HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Քաղաքացիների դատական պաշտպանության հարցերը արդարադատություն իրականացնողների հայացքից դուրս

Կենտրոնական բանկի ու գործարար Լ. Մարկոսի միջեւ ծագած վեճը միակ օրինակը չէր, երբ դատարանները հայցադիմումը վերադարձրել էին բնօրինակները չկցելու պատճառաբանությամբ: Թեպետ հիշյալ պատճառաբանությամբ հայացադիմումները վերադարձնելն ավելի բնութագրական է տնտեսական դատարանին եւ նույն շենքում գտնվող Էրեբունի եւ Նուբարաշեն համայնքների առաջին ատյանի դատարանին, սակայն մյուս դատարաններում նույնպես հանդիպեցինք նշված պատճառաբանությամբ վերադարձների: Էրեբունի դատարանի սրահում նույնիսկ հայտարարություն կար. «Քաղ. դատ. օր.-ի 54 հոդվածի 2-րդ կետի համաձայն, գրավոր ապացույց փատաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձեւով»:

Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ այն հիմնական պատճառաբանությունները, որոնցով վերադարձվում են հայցադիմումները` «փաստաթղթերը հայցադիմումին չկցելը», «բնօրինակները չկցելը», «հայցապահանջի կամ դիմումի հիմքերը հավաստող ապացույցներ չկան», «կցված չեն հանգամանքները, որոնց վրա հիմնվում են հայցապահանջները», «չի գրել քաղ. դատ. օր-ի ո՞ր օրենքով է ենթակա բռնագանձման», «ապացույցները ձեռք բերելու անհնարինությունը չի հիմնավորել» եւ այլն, հայցադիմումները վերադարձնելու հիմք չեն: Հետազոտության ընթացքում հայտնի դարձավ նաեւ, որ բողոքարկումներն հիմնականում մնում են անփոփոխ, բացառությամբ մի քանի դեպքերի: Կենտրոն, Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում բազմաթիվ որոշումներ են բողոքարկվել դատարանի նախագահինª մոտ 30-40 %-ը, սակայն դատավորի որոշումը վերանայելու միայն մեկ դեպք կար: Ներկայացնենք դրանցից մեկը. դատարանի նախագահը 11.10.2002թ.-ին վերանայել է հայցադիմումը վերադարձնելու մասին դատավորի որոշումը. «Հնարավորություն ընձեռել դիմողին` Գրետա Հակոբյանին, հայցապահանջը հիմնավորող հանգամանքները եւ դրանց հիմքերը հաստատող ապացույցները ներկայացնելու դատաքննության ընթացքում: Մինչդեռ նման պատճառաբանությամբ բազմաթիվ հայցադիմումներ վերադարձվել են, եւ որոշումները բողոքարկելուց հետո դատարանի նախագահը թողել է անփոփոխ:

Հետազոտությունից պարզ դարձավ նաեւ, որ բողոքարկման այս ձեւը չի գոհացնում քաղաքացիներին, որովհետեւ նրանք փորձել են անգամ օրենքով չնախատեսված ձեւերով փոխել դատարանի մոտեցումը կամ գոնե իրենց անհամաձայնությունն այդպես արտահայտել: Օրինակ, Կենտրոն դատարանում հայցադիմումը մերժելու մեկ որոշման հետ կապված, բողոքարկումից հետո նույնիսկ որոշման պարզաբանում են պահանջել: Մեկ այլ դեպքում դատարանի նախագահի որոշումը բողոքարկել են ՀՀ վճռաբեկ դատարանի քաղ. եւ տնտ. գործերի պալատ: Արդարադատության խորհրդում միայն մեկ դեպք էին հիշում, որ սկզբուքնորեն քաղաքացին մինչեւ երկրի նախագահին էր դիմել` իր հայցադիմումը դատարան մուտք անելու համար:

Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահ Մարտին Կարապետյանը մեր հարցմանն ի պատասխան .հայտնեց, որ երկու տարվա ընթացքում բողոքարկման 4 դեպք է եղել, որոնք չեն վերանայվել, ՙքանի որ դատավորը հազիվ թե սխալ որոշում կայացներ: Նրա կարծիքով, դրա համար դատավորն այլ տարբերակ ունի` վճռով կմերժի, եթե սխալ է` թող բողոքարկվի վերադաս ատյան` շտկվի»:

Այս մեկնաբանության հետ համաձայնել չենք կարող, քանի որ դատարաններում դատական ակտերի հաշվառում ու վերլուծություն արվում է, որն իր հերթին պատասխանատվության կարգ է սահմանում, բայց հայցադիմումները վերադարձնելու կամ հայցի ընդունումը մերժելու որոշումների հաշվառում չի կատարվում:

Ուսումնասիրության ընթացքում հայտնի դարձավ, որ հայցադիմումը վերադարձնելու եւ հայցի ընդունումը մերժելու մասին դատարանների կայացրած որոշումները դատարանների գործունեության վերահսկողութունն իրականացնող ոչ մի օղակ չի ուսումնասիրում: Այդպես պատասխանեցին մեզ եւ Արդարադատության նախարարության վերահսկողական ծառայությունից, եւ Արդարադատության խորհրդից, եւ այն բոլոր դատարաններից, որոնց դիմեցինք նշված թեմայի վիճակագրությանը ծանոթանալու համար:

Հետեւաբար շատ ավելի հեշտ է այս ճանապարհով դատական գործընթացը կանխելը, քանի որ դրա համար դատավորը ոչ մեկին հաշվետու չէ: Հետազոտությունը ցույց տվեց նաեւ, որ այս ոլորտում հաշվառում չանցկացնելը կամայականության դուռ է բացում բոլոր այն դատավորների համար, որոնք խնդիր չեն դրել ապահովել օրենքի առջեւ բոլորի իրավահավասարությունը:

Դատարանների նախագահների խորհրդի նախագահ Հենրիկ Դանիելյանի կարծիքով այն աստիճան սուր չէ վիճակը, որ անհրաժեշտ լիներ դատական պրակտիկան ամփոփել, ցուցմունքներ ու պարզաբանումներ տալ դատավորներին, այդ իսկ պատճառով ԴՆԽ-ն որոշումների այդ մասով դատական պրակտիկայի ամփոփում չի անում:

«Վերադարձ շատ կա, հայցադիմումի ընդունումը մերժելը շատ կա, բայց դրանք օրենքով են արվում»,-եզրափակեց պրն. Դանիելյանը:

«Հարցը ոչ միայն սուր է, այլեւ պետք է շատ հրատապորեն լուծվի: Նույնիսկ եթե մի դեպք լիներ` դա էլ է արտառոց. քաղաքացուն ինչպես կարելի է զրկել դատական պաշտպանությունից»,-պնդում է Մասիս Ղազանչյանը: Նրա դիտարկումով, բավականին տարածված բնույթ է կրում դատական պաշտպանությունից զրկելը եւ այս վիճակը միայն այն դեպքում կլուծվի, եթե վերադաս դատարանում բողոքարկման կարգ սահմանվի:

«Ասել, որ տարածված չէ` չունենալով վիճակագրություն, նշանակում է ասել` չեմ կարդացել այս գիրքը, բայց վատ գիտեմ: Ես որ շփվում եմ այս գործին, բավականաչափ շատ գիտեմ»:

Անդրադառնալով որոշ դատարաններում տարածում գտած բնօրինակների պահանջով հայցադիմումները վերադարձնելու կարգին` Մ. Ղազանչյանը նշեց.«ՙԱյն հոդվածը, որ վկայակոչում են դատավորները հայցադիմումը վերադարձնելիսª վերապահում ունի եւ ասում է` որ դեպքերում է պահանջում տվյալ փաստաթղթի բնօրինակը: Եվ սա դատաքննության գնահատման ոլորտն է, այսինքն` անհրաժեշտ է, որ բնօրինակը կամ պատշաճ վավերացված օրինակը լինի, որի վրա կարող է վճիռը հիմնվել կամ տվյալ հանգամանքը հաստատել: Եթե չկա` սա պետք է պարզապես վճիռը մերժելու հիմքերից մեկը դառնա, ոչ թե` հայցադիմումը ետ վերադարձնելու հիմքերից մեկը: Բնօրինակը պահանջելը դառնում է հայցադիմումի քննության ընթացքում դիմումի եւ գործի հանգամանքների գնահատման ոլորտ»: Դատական համակարգում իր երկարամյա գործունեությունը Մ.Ղազանչյանին բերել է այն համոզման, որ ոչ օրինաչափ հայցերը վերադարձնում են հզոր կազմակերպությունների, օր., ԱՆ-ի, ՆԳՆ-ի, ՊՆ-ի, նաեւ ԿԲ-ի դեմ դիմելուց:

«Դատավորները շատ լավ հաշվում ենª գործադիրն է իրենց նշանակում: Եթե բավարարի` ստացվում է հզոր կառույցին ինչ-որ բան պարտադրել, չբավարարի` ստացվում է օրենսդրական դաշտում մանեւրել: Ստիպված մանեւրում է»: Նրա կարծիքով, դատավորների նշանակման այս մեխանիզմի, դատարանների անկախության այս երաշխիքի շրջանակներում դատավորը չի կարող գործել պահանջը բավարարելու կամ մերժելու սկզբունքով եւ այդ պարտավորությունից իրեն ազատում է հայցադիմումը չընդունելով:

«Սա դատավորների հարց չէ, անձերի հարց չէ: Պետք է դատավորներին վստահություն ներշնչել, որ օրենքի շրջանակում գործելը նրանց ապահովագրության լավագույն երաշխիքը կարող է լինել»,- շեշտեց Մ. Ղազանչյանը:

Փաստաբանը հայտնեց, որ իրեն հանդիպել է հայցադիմումը վերադարձնելու մասին մի որոշում, որում պատճառաբանվել է, թե դիմողը բաց է թողել հայցային վաղեմության ժամկետը: Մի այլ հիմք` պատշաճ չի ոչ պատասխանողը, ոչ էլ հայցվորը: Երկուսն էլ հայցադիմումը վերադարձնելու հիմք չեն: Օրինակ ունենք, որ դատավորը գրել է` ընդդատյա չէ դատարանին: Պահանջներն այնպիսին են, որ այլ մարմին չի կարող լուծել:

«Ուղղակի դատարանի ընդդատության է. դրված է ապօրինի տիրապետումից գույքը ետ վերադարձնելու պահանջ, ինչպե՞ս կարող է ընդդատյա չլինել»:

Վաղեմության մասին օրենքն, ըստ իրավաբանի, ուղղակի նշում է, որ չի կարելի այդ հիմքով գործը վերադարձնել, ավելին` մյուս կողմը պետք է դիմի, որպեսզի դատարանը կիրառի հայցային վաղեմություն: Սակայն, դատարանն սկզբից եւեթ հարցը լուծում է հայցը վերադարձնելով: Օրենսդրությունը պատշաճ պատասխանողի կամ հայցվորի հարցը լուծել է քաղ. դատ. օր-ի 31 հոդվածով:

«Սա շատ էական խնդիր է: ՀՀ քաղ. դատ. օր-ի 91 եւ 92 հոդվածների բողոքարկման կարգը անպայման պետք է փոխվի, որովհետեւ դատավորը ոչ օրինաչափ որոշմամբ քաղաքացուն կարող է զրկել դատական պաշտպանության իր իրավունքից»,-հարցի լուծաման իր տարբերակն է ներկայացնում փաստաբան Ղազանչյանը:

Բազմաթիվ դեպքեր կային, երբ հայցադիմումը մակագրելով դատավորին` դատարանի նախագահը միաժամանակ գրավոր հուշել է, թե օրենքի որ հոդվածով վերադարձնի` արդեն իսկ բացառելով բողոքարկելու հնարավորությունը: Մեր ուսումնասիրությունը ցույց տվեց նաեւ, որ հայացադիմումների գրեթե կեսն անհիմն են վերադարձրել եւ անհիմն են մերժել հայցի ընդունումը: Պրակտիկան ցույց է տալիս, որ հաճախ նույնիսկ առանց որոշում կայացնելու են հայացադիմումները վերադարձվում, ընդ որում` սա ավելի տարածված է մարզերում, որտեղ գրասենյակային մուտքը` որպես կարգ, չի սահմանված: Ուղղակի քաղաքացին հայցը ներկայացնում է դատավորին, նա էլ ասում է` չեմ ընդունում: Այնինչ, ինչպես շեշտում է նաեւ ՀՀ դատարանների նախագահների խորհրդի նախագահ Հենրիկ Դանիելյանը, «քաղաքացիական գործն սկսվում է հենց հայացադիմումը ընդունելուց»:

«Այն առումով, որ լուրջ խնդիրներ առաջանա` հայցադիմումները վերադարձնելու կամ հայցադիմումների ընդունումը մերժելու` երեւի չի հասունացել այդ չափով, որ այդ պրակտիկան ուսումնասիրվեր: Բայց, դատական պրակտիկայում, իհարկե, կան դեպքեր, եւ մենք ստանում ենք քաղաքացիների դիմում-բողոքներ, երբ, ըստ իրենց, շատ հաճախ խախտվում է հայցադիմումն ընդունելու իրավունքը: Կան դեպքեր, երբ դատավորները մերժում են` ուշադիր չնայելով, թե հայցադիմումն ինչին է վերաբերում: Այս դեպքում, մենք առաջին հերթին, օպերատիվ կարգով` հեռախոսազրույցով, կարգավորում ենք: Դրանից զատ, կա նաեւ բողոքարկման կարգը, բայց ես կարծում եմ` դա քիչ է, որովհետեւ կան դեպքեր, երբ ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ հայցադիմումի ընդունումն անհիմն է մերժվել: Դատական սխալներ հնարավոր են եւ բեկանման միջոցով ուղղելը ավելի լավ ձեւ է, քան պարզաբանում տալը»,-հայտնեց պրն. Դանիելյանը:

Դատավորներն իրենք բացասաբար են վերաբերվում ներկայիս օրենսդրական կարգին` որոշումը նույն դատարանի մեկ այլ դատավորի կողմից վերանայելուն:

«Եթե դատարանի որոշումը կարող է վերանայել դատարանի նախագահը, նշանակում է այս դեպքում դատարանի նախագահը հանդես է գալիս որպես առանձին դատական ատյան, որն իրականացնում է վերահսկողական ֆունկցիա: Այսինքն, ինքը ռեվիզիայի է ենթարկում դատարանի որոշումը եւ պատասխանում է երկու հարցի` օրինակա՞ն է դատավորի որոշումը, թե՞ ոչ, հիմնավորվա՞ծ է, թե՞ ոչ: Թե որքանով է դա նպատակահարմար, սա արդեն կոնցեպտուալ հարց է, որը կապված է դատական բարեփոխումների հետ»,-հայտնեց Անատոլի Մաթեւոսյանը:

Ըստ Մասիս Ղազանչյանի, «քաղաքացիական դատավարության օրենսգիրքը բողոքարկման այնպիսի կարգ է սահմանել, որը ոչ մայն մեր պայմաններում, այլ ընդհանրապես չի կարող գործել: Ստացվում է, որ մի դատարանի որոշումը պետք է վերանայի նույն դատարանի մի այլ դատավոր: Առանձին դեպքերում էլ այդ դատարանի նախագահի որոշումը պետք է վերանայի նույն դատարանի մի այլ դատավոր, որը լինելու բան չէ»:

Ղազանչյանի ասելով, «հարցը դրված է ոչ թե առանձին դատարաններ ինչու եւ ինչպես են դա անում, այլ` թե օրենսդրությունն ինչպես է դա կարգավորում եւ ինչու է հենց այս էական հանգամանքը բողոքարկման ենթակա վերադասության կարգով: Սա անպայման պետք է լուծվի, որպեսզի քաղաքացին նման որոշում ստանալուց վերադաս դատարան դիմելու հնարավորություն ստանա: Այս դեպքում մենք կունենանք նաեւ պրոֆիլակտիկա, որը դատավորին կպարտադրի իր որոշումը կայացնելուց առաջ մի անգամ էլ խորհել, թե իր կայացրած որոշումը որքանով է համապատասխանում գործող օրենսդրության պահանջներին»:

Մերժելով դիմումի ընդունումը` այդ մասին դատավորը պիտի պատճառաբանված որոշում կայացնի: Որոշման մեջ դատավորը պարտավոր է ցույց տալ, թե խնդրատուն որ մարմնին պետք է դիմի, եթե գործը ենթակա չէ դատարանին կամ ինչպես պետք է վերացնի գործի ծագմանն արգելք հանդիսացող հանգամանքները: Եթե դատարանների առաջ այդ պահանջները դրվեցին, որ նրանք հայցադիմումը վերադարձնելու կամ հայցադիմումի ընդումումը մերժելու մասին որոշումներով պարտադիր սրանք էլ կատարեն, այս պատկերը չենք ունենա:

«Նույն շենքում աշխատող դատավորները հիմնականում չեն հակասում միմյանց: Նշանակում է տվյալ անձը զրկվեց պաշտպանության իրավունքից»,- ասում է փաստաբան Արա Զոհրաբյանը:

Փաստաբանի այս կարծիքը կիսում էր նաեւ դատարաններից մեկի նախագահը.«Անկեղծ լինենք, իմ դատավորը ո՞նց կարող է վերանայել իմ կայացրած որոշումը: Դա լինելու բան չի»: ԴՆԽ-ի նախագահ Հենրիկ Դանիելյանը նույնպես համամիտ էր, որ օրենսդրական այս տարբերակը գործող չէ եւ կյանքը ցույց տվեց, որ երեւի ճիշտ կլիներ դրանք բողոքարկվեին վերադաս դատարանում:

«Քանի որ դատավորները կողք-կողքի են նստում, շատ դեպքերում քաղաքացին ուղղակի վստահություն չունի նրանց նկատմամբ: Պետք է մեկ ատյան բարձր գնա, որ համոզվի»,- պարզաբանեց ԴՆԽ-ի նախագահը:

Իրավաբանները հայտնեցին, որ նախորդ դատական համակարգում կիսամյակը մեկ անգամ ամփոփվում էր արդյունքները, նախկին օրենսդրությամբ նախատեսված էր հարցի լուծումը` մասնավոր գանագատի կամ բողոքի ձեւով ԳԴ-ի նախագահություն էին դիմում: Կային որոշ քանակի գործեր, որոնցով դատական կոլեգիան որոշում էր կայացնում, որ դատավորը սխալ է թույլ տվել եւ հայցադիմումը պետք է ընդունվի:

Մինչդեռ, մեր ուսումնասիրության ընթացքում շատ դատարաններից տպավորություն ստացանք, որ դա ավելորդ թուղթ է, որին պետք չէ նայել: «Չնչին, ոչ էական հարց է, իզուր ժամանակ եք վատնում»,- խորհուրդ տվեց մեզ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանի նախագահի պաշտոնակատար Մարտին Կարապետյանը: Իսկ Աջափնյակ դատարանի գրասենյակի պետը արհամարանքով նետեց. «Զբաղմունք եք գտել, իսկ ես նման թղթեր չեմ պահում, չկա, այրել եմ»:

«Եթե մենք հարց ենք բարձրացնում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից, դատարան դիմողի պաշտպանության տեսանկյունից` գտնում եմ, որ մարդու իրավունքները պաշտպանված կլինեն այն դեպքում, երբ մենք կունենանք կատարյալ դատական համակարգ, ոչ թե` ակտիվ փաստաբաններ: Բոլոր մեխանիզմները պետք է այնպիսին լինեն, որ շեղումների հնարավորություն չլինի: Նախկինում դա արվում էր եւ դրա հիման վրա ԳԴ-ի պլենումը դատական պրակտիկայի ամփոփում էր անում: Հիմա չգիտենք, որն է ճիշտը, որը` ոչ»,- ասաց տնտ. դատարանի դատավոր Ա. Մաթեւոսյանը:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter