HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանտի կյանքից էին հարցնում, մենք էլ նրանց`ազատության մասին

Մհեր Ենոքյան,«Հետքի» թղթակիցը «Նուբարաշեն» բանտից

Այս ամառ երկինքն էլ ծածկեցին

Մարդը զարմանալի արարած է. ամեն պարագայում լուսավոր կետ է գտնում, որ շարունակի շարժվել առաջ…

Բանտային ամառային «արձակուրդները» վերջանում են:

-Էդ ի՞նչ ա, - նայելով զբոսանքի գնացող դատապարտյալի ձեռքի ծանր պայուսակին` հարցնում է հսկիչը:

-Շշերով ջուր, - լսվում է պատասխանը:

-Ինչի՞ համար ես էդքան ջուր տանում…

Րոպեներ անց բետոնապատ, երկնքից ճաղերով ու պլաստմասե նոր տանիքով անջատված «զբոսանքի» խցերից շատերում, այնուամենայնիվ արևի թափանցող ճառագայթների տակ, երևակայական լողափում կանգնած բանտարկյալներս մեզ վրա շշերով ջուր ենք լցնում: Ամեն տեղից լսվում է «ուխա՜ա՜ա՜յ», հսկիչներն էլ, թե` «անուշ եղավ, ընկեր Նաջարյան»: Այսպիսի բանտային եղբայրություն, անկախ նրանից, որ «բարիկադների» հակառակ կողմերում ենք:

Հավանաբար բանտի կառուցվածքին, անցուդարձին անծանոթ լինելով` պատկերացնում եք, թե զբոսանք կոչվածը տեղի է ունենում ինչ-որ բաց տարածքում, որտեղ կան խոտեր, ծառեր, բաց երկինք… Ամենևին ոչ. տասնյակ տարիներ ցմահ ազատազրկվածների ոտքը հողին չի կպնում. բաց`առանց ճաղերի երկինք, բանտի շենքի ոչ մի կետից չես կարող տեսնել: «Նուբարաշեն» բանտում «զբոսանքը» տեղի է ունենում ճիշտ այն նույն տիպի խցերում, որտեղ 4-ը` 5 մերտի վրա պահվում են բանտարկյալները, միակ տաբերությունն այն է, որ առաստաղի տեղը մի շերտ ճաղեր էին: Ասացի՝ «էին», որովհետև այս ամառ երկինքն էլ ծածկեցին…

Մի 2 ամիս շարունակ դրսից եկած շինարարական խումբ էր աշխատում բանտի տանիքում: Հիմնականում երիտասարդ տղաներ էին, ովքեր սկզբից զարմացած նայում էին մեզ, հետո ծանոթանում էինք իրար հետ. նրանք մեզ բանտի կյանքից էին հարցնում, մենք էլ նրանց`ազատության մասին… Զգացվում էր, որ նեղսրտում էին, երբ մեզ տեսնում էին գազանանոցի կենդանիների վանդակներում պատից պատ քայլելուց: Բայց ինչ արած. ստիպված շարունակում էին անջատել մեզ երկնքից…

Իշխանությունները հերթական անգամ, հավանաբար Եվրոպայից, գումարներ են ստացել, որ պայմաններ «բարելավեն», տանիքը վերանորոգեն: Եվ այդ վերանորոգումն արտահայտվեց այն տեսքով, որ նույնիսկ դրսից էլ երևում է` «Նուբարաշեն» բանտն այժմ ունի կլորավուն պլաստմասե տանիք: Տանիք, որը, բացի ճաղերից, դարձավ պատնեշ բանտարկյալների և երկնքի ու արևի միջև: Բավական չէր, որ ոտքներս գետնին չէր կպնում, սրանից հետո նույնիսկ անձրևի կաթիլները, կամ ձյան փաթիլները մեզ չեն հասնի, ինչը երջանկություն էր պարգևում բանտային տանջանքների մեջ:

- Ո՞նց ես, - մի խցից` մյուսն իրար ձայն են տալիս ցմահ բանտարկյալները:

- Լավ եմ, դուք ո՞նց եք, տնեցիք ո՞նց են, - արձագանքում է ձայնը:

Մեկ էլ հանկարծ շատ ավելի հեռու գտնվող զբոսախցից լսվում է տարօրինակ երգի ձայն. «Երբ գալիս է սեպտեմբերը…, սեպտեմբե՛ր, սեպտեմբե՛ր…»

-Չե՞ս հավատում, - հարցնում է մեկ այլ ձայն:

-... սրտի մխիթարանք, ամեն տարի էլ սեպտեմբերին ասում են, թե մեծ համաներում ա լինելու, բայց, դե՛, մեզ ինչ…

Նորից լսվում է երգի ձայնը. «Երբ գալիս է սեպտեմբերը», հետո «ուխա՜ա՜ա՜յ»-ը, հետևից էլ`«անուշ եղավ ընկեր Նաջարյան»-ը…

Մեկնաբանություններ (1)

Գագիկ
Ի՜նչ դաժանությու՜ն Մհեր ջան! Էստեղ են պատմում երևի են գժանոցի անեկդոտը, որ գլխավոր բժիշկը ասումա մինչև լողալ չսովորեք լողավազանները ջուր չենք լցնի! Իրականում մենակ եթ շենքի կլորությունը արդեն իսկ բավական է որ «բնակիչների» վրա հոգեբանական ահռելի ճնշուշ գործադրի, սա ապացուցված է բոլոր ժամանակների մեծ ճարտարապետների կողմից ու հազարամյակներ առաջ մեր նախնիները խուսափել են կլոր շենքեր կառուցելուց, իսկ մեր մոտ 21-րդ դարում զրկել մարդուն «կտոր մը երկնքից» սա արդեն դաժանության գագաթնակետն է։ Մի օր ել կվորոշեն եթ եղած անդուր հոտերով համեմված օդից ել զրկեն ու վերջ։ Ժամանակնա որ շատ մեծ պահանջ դրվի էս պետության ու իշխանության առաջ, որ մի նորմալ ու քաղաքակիրթ բանտ կառուցեն ու մարդկանց ոչ թե տանջամահ անեն այլ ազատությունից զրկեն, իսկ սովետաշենի կլոր գերեզմանը վերածեն «զբոսաշրջության կենտրոնի» ինչպես եվրոպական տարբեր երկրներում են արել դա, որ մարդիկ գնան տոմս առնեն մտնեն ու սեփական աչքերով տեսնեն եթ խցերն ու սարսափեն, որ ել կյանքում հանցանք չգործեն ու չհայտնվեն այդտեղ։ Իսկ եթե մի քիչ ել կրեատիվ լինեն ու եթ նույն «սեղանաթոռմահճակալ» կոչվածների վրա ել վճարեն և ուտեն են նույն բալանդը որը տարիներ շարունակ ճաղերի հետևում կալանավորներն են կերել, ուրեմն վստահ եմ որ եդտեղ ոտք դնողը ել կյանքում ձու ել չի գողանա իսկ ձիու մասին խոսք անգամ լինել չի կարող! Մտածեք!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter