորդն է:

40-ամյա Վահագն ու Լիլիթը 15 տարի առաջ են ամուսնացել: Համատեղ կյանքի ընթացքում 4 տղա, 2 աղջիկ են ունեցել՝ 14-ամյա Նվարդը, 11-ամյա Նարեկը, 9-ամյա Նուելը, 6-ամյա Հովհաննեսը, 4-ամյա Մարիոն և 2-ամյա Հովսեփը:

Ընտանիքի հայրը՝ Վահագը, փայտագործ է: Վանաձորի փայտի արտադրամասերից մեկում ամռան ամիսներին բանվորություն է անում: Աշխատանքը սեզոնային է, հոկտեմբերին գործն ավարտվում է, բանվորներին ուղարկում են տուն մինչեւ հաջորդ տարի:

«Օրական 1500-2000 դրամ փող են տալիս. ո՛չ գիտես՝ կոշիկ առնես, ո՛չ գիտես՝ շոր առնես երեխեքին… Մենակ եմ աշխատում, չեմ հասցնում: Էսա աշունն եկավ, գործը փակվում ա: Ձմեռը թե փախած գործ է լինում է, ձուն մաքրել է, փետ ջարդել է, անում եմ, թե չէ՝ էնա սաղ ձմեռ պարապ տանը նստած,-  ասում է Վահագն ու փոխում ձախ ձեռքի մատների վիրակապերը,- մի քանի օր առաջ է եղել էս էլ. մի վայրկյան ուշացնեի, մատներս ստանոկի տակ էին մնալու»,- ասում է Վահագը:

Արտագնա աշխատանքի մեկնելու մասին Վահագը շատ է մտածել, բայց ոտքը հայրենիքից դուրս դնել չի համարձակվում: «Հիմա շատ են տանում աշխատացնում, փողերը չեն տալիս»,- ասում է նա:

Տնակը, որում ապրում են Մխիթարյանները, Վանաձորի ծայրամասային թաղամասերից մեկում է գտնվում. տարիներ առաջ Վահագի հորաքույրն է ժառանգություն թողել: Ժամանակի ընթացքում Վահագը տնակի առաջնամասում փայտից կցակառույց է ավելացրել:

«Որ երեխեքը շատացան, էլ հնարավոր չէր էստեղ տեղավորվել: Ամուսինս արտադրամասից փետի կտորներ բերեց, մի կերպ էդ փոքր սենյակը հավաքեց, որ համ երեխեքը տեղավորվեն, համ էլ գոնե ձյունը տուն չլցվի»,- ասում է Լիլիթը:

«Որ աշխատեմ, բլոկ կառնեմ, կբերեմ էստեղ պատ կշարեմ, որ սենյակը մեծանա, համ էլ տաք լինի»,- ծնողների խոսքն ընդհատելով` ասում է 6-ամյա Հովհաննեսն ու մատնացույց անում կցակառույցի խոշոր ճեղքերը:

8-հոգանոց ընտանիքը, սակայն, միեւնույն է, չի տեղավորվում 25 քառակուսի մետրանոց տնակում: Ամռանը Լիլիթն ստիպված է լինում երեխաներից մի քանիսին ուղարկել իր ու ամուսնու բարեկամների տուն:

«Նվարդիս Գյումրի եմ ուղարկում, Հովհաննեսիս՝ Սպիտակ, որ գոնե մի կերպ տեղավորվենք էս տնակում, իրենք էլ էնտեղ կարողանան հանգիստ քնել,- ասում է Լիլիթն ու ավելացնում,- մի քանի օր առաջ ծնունդս էր, Նվարդս նվեր արեց՝ էդ օրն եկավ, 2 օր մնաց, էլի գնաց»:

Երեխաներից չորսը դպրոցական են: Սոցիալական ու բնակարանային պայմաններից ելնելով՝ մայրը նրանց ուղարկել է քաղաքի հակառակ ծայրամասում գործող հատուկ դպրոց, որտեղ երեխաները գիշերելու հնարավորություն ունեն: Լիլիթն ամեն ուրբաթ դասերից հետո վերցնում է երեխաներին, բերում տուն, լողացնում, հագուստը լվանում, արդուկում, որ երկուշաբթի էլի դպրոց ճանապարհի:

«Որ պայմաններ ունենայի, կուզեի երեխեքս կողքիս քնեին, բայց վիճակ չկա: Էս դպրոցում գոնե գրենական պիտույքներն ու գրքերը ձրի են տալիս, ճանապարհածախսն են հոգում: Մեր թաղամասի դպրոց որ ուղարկեի, էդ ամեն ինչի համար ես էի վճարելու»,- ասում է Լիլիթը:

Ընտանիքի միակ կայուն եկամուտը 60.000 դրամ նպաստն է, որը հաճախ տուն չի հասնում՝ սպառվելով  խանութների պարտքերը տալու ու կոմունալ վճարումներն անելու ճանապարհին: Սնունդն ու երեխաների հագուստն ապառիկ են գնում թաղամասի խանութներից:

«24 000 դրամ մի տեղ ունեմ տալիք, 35 000՝ մի տեղ… Մեծ մասն ուտելիքի ծախսեր են: Շոր, կոշիկ էլ թե էս խանութներում լինում է, մեկ-մեկ վերցնում եմ, ամեն նպաստին քիչ-քիչ փակվում, թե չէ հներով են յոլա գնում»,- ասում է երեխաների մայրը:

Լիլիթի խոսքով՝ խանութների պարտքերը քիչ են, հիմա էլ ստիպված են կրկնակի վճարել սպառած էլեկտրաէներգիայի համար:

«Լույսի փողը քանի ամիս էլեկտրիկին էինք մուծում: Էն էլ պարզվեց, որ ամբողջ թաղամասի բնակիչների փողերը հավաքել ու չի մուծել: Իրեն աշխատանքից հանեցին, նոր էլեկտրիկ ընդունեցին, բայց մեր լույսի 60 000 դրամ պարտքը մնաց,- ասում է Լիլիթը,- հիմա ամեն ամիս քիչ-քիչ՝ 5000-ով, 8000-ով մուծում եմ»:

Ձմռանը տնակը փայտով են տաքացնում: Վահագը փայտի արտադրամասից ամեն օր մի պարկ փայտ է տուն բերում, հավաքում տնակի հետնամասում:

«Ձմեռը մեծ-մեծ խոնավ փետերը գցում ենք պեչկը, որ մլմլալով երկար վառվի: Ես էլ ամբողջ գիշեր կիսաքնած-կիսազարթուն հետեւում եմ, որ մի բանի չկպնի, տունը վառվի»,- ասում է Վահագը:

14-ամյա Նվարդը 9-րդ դասարանում սովորում է, հիմնական դպրոցն ավարտելուց հետո ուզում է ուսումը քոլեջում շարունակել: «Մաթեմից է ուժեղ, ուզում է հաշվապահ դառնալ»,- ասում է Լիլիթն ու վրա գցում առավոտյան հունցած խմորը: Մոր խմորոտ ձեռքերին հետեւող 9-ամյա Նունեն հաստ մազափնջի տակից նայելով ասաց․ «Ես էլ բժշկուհի եմ ուզում դառնալ»:

Տաթեւիկ Սարգսյան

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter