HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փաստաբան. «Բոլորս էլ ներքին համոզմունք ունենք՝ այս բոլոր բողոքները մերժվելու են»

«Սասնա Ծռեր» խմբի անդամներից Արմեն Բիլյանը կշարունակի մնալ կալանքի տակ՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Այսօր վերաքննիչ դատարանը մերժել է կալանքի վերացման վերաբերյալ Բիլյանի փաստաբան Արմինե Ֆանյանի բողոքը: Փաստաբանը դեռ որոշումը չի ստացել:  

«Այն, որ այս ակտերի նկատմամբ որոշակի կանխատեսելիություն կա, բոլորին հասկանելի է; Ի վերջո, բոլորս էլ ներքին համոզմունք ունենք, որ այս բոլոր բողոքները մերժվելու են, համենայն դեպս` այս փուլում»,- «Հետքին» ասաց Բիլյանի պաշտպանը:

Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը որպես կալանավորման հիմք նշել է թաքնվելու վտանգը և դրանով պայմանավորված քննությանը խոչընդոտելը: Հիմնավոր կասկածի հիմքում էլ, փաստաբան Ֆանյանի փոխանցմամբ, երեք տուժողի ցուցմունք է, սակայն այդ ցուցմունքները ստուգված չեն, առերեսում չի արվել, ճանաչման չեն ներկայացրել:

Արմեն Բիլյանը առողջական վիճակից ելներով՝ փաստաբանը չի միջնորդել նրա ներկայությունը բողոքի քննությանը: Նա փաստաբանի միջոցով փոխանցել է, որ չի ընկճվել, շարունակում է պայքարը և շնորհակալություն է հայտնում այն մարդկանց, ովքեր աջակցում են:

«Առավել շատ մտածում է իր ընկերների առողջական վիճակի մասին, քան իր, թեպետ ինքը կռացած է քայլում: Դինամիկ վատթարանում է առողջությունը. ոտքերը, ձեռքերը քարանում են ողնաշարից ճառագայթող ցավից»,- ասաց Արմինե Ֆանյանը՝ հիշեցնելով, որ ՊՊԾ գնդի տարածքում դիպուկահարի կրակոցից խուսափելու համար Բիլյանը բարձր պատնեշից վայր է ընկել ու վնասել ողնաշարը:

Անհրաժեշտ բժշկական հետազոտությունների համար փաստաբանը դիմումներ է գրել ՀՀ ԱՆ ՔԿՎ պետին, բանտի պետին, արդարադատության նախարարին հասցեագրված: Արմեն Բիլյանին առաջարկել են ռենտգեն հետազոտություն: Այնինչ մասնագետները նշում են, որ նրան անհրաժեշտ է մագնիսառեզոնանսային շերտագրում: Փաստաբանը նշեց, որ այդ հետազոտության համար միջոցներ են հավաքել, դարձյալ դիմել են համապատասխան պետական կառույցներ, որ պատրաստ են վճարել հետազոտության համար, սպասում են պատասխանի:

Հիշեցնենք՝ Արմեն Բիլյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պատանդ վերցնելը) և 235 հոդվածի 3-րդ մասով (ապօրինի զենք-զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter