HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահան Խաչատրյանը և Լեւոն Բարսեղյանը համատեղ կմասնակցեն Գյումրու ավագանու ընտրություններին

2016 թ. օգոստոսի 27-ին Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբում տեղի ունեցավ ԳԱԼԱ ՀԸ եւ ԳԱԼԱ կուսակցության հիմնադիր Վահան Խաչատրյանի եւ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի համահիմնադիր, «Ասպարեզ» օրաթերթի խմբագիր եւ Գյումրու ավագանու անդամ Լեւոն Բարսեղյանի հանդիպումը, որով եզրափակվեցին մոտ չորս ամիս տեւած բանակցությունները` Գյումրու կայանալիք ավագանու ընտրություններում միացյալ ջանքեր ներդնելու մասին: Այս մասին հայտնում է «Ասպարեզ» ակումբը:

Բանակցությունների ընթացքում քննարկվեցին եւ վերլուծվեցին նախընթաց տարիներին Լ. Բարսեղյանի եւ Վ. Խաչատրյանի անձնական եւ գործնական հարաբերությունները: Վ. Խաչատրյանը Լ. Բարսեղյանին առաջարկեց լինել Գաղափարակից լիբերալների ալյանս կուսակցության (ԳԱԼԱ) ավագանու անդամների թեկնածուների ցուցակում:

Ավելի վաղ եւ բազմիցս Լ.Բարսեղյանը հայտարարել էր, որ չի պատրաստվում քաղաքապետի պաշտոնի հավակնորդ լինել եւ ջանքեր է ներդնում որեւէ բարեխիղճ ընդդիմադիր դաշինքի ձեւավորման ուղղությամբ, որի թեկնածուական ցանկում դեմ չէր լինի ընտրվել որպես Գյումրու ավագանու անդամ: Այս եզրափակիչ հանդիպման ժամանակ արձանագրվեց, որ չնայած կողմերի եւ այլ կուսակցությունների ներդրած համառ ջանքերին` միացյալ հայտով որեւէ ընդդիմադիր դաշինք կազմել չհաջողվեց, սակայն մի քանի կուսակցություն պատրաստակամություն հայտնեցին պաշտպանել ԳԱԼԱ կուսակցությունը այս ընտրություններում:

Կողմերն արձանագրեցին նաեւ, որ չնայած մի շարք հարցերում պահպանված մի քանի տարաձայնություններին եւ մոտեցումների տարբերությանը` Գյումրու տեղական ինքնակառավարման համակարգը կարիք ունի անհետաձգելի բարեփոխման. այս մակարդակում եւս կարիք կա քաղաքացիների շահերի անզիջում պաշտպանության, արդյունավետ կառավարում իրականացնելու եւ կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու:  

Հանդիպման արդյունքում, հաշվի առնելով քաղաքի առաջ ծառացած խնդիրները, ինչպիսիք են անօթեւանությունը, բնակարանաշինությունը, քաղաքաշինությունը, ծայրահեղ աղքատությունը, գործազրկությունը եւ արտագաղթը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ գործող քաղաքային իշխանությունը այս խնդիրների կարգավորման հարցում տարբեր պատճառներով բավարար ջանք չի ներդնում, իսկ պետական իշխանությունը իր հանրապետական վերնախավով բազմիցս ձախողել է Գյումրու հիմնախնդիրների կարգավորումը, վեր դասելով Գյումրի քաղաքի շահը անձնական, գործարար, կուսակցության կամ կազմակերպության շահերից, նաեւ հաշվի առնելով բազմաթիվ գյումրեցիների եւ փորձագետների` ջանքերը միավորելու կոչերը, կողմերը որոշեցին համատեղ մասնակցել Գյումրու ավագանու ընտրություններին:

Վահան Խաչատրյանը հավաստիացրեց, որ ԳԱԼԱ կուսակցությունը այն քաղաքական ուժն է, որը, նույնպես վեր դասելով քաղաքի շահը, բարեխղճությամբ պայքարելու է ավագանու կազմում ազդեցիկ դիրքի համար, չի նահանջելու եւ ոչ մի դեպքում ետ չի կանչելու իր թեկնածուական հայտը:

ԳԱԼԱ կուսակցության թեկնածուական հայտը ընտրատարածքային հանձնաժողով է ներկայացվելու օգոստոսի 27-ին: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter