Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

«Օկուպացված» գյուղը՝ Ջավախքում


Մոդեգամը Ջավախքի այն 17 գյուղերից մեկն է, որն առանձնացվել է Ախալքալաքի շրջանից և Վրաստանի խորհրդարանական ընտրություններին քվեարկելու է Բորժոմի շրջանից առաջադրված թեկնածուների օգտին: Գյուղացիները սպասում են, թե երբ են այդ թեկնածուները բարեհաճելու գյուղ գալ, որ իրենց հուզող բոլոր հոգսերը նրանց պատմեն: Դա չի նշանակում, որ մոդեգամցիներն անվերապահում հավատում են թեկնածուների նախընտրական խոստումներին, բայց գյուղի գազիֆիկացման հարցի համար նրանցից իրատեսական քայլեր են պահանջելու:

Այս շրջանի գազիֆիկացումն իրականացնող «Էս Ջի Գազ» ընկերությունը (შპს ეს ჯი გაზ) մերժել է Մոդեգամում գազիֆիկացում իրականացնել: Ասել է՝ գյուղը փոքր է, սպառողը՝ քիչ, իսկ գազիֆիկացման ծախսը մեծ է. գյուղը հեռու է հարևան գյուղերից, որպեսզի նրանցից բաժանարար խողովակներ տարվեն: Ասել է, թե՝ ծախսն ավելի շատ է, քան գյուղից սպասվող եկամուտը:

«Մենք շատ են գնացել բողոքելու: Մրցույթը շահող ընկերության ղեկավար Արամ Սանոսյանն ասել է, որ գյուղը փոքր է, ծախսը չի փակի»,- պատմում է գյուղի ներկայացուցիչ Արամայիս Չախալյանը:

Արամ Սանոսյանը ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Հայկ Սանոսյանի եղբայրն է: Համաձայն Վրաստանի ընկերությունների գրանցման ռեգիստրի Ա. Սանոսյանը «Էս Ջի Գազ» ՍՊԸ-ի խոշոր բաժնետերն (60%) ու տնօրենն է, իսկ նրա ընկերությունը շահել է Ջավախքի գազիֆիկացման տենդերը:

«Օրինակ, հարևան գյուղը եթե 50-60 տուն է և ներդրել է 600 լարի (շուրջ 120 հազար դրամ), մենք ասացինք, որ պատրաստ ենք 700-800 (140 -160 հազար) լարի ներդնել, միայն թե անցկացնեն: Բայց դրական պատասխան չկա: Ամեն ինչին պատրաստ ենք, միայն թե գազ լինի»,- ասում է Արամայիս Չախալյանը:

Այդ 700-800 լարին գյուղացիներն անձնական գրպաններից են ներդնելու: Բացի դրանից, մոդեգամցիները նաև պատրաստակամություն են հայտնել բոլոր աշխատանքներին մասնակցել միայն թե գազ լինի և մարդիկ չլքեն գյուղը: Իսկ գյուղը վերջին 15 տարում շատերն են լքել: 

Փաստացի 160 բնակիչ է ապրում Մոդեգամում, 40 տուն: Մինչդեռ 10 տարի առաջ գյուղում եղել է 60 տուն: 2002թ. մարդահամարի պաշտոնական տվյալների համեմատ՝ 100 բնակիչ հեռացել է գյուղից: Հետևաբար, Մոդեգամի գազիֆիկացումը ռազմավարական նշանակություն ունի գյուղի համար:

Արամայիս Չախալյանն ասում է, որ իրենցից ուղիղ գծով ոչ այնքան հեռու գտնվող Բալանթան, որը պատկանում է Բորժոմի շրջանին, գազիֆիկացված է: Ուստի, իրենց գյուղ այդ գյուղից խողովակներ անցկացնելը 1,5 կմ-ի հարց է: Այնինչ, Ախալքալաքի շրջանին պատկանող ամենամոտ գյուղը՝ Ղադոն կամ Կոչիոն, ավելի քան 4 կմ են հեռու:

«Մեզ ասում էին՝ Դուք Ախալքալաքի շրջան եք, նրանք՝ Բորժոմի, բայց ինչ տարբերություն, եթե մենք էլ ենք Վրաստանի քաղաքացի, նրանք էլ»,- ասում է գյուղի ներկայացուցիչը: 

Արամայիս Չախալյանը (աջից՝ երկրորդը) երկու տարի է՝ գյուղի ներկայացուցիչն է, ասել է թե՝ մասնագետի «պաշտոնն» է զբաղեցնում:
Մոդեգամը Բեժանոի վարչական համայնքին է միացրած:

Վերջինս հույս ունի, որ Բորժոմից ընտրված և այժմ էլ թեկնածություն առաջադրած պատգամավորը գուցե կարողանա այս հարցում միջնորդել և գյուղը գազիֆիկացնել Մոդեգամի ունեցած 100 ընտրողի ձայնը ստանալու համար:

«Հիմա գազի բալոն չկա, ոչ մի գյուղում չի վաճառվում: Պետք է Ախալքալաք տանենք, որ լիցքավորեն: Վառելիքի հնարվորություն էլ չունենք, մարդը մի մեքենա գոմաղբ ունի, պիտի տանի արտը լցնի, որ հաջորդ տարի բերք հանի: Արտը չլցնի, պարարտանյութ գնելու հնարավորություն չունի»,- շարունակում է ներկայացուցիչը:

Մոդեգամցիներըը միայն անասնապատությամբ են զբաղվում, բայց ոչ կաթ, ոչ էլ միս առնող կա այս տարի: Գյուղն էլ կտրված է աշխարհից ճանապարհների անանցանելի լինելու պատճառով: Նույն պատճառով կաթ հավաքողներն էլ այլևս չեն գալիս գյուղ: Անցյալ տարի մոտակա գյուղերից եկել են ու հավաքել, բայց այս տարի ոչ ոք չի եկել:

Կարտոֆիլի մշակությունն էլ եկամտաբեր չէ, քանի որ արտերը մեծ մասամբ գյուղի վերևում են, որտեղ գրեթե բերք չի լինում: Միայն անասնակեր է աճում: 

Մոդեգամը Ախալքալաքի շրջանի վերջին գյուղն է: Սարերից այն կողմ Բորժոմի շրջանն է: Ախալքալաք քաղաքից Մոդեգամը 26 կմ է հեռու: Ճանապարհի կեսը քարուքանդ է: Մոդեգամը հարակից է Ախալքալաք-Բակուրիան մայրուղուն, որը ավելի անբարեկարգ վիճակում է և ավելի երկար՝ 28 կմ: Ձմռանը նաև՝ անանցանելի:

«Ամառը որ գալիս է, պերեվալը բացվում է, իսկ ձմեռը լրիվ օկուպացված գյուղ է դառնում»,- ասում է մոդեգամցի Աշոտը:

Մոդեգամը կայացել է Էրզրումից գաղթածների շնորհիվ, որոնք սկզբից եկել են Ազավրեթ, այնտեղից էլ մի մասը հաստատվել է Մոդեգամում: Եկել էին, հիմա էլ գնում են: Այդպես մի մասը 1947 թվականից հետո «քոչեց» Ջավախքի մեկ այլ գյուղ՝ Քարսեփ: Բայց հիմա գնում են ոչ թե Քարսեփ կամ հետ՝ Ազավրեթ, այլ հեռանում են Ջավախքից, առավելապես՝ Ռուսաստան: 

Մոդեգամի դպրոցն աշակերտի կարիք ունի

Ջավախքում դպրոցներ կան, որ վերանորոգման կարիք ունեն, իսկ Մոդեգամի դպրոցը վերանորոգված է ու աշակերտի կարիք ունի: Տեղացիներն ասում են՝ վերջին տարիներին պետությունը հոգ է տարել դպրոցի մասին, այն բարեկարգվել է: Մեծ դասասենյակներ ունեն, բայց աշակերտ չունեն:

«Ժամանակին մենք որ աշակերտ էինք (1980-ականներին), մի դասարանի մեջ 12 հոգի էինք, հիմա ողջ դպրոցն է 11 հոգի»,- համեմատում է Արամայիս Չախալյանը:

6-ամյա Սարգիս Չախալյանը Մոդեգամ գյուղի այս ուսումնական տարվա առաջին դասարանցին է լինելու: Երազում է ոստիկան դառնալու մասին:
Սարգսի Խաղընկերները Ռուսաստանից ամառային արձակուրդներին ժամանած համագյուղացիներն են՝ Հակոբը, Վարդանը, Վահեն և Դավիթը:

Իրապես, այժմ 11 աշակերտ է սովորում Մոդեգամի 9-ամյա դպրոցում: 11 աշակերտին դասավանդում է 15 ուսուցիչ: Նախորդ տարի առաջին դասարանցի չի եղել: Այս տարի երկուսը կլինի:

«Դպրոցն աշակերտ չի մնացել, գնացին բոլորը, որովհետև ճանապարհ չկա, աշխատանք չկա, ժողովուրդը գնացին մի մասը Մոսկվա, մի մասը՝ Երևան»,-ասում է Աշոտը:

«Մարդիկ կրթություն են ստանում, բայց գործ չունեն, դրա համար գնում են: Դպրոցում 11 աշակերտ կա, 15 ուսուցիչ, բոլորը չեն կարող ուսուցիչ աշխատել»,- շարունակում է գյուղի ներկայացուցիչը:

Նադյա տատի թոռը գյուղից հեռացել է, չնայած բուհական կրթություն ուներ՝ ծրագրավորող էր, բայց գյուղում անելիք չի գտել ու լքել է այն: Արամայիս Չախալյանը շրջապատում ցույց է տալիս տներ և թվարկում, թե ով է հեռացել այդ տարիներին. դրանցից մեկն էլ իր եղբոր որդին է: 

«Մենք ոչ խանութ ունենք, ոչ բենզալցակայան, նույնիսկ սիգարետ վաճառող չունենք գյուղում, ո՞վ կապրի էստեղ»,- ասում է գյուղի ներկայացուցիչը: 


Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին

Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։