HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ջոն Քոլթրեյն. «My Favorite Things»

Նաիրա Հայրապետյան

«Մայլսի երաժշտությունն ինձ ցույց տվեց ազատության ընդարձակությունը». Ջ. Քոլթրեյն

1960թ. Ջոն Քոլթրեյնը ձեռնամուխ եղավ իր առաջին ջազային քառյակի ստեղծմանը: Խումբը վերջնական կազմ ունեցավ աշնանը՝ դաշնակահար Մըքքոյ Թայներ, բասիստ Սթիվ Դևիս, հարվածորդ Էլվին Ջոնս և, իհարկե, Ջոն Քոլթրեյն:

Ընդամենը մեկ շաբաթում նորաստեղծ ջազային քառայակին հաջողվեց ձայնագրել «Village Blues» գործը և շատ կարճ ժամանակ անց՝ ամբողջական ալբոմ՝ «Coltrane Jazz» անվանումով: Պետք է նշել, որ Քոլթրեյնը անհատական աշխատանքներով հանդես էր եկել դեռևս 1957 թվականից: Թողարկելով նախ՝ «Coltrane» դեբյուտային ալբոմը, նա, մինչև Մ. Դևիսի խմբից վերջնականապես առանձնանալը, հասցրել էր ներկայացնել ևս չորս աշխատանք՝ «Blue Train», «John Coltrane with the Red Garland Trio» , «Soultrane» և բավականին հաջողակ «Giant Steps» ալբոմները: Սակայն այս անհատական նախագծերից ոչ մեկին չհաջողվեց նրան հասցնել այն բարձունքին, ինչին հասավ 1961թ. թողարկված և մինչ օրս քոլթրենյան կենսագրության ամենավառ էջերից մեկը համարվող «My Favorite Things» ալբոմը:

Թողարկվելով «Coltrane Jazz»-ից ընդամենը մեկ ամիս անց՝ «My Favorite Things»-ը լուրջ արժեք դարձավ երաժշտի ստեղծագործական ողջ պատմության մեջ: Այստեղ ընդգրկված բոլոր գործերը cover-մեկնաբանություններ էին՝ քոլթրենյան անկրկնելի ոճով: Ալբոմը նշանավոր է նաև նրանով, որ հստակորեն ընդգծում էր այս մեծագույն երաժշտի անցումը նախորդ՝ բիբոփ երաժշտությունից (bebop) դեպի մոդալ ջազ և փոխակերպումներ:

«My Favorite Things»-ն իր հայտնությամբ ներկայացրեց Քոլթրեյն-նորարարի ևս մեկ առանձնահատկություն` հայտնի տենոր սաքսոֆոնահարն այստեղ առաջին անգամ հանդես եկավ սոպրանո սաքսոֆոնով: Քոլթրեյնն այսպիսով  ջազի մեջ ներկայացրեց նոր գույն, նոր որակ և հնչյունային նոր համաձուլվածք:

Այստեղ առանձնահատուկ է շեշտել համանուն թրեքը՝ «My Favorite Things»-ը, որն ամբողջությամբ ներառել և ամփոփել է վերը նշված հատկանիշները: Հենց այս կատարումն էլ մեծ ազդեցություն ունեցավ Քոլթրեյնի երաժշտության պրոպագանդման գործում:

«Քոլթրեյնը կարող էր դա անել», -այսպես է հիշում նրան Մայլս Դևիսը, ով շատ լավ հասկանալով ջազում ապագա հսկայի մեծությունը՝ փորձում էր ամեն կերպ հասնել նրա բարձրակետերին, բերել դրանք իր երաժշտության սահմանից ներս ու պայթեցնել ջազի ձայնը որքան հնարավոր է բարձր: Այդ նա էր, ով առաջինը փորձեց Քոլթրեյնի ուշադրությունը հրավիրել սոպրանո սաքսոֆոնին: 1960թ. Մայլսը եվրոպական շրջագայություններից վերադարձավ այդ գործիքով, որը ձեռք էր բերել իր ծանոթ կանանցից մեկից: «Ես շրջում էի մի աղջկա հետ, նա Ֆրանսիայում հնաոճ իրերի վաճառքով էր զբաղվում:- հիշում է Մ. Դևիսը,- Այդ նա ինձ տվեց սոպրանո սաքսոֆոնը, դե ես էլ տվեցի Թրեյնին (Թրեյն-Քոլթրեյնի կեղծանունն էր)…նա երբեք չբաժանվեց դրանից և երևի մինչև հիմա էլ նրա ձեռքին է: Հավանաբար նաև մեռնելիս էլ նա սաքսոֆոնը չի հեռացրել իր շուրթերից»: 

«My Favorite Things»-ը Քոլթրեյնի 7-րդ ստուդիական ալբոմն էր: 1998թ. այն տեղ գտավ «Գրեմի»-ի մրցանակակիր Փառքի Սրահում, իսկ համանուն կատարման սինգլը, թողարկումից անմիջապես հետո, նույն՝ 1961թվականին դարձավ երաժշտի հիթային գլուխգործոցներից մեկը:

Երաժշտության ձայնը. հանրահայտ մյուզիքլից մինչև ջազային ստանդարտ

«My Favorite Things»-ն իրականում 50-ականներից շատ հայտնի մի երգ էր, որն առաջին անգամ կատարել էր ամերիկացի դերասանուհի և երգչուհի Մերի Մարտինը բրոդվեյյան մյուզիքլներից մեկում: «Երաժշտության ձայնը». այսպես էր կոչվում այդ մյուզիքլը, որն առաջին անգամ բեմադրվեց 1959 թվականին: Մյուզիքլի հեղինակներն էին Ռիչարդ Ռոջերսը և Օսկար Համերսթայնը: Կոմպոզիտոր Ռ. Ռոջերսն ու դրամատուրգ, բանաստեղծ Օ. Համերսթեյնը այդ տարիներին ստեղծել էին ամերիկյան ամենահայտնի թատերական-ստեղծագործական թիմերից մեկը, որի շնորհիվ 1940-ականներից մինչև 50-ականների վերջը Բրոդվեյում բեմադրվեցին բազմաթիվ հաջողված և հայտնի ներկայացումներ: Այս շրջանը հիրավի «ոսկե դար» դարձավ թատերական իրականության մեջ, ստեղծագործագան այդ թիմն էլ համարվեց  լավագույնը 20-րդ դարի մյուզիքլային-թատերական պատմության մեջ:

«My Favorite Things»-ում հերոսուհին` Մարիան, պարզապես թվարկում է կյանքում իր սիրելի բաները, որոնք օգնում են դիմակայելու դժվար իրավիճակներում: Դրանք են՝ դեպի գարուն սահող-հալչող արծաթագույն ձմռան փայլը, թարթիչների վրա նստած ձյան փաթիլները, երկնագույն գոտիներով, սպիտակ շրջազգեստերով սեթևեթող աղջիկները, տաք բրդյա ձեռնոցներն ու խնձորի փխրուն շտրուդելները… Մերին այս ամենի մասին է մտածում և երգում՝ կապիտան ֆոն Թրափի յոթ երեխաներին դայակություն անելիս և զբաղեցնելիս. նա այս կերպ սովորեցնում է նրանց ևս մտքից հեռու վանել վախը, տագնապը, դժգոհությունն ու դժվարությունները, որոնցով կարող են շրջապատված լինել նրանք:  

«When the dog bites, when the bee stings

When I՚m feeling sad

I simply remember my favorite things

And then I don՚t feel so bad… »

1961թ. այս դերը կատարեց նաև Ջուլիա Էնդրյուսը՝ մյուզիքլում և համանուն ֆիլմում՝ 1965թ.:

Եվ ահա երաժշտական արդեն սիրված, հայտնի այս տրամադրության մեջ ներխուժեց քոլթրենյան տարբերակը. սա արդեն երաժշտության և մարդկային ոգու մեղեդայնության բոլորովին այլ դրսևորում էր: Զարգացնելով և էլ ավելի ընդլայնելով մոդալ ջազի՝ մինչ այդ ընդունված սահմանները՝ Քոլթրեյնը այստեղ միախառնեց, իրեն բնորոշ տաղանդով ներդաշնակության հասցրեց դասականի, ջազի ու արևելյան մեղեդիների (մասնավորապես` հնդկական, որից նա անչափ ազդված էր) համաձուլվածքը: Քառյակին հաջողվեց աշխույժ, ուրախ ու թեթև երգը փոխակերպել ջազային ստանդարտի, որը բոլորովին նոր ասելիք էր երաժշտության աշխարհում: «My Favorite Things»-ի քոլթրենյան մեկնաբանությունը հիթային երաժշտութուն դարձավ՝ ազդարարելով երաժշտի մուտքը հանրաճանաչության բարձաշխարհ: Զգացողությունների ազատության տեղատարափն ու միաժամանակ քոլթրենյան սանձումը լավագույնս արտահայտված է այս ալբոմում և հենց այս կատարման մեջ:

Հաղորդվելով բնության հետ

«Ես սկսում եմ մի կետից և առաջ գնում այնքան, որքան հնարավոր է,- ասում էր Քոլթրեյնը,- դժբախտաբար ճանապարհը երբեք չեմ կորցնում: Ես այդ շարժը տեղայնացնում եմ. ուզում եմ ասել, որ միշտ տվյալ տարածության մեջ եմ: Հազվադեպ եմ ամբողջովին կենտրոնանում մի սոլոյի վրա, այն էլ՝ շատ կարճատև»:

«My Favorite Things»-ը Քոլթրեյնին դարձրեց ջազի ամենասպասված և պահանջված արտիստներից մեկը: Միևնույն ժամանակ, այս կատարմամբ և ալբոմով հստակ սահման գծվեց նրա երաժշտական ճանապարհին՝ խորհրդանշելով մի շրջանի ավարտն ու նորի սկիզբը: Ապրելով ընդամենը 41 տարի և համընդհանուր ճանաչման հասնելով միայն 33-34 տարեկանում՝ Քոլթրեյնը կարողացավ հսկայական ու անփոխարինելի հետք թողնել ժամանակակից երաժշտության ընթացքում՝ այսպիսով անմիջական ազդեցություն ունենալով նրա հետ ապրած և հետագա երաժշտական սերնդի գործունեության մեջ:

Նրան գրեթե աստվածացնում էին՝ ընդունելով, որ այն երաժշտությունը, որը տարածում էր, ընդունակ էր փոխել մարդուն և աշխարհն ընդհանրապես:

«Երաժշտի գլխավոր առաքելությունը բնության ակունքներին մոտ լինելն է,- ասում էր Ջոն Քոլթրեյնը,- և ունենալ զգացում, որ հաղորդության մեջ ես բնության օրենքների հետ: Ահա այն ամենը, ինչին կարող է երաժիշտը հասնել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter