HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եղեգնուտում արդեն սկսել են մեր տունը կառուցել, որ էսպես գնա՝ մենք էլ տուն կունենանք»,- ասում է 6 երեխաների մայրը

40-ամյա Մարիամ Փիլաֆյանը 6 երեխաների հետ ապրում է Լեռնային Ղարաբաղի Նոր Շահումյանի շրջանի Եղեգնուտ գյուղում: Երեխաների խնամքը միայնակ իր ուսերին կրող Մարիամը դեռ 2002-ին վերաբնակեցման ծրագրով Երեւանից Արցախ է տեղափոխվել, աշխատանքի անցել տեղի դպրոցում՝ որպես տեխնոլոգիայի ուսուցիչ եւ դասվար, զուգահեռ կատարել նաեւ կազմակերպչի աշխատանք:

«Առաջ, երբ կազմակերպչի գործն էլ էի անում, 102.000 դրամ աշխատավարձ էի ստանում: Այս տարվանից միայն դասաժամերս կմնան՝ 50.000-60.000 դրամ հազիվ ստանամ: 45.000 դրամ էլ երեխաների նպաստն է, մի կերպ տեղավորվում ենք էդ ծախսերի մեջ»,- ասում է Մարիամը:

Թե՛ Մարիամը, թե՛ ամուսինն ընտանիքի միակ զավակներն են եղել, այդ պատճառով որոշել են շատ երեխաներ ունենալ, որ «իրենք գոնե հարազատաշատ լինեն, խեղճ չմնան»:

Վաղ տարիքում ծնողներին կորցրած եւ քեռու խնամքին մնացած Մարիամն առաջին անգամ 17 տարեկանում է ամուսնացել: Ամուսնությունը կարճ է տեւել՝ 9 ամիս:

«Ծնողներիցս ինձ տուն էր մնացել որպես ժառանգություն: Բարեկամուհիս ասաց՝ արի մեր տանն ապրի, ես քեզ իմ աղջկա պես կպահեմ: 1 տարի 11 ամիս նրա տանն ապրեցի, էդ ընթացքում ինձ համոզեց՝ իմ տունը ծախեց, ինձ 250 դոլար տվեց, մնացածն էլ իրեն մնաց: Հետո, երբ նրա տղան Ռուսաստանից եկավ, ինձ դուրս հանեց իր տնից, ուղարկեց Այնթապ՝ քեռուս տուն, ասաց. «Իմ տունը մի սենյականոց է, չափահաս աղջիկ, չափահաս տղա, մի սենյակում չեն կարող ապրել»,- պատմում է Մարիամը:

Այնթապում ուսումն ավարտելուց հետո Մարիամն աշխատանքի է անցել տեղի դպրոցում: Հենց այդ տարիներին էլ ծանոթացել է երկրորդ ամուսնու հետ: Տեղափոխվել են Երեւան, վարձով ապրել, համատեղ կյանքի ընթացքում երկու երեխա են ունեցել՝ Սյուզին եւ Լյուդվիգը:

«Մի օր ամուսինս առանց մեզ բան ասելու տնից դուրս եկավ ու չվերադարձավ: Սպասեցինք, սպասեցինք՝ տեսանք չի գալիս, գնացի ամուսնուս քրոջ մոտ (ամուսնու քույրը հարեւանությամբ էր ապրում-հեղ.), հարցրի՝ չգիտի՞, թե ուր գնաց եղբայրը, ասաց՝ Ռուսաստան գնաց, բա ձեզ բան չի՞ ասել»,- պատմում է Մարիամը:

Վարձով բնակարանում երկու երեխաների հետ միայնակ մնացած Մարիամը տարիների հեռվից էլ դժվարությամբ է խոսում այդ օրերի մասին: Մի քանի ամիս չստանալով բնակարանի վարձը՝ տան տերը վերցրել է Մարիամի անձնագիրն ու դուրս արել տնից:

«Գնալու տեղ չունեինք, գիշերը երեխաներիս հետ վերելակում անցկացրինք: Որոշեցի՝ երեխեքին մանկատուն տամ, մինչեւ գործ կգտնեմ: 4 ամիս մանկատանը մնացին, զգացի՝ չէ՛, ո՛չ ես եմ կարողանում առանց երեխեքիս մնամ, ո՛չ երեխեքս՝ առանց ինձ: Նրանց հանեցի մանկատնից, վերաբնակեցման ծրագրով գնացինք Արցախ՝ սկզբում Դիցմայրի գյուղ, հետո՝ Եղեգնուտ»,- պատմում է Մարիամը:

Այս տարիների ընթացքում Մարիամի ամուսինը մի քանի անգամ հեռացել եւ կրկին ընտանիք է վերադարձել: Մարիամն ամեն անգամ ընդունել է նրան՝ հույսով, որ վերադարձը վերջնական կլինի, որ երեխաներն անհայր չեն մեծանա: Այժմ ամուսինները 6 երեխա ունեն: Երեխաներից ավագը 18-ամյա Սյուզին է, որն արդեն իր ընտանիքն ունի: Ընտանիքի կրտսերն ու ամենասիրելին 2-ամյա Աննան է:

«Մոր համար աղջիկն ուրիշ քաղցրություն ունի: Մտածում էի, որ Սյուզիս ամուսնանա, մենակ կմնամ… Էդ պատճառով էլ Աննայիս ունեցա,- ասում է Մարիամը:- Հիմա մեծերը գիտեն, որ փոքրերի համար իրենք են պատասխանատու. նրանց նայում են, հետեւեում են, մինչեւ գործից գամ»:

Երեխաների կարիքները հոգալու համար Մարիամը դպրոցի աշխատանքին զուգահեռ թերթերին է թղթակցում, կարուձեւ անում, ծածկոցներ գործում-վաճառում… Ընտանիքին Եղեգնուտում կացարան են հատկացրել՝ «կաթացող առաստաղով եւ ցելոֆանե պատուհաններով երկու սենյակ»:

«Տանը ջուր չունենք, հարեւանի բակից ենք կրում: Ցախը մոտակայքից ենք հավաքում-բերում, որ ձմեռը վառենք... Պատուհանների փեղկերն էնքան հին են, որ եթե ուզենանք ցելոֆանը հանենք, ապակի գցենք, պատուհանը փուլ կգա»,- ասում է Մարիամը:

Առօրյա հոգսերից անմասն չեն մնում նաեւ երեխաները:

«Հերթով ենք դասի գնում,- ասում է 10-ամյա Անրին,- մի շաբաթ ես եմ հերթապահում տանը՝ քույրիկին նայում, ցախ բերում, Էրիկն է դասի գնում, մի շաբաթ Էրիկն է հերթապահում՝ ես եմ դասի գնում»:

Դասի չգնալու միակ պատճառն «ընտանեկան հերթապահությունը» չէ: Մարիամն ասում է, որ հատկապես տարեվերջին, երբ կոշիկները մաշված են լինում, երեխաները չեն կարողանում դպրոց հասնել:

«Ամբողջը գրունտային ճանապարհ է, իրենք էլ տղա երեխեք են՝ կոշիկները շուտ են շարքից դուրս գալիս, տարեվերջին անկոշիկ են մնում: Ես ինքս դպրոցի ուսուցիչ եմ, բայց մի քանի անգամ նկատողություն եմ ստացել, որ երեխեքը դասի քիչ են գնում: Ես ո՞նց բացատրեմ, որ էս երեխեքը նախ ուտելու ու հագնելու կարիք ունեն: Որ չուտեն, չհագնեն՝ ո՞նց են սովորելու»,- ասում է Մարիամը:

Չնայած հաճախակի բացակայություններին՝ երեխաները լավ են սովորում: 16-ամյա Լյուդվիգը համակարգչային օպերատորությամբ է հետաքրքրված, ուզում է կրթությունը Երեւանի քոլեջներից մեկում շարունակել:

«Քրոջ հետ Երեւանում կմնա, համ կսովորի, համ կաշխատի՝ իր ուսման վարձը կտա: Թող անկիրթ չմնա, վաղը մյուս օրը դիպլոմը պետք կգա»,- ասում է մայրը:

10-ամյա Անրին երազում է թիկնապահ, իսկ 8-ամյա Էրիկը՝ ակնաբույժ դառնալու մասին:

6 երեխաների մոր միակ երազանք-նպատակը սեփական տանիքն է, որի իրականացման հույսը փոքրիկ Աննայի ծնունդով ավելի է մեծացել:

«Որ 6-րդ երեխան ծնվում է, պետությունը տուն է տալիս: Եղեգնուտում արդեն սկսել են մեր տունը կառուցել, որ էսպես գնա՝ մենք էլ տուն կունենանք»,- ասում է Մարիամը, ով թեպետ ամռան ամիսներին երեխաների հետ Երեւանում վարձակալած տանն է ապրում, սակայն անհամբեր օրերն է հաշվում, որ ուսումնական տարին սկսվելուն պես վերադառնա Լեռնային Ղարաբաղ:

Տաթեւիկ Սարգսյան

 

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter