HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրիում «Սաստեքս» ընկերությունը ձեռնոց է նետում գործազրկությանը

Գյումրիում տեքստիլ արդյունաբերության ոլորտում հատկապես վերջին տարիներին բավական էական տեղաշարժ է նկատվում: Արդեն իսկ գործող ընկերությունների կողքին շուտով կհայտնվի նաեւ «Սաստեքս» ընկերությունը, որը հայտնի է Երևանում, Վանաձորում և Ամասիայում («WKS-Հայաստան») ստեղծած կարի արտադրամասերով:

300-500 աշխատատեղ է խոստանում Գյումրիում ստեղծել «Սաստեքս» ընկերության տնօրեն Քրիստիան Գելեջին: Կառավարությունն այդ նպատակով ընկերությանը տրամադրել է նախկին մարզային հիվանդանոցի շենքը եւ հարակից տարածքները: «3-4 տարի պայքարեցինք մինչեւ այս շենքը հասավ մեզ,- ասում է Քրիստիան Գելեջին,- նախագահը, երբ 2011թ-ին եկել էր Ամասիայում կարի արտադրամասի բացմանը, դեռ էդ ժամանակ էր խոստացել, որ Գյումրիում էլ ինձ տարածք կտան: Քաղաքում մի քանի շինություններ ցույց տվեցին, բայց ես սիրահարվեցի այս տարածքի վրա ու ցանկացա հենց այստեղ սկսել գործը՝ հասկանալով նաև, որ բավական մեծ ներդրումներ ենք անելու՝ միլիարդների հասնող»:

Ներկայում ֆաբրիկայի տարածքում ընթանում են շինարարական և վերանորոգման աշխատանքներ: Շինաշխատանքներում, Քրիստիան Գելեջիի փոխանցմամբ, 120 շինարար է ընդգրկված: Ժամանակացույցից ուշանում են չնախատեսված ծավալի շինարարական աշխատանքների պատճառով: «Շենքը ոչ այնքան բարվոք վիճակում էր մեզ հասել՝ ներսում ամբողջը քանդված, եւ մենք հիմա ամենը վերականգնում ենք, նաեւ հիմքերի ամրացման աշխատանքներ ենք կատարել: Պիտի օգոստոս ամսից գործեինք, բայց մեկ ամսով ուշանում ենք: Սեպետեմբերի 15-ին մտադիր ենք բացել կարի արտադրամասը, որտեղ 300 աշխատատեղ կունենանք»,- ասում է Քրիստիան Գելեջին:

2,5 հա տարածքում շինարարության ավարտից հետո ընկերությունը կունենա 11 հազար քմ փակ տարածք՝ բաղկացած 5 շինություններից: Մարզային հիվանդանոցի շենքը ծառայելու է որպես ուսումնական կենտրոն, այստեղ է տեղավորվելու նաև ընկերության վարչական մասը, պատրաստի ապրանքի ցուցադրության սրահը և այլն: Արտադրանքի 90 տոկոսն արտահանվելու է: Քրիստիան Գելեջին գործընկեր ֆիրմաներից նշում է «Զառա» բրենդը: Տարին մեկ անգամ ֆաբրիկայի արտադրանքն ինքնարժեքով հասանելի կլինի նաև տեղացիներին:

«Այս պահին Գյումրիում են գերմանական «Շտոլ» ֆիրմայի ներկայացուցիչները: Մենք նրանցից մոտ 7 մլն եվրոյի 100 մեքենա սարքավորում ենք ձեռք բերել, մեկ այլ ֆիրմայի 4 մլն եվրոյի 30-40 գործող մեքենաներ ենք պատվիրել եւ մինչեւ սեպտեմբերի 15-ը պիտի տեղադրենք, որ բացում անենք,- ասում է Քրիստիան Գելեջին,- մենք միայն թելն ենք ներկրելու, մնացածը, կոճակից սկսած պիտակից վերջացրած, տեղում է արվելու: Նպատակ ունեմ հետագայում երկաթգծի մոտ գտնվող չօգտագործվող շինություններից մեկ-երկուսը ձեռք բերել եւ թելն էլ տեղում արտադրել»:

Որքա՞ն աշխատավարձ կստանան նորաբաց գործարանում աշխատանքի անցնող գյումրեցիները, «Սաստեքս»-ի տնօրենն ասում է՝ կախված կլինի որակից:

«Ամասիայում, որ նոր էինք սկսել, խնդիր կար, որ մարդը չէր ձգտում ավելին անել, իսկ ես իմ գրպանից էի վճարում: Դա ճիշտ չէր ու պատճառ դարձավ, որ խոսեն, թե այնտեղ աշխատավարձերը ցածր են: Անում էին իրենց գործը ու վերջ, ավելիին չէին ձգտում, իսկ հիմա ես աշխատող ունեմ, որ 80 հազար դրամ աշխատավարձ է ստանում այնտեղ: Հենց հիմա այս շինարարությունում ունեմ մասնագետ, որ 600 հազար դրամ փող է ստանում: Այսինքն ուզում եմ ասել, որ ամեն ինչ կախված է լինելու աշխատողի տված որակից: Սա սկզբունք է, եւ ես այն չեմ փոխելու»:

Նորակառույց գործարանի հարեւանությամբ կան տնակներ, որոնք տարածքից հեռացնելուց հետո ընտանիքներին բնակարանով ապահովելու հարց է առաջանում: Այդ նպատակով, հենց նույն տարածքում 16 ընտանիքների համար կառուցվելու են միահարկ, կից փոքր այգիով տներ՝ մասնակի կահավորումով (խոհանոց եւ սանհանգույց): Քրիստիան Գելեջիի փոխացմամբ` իրենց կողմից կառուցված բնակարանները ընտանիքներին կտրամադրվեն անհատույց:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter