HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Վրաստանի նորանշանակ դեսպանը

Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Սագանելիձեն: Այս մասին հայտնում է նախագահի պաշտոնական կայքը:

Սարգսյանը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Նա վստահություն է հայտնել, որ նորանշանակ դիվանագետն իր կարևոր ներդրումը կունենա տարբեր ոլորտներում երկկողմ կապերի խորացման և հայ-վրացական բարեկամության առավել ամրապնդման գործում: Գոհունակությամբ արձանագրելով, որ վերջին տարիներին բավականին աշխուժացել են բարձր մակարդակի միջպետական շփումները՝ Սարգսյանը նշել է, որ Հայաստանում սիրով սպասում են Վրաստանի վարչապետի առաջիկա պաշտոնական այցին:

Դեսպան Սագանելիձեն վստահեցրել է, որ իր գործունեության ընթացքում կանի ամեն հնարավորը Հայաստանի և Վրաստանի միջև գոյություն ունեցող սերտ բարիդրացիական հարաբերությունները խորացնելու ուղղությամբ և հավելել, որ իր համար մեծ պատիվ է պաշտոնավարել մի երկրում, որի դարավոր պատմությանն ու մշակույթին քաջածանոթ է:

Զրուցակիցներն ընդգծել են, որ ավանդական բարեկամության և երկու ժողովուրդների միջև փոխըմբռնման պատմական հիմքի վրա խարսխված ակտիվ միջպետական երկխոսությունը համագործակցության նորանոր ուղղություններ նախանշելու ամուր հիմք է:

Սերժ Սարգսյանը և դեսպան Գիորգի Սագանելիձեն համակարծիք են եղել, որ բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններին զուգահեռ կան լայն հնարավորություններ և չօգտագործված մեծ ներուժ՝ զարգացնելու առևտրատնտեսական հարաբերությունները, ընդլայնելու փոխգործակցությունը հեռանկարային մի շարք ոլորտներում, ինչպիսիք են՝ զբոսաշրջությունը, գյուղատնտեսությունը, էներգետիկան, մշակույթը և այլն:

Սարգսյանը և Վրաստանի դեսպանը երկուստեք կարևորել են նաև միջխորհրդարանական կապերի սերտացման ուղղությամբ ակտիվ աշխատանքը: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter