HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բացահայտվել է քաղաքացիներից խարդախությամբ գույք հափշտակելու մեխանիզմը. Քննչական կոմիտե

Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում խարդախության դեպքի առթիվ քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի քննության արդյունքում բավարար ապացույցներ են ձեռք բերվել՝ դրա կատարմանը ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալի մասնակցության վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն

Կոմիտեի հաղորդագրության համաձայն` 2016 թվականի մարտ ամսին քաղաքացի Գ.Աբրահամյանից ահազանգ է ստացվել առ այն, որ մարտի 9-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձը խաբեությամբ վերցրել է խոշոր չափի արժողության ոսկյա վզնոցը՝ րոպեներ անց այն վերադարձնելու պայմանով, սակայն չի վերադարձել և ոչ էլ գումարն է վճարել:

Դեպքի առթիվ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։

Քննության ընթացքում ձեռնարկված մեծածավալ քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, բավարար ապացույցներ ձեռք բերվել առ այն, որ վերջինս միայնակ չի գործել և ունեցել է հանցակից, բացի այդ, բացահայտվել են խարդախության նոր դրվագներ և դրանց մեխանիզմը։

Նախնական քննության տվյալներով՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դատապարտյալ Ս.Դանիելյանը, տեղեկանալով տարբեր քաղաքացիների կողմից վաճառվող ապրանքների մասին, քրեակատարողական հիմնարկի տարածքից բջջային հեռախոսով հեռախոսազրույց է ունեցել նրանց հետ, պայմանավորվածություն ձեռք բերել՝ դրանք գնելու վերաբերյալ՝ առանց պատշաճ տեղեկություն տրամադրելու իր ինքնության և գտնվելու վայրի մասին։ Պայմանավորվածության համաձայն՝ վաճառվող ապրանքը ձեռք բերելու նպատակով հանդիպման է գնացել մեկ այլ անձ, և վերջինիս միջոցով իրականացվել ուրիշի գույքի՝ խարդախությամբ հափշտակումը։

Մասնավորապես՝ որպես պոտենցիալ գնորդի ներկայացուցիչ հանդիսացած անձը թանկարժեք զարդ կամ բջջային հեռախոս, որևէ այլ գույք վաճառող քաղաքացուց վերցրել է այն՝ խոստանալով գումարը վճարել րոպեներ անց՝ մոտակա տարածքում նշված ապրանքի որակն ստուգելուց հետո, սակայն գումարը չի վճարել և ոչ էլ գույքն է վերադարձրել՝ խարդախությամբ տիրանալով դրան։

Նախաքննության ընթացքում ստացվել են նոր ահազանգեր՝ նշված եղանակով կատարված հափշտակությունների վերաբերյալ, որոնց ուղղությամբ կատարվում է բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ նախաքննություն։

«Տեղեկացնելով տարածված հանցագործության այս եղանակի մասին՝ կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին ցուցաբերել զգոնություն և զերծ մնալ կասկածելի գործարքներից»,- հայտնում է Քննչական կոմիտեն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter