HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Անշարժ գույքի շուկայում գործարքները պակասել են

Հայաստանի անշարժ գույքի շուկայում այս տարվա առաջին եռամսյակում նկատված որոշակի դրական տեղաշարժից հետո նորից անկում է գրանցվել

Ըստ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ տարվա առաջին եռամյակում հանրապետությունում անշարժ գույքի նկատմամբ իրականացվել է 38 351 գործարք, որոնց քանակը 2015 թվականի առաջին եռամսյակի համեմատ 5.6 %-ով աճել է: Եթե դինամիկան
դիտարկում ենք ըստ ամիսների, ապա հունվարին` 2015-ի նույն ամսվա համեմատ, գրանցվել է գործարքների 8.1% աճ, փետրվարին՝ 10.7%, մարտին՝ 0.2%:

Ապրիլից արդեն անկում է գրանցվել։ Մասնավորապես՝ ապրիլին 4.9%, մայիսին՝ 4.8%,
հունիսի ցուցանիշը հրապարակված չէ (պետք է ներկայացվի եռամսյակային կտրվածքով)։ Իսկ վերջին տվյալներով՝ այս տարվա հուլիսին կատարվել է 14 032 գործարք, որը 13.8 %- ով պակաս է 2015-ի հուլիսի ցուցանիշից:   

Միևնույն ժամանակ, բացառությամբ հուլիսի, այս տարվա մյուս ամիսներին, ինչպես ներկայացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը (ՀՀ ԱՎԾ),  Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն աճել է։ Եթե տարվա առաջին եռամյակում այդ ցուցանիշի աճին զուգահեռ անշարժ գույքի շուկայում նկատված տեղաշարժը բնական էր, ապա հունվար-մայիսին  հակասական պատեր էր ստացվել։ Պաշտոնական վիճակագրությունը հայտարարում էր, թե տնտեսությունն աճում է, իսկ Կադաստրի կոմիտեն այդ ընթացքում անշարժ գույքի շուկայում անկում  էր արձանագրում։ Սա հակասական էր այնքանով, որ տնտեսության ակտիվացումը ենթադրում է նաև անշարժ գույքի շուկայի ակտիվացում կամ գոնե՝ եղած ցուցանիշների պահպանում։

Ու չնայած այս տարվա հունվար-հուլիսին Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշն, ըստ ԱՎԾ-ի, 3%-ով աճել է, սակայն միայն հուլիս ամիսների համեմատությամբ տարվա մեջ առաջին անգամ նվազում է գրանցվել։ Այս տարվա հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ անկում է արձանագրվել՝ 4.3%:  Եվ սրան զուգահեռ հուլիսին անշարժ գույքին շուկայում, ինչպես նշեցինք, արձանագրվել է   գործարքների նվազում։

Թե ինչպես են անշարժ գույքի շուկայի ներկա վիճակը մեկնաբանում անշարժ գույքի գործակալություններն ու մասնագետները, կներկայացնենք առաջիկայում։ Իսկ մինչ դա, շուկայում գործարքների քանակի նվազումն արդեն իսկ ինքնին խոսում է տնտեսության բացասական միտումների մասին, քանի որ այս շուկան տնտեսությունը նկարագրող լավագույն ցուցիչներից է։

Ինչպես տնտեսության որոշ ոլորտներում, անշարժ գույքի շուկայում ևս պասիվ վիճակի հետ մեկտեղ Երևանի շուրջ կենտրոնացվածությունը շարունակում է մնալ գլխավոր խնդիրներից մեկը։ Անշարժ գույքի գործարքների մեծ մասն իրականացվում են մայրաքաղաքում։ Որպես օրինակ, պատկերը ներկայացնենք եռամսյակային կտրվածքով։ Քանի որ երկրորդ եռամսյակի ցուցանիշները դեռևս չեն հրապարակվել, դիտարկենք առաջին եռամյսակը։ Այսպես, այս տարվա առաջին եռամյակում գործարքների 33.6%-ն իրականացվել են հենց Երևանում։

Մարզերից համեմատաբար աշխույժ է  եղել Կոտայքը։ Իսկ ամենապասիվը՝ Վայոց Ձորը։

Իսկ ըստ տեսակների 2016 թվականի առաջին եռամսյակում անշարժ գույքի նկատմամբ իրականացված գործարքներն ունեն հետևյալ բաշխվածությունը.

Այստեղից առանձնացնելով օտարման գործարքները՝ նշենք, որ դրանց մեծ մասը (71%-ը) կազմել է առուվաճառքը։ Ընդհանուր առմամբ, օտարման գործարքների քանակի 35.2 %-ն արձանագրվել է Երևանում, իսկ օտարված անշարժ գույքի 35.6%-ը հանդիսանում են բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանները:

Քանի որ տների ու բնակարանների առուվաճառքի ու գների թեման միշտ արդիական է, տեսնենք, թե ինչ ունենք այս տարի՝ ըստ պաշտոնական տվյալների։

Տների ու բնարանների առուվաճառքը

Նախ մայրաքաղաքի մասին։ Այս տարվա առաջին եռամյսակում Երևանում  բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների առուվաճառքի գործարքների քանակը 2015 թվականի առաջին եռամսյակի համեմատ 8.4%-ով աճել է, իսկ անհատական տների գործարքների քանակը (247 գործարք)՝  6.8%-ով։ Հաջորդող երեք ամիսներին որոշակի տատանումներից հետո ներկա դրությամբ (հուլիսին) հետևյալ վիճակն  է՝ բնակարանների առուվաճառքի քանակը նվազել 8.1%-ով, իսկ անհատական տներինը (111 գործարք)՝ 9%-ով։ Միայն բնակարանների գործարքների քանակը Երևանում Կադաստրի ներկայացրած տվյալներում չենք հանդիպել։

Ինչ վերաբերում է գներին, ապա՝ այստեղ Կադաստրի տվյալները շատ բան ասել չեն կարող։ Բանն այն  է, որ այդ ցուցանիշները, ինչպես ցույց են տալիս վերջին առնվազն երկու տարվա տվյալները, հանրապետության տնտեսական իրադարձություններին (տրանսֆերտների անկում, դրամ-դոլարի փոխարժեքի տատանումներ, արտագաղթ և այլն) կամ չեն արձագանքում, կամ չինչին փոփոխություններ են գրանցում։ Օրինակ՝ ավելի քան երկու տարի շարունակ Երևանի Կենտրոն վարչական շրջանում որպես բնակարանների 1քմ-ի միջին շուկայական գին ներկայացված է 428 հազ. դրամը։

Այս հուլիսին ցուցանիշներում որոշակի փոփոխություններ կան։ Դրանք ներկայացնում ենք ստրոև։ Իսկ թե որքանով են այդ տվյալները մոտ իրականությանը և արժանահավատ,  դժվար է ասելը, քանի որ ինչպես մեր ընթերցողների արձագանքներն են ցույց տվել, բնակչության մի մասն այդ թվյալներին թերահավատորեն է մոտենում։ Բայց, միևնույն ժամանակ, այսօր չկան այլընտրանքային տվյալներ կամ ամբողջական ուսումնասիրություններ, որպեսզի հնարավոր լինի համեմատություն անցկացնել։

Իսկ հիմա մարզերի մասին։ Այս տարվա առաջին եռամյսակում Հայաստանի մարզերում վաճառվել է բազմաբնակարան բնակելի շենքերի 828 բնակարան, որի քանակը 2015 թվականի առաջին եռամսյակի համեմատ 3.8 %-ով նվազել է: Իսկ անհատական տների առուվաճառքի գործարքների քանակը կազմել է 700,  աճը՝ 0.1 %:

Հուլիսին մարզերում վաճառվել է 299 բնակարան, նվազումը՝ 14.8 %: Նույն ամսում մարզերում վաճառվել է 20 անհատական տուն, նվազումը՝ 28.8%: Ըստ Կադաստրի՝ այս ընթացքում մարզերում գները չնչին փոփոխությունների են ենթարկվել։

լուսանկարը` capstonetriad.com

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter