HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիանա Ղազարյան

Քայլեր են ձեռնարկվում` պարզելու Մարգահովիտում անասունների հիվանդությունը

Լոռու մարզի Մարգահովիտ համայնքի ղեկավար Սամվել Անանյանը «Հետք»-ի հետ զրույցում հայտնել էր, որ Մարգահովիտ համայնքում վերջին օրերին դաբաղի մասսայական դեպքեր են գրանցվում։

Գյուղատնտեսության նախարարության անասնաբուծության և անասնաբուժության վարչություն պետի ժամանակավոր պաշտոնակատար` Լևոն Տեր-Իսահակյանը «Հետքի» հետ զրույցում այսօր նշեց, որ արդեն ծանոթացել են հրապարակմանը և քայլեր են ձեռնարկում՝ պարզելու եղելությունը և, անհրաժեշտության դեպքում, միջոցառումներ ձեռնարկելու։ Նա տնտեսվարողներին հորդորեց` ժամանակից շուտ սուբյեկտիվ գնահատականներ չտալ, չախտորոշել, թե անասունները դաբաղով են հիվանդ։

Տեր-Իսահակյանը վստահեցրեց, որ անասունների ամբողջ գլխաքանակի պատվաստումները կատարվել են, և մինչ օրս էլ Մարգահովտ համայնքից որևէ ահազանգ չի ստացել։

«Պատվաստման ծրագրով նախատեսված համապատասխան միջոցառումներն իրականացվել են և սահմանամերձ կամ այլ վայրից, եթե հիվանդություններ ներթափանցեն էլ, 100 %-ով չի կարող բացառվել։ Բայց դեռ պետք է կատարվի լաբարատոր փորձաքննություն` պարզելու՝ արդյոք դաբաղ է, թե այլ հիվանդություն։ Չի կարելի հենց այնպես որոշել, որ այդ հիվնադությունն է՝ հղում անելով ինչ-որ մասնագետի, ով, էս էության, մասնագետն էլ չի»,- նշում է Տեր-Իսահակյանը։

Վարչություն պետի խոսքով՝ վերջին ամիսներին դաբաղի արձանագրված, լաբորատոր հետազոտությամբ ապացուցված դեպքեր չեն գրանցվել։ Տնտեսվարողներին խորհուրդ է տալիս անասունների հետ կապված որևէ հիվանդության դեպքում դիմել համայնքային տեսչական մարմին, որտեղ կկազմվի արձանագրություն, կվերցվեն նմուշներ և կկատարվեն համապատասխան գործընթացներ։

Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանը փոխանցեց, որ այս պահին մասնագետները շրջայց են կատարում Մարգահովիտ համայնքում և ուսումնասիրում կենդանիներին, կլինիկական զննում իրականացնում: Զննության ավարտից հետո լաբարատոր փորձաքննության արդյունքները կհրապարակվեն, որով պարզ կլինի, թե անասունների մոտ ինչ հիվանդություն էր առկա:

                                                                                                                        

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter