HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

13-ամյա տղան գումար է աշխատում` հանքաքարեր վաճառելով

Երկրորդ խմբի հաշմանդամ Վարուժան Գալստյանի 6 անչափահաս երեխաներից 6 տարեկան Էրիկը չի խոսում, իսկ երեք տարեկան Էլինայի մոտ թոքի զարկերակային երակի խցանում է ախտորոշվել: Վարուժանը փող չունենալու պատճառով երեխաներին չի կարողանում տանել բուժման։

Զալիկը Վարուժան Գալստյանի 6 անրափահաս երեխաներից միջնեկն է: Զալիկին Ախթալայում բոլորն են ճանաչում: Նա ամեն օր  Ախթալայի Սուրբ Աստվածածին  եկեղեցու մոտ զբոսաշրջիկների հետ առևտուր է անում: Զալիկը 13 տարեկան է, սակայն քրոջ՝ 11-ամյա Էսթերի հետ 6-րդ դասարանում են սովորում: «Զալիկը 2 տարի մնացել է նույն դասարանում, դրա համար է քրոջ հետ նույն դասարանում սովորում»,- բացատրեց  մայրը՝ Անգինը:

«Փոքր հանքաքարեր եմ վաճառում, մեկ-մեկ էլ էն կլոր մագնիսով նուռ եմ վաճառում: Մոտենում եմ զբոսաշրջիկներին, սկզբից իմ  ձեռքի քարերից նվեր եմ տալիս: Հետո ասում եմ՝ էս ինչ բանն էլ եմ վաճառում: Հա, ես իմ ապրանքն եմ վաճառում»,- բացատրեց Զալիկը: Զալիկը հանքաքարերը Ախթալայի պղնձի հանքերի մերձակայքից է հավաքում: Նկատել է, որ հանքաքարի փոքր կտորները դուր են գալիս զբոսաշրջիկներին: Մի կտոր հանքաքարը 1000 դրամով է վաճառում:

«Եթե տուրիստները շատ են լինում, օրը 10 հազար դրամ եմ աշխատում: Եթե քիչ են լինում, 5 հազար դրամ եմ աշխատում: Օր է լինում` 1500 դրամ եմ աշխատում: Աշխատածս փողը տանում եմ տուն՝ մորս եմ տալիս»,- ասաց Զալիկը:

Վարուժան Գալստյանի ընտանիքն ապրում է  3 սենյականոց բնակարանում: Անգինը ներկայացրեց իր 6 երեխաներին. «Մեծը՝ Օնիկս  16 տարեկան է: Զալիկս 13 տարեկան է: Էսթերիկս 11 տարեկան է:  Գոռիկս 8 տարեկան է, Էրիկս՝ 6, փոքրս՝ Էլինան 3 տարեկան են: Ամուսնուս 2-րդ խմբի հաշմանդամության 19 հազար դրամ թոշակով և երեխաներիս 59 հազար դրամ նպաստով ենք ապրում: Մինչև նպաստի և թոշակի ստանալը նիսյայով ենք ապրում: Արդեն մեկ տարի է` լույս չունենք: Լույսն իմ մորս տանից ենք քաշել: Հոսանքի 36 հազար դրամ պարտք ունենք»,- պատմեց Անգինը:

«Ալավերդու էլեկտրացանցի տնօրեն Աշոտ Շաքարյանը մի անգամ օգնել է: Համ հոսանքի վարձն է փակել, համ էլ 25 հազար դրամ փող է տվել, ասել եմ` հետո կփակվեմ փողերդ, ասել է ՝չէ, ամոթ չի՞: Հիմի արդեն, ես ամաչում էլ եմ, որ նորից դիմեմ: Պետք է գնաս աշխատես, քոնն ունենաս: Գնաս, մինչև երբ ձեռքդ դեմ անես, ասես՝ ինձ օգնի: Էդ էլ ձմեռն էր, դրա համար էդքան վառել էինք: Համարյա մեկ տարի է` լույս չունենք»,- պատմեց Վարուժանը:

Էրիկը և Էլինան

Երեխաներից երկուսը՝ 6-ամյա Էրիկը և երեքամյա Էլինան հիվանդ են: Էրիկը չի կարողանում խոսել: Վարուժանն ասում է, որ փող չունենալու պատճառով չեն կարողացել Էրիկին բժշկի կամ լոգոպետի մոտ տանել: Այս տարին Էրիկը դպրոց պետք է գնա, բայց երեխան միայն պապա և մամա բառերն է մի կերպ ասում: Երևանի Նորք Մարաշ հիվանդանոցի մանկական սրտաբան Կարեն Քուրդևը 09.02.2012թ.-ին 3-ամյա Էլինայի մոտ թոքի զարկերակային երակի խցանում է ախտորոշել: «Հետո ասում են` Էլինաս սրտի արատ  ունի: Պետք է տանենք հիվանդանոց՝ գումար չունենք: Երեխային բուժման տանելու համար 20 հազար դրամով Հայկազ Խաչիկյանը օգնել է: Փողը ձեռքի հետ ծախսվել է, Էլինայի բժշկական զննությունը թերի է մնացել»,- ասաց Անգինը:   

Վարուժանի ավագ որդին՝  Օնիկը 11-րդ դասարանում է սովորում: Մեր այցելության պահին Օնիկը տանը չէր: Անգինն ասաց, որ Օնիկը լավ է սովորում: Երկու տարի հետո բանակ է մեկնելու: «Ուզում եմ խորովածի փառատոնին  Սեդրակ Մամուլյանին խնդրեմ օգնի` Օնիկը մի տեղ խոհարարի մասնագիտություն սովորի: Օնիկը սիրում է  խոհարարի գործը»,- ասաց Վարուժանը: Երեխաներից Էսթերն ասաց, որ դպրոցում  միջակ է սովորում, սիրած առարկան մայրենի լեզուն է, սիրած ուսուցիչն էլ մայրենի լեզվի ուսուցչուհին է՝ ընկեր Սարգսյանը: էսթերի ասելով` հիմա ուսուցչուհի Սարգսյանը մայրենի լեզու է դասավանդում 3-րդ դասարանում սովորող եղբորը՝ Գոռին: Հաշմանդամ Վարուժան  Գալստյանի 6 անչափահաս երեխաները դժվարություններով՝ մի կերպ մեծանում են:  

Մեկնաբանություններ (1)

nver
Մի քանի րոպպե առաջ կարդում էի Հայաստանի միլիոնատեր եւ միլիարդատեր մարզպետների եկամուտների չափի մասին : հարամ լինեն այդ գումարները նրանց ու նման ընտանիքներին չեն օգնում

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter