HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

«Սասնա ծռեր» խմբի անդամ Տիգրան Սարգսյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունը մերժվեց

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժեց «Սասնա ծռեր» խմբի անդամ Տիգրան Սարգսյանի բողոքը՝ առաջին ատյանի դատարանի կալանքի որոշումը վերացնելու մասին: Նրա պաշտպանները միջնորդել էին փոխել խափանման միջոցը և գրավի դիմաց նրան ազատ արձակել: Կայացած դատական նիստին ներկա չեն գտնվել ո՛չ քննիչը, ո՛չ դատախազը:

Ինչպես տեղեկացրեց Տիգրան Սարգսյանի պաշտպան Գրիշա Բալասանյանը, դատարանը խորհրդակցական սենյակում անցկացրել է 10-15 րոպե, որից հետո հրապարակել է որոշման եզրափակիչ մասը:

«Թե՛ իմ պաշտպանյալ Տիգրան Սարգսյանը, թե՛ ես հոգեպես պատրաստ էինք այս որոշմանը, քանի որ գիտակցում էինք, որ գործ ունենք ոչ թե արդարադատության, այլ քաղաքական պատվերի հետ: Այս գործով դատարանները արդարադատություն չեն իրականացնում, ամբողջ գործընթացը ձևական է և արարողակարգային: Գործ ունենք զուտ քաղաքական գործընթացի հետ, որին ուզում են արդարադատության «հագուստ» հագցնել: Դա այնքան ցայտուն է, որ հնարավոր չէ կոծկել: Դատարաններն ակնհայտ կաշկանդված են և բողոքները լսում են՝ նախապես իմանալով, որ դրանք մերժելու են: Կարող եմ ասել, որ նույնիսկ չեն լսում, թե ինչ են խոսում կողմերը, նրանց դա չի հետաքրքրում»,-նշում է Գրիշա Բալասանյանը:

Փաստաբանի խոսքով՝ Տիգրան Սարգսյանն այսօր դատարանում շատ հանգիստ էր և պատրաստ էր լսել մերժման որոշումը: Որոշման հրապարակումից հետո անգամ Սարգսյանն է հուսադրել փաստաբանին, որ «ամեն ինչ լավ է լինելու»:

Նշենք, որ Տիգրան Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 3-րդ մասով և 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն բանի համար, որ նա կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել և կրել է հրազեն ու ռազմամթերք: Ինչպես նաև 2016թ. հուլիսի 27-ից 31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի վարչական շենքում և հարակից տարածքում կազմակերպված խմբի կազմում զենքի գործադրմամբ պատանդ է վերցրել և պահել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ անձնակազմի երեք աշխատակիցների՝ նրանց ազատելու պայմանով պետական մարմիններին ներկայացնելով վիրաբուժական նոր անձնակազմով ապահովելու, ինչպես նաև ՀՀ առողջապահության նախարարի կողմից գնդի տարածք ժամանելու պահանջներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter