Շաբաթ, 22 սեպտեմբերի

«Էյր Արմենիայի» գույքը հանվել է աճուրդի



Ինչպես արդեն գրել ենք, հուլիսի 6-ին դատարանը «Էյր Արմենիա» ընկերությունը լուծարելու վարույթ է սկսել: 2015-ի նոյեմբերի 2-ին սնանկացած ավիաընկերությունը չկարողացավ կյանքի կոչել առողջանալու ծրագիրը, եւ նրա գույքն արդեն աճուրդի է հանվել՝ պարտքերը փակելու համար:

Սնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանն օգոստոսի 30-ին աճուրդի միջոցով պիտի փորձի վաճառել ավիաընկերության տերերից Արսեն Ավետիսյանի ծնողներին՝ Վարդգես Ավետիսյանին ու Ռուզաննա Թովմասյանին, պատկանող առանձնատունը, որը գտնվում է Ծարավ Աղբյուրի 111 հասցեում եւ գրավադրված է «HSBC» բանկում: Հիշեցնենք, որ ընկերության հիմնական պարտատերը հենց այս բանկն է, եւ նրա դիմումով է «Էյր Արմենիան» սնանկ ճանաչվել: Աճուրդի են դրվել նաեւ «Էյր Արմենիային» պատկանող մեքենաները, գրասենյակային գույքը, շրջանառու եւ հիմնական միջոցները:  

«Էյր Արմենիան» իրեն վարկ տված բանկում գրավադրել էր նաեւ Գեւորգ Քոչարի 21 հասցեում գտնվող մի շարք տարածքներ: Վերջերս Արսեն Ավետիսյանը «Ֆեյսբուքում» գրել էր, որ գրավադրված գույքի մի մասն արդեն վաճառվել է (կարելի է ենթադրել, որ խոսքը հենց Քոչարի վրա գտնվող անշարժ գույքի մասին է, «Էյր Արմենիան» այս հասցեում էր գրանցված), ինչով մարվել է բանկի հանդեպ պարտավորության որոշակի մասը:

Աճուրդի հանված առանձնատան մակերեսը մոտ 1300 քմ է, ունի 1392 քմ հողամաս, 97 քմ լողավազան, շուրջ 20 քմ օժանդակ շինություններ, 102 խմ ծավալով պարիսպ: Մեկնարկային գինը 813.400.000 դրամ է:

Աճուրդի հանված մեքենաներն են՝

«Բենտլի Կոնտինենտալ GT» (2004 թ. արտադրության), գինը՝ 19.900.000 դրամ,
«ՎԱԶ 21214» (2004 թ.), գինը՝ 1.700.000,
«ԳԱԶ 2705-34» (2004 թ.), գինը՝ 1.300.000,
«ԳԱԶ 3110-121» (2003 թ.), գինը՝ 590.000,
«Կիա Սորենտո EX-3.3L» (2008 թ.), գինը՝ 1.700.000,
«Մերսեդես-Բենց Վիտո-112» (2002 թ.), գինը՝ 2.500.000,
«Մերսեդես-Բենց Վիտո» (2006 թ.), գինը՝ 5.700.000,
«Մերսեդես-Բենց Վիտո» (2004 թ.), գինը՝ 3.700.000,
«Ֆոլցվագեն Տուարեգ» (2005 թ.), գինը՝ 5.000.000,
«Ֆոլցվագեն Տուարեգ» (2008 թ.), գինը՝ 5.500.000,
«Շկոդա Ֆաբիա 1.6» (2012 թ.), գինը՝ 3.200.000:

Գրասենյակային գույքի ընդհանուր արժեքը 2.924.000 դրամ է, իսկ հիմնական եւ շրջանառու միջոցներինը՝ 19.333.200: Հիշեցնենք, որ «HSBC»-ից 2010-2014 թթ. ավիաընկերությունն ընդհանուր ավելի քան 2 մլն եվրո վարկ էր վերցրել (սա միայն մայր գումարն է):

«Արմավիայի» գույքը չի վաճառվում

«Էյր Արմենիայից» առաջ հայկական երկնքի մոնոպոլիստի դիրքը զբաղեցնող «Արմավիան» այսօր նույնպես տխուր վիճակում է: Ընկերությունը սնանկ է ճանաչվել 2014-ի հոկտեմբերի 6-ին, իսկ լուծարման վարույթը սկսվել է 2015-ի ապրիլի 30-ին: Այս տարվա փետրվարին անդրադարձել էինք «Արմավիայի»՝ աճուրդի հանված գույքին: Այսօր նույն գույքը կրկին վաճառքում է՝ բացառությամբ Ծաղկաձորում գտնվող «Ծաղկատուն» հանգստյան տան եւ հյուրանոցի:   

«Արմավիայի» սնանկության գործով կառավարիչը նույնպես Կարեն Ասատրյանն է: Հուլիսի 29-ին հերթական աճուրդը չի կայացել առաջարկ չլինելու պատճառով, եւ նա օգոստոսի 26-ին անցկացնելու է նորը:

Առաջին լոտը 1999 թ. արտադրության «Canadair CRJ 200LR» օդանավն է, որը 2009-ից  շահագործում էր Մ. Բաղդասարովի ընկերությունը: Մի շարք կարեւոր ագրեգատներ օդանավի վրայից բացակայում են: Այն մինչ օրս կանգնած է «Զվարթնոցում»: Եթե փետրվարին գինը 191 մլն դրամ էր, ապա հիմա ընկել է մինչեւ 125 մլն, ավելի կոնկրետ՝ 125.524.238: Չի հաջողվել վաճառել նաեւ Բաղդասարովի «Միկա Լիմիթեդ» ընկերությանը պատկանող եւ «Արմավիայի» պարտավորությունների դիմաց «Ամերիաբանկում» գրավադրված «Դիլիջան Ֆրոլովա» հանքային ջրերի գործարանը, որը գտնվում է Երեւանի Կիլիկիա թաղամասում՝ Այասի փողոցում: Փետրվարին գործարանի գինը 1,3 մլրդ դրամ էր, իսկ հիմա՝ 1.047.330.000: Երրորդ լոտով վաճառվում են «Արմավիայի» նյութական միջոցները՝ ինքնաթիռի պահեստամասեր, օժանդակ նյութեր, գրասենյակային գույք եւ այլն: Ձմռանը լոտի ընդհանուր արժեքը 48,6 մլն դրամ էր, իսկ հիմա գինը ավելի քան երկու անգամ ընկել է՝ 20.940.827 դրամ:

Այս ամենը նման է սնանկացած «Հայկական ավիաուղների» պատմությանը, որի՝ Սեւան քաղաքում գտնվող երկու հողամասերն ու Մոսկվայում կայանված եւ արդեն մետաղաջարդոն դարձած «Իլ-86» օդանավը տարիներով չի հաջողվում վաճառել:

Հայաստանի անկախությունից հետո երեք խոշոր ավիաընկերությունները նմանատիպ ճակատագիր են ունեցել. հաջորդը զբաղեցրել է նախորդի տեղը, սակայն նրա նման սնանկացել է՝ թողնելով խոշոր պարտքեր ու հույսը կորցրած տասնյակ պարտատերեր:


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (1)
1. Արթուր08:05 - 27 օգոստոսի, 2016
Չհասկացա, սրանց սաղ գույքը տաս մեքենայա ու մի 20 միլիոն դրամի սեղան-աթոռ? Թե արդեն սաղ մեջ-մեջ են արել կառավարիչի հետ միասին? Մեքենաների պատմություննելա շատ խոխմա: Արսենչիկի պարծանքը 2009 թվին առնված յուղը վրեն թոփ թազա բենտլին հինգը տարով թափով պառավելա դարձելա 2004 թվի մերս՞ Աչքիս հենց ինքն էլ կառնի: Դե որ էդքան փող ունի, թող մարդկանց աշխատավարձները տա...
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ