HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պետք է փորձենք հնարավորինս ապաքաղաքական պահել մեր դպրոցական համակարգը»,- ասում է ԿԳ նախարարը

Նոր ուսումնական տարվան ընդառաջ օգոստոսի 26-ին Վանաձորում կայացած դպրոցների տնօրենների ու ուսուցիչների հանդիպմանը ներկա էր նաև ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Հանդիպման ընթացքում Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մինաս Սայադյանը նախ ներկայացրեց 2015-2016 ուստարվա ամփոփ արդյունքները:

Անդրադառնալով տարվա ընթացքում մարզի մի շարք դպրոցներում հանձնարարաված ստուգողական աշխատանքների արդյունքներին, վարչության պետը մատնանշեց՝  չնայած նրան, որ ստուգողական աշխատանքների տարբերակներն ընտրվել են դպրոցում գործածության մեջ եղած կիսամյակային կամ ամփոփիչ ստուգողական աշխատանքների ցանկից, արդյունքներն, այնուամենայնիվ,  շատ ցածր են եղել:

«Անգամ իմանալով, որ այդ աշխատանքը մեկ անգամ դպրոցում տրվել է, մենք տվել ենք երկրորդ անգամ: Եվ ի՞նչ եք կարծում… շատ ցածր արդյունքներ, իսկ որոշ դպրոցներում ուղղակի անթույլատրելի անտեղյակություն առարկայից: Այնպիսի արդյունքներ, որ ուղղակի զարմանում ես, թե տարիներ շարունակ ինչո՞վ է  զբաղվել ուսուցիչն այդ դպրոցում»,- իր խոսքում նշեց վարչության պետը, տեղեկացնելով, որ նմանատիպ ստուգումները, դասալսումներն  ու ուսումնասիրությունները շարունակվելու են նաև առաջիկա ուստարում:

Նորանշանակ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանն իր հերթին խոսելով կրթական ոլորտում անհրաժեշտ բարեփոխումների մասին, կարևոր համարեց երկու հանգամանք՝ ուսուցչի հեղինակության բարձրացումն ու կրթության համար նպաստավոր պայմանների ստեղծումը:

«Մենք պետք է կարողանանք տնօրենի և ուսուցչի դերակատարումը մեծացնենք, այսինքն՝ չպետք  կատարենք որևէ քայլ, որը նվաստացնի կամ ավելի ստորադաս դարձնի նրա մասնագիտական ինքնասիրությունը… Առաջին արդյունքը ինչպես խոստացել էի, արդեն եղավ. այսուհետ ընդամենը պետք է վերապատրաստում անցնեն գործող տնօրենները»,- նշեց նախարարը, սակայն չհասցրեց ավարտել միտքը: Այն ընդմիջվեց տնօրենների միահամուռ ու բուռն ծափողջույններով: Ակնհայտ էր, որ նախարարի այս նորամուծությունը նրանց սրտով էր:

Ապա նախարարն անդրադարձավ թեստային համակարգի դրական ու բացասական կողմերին:

«Կենտրոնացված քննական համակարգը՝ անցումը, որն ապահովում է բարձրագույն կրթական համակրագ, և թեստային համակարգն այն ձևաչափերն են, որ աշխարհը կիրառում է: Բայց շատ կարևոր է, որպեսզի թեստային համակարգի մեջ երեխան չկորցնի իր անհատկանությունը, չկորցնի իր ստեղծագործական էությունը: Եվ այս իմաստով  պետք է  փորձենք վերականգնենք բանավոր քննությունների պրակտիկան գոնե հիմնական դպրոցում: Սա վերադարձ չէ խորհրդային նախկին դպրոցին,  այսօր աշխարհի խոշորագույն համալսարանները բացի կենտրոնացված քննություններից պահանջում  են էսսե գրել, պահանջում են հիմնավորել իրենց մասնագիտության ընտրությունը, ուզում են ստուգեն,  թե իրենց մոտ մտնող դիմորդը  ի՞նչ ստեղծագործական հատկություններ ունի: Եթե մենք դպրոցում չենք սովորեցնեում երեխային միտքը ձևակերպել, բանավոր, հստակ ասել, որպեսզի նա ունենա իր տեսլականը, իր երազանքը և կարողանա դա գրավոր-բանավոր փոխանցել, սա իսկապես ազդում է  կրթության որակի վրա: Հետո համալսարաններում մենք  ստանում ենք այսպես ասած  «շատ լավ մարզված» աբիտուրենտներ, որոնք ինքնուրույնության նշույլ չեն ունենում,- նշեց Լ. Մկրտչյանն ու որպես ասվածի հավաստում օրինակ բերեց  քննություններից,-բոլոր 19-20միավոր ստացած երեխաները, ովքեր փայլուն էին պատասխանել բոլոր բարդ հարցերին, 3-րդ, 4-րդ դասարանի խնդիրներից ձախողվել էին, որովհետև պարզ տրամաբանական խնդիրներ էին, որոնք որևէ վարժանքի կարիք չունեին»:

Նախարարն անհրաժեշտ համարեց դպրոցների  «լրացուցիչ կրթության տարրերով» համալրումը

 «Դպրոցը պետք է հնավորություն ունենա (դրա մասին մտածում ենք) շատ համընթաց ձևով մեծացնել իր ժամաքանակը: 7-րդ դասից հետո մենք պարտավոր ենք դպրոցը լցնել լրացուցիչ կրթության տարրերով… Պետք է  կարողանանք  մի ձև գտնել,որպեսզի կարողանանք ժողովրդի վրա չծանրացնելով հնարավորություն տանք դպրոցն իրականացնի լրացուցիչ կրթական ծրագրեր,- նշեց Լ. Մկրտչյանը, հավելելով,-սրա համար դեռևս ֆինանսական միջոցների խնդիր ունենք…»:

 Անդրադառնալով  «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի ուսումնական ծրագրերին,  նախարարն առաջարկեց  առարկան դասասենյակներում անցնելու փոխարեն դրանք անցկացվեն բաց դասերի ձևով հարակից որևէ հուշարձանի կամ եկեղեցու մոտ:

«Լինի բացօթյա դաս, էքսկուրսիա, գնան այդ եկեղեցին մաքրեն, պահպանեն,  հուշարձանը վերականգնեն…Հավատացեք, դա շատ ավելի խորը սեր կառաջացնի եկեղեցու և մեր կրոնական հենքի նկատմամբ, քան եթե նրանք սովորեն ևս 3 անուն՝ անգիր անելով»:

Խոսելով ավագ դպրոցների դերի ու նշանակության մասին, նախարարն ասաց. «Ի վերջո ավագ դպրոցը գերազանցության կենտրոն է, որը տարբերվելու է միջնակարգ դպրոցից, բայց եթե ցանկացած գերազանցության կենտրոն կտրվում է  համակարգից, մեծագույն վնաս է հասցնում ընդհանրապես ոլորտին: Այսինքն՝ սկսումէ խաղալ ծծանի դեր. լավագույն ուսուցչին, լավագույն աշակերտին կքաշի կտանի իր մոտ և մնացյալ համակարգը կընկնի շատ վատ վիճակի մեջ և խզումը ընդհանուր համակարգի ու գերազանցության կենտրոնի միջև շատ կմեծանա: Դրա համար եթե մենք ստեղծելու ենք գերազանցության կենտրոններ մարզային մակարդակում ավագ դպրոցների մեջ, պարտավոր ենք այդ նույն գործընթացը իջեցնել նաև մյուս դպրոցներ: Եթե մենք ունենք շատ լավ դպրոց, ուրեմն մյուս դպրոցները պետք է իմանան, որ իրենք ևս 3 քայլ հետո, 4 քայլ հետո կարող են դառնալ այդպիսի դպրոց»:

Նախարարն անդրադարձավ նաև 12-ամյա կրթական համակարգի բացերին ու դրանից բխող ծնողների վերաբերմունքին:

«Ինչո՞ւ ծնողը, որը երեխայի ականջը կքաշեր, եթե 9-րդ դասարանում բացակայեր, 11-ում կամ 12-ում ասում է՝  լավ, մի գնա դպրոց: Ասում է , որովհետև  12-րդ դասարանում չի տեսնում այն արդյունքը, որն իր երեխայի համար օգտակար կլինի»:

Խնդրի լուծման համար նախարարն իր տարբերակն է առաջարկում.«Ես հույսն ունեմ, որ եթե մի քիչ լավ աշխատենք, կկարողանանք ձևը գտնել, որ և՛ ոչ մի ուսուցիչ չկրճատվի, բայց և՛  11-րդ դասարանով երեխաները քնությունները տան վերջացնեն:Եթե հասանք սրան, 12-րդ դասարանի ժամանակահատվածը մենք պետք է կարողանանք այնպես օգտագործել,  որ ծնողը համոզվի՝ իր երեխան օգտակար գործ է անում: Ավագ դպրոցներում այս խնդիրը կլուծենք, բացված ժամանաքանակի փոխարեն կմտցվեն նաև կրեդիտներ, որն աշակերտն իր հետ կտանի համալսարան և համալսարանի 4 տարի  բակալավրիատը կիջեցնի 3 տարվա»:  

Պատասխանելով Հետքի հարցերին, Լ. Մկրտչյանը խոսեց նաև  դրամահավաքության, դպրոցները  քաղաքականացնելու,  նախընտրական քարոզարշավներում ներառելու մասին:Վերջինս վստահեցրեց, որ ուսումնական տարվան ընդառաջ նախարարությունում ահազանգ է եղել միայն դպրոցական համազգեստի պարտադրման հետ կապված:Խնդիրը լուծվել է. համազգեստի պարտադրանք հանրապետության որևէ դպրոցում չի լինի:

 -Եղավ մտահոգություն դպրոցական համազգեստի մասով և մենք արդեն շրջաբերական ուղարկել ենք:  Հատկապես սոցիալական վիճակն ի նկատի ունենալով պետք է փորձենք ծնողներին հնարավորինս չծանրաբեռնել: Ցանկացած պահի կոնկրետ դեպքի կապակցությամբ անմիջապես նախարարությունն արձագանքում է: Եթե մարզում կլինի կոնկրետ դեպք, որտեղ անհարկի դրամահավաք է տեղի ունենում, խնդրում եմ տեղեկացնել, մենք անմիջապես և ստուգող կուղարկենք, և կճշտենք:

Այս պահի դրությամբ ահազանգը համազգեստի վերաբերյալ էր և մենք որոշեցինք, որ ծնողներին չծանրաբեռնելու համար դպրոցական համազգեստը կլինի դասական  մուգ գույնի և սպիտակի մեջ:

Նախընտրական գործընթացներում  դպրոցների աշխատակիցներին ու ծնողներին չներառելու մասով նախարարը նշեց.

-Խնդիրը միշտ ուշադրության կենտրոնում է: Դուք էլ դերակատար եք այդտեղ իբրև հասարակայնության ներկայացուցիչներ, մամուլ:  Ցանկացած դեպքի կապակցությամբ  մենք կփորձենք իրավիճակին համարժեք գնահատական տալ, բայց պետք  է նաև հասկանանք, որ հատկապես գյուղերում դպրոցներն ու ուսուցիչներն ի վերջո այն մարդիկ են, ովքեր պետք է ընտրական գործընթացը նաև կազմակերպեն զուտ կազմակերպչական իմաստով: Այսինքն՝  այստեղ շատ բարդ խնդիր է, պետք  է փորձենք հնարավորինս ապաքաղաքական պահել մեր դպրոցական համակարգը:

 Գայանե Սարգսյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter