HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բուքմեյքերներից՝ պետբյուջե

Երեկ ՀՀ կառավարությունն հավանությանն է արժանացել «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին:  Կառավարության կայքում փոքր-ինչ բացվում են փակագծերը. «Օրինագծի ընդունումը պայմանավորված է «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքով, որի համաձայն «Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպում» գործունեության տեսակը դառնում է լիցենզավորման ենթակա` նախկին պարզ ընթացակարգով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակի փոխարեն:

Հիմնավորման համաձայն՝ մինչ վերոնշյալ օրենքի ընդունումը «Ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը» համարվում էր պարզ ընթացակարգով լիցենզավորման ենթակա գործունեության տեսակ, որը հնարավորություն չէր տալիս իրականացնել տեղերում ստուգումներ, ինչպես «Շահումով խաղերի և խաղատների մասին» այնպես էլ «ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքների պահանջներին համապատասխանության մասով:

Կարգավորման նպատակն է մեկ միասնական մոտեցում ցուցաբերել շահույթ հետապնդող շահումով խաղերի կազմակերպման գործունեության և վերահսկողության նկատմամբ: Մասնավորապես՝ «Շահումով խաղերի և խաղատների մասին» ՀՀ օրենքով սահմանված պահանջները հավասարապես կտարածվեն նաև ինտերնետ շահումով խաղերի վրա»: Ավելի վաղ «Հետքն» անդրադարձել է այս ոլորտին։

Հիշեցնենք, որ Հայաստանում գործում է վիճակախաղեր (տոտալիզատորներ) կազմակերպող չորս ընկերություն, որոնք առավել հայտնի են բուքմեյքերական ընկերություններ անվամբ։ Գործող բուքմեյքերական ընկերություններն են՝ «Վիվառո Բեթինգ»-ը (VivaroBet), «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերություն»-ը (Europefootball), «Ինտեր Լոտո»-ն (TotoGaming) և  «Գուդվին-Բետ»-ը (GoodWin): Բոլորը՝ ՍՊԸ են։ «Ինտեր լոտոն» վիճակախաղեր է կազմակերպում նաև լոտոների միջոցով։

Չորս ընկերություն էլ ներկայում ինտերնետ շահումով խաղեր է կազմակերպում։ Եվ չնայած դրանք առանձին գրանցված ընկերություններ են, սակայն իրականում փոխկապակցված են բուքմեյքերական չորս ընկերություններին։ Դրանք են «Վիվառո Գեյմ»-ը, «Այգեյմս»-ը, «Տոտո Գեյմինգ»-ն ու «Գուդվին Կազինո»-ն (բոլորը՝ ՍՊԸ)։  «Վիվառո Գեյմ»-ն անմիջականորեն կապված է «Վիվառո Բեթինգ»-ին,  «Գուդվին Կազինո»-ն՝ «Գուդվին-Բետ»-ին, «Տոտո Գեյմինգ»-ը՝ «Ինտեր Լոտո»-ին, իսկ «Այգեյմս»-ը՝ «Եվրոֆուտբոլ»-ին։

Ինչ կփոխվի այս ոլորտում կառավարության առաջարկած փոփոխություններից հետո, երբ այն ընդունվի, ցույց կտա ժամանակը։ Ենթադրվում է, որ փոփոխություններ կգրանցվեն նաև այս ոլորտից ստացվող հարկերի մասով։ Կավելանա՞ն հարկերը, թե՞ կպակասեն՝ դա էլ հայտնի չէ, քանի որ ամեն ինչ կախված կլինի ընկերություններից թվից ու նրանց նկատմամբ հսկողությունից։

Իսկ մինչ դա, այժմ սա առիթ է ներկայացնելու, թե որքան հարկ են վճարել նշված ընկերություններն այս տարի։ Ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ այս տարվա առաջին կիսամյակում բուքմեյքերական և նրանց փոխկապակցված ընկերություններից պետբյուջե է ստացվել  մոտ 1 մլրդ 132 մլն դրամի հարկ, որը 198 մլն դրամով կամ 17.5%-ով  ավելին է, քան 2015-ին առաջին կիսամյակի ցուցանիշը։

Հայաստանում վիճակախաղեր և շահումով խաղեր կազմակերպող ընկերությունների շարքում ամենախոշոր հարկատուն «Ինտեր Լոտո»-ն է։ Իսկ եթե վիճակախաղեր կազմակերպող ընկերությունների և փոխկախակցված շահումով խաղեր կազմակերպող ընկերությունների ցուցանիշները համատեղ ենք հաշվում, ապա ամենամեծ ծավալի հարկերը վճարում են  «Վիվառո Գեյմ»-ն ու «Վիվառո Բեթինգ»-ը։

Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով հանրապետության 1000 խոշոր հարկատուների ցանկում «Ինտեր Լոտո»-ն  173-րդ տեղում է, «Վիվառո Բեթինգ»-ը՝ 254-րդ, «Գուդվին- Բետ»-ը՝ 354-րդ, «Վիվառո Գեյմ»-ը՝ 410-րդ, «Այգեյմս»-ը՝ 494 -րդ, «Գուդվին Կազինո»- ն՝ 520-րդ, «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերություն»-ը՝ 700-րդ։ Իսկ «Տոտո Գեյմինգ»-ը խոշոր հարկատուների ցանկում չկա։ Դա նշանակում է, որ կես տարում այս ընկերության վճարած հարկերը 46.5 մլրդ դրամից պակաս են եղել, քանի որ խոշորների ցանկի վերջին հարկատուն հենց այդքան է վճարել։


Create bar charts

Ինչպես տեսնում ենք, նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ, այս տարվա առաջին կիսամյակում հարկերի աճ են գրանցել «Վիվառո Բեթինգ»-ը, «Վիվառո Գեյմ»-ը, «Գուդվին- Բետ»-ն ու «Ինտեր Լոտո»-ն։ «Եվրոֆուտբոլ» բուքմեյքերական ընկերության» և «Այգեյմս»-ի մասով հակերի ծավալը գրեթե նույնն է մնացել։ «Գուդվին Կազինո»-ն նախորդ տարի հարկատուների ցանկում չի եղել, քանի որ ըստ ՀՀ արդարադատության նախարարության պետական ռեգիստրի գործակալության՝ այն գրանցվել է այս տարի։ Իսկ «Տոտո Գեյմինգ»-ը նախորդ տարի ևս խոշորերի ցանկում չի եղել։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter