Հինգշաբթի, 20 սեպտեմբերի

Ակներցի Սամվել Ծատինյան. «Ակները բլոկադայի մեջ է»



Անտառի մեջ ընկած գեղատեսիլ Ակները կարող է հողային սուղ պայմաններում գտնվող, զբոսայգի և բարեկարգված պուրակներ չունեցող Ալավերդուն ծառայել որպես հանգստի գոտի: Սակայն քաղաքապետարանի անուշադրության պատճառով Ակները դատարկվում և քանդվում է: Թաղապետ Գառնիկ Ծատինյանի ասելով՝ Ակներում գրանցված է 190 տնտեսություն, 600 բնակիչ: Անանցանելի են Ակների գյուղամիջյան ճանապարհները: Գյուղը գազիֆիկացված չէ: Հիշեցնենք, որ Ակների ջրամատակարարման համար համայնքի բյուջեի բնապահպանական սուբվենցիայից քաղաքապետարանը 2008թ. անարդյունավետ ծախսել է  12,4 մլն դրամ,  2015-ին Ագարակի ջրագծից Ակներին ջուր մատակարարելու համար ծախսվել է 19.8 մլն դրամ՝ առանց գյուղի քայքայված ջրագծերի խնդիրը լուծելու: «Ջրամատակարարման համար հատկացված փողերը ծախսվում են, բայց Ակները ջուր չի ստանում: Հմի էսենց աչք կապելու համար արդեն մեկ ամիս է քարուքանդ են արել մեր գյուղամիջյան ճամփեքը: Մեր բերքից ընկնում ենք, մեր դառը քրտինքով ստեղծածը չենք կարողանում ժամանակին տուն հասցնենք»,- «Հետքին» հայտնեց ակներցի Սամվել Ծատինյանը:

Քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը համայնքի 2015թ. բյուջեի տարեվերջյան  հաշվետվության ժամանակ ալավերդցիներին վստահեցրել է, որ ըստ «Հայջրմուղկոյուղի» ՓԲ ընկերության տնօրեն Պատրիկ Լորենի հետ պայմանավորվածության՝ 2016թ. Ակների ջրամատակարարման ներքին ցանցի կառուցման ծախսերը կատարելու է «Հայջրմուղկոյուղին»: Իրականում Կ. Փարեմուզյանն իր  խոստումից  6 ամիս անց՝ 2016-ի հունիսի 9-ին քաղաքապետարանում Պատրիկ Լորենի հետ հանդիպմանն է քննարկել  Ակների ջրագծերի վերակառուցման ֆինանսավորման խնդիրը: Քաղաքապետարանի alaverdi.am կայքի տեղեկացմամբ՝ այդտեղ էլ  Կ. Փարեմուզյանը հայտնել է, որ արդեն պատրաստ է ծրագրի 22 մլն դրամ նախահաշվային արժեքով նախագիծը, սակայն  ջրագծերի վերակառուցման ֆինանսավորման հետ կապված այլ հայտարարություն է արել. «Նախատեսվում է, որ ծրագրի ֆինանսավորման որոշ մասը կներդնի համայնքը, մյուս մասը՝ «Հայջրմուղկոյուղին»»: Պատրիկ Լորենն էլ, անդրադառնալով Ակների ջրագծի ֆինանսավորմանը, հասկացրել է, որ ընկերությունը դեռ պատրաստ չէ ներդրումների: Ըստ կայքի՝ նա բացատրել է, թե ներկայումս դեռ ուսումնասիրվում են «Հայջրմուղկոյուղի» ընկերության հնարավորությունները՝ Ակների ջրագծերի ծրագիրը քաղաքապետարանի հետ համատեղ իրականացնելու համար:

Հուլիսի 30-ին ջրագծերը վերակառուցելու նպատակով քանդվել են Ակների գյուղամիջյան բոլոր ճանապարհները: Նորմալ ֆինանսավորում ունենալու դեպքում իր գործից տեղյակ շինարարը կարող էր առանց գյուղացիների բերքահավաքի աշխատանքին խոչընդոտելու իրականացնել ջրագծերի վերակառուցման աշխատանքները: Սակայն գյուղի բոլոր ճանապարհները քարուքանդ անելուց հետո մեկ ամսվա ընթացքում ջրագծերի նոր խողովակների տեղադրման ուղղությամբ ոչ մի աշխատանք չի կատարվել:

Այդ ընթացքում գյուղի վերին հատվածը մեկուսացվել է: Անհնար է դարձել  քարուքանդ ճանապարհով գյուղի բնակչության անցուդարձը, որն էլ առաջացրել է ակներցիների զայրույթը: «Մեր գյուղն անտեսված գյուղ է, էս ճանապարհների վիճակն ապացույց է: Եկել են քանդել են ու ոչ էս ենք, ոչ՝ էն: Արդեն մի ամիս է: Բախչեքի միրգն ա կրելու, ջուր ենք ուզում բերենք գեղի «Վերին Միլ» աղբյուրից, չենք կարում բերենք, ջուր չունենք, գոնե լվացք անենք: Էս ի՞նչ ա, մեկս տանը վատանանք՝ մեքենա չի կարա մոտենա: Մեռել ենք թաղում, վերջը՝ հիվանդ ա լինում»,- բողոքեց գյուղի խանութպան Գոհար Շավինյանը:

«Ոնց կվերաբերվեմ էս քանդվածին, եթե գյուղում ճամփա չկա: Ժողովուրդը կարում չի գնա-գա:  Ջրագծերը թե սարքում են, սարքեն: Թե սարքում չեն, սա ի՞նչ բան է: Ամբողջ գյուղը դիմել է քաղաքապետին, բայց ի՞նչ օգուտ: Չենք էլ կարողանում ջուրը գնանք: Գյուղում միայն էշ ունեցողներն են կարում «Վեր Մլից» ջուր բերեն: Էս քանի վախտը թաղում էր, մեր գեղացի Մուրադյան Սիմոնն էր մահացել: Հավաքվեցինք սաղ ճամփեքի փոսերը լցրինք, որ կարողացան մարդուն հուղարկավորել: Դա օրենք ա՞»,- հարցրեց Յուրիկ Շավինյանը:

«Ընտրություններին, գիտեն  ջուր չունենք, գազ չունենք, էդ երկու հարցով գալիս են խոստումներ տալիս, իրենց հարցերը կարգավորում են ու գնում: Քաղաքի թաղամաս ենք, մի բանից էլ ա չենք օգտվում»,- հավելեց Գոհար Շավինյանը:  

«Ակները բլոկադայի մեջ է: Ղրաքուների ղաշ ենք ասում, իմ այգիները այնտեղ են: Բերքը մնում է, հիմա էսօր սալոր ունեմ, խնձոր ունեմ, դեղձ ունեմ, չեմ կարողանում բերքս հավաքեմ ու ավտոմեքենայով տեղափոխեմ տուն: Որովհետև ամբողջ ճանապարհը քանդված է, հմի ժողովուրդն էլ, հեսա կին ա, ո՞նց է էս քանդված ճանապարհի փոսերով անցնելու: Ճամփի միջումը գոմ են սարքել, թաղապետ Գառնոն էլ սասը կտրել է»,- բողոքեց Սամվել Ծատինյանը:

«Կարալ չէին քիչ-քիչ ծածկելով գնան, որ ժողովուրդը տուժվի ոչ: Բա սենց բան կլինի՞: Թե ի՞նչ վիճակով եմ էս ճամփեն եկել, որ լավ էլ չեմ, առողջությունս էլ վատ է, դժվար եմ եկել էս ճանապարհը»,-դժգոհեց  Գյուլաստան Մուրադյանը:

Թաղապետ Գառնիկ Ծատինյանի ասելով՝ քաղաքապետ Կարեն Փարեմուզյանն էլ է տեսել գյուղի վիճակը: «Ամեն տարի գյուղամիջյան ճանապարհները սարքել ենք, բայց սելավները եկել, տարել են: Եթե ճանապարհները բետոն անեն, լավը կլի»,-բացատրեց թաղապետը:  Գյուղի գազիֆիկացման առնչությամբ Գառնիկ Ծատինյանը հայտնեց. «Եկել են, չափումներ են արել, տվյալները վերցրել ու գնացել»:

Փորձեցինք Ալավերդու քաղաքապետարանի քաղաքաշինության բաժնից  պարզել Ակներում ստեղծված վիճակի պատճառները: Քաղաքապետարանից հայտնեցին, որ քաղաքաշինության բաժինը պետ չունի: Տեղեկատվություն ստանալու համար պետք է դիմել բաժնի գլխավոր մասնագետ Վալերի Մինասյանին: Վերջինս հայտնեց, որ Ակների ջրագծի վերակառուցման վերաբերյալ որևէ տեղեկատվության չի տիրապետում: Քաղաքապետարանի կայքում  Ակների ջրագծի ներքին ցանցի վերակառուցման մեկնարկի ու համայնքի բյուջեից  կատարված ներդրումների մասին որևէ տեղեկատվություն չի տեղադրված:  «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի Թումանյանի մասնաճյուղի՝ արձակուրդում գտնվող գլխավոր ինժեներ Ս. Սոխակյանից տեղեկացանք, որ պայմանավորվածության համաձայն՝ Ակների ջրագծի ներքին ցանցի կառուցման հողային աշխատանքները կատարել է  քաղաքապետարանը, խողովակները պետք է տեղադրի «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ն։ «Ջրագծի վերակառուցումը, իմ տեղեկությունով, պետք է ավարտվի մինչև տարեվերջ»,- հայտնեց Ս. Սոխակյանը: Ակներում ստեղծված վիճակի և ջրագծի ֆինանսավորման մասին այսօր մեզ չհաջողվեց տեղեկատվություն ստանալ քաղաքապետարանի լրատավական ծառայությունից: Քաղաքապետ Կարեն Փարեմուզյանը լրատվական ծառայության ղեկավարի միջոցով մեզ փոխանցել էր, թե տեղեկատվություն կհաղորդեն միայն գրավոր  հարցման դեպքում՝ հնգօրյա ժամկետում: 


Գլխավոր էջ



Մեկնաբանություններ (2)
1. Արմեն10:04 - 31 օգոստոսի, 2016
Քաղաքաշինության բաժինը պետ չունի,գլխավրռ մասնագետն էլ պախմելի տակա,Ակների բնակիրներն էլ սպասում են:Սպասեք.... ,,Քաղաքապետարանից հայտնեցին, որ քաղաքաշինության բաժինը պետ չունի: Տեղեկատվություն ստանալու համար պետք է դիմել բաժնի գլխավոր մասնագետ Վալերի Մինասյանին: Վերջինս հայտնեց, որ Ակների ջրագծի վերակառուցման վերաբերյալ որևէ տեղեկատվության չի տիրապետում,,:
2. Վարդան16:15 - 31 օգոստոսի, 2016
Անգործունակ,անկազմակերպ հիմնարկա,ինչ իրանք են քաղաքն էլ նույն քարուքանդ ինքնահոս քանդվող վիճակումա :Թողաս մենակ գլուխ գովալով իրանցից դավոլնի մանգան,գործերին ես նայում քաղաքի ու քաղաքապետարանում տիրող մտնոլորտը համոզվում ես որ էսքան ել զոռով ըլնի,մի խոսքով բրիշակ ելած վիճակա:
Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ